Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-320-Ն փոփոխությամբ 2024 թվականի հունվարի 1-ից բնօգատգործման վճարի դրույքաչափ սահմանվեց նաև հիդրոէներգետիկ նպատակով մակերևութային ջրերի օգատործման համար։ Որպես դրույքաչափ ներկայումս գործում է 1 խմ-ի համար 0,1 դրամ։ Նման մոտեցման համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ համաձայն Օրենսգրքի

-       201-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ բնօգտագործման վճարի բազա է համարվում բնօգտագործման վճարի օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն բաժնով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է բնօգտագործման վճարի գումարը,

-       203-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար բնօգտագործման վճարի բազայի չափաքանակ է սահմանված Ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի) ծավալը,

-       212-րդ հոդվածի 1-ին մասի՝ բնօգտագործման վճար վճարողները մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում տեղադրում և շահագործում են տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր, որոնք Կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման` նույն կարգով սահմանված լիազոր պետական մարմինների կողմից,

-       214-րդ հոդվածի 1-ին մասի՝ մակերևութային ջրերի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի հիման վրա` հաշվի առնելով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները։

Մինչդեռ, 2024 թվականի հունվարի 1-ից կիրառվող կարգավորումը գործնականում հանգեցրել է որոշակի խնդիրների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԷԿ–երի կողմից ջրօգտագործումը բնութագրող ցուցանիշներ են ոչ միայն ջրի ծավալը, այլ նաև ճնշումը, այսինքն օգտագործվում է ջրի էներգիան, որի հզորությունը քանակի և ճնշման արտադրյալն է: Արդյունքում, բնօգտագործման հիմնական բեռն ընկնում է ցածր և միջին հաշվարկային ճնշում ունեցող ՀԷԿ-երի վրա, որն էլ անհավասար մրցակցության դաշտ կարող է ստեղծել էլեկտաէներգիայի ազատականացված շուկայում:

Նշված  հարցի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «MBConsulting» փորձագիտական թիմի աջակցությամբ իրականացվել է ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն, այդ թվում՝ միջազգային փորձի մասով։

Միջազգային պրակտիկայում հիդրոէներգետիկ նպատակով ջրի օգտագործման համար կիրառվում է բնօգտագործման վճարների հետևյալ 4 մոդելը.

- էլեկտրաէներգիայի արտադրության վրա հիմնված մոդել

- Տեղադրված հզորության վրա հիմնված մոդել

- Ջրօգտագործման վրա հիմնված մոդել

- Ընդհանուր եկամուտների վրա հիմնված մոդել։

Նշված մոդելներից պրակտիկորեն հիմնականում օգտագործվում է արտադրված էլեկտրաէներգիայի հիման վրա հաշվարկված մոդելը, մասնավորապես Կանադայի մի շարք նահանգներում 0.8-1.5 կանադական դոլար 1 մվ/ժ-ի համար,  Չինաստանում՝ 0.45-2.25 ԱՄՆ դոլար, Ռումինիայում՝ 4.3 Եվրո։

Համաձայն ուսումնասիրությունների 2024 թվականին արտադրվել է 8.9 մլրդ կվտժամ էլեկտրաէներգիա, և հեկերի կողմից արտադրված էլեկտարաէներգիայի ծավալը կազմել է ընդհանուրի 23%-ը, որի մեջ «Միջազգային էներգետիկ Կորպորացիայի» և «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադի» մասնաբաժինը համապատասխանաբար կազմում է 18% և 33%, իսկ փհէկերինը՝ 49 %, որոնց 64%-ը Սյունիքի, Վայոց ձորի և Լոռու մարզերում են՝ բացվածքը կցվում  է (աղյուսակ 1)։

