Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 28.1-ին հոդվածով.

«Հոդված 28․1․ Հաղորդակցության թափանցիկությունը

1. Վարչապետը, վարչապետի խորհրդականները (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները), փոխվարչապետները, փոխվարչապետների խորհրդականները (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակվածները), նախարարները, նախարարների խորհրդականները (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակվածները), նախարարների տեղակալները (այսուհետ սույն հոդվածում՝ պաշտոնատար անձինք) պարտավոր են եռօրյա ժամկետում իրավասու անձին տեղեկացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ ցանկացած բանավոր կամ գրավոր ուղիղ կամ միջնորդավորված հաղորդակցության մասին, որն առնչվել է իրավաստեղծ կամ ռազմավարական փաստաթղթերի մշակման գործունեությանը կամ ուղղված է եղել իրավաստեղծ կամ ռազմավարական փաստաթղթերի մշակման գործունեության վրա ազդեցություն գործելուն:

2 Սույն հոդվածի իմաստով իրավաստեղծ գործունեությունը նորմատիվ, լոկալ կամ անհատական իրավական ակտեր ընդունելուն, փոփոխելուն, լրացնելուն կամ ուժը կորցրած ճանաչելուն ուղղված գործունեությունն է։

3. Տեղեկացման ենթակա չեն հետևյալ հաղորդակցությունները`

1)             իր պաշտոնեական պարտականությունների իրականացման ընթացքում այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողների հետ հաղորդակցությունը,

2)            Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում միջազգային կազմակերպությունների հետ հաղորդակցությունը,

3)            «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով հանրային քննարկման իրականացման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու արդյունքում դիտարկումների կամ առաջարկությունների ներկայացման հետ կապված հաղորդակցությունը,

4)            քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, այդ թվում՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքը հանրաքվեի դնելու հետ կապված հաղորդակցությունը,

5)            լրատվական գործունեություն իրականացնողի կողմից իրավաստեղծ կամ ռազմավարական փաստաթղթերի մշակման գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով տվյալներ ձեռք բերելու, մշակելու և տարածելու հետ կապված հաղորդակցությունը,

6)           ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրենց իրավունքների պաշտպանության և իրացման հետ կապված հաղորդակցությունը,

7)            արհեստակցական միության կողմից իր պարտականություններից բխող գործունեության իրականացման հետ կապված հաղորդակցությունը,

8)           նախարարներին կից հասարակական խորհուրդների նիստերի ժամանակ տեղի ունեցող հաղորդակցությունը,

9)           հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստերի ժամանակ տեղի ունեցող հաղորդակցությունը,

10)         այն դեպքերը, երբ հաղորդակցության մասին տեղեկացման ենթակա տվյալները պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք:

4. Տեղեկացման են ենթակա հետևյալ տվյալները`

1)             հաղորդակցության ամսաթիվը,

2)            պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը,

3)            պաշտոնատար անձի հետ հաղորդակցված անձի ազգանունը, անունը, հայրանունը (պաշտոնատար անձին հայտնի լինելու դեպքում) և այն կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), որի անունից հանդես է եկել պաշտոնատար անձի հետ հաղորդակցված անձը,

4)            հաղորդակցության ձևը (հանդիպում, հեռախոսազանգ, նամակագրություն կամ այլ