2024-ին արտադրված ընդհանուր էլեկտրաէնեգիայի ծավալը կազմել է մոտ 2.1 մլրդ կվտժ։ Նշված տվյալի հիման վրա մշակվել է բնօգտագորման վճարի դրույքաչափի հնարավոր 3 սցենար (հաշվարկը կցվում է)։ Ելնելով գործող դրույքաչափի նկատմամբ համարժեքության սկզբունքից և ապահովելով ՀՀ պետական բյուջեի մուտքերի վրա չեզոք ազդեցությունը՝ որպես 1 կվտժ համար նախատեսվում է սահմանել 0.23 դրամ։

2. Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգավորումներով հիդրոէներգետիկ նպատակով ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի պարտավորություն ունեն միայն այդ նպատակով մակերևութային ջուր օգտագործողները։

Մինչդեռ համաձայն շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված ջրօգտգործման թույլտվությունների հիդրոէներգետիկ նպատակով շարք տնտեսվարողների կողմից ջրօգտագործում է իրականացվում նաև բնաղբյուրից, որն էլ համաձայն Ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի հանդիսանում է ստորերկրյա ջուր։ Միաժամանակ, Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով բնօգտագործման վճարի օբյեկտ է սահմանված միայն ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանումը, համապատասխանաբար 205-րդ հոդվածով սահմանված են դրույքաչափեր ստորերկրյա ջրերի արդյունահանման համար։ Այս կարգավորումը հակասում է Ջրային օրենսգրքով սահմանված կարգավորումներին, համաձայն որի ստորերկրյա քաղցրահամ ջրերի համար կիրառվում է «օգտագործում» հասկացությունը, որն իրականացվում է նաև արդյունահանման եղանակով, մասնավորապես, համաձայն Ջրային օրենսգրքի 37.1 հոդվածի՝

«1. Ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործվում են բեռնաթափվող աղբյուրներով և դրենաժային հոսքով, ինչպես նաև հորատանցքերով:

2. Արտեզյան (ճնշումային) և գրունտային ստորերկրյա ջրերի օգտագործումն իրականացվում է արդյունահանման եղանակով՝ հորատանցքի միջոցով:

3. Բնաղբյուրն օգտագործվում է անմիջականորեն կամ ջրհավաքման (կապտաժի) կառույցների միջոցով:------»։

3. Թերմալ ջրերի (տաք ջրեր, որոնք կարող են լինել և՛ հանքային, և՛ քաղցրահամ) հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Ջրային և Ընդերքի մասին օրենսգրքերով սահմանված քաղցրահամ և հանքային ջրերին վերաբերող կարգավորումներով։

Մինչդեռ, Օրենսգրքով դրանք սահմանված են որպես առանձին կատերգորիա, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջրային և Ընդերքի մասին օրենսգրքերով թերմալ ջրերի վերաբերյալ առանձին կարգավորումներ սահմանված չեն և դրանց առանձին կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Օրենսգրքում՝ հանելով թերմալ ջրին վերաբերող կարգավորումները՝ համապատասխանեցնելով հանքային ջրերին վերաբերող գործող կարգավորումներին։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է

-       հիդրոէներգետիկ նպատակով մակերևութային և ստորերկրյա ջրերի օգտագործման վճարի բազա սահմանել փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը՝ չափման միավոր սահմանելով կվտժ-ը։

-       հաշվետու ժամանակաշրջանում փաստացի արտադրված յուրաքանչյուր կվտժ-ի համար սահմանել 0.23 դրամ դրույքաչափ։

-       Ստորերկրյա ջրերի մասով «արդյունահանում» բառը փոխարինել «օգտագործում» բառով՝ համապատասխանեցնելով Ջրային օրենսգրքի պահանջներին։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի ընդունմամբ

-   կապահովվի հիդրոէներգետիկ նպտակով մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագորման վճարի սահմանման արդարացի մեխանիզմ։

- կապահովվի Հարկային, Ջրային և Ընդերքի մասին օրենսգրքերով սահմանված կարգավորումների միասնականություն։

 

5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

     «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում։

6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4.10 «Շրջակա միջավայր» բաժնի 16-րդ՝ «շրջակա միջավայրի պահպանության գործող տնտեսական մեխանիզմների կատարելագործում՝ հասցված վնասի համարժեք փոխհատուցման սկզբունքի ներդրմամբ, ինչպես նաև կանխարգելում, մեղմում ու չեզոքացում՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ մի շարք փոփոխությունների իրականացմամբ», առաջնահերթ ուղղությունից։

 

  • Обсуждалось

    16.12.2025 - 10.01.2026

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы, Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство окружающей среды

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 981

Принт

Предложения

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ

09.01.2026

  1. Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
    ՇՄՆ կողմից մշակված համապատասխան նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում
    է հիդրոէներգետիկ նպատակով մակերևութային ջրերի օգտագործման համար
    բնօգտագործման վճարի հաշվարկը իրականացնել հիմնվելով ջրօգտագործողի կողմից
    արտադրված էլեկտրաէներգիայի փաստացի քանակի վրա` հաշվետու ժամանակաշրջանում
    փաստացի արտադրված յուրաքանչյուր կվտժ-ի համար սահմանելով 0.23
    դրամ դրույքաչափ։
    Մյուս կողմից ՀՀ Հարկային օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասով բնօգտագործման
    վճարը սահմանվում է որպես պետական սեփականություն համարվող բնական պաշարների
    արդյունավետ և համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը
    փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման համար ՀՀ պետական բյուջե
    վճարվող վճար: Նույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն բնօգտագործման
    վճարի բազա է համարվում բնօգտագործման վճարի օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական
    մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա տվյալ բաժնով սահմանված 
    դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է բնօգտագործման վճարի գումարը։ Հաշվի առնելով վերոնշյալը, մակերևութային ջրերի օգտագործման համար
    բնօգտագործման վճարի հիմք պետք է հանդիսանա բնօգտագործման վճարի օբյեկտի, այն է՝
    օգտագործված մակերևութային ջրի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը։ Ուստի
    Նախագծում բերված մեթոդը հակասում է օրենսգրքի վերոնշյալ պահանջներին, քանզի
    առաջարկում է բնօգտագործման վճարի հաշվարկի իրականացում՝ հիմք ընդունելով ոչ թե
    բնօգտագործման վճարի օբյեկտի այլ վերջինիս օգտագործման արդյունքում ստացված
    արտադրանքի (արտադրված էլեկտրաէներգիա) արժեքային կամ ֆիզիկական մեծությունը։ Ուստի առաջարկում ենք որպես հաշվարկի մեթոդ կիրառել a) արտադրված
    էլեկտրաէներգիայի, b) յուրաքանչյուր ընկերության համար ՇՄՆ-ի կողմից հաստատված
    ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմատիվներում հաստատված գործակցի
    և c) գործող 0.1 դրամ/խմ դրույքաչափի արտադրյալը (բնօգտագործման վճարը = a * b* c)։

2. Նախագծով առաջարկվող հիդրոէներգետիկ նպատակով մակերևութային ջրի
օգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկի նոր մեթոդի մշակման
անհրաժեշտությունը հիմնավորվում է 2024թ.-ի հունվարի 1-ից գործող կարգավորման
կիրառման արդյունքում առաջացած խնդիրներով, որի արդյունքում կարող է ստեղծվել
անհավասար մրցակցության դաշտ էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում։ Այդ
հիմնավորման մեջ սակայն հաշվի չեն առնվել էլեկտրաէներգիայի ազատականացված
շուկայի կանոններին համապատասխան առանձին մասնակիցների համար կիրառելի
առանձնահատկությունները։ Մասնավորապես, Ընկերությունը շուկայի կանոններին
համապատասխան հանդիսանում է ՊԷԱ (պետություն-մասնավոր գործընկերության
պայմանագիր կնքած Էներգիա արտադրող) կայան, գործունեություն է ծավալում
բացառապես Հայաստանի Հանրապետության հետ 2015թ.-ի հունիսի 08-ին կնքված Գույքի
Առուվաճառքի Պայմանագրի շրջանակներում, որը նաև հստակ սահմանում է Ընկերության
սակագնի հաշվարկի մեխանիզմը և Ընկերությունը ազատականացված շուկայում այլ
կարգավիճակ չի կարող ունենալ մինչև 2040 թվականը։ Ուստի հիդրոէներգետիկ այլ
արտադրողների հետ չի գտնվում մրցակցային դաշտում և հիդրոէներգետիկ նպատակով
մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարները շուկայի այլ
մասնակիցների նման չի կարող ներառել սակագնում:
3. Մյուս կողմից պետք է նշեմ, որ Նախագծով առաջարկվող արտադրված
էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կվտժ-ի համար սահմանվող 0.23 դրամ դրույքաչափի
հաշվարկի մեթոդը, որն ըստ բերված հիմնավորման մշակվել է 2024թ․-ի ընթացքում ՀՀ-ում
արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի ծավալի հիման վրա՝ ապահովելով ՀՀ
պետական բյուջեի մուտքերի վրա չեզոք ազդեցություն, անընդունելի է, քանզի
արդյունքում առաջացնում է բնօգտագործման վճարի վերաբաշխում՝ առավել մեծ հարկային
պարտավորությունը առաջացնելով բնական ռեսուրսի առավել արդյունավետ օգտագործում
իրականացնող ջրօգտագործողի համար, ինչպիսին հանդիսանում է Ընկերությունը։ Մասնավորապես, առաջարկվող նոր մեթոդով հաշվարկի դեպքում Ընկերության համար
տարեկան բնօգտագործման վճարի չափը կրկնապատկվում է և կգերազանցի անգամ այն
բնօգտագործման վճարի չափը, որը Ընկերությունը կվճարեր, եթե գործող օրենսդրությամբ
հաշվարկը կատարվեր Ընկերության Ջրօգտագործման թույլտվություններով
հիդրոէներգետիկ նպատակով օգտագործման համար սահմանված մակերևութային ջրերի
առավելագույն քանակների հիման վրա (համեմատական հաշվարկը ներկայացված է
Աղյուսակ 1-ում)։ Հիմնավորման մեջ, հղում է արվում նաև «Միջազգային Էներգետիկ Կոորպորացիա»-ին։
Նշեմ, որ սույն Նախագիծը քննարկել ենք նաև իրենց հետ, և առաջարկվող փոփոխությունը
արդյունքում նվազեցնում է իրենց կողմից վճարվելիք բնօգտագործման վճարը։ Անգամ եթե
փոփոխությունը լիներ իրենց համար ևս բացասական, վերջինս հնարավորություն ունի այս
ծախսը ներառել իր սակագնի մեջ, ի տարբերություն Ընկերության։
Ենթադրաբար, սույն Նախագծով առաջարկվող մեթոդը դրական է ազդում նաև փոքր
ՀԷԿ-երի վրա։
Արդյունքում, Նախագծով առաջարկվող փոփոխությամբ, բնական ռեսուրսի՝
մակերևութային ջրի օգտագործման համար հարկային բեռը փաստացի վերաբաշխվել է
առավել արդյունավետ սարքավորումներով, շարունակաբար կապիտալ ներդրումներ
կատարող, ռեսուրսի արդյունավետ օգտագործմամբ և շրջակա միջավայրի պահպանության
ոլորտի կիրառելի տեղական օրենսդրության և միջազգային ստանդարտների լիակատար
համապատասխանություն ապահովող արտադրողի վրա, ինչպիսին մեր Ընկերությունն է, 
այն դեպքում երբ ոլորտում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության և ոչ
արդյունավետ ռեսուրս օգտագործման հիմնական մասնաբաժինը փոքր ՀԷԿ-երինն է։
Սույն հարկատեսակի կիրառումը պետք է ստիպեր արտադրողներին իրականացնել
համապատասխան քայլեր և ներդրումներ՝ բարձրացնելու ջրային ռեսուրսների
օգտագործման արդյունավետությունը։ Աշխարհը գնում է այն ուղղությամբ, որ խրախուսի
այն էներգաարտադրողներին ովքեր մինիմալիզացնում են բնությանը հասցվող վնասը, իսկ
առաջարկվող օրինագիծը ճիշտ հակառակ տրամաբանությամբ է կազմված, և փաստացի
խրախուսում է հակառակը։
Ուստի Նախագծի հիմնավորման մեջ պնդումը, որ այն բխում է Կառավարության 2021-
2026թթ.-ի ծրագրի 4.10 «Շրջակա միջավայր» բաժնի 16-րդ՝ «շրջակա միջավայրի
պահպանության գործող տնտեսական մեխանիզմների կատարելագործում՝ հասցված վնասի
համարժեք փոխհատուցման սկզբունքի ներդրմամբ, ինչպես նաև կանխարգելում, մեղմում
ու չեզոքացում՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ մի շարք փոփոխությունների
իրականացմամբ» առաջնահերթ ուղղությունից, հակասում է վերոնշյալ հղման նպատակին։ 4․ Նշեմ նաև, որ Նախագծում առկա է վրիպակ, մասնավորապես Նախագծի Հոդված 5-
ի 3-րդ մասով նախատեսվող ՀՀ գործող Հարկային օրենսգրքի 204-րդ հոդվածի 2-րդ մասում
առաջարկվող փոփոխությունները, այն է՝
< Օրենսգրքի 204-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «կամ ջրօգտագործման
թույլտվություններում մակերևութային ջրերի ջրառի ծավալները նշված չլինելը», իսկ նույն
մասի 2-րդ կետից՝ «կամ ջրօգտագործման թույլտվություններում ստորերկրյա քաղցրահամ և
թերմալ ջրերի արդյունահանման ծավալները նշված չլինելը» բառերը։  կիրառելի չեն, քանզի տվյալ արտահայտությունները բացակայում են 204-րդ հոդվածի
2-րդ մասում։
Նախագծի մեջ նաև հղում է արվում 2024թ․-ին ՀՀ-ում արտադրված էլեկտրաէներգիայի
ծավալի ըստ ընկերությունների բաշխման Աղյուսակին, որը սակայն կցված չէ
հիմնավորմանը։ Նույն կերպ հիմնավորման մեջ հղում է արվում բնօգտագործման վճարի
դրույքաչափի հնարավոր 3 սցենարների հաշվարկին, որը ևս կցված չէ։
Ամփոփելով վերոնշյալը պարզ է դառնում, որ Նախագծով առաջարկվող փոփոխությամբ
ՀՀ պետական բյուջեի մուտքերի վրա չեզոք ազդեցությունը ապահովվում է ի հաշիվ միայն
մեր Ընկերության և փաստացի Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը
ուղղված է հիդրոէներգետիկ նպատակով միայն մեկ ջրօգտագործողի դեմ։


Անանուն

14.01.2026

Գտնում ենք, որ անհրաժեշտություն կա
առաջարկվող օրենքի նախագծում սահմանել
օրենքի մեղմացնող դրույթների մասով
հետադարձ ուժի հնարավորություն, քանի որ
այս պահին գործող կարգավորումները
տնտեսվարող սուբյեկտների համար ծանր
հարկային բեռ են առաջացնում, որոնց զգալի
մասը չի կարողանում կատարել այդ
պարտավորությունները․ եւ այս
պայմաններում, երբ պետությունը
ընդունում է այս փոփոխությունների
անհրաժեշտությունը, պետք է հետադարձ ուժ
տալու հնարավորությամբ լուծի նաեւ
օրենքի խնդրո առարկա կարգավորումների
ուժի մեջ գտնվելու ժամանակահատվածում
առաջացրած խնդիրները։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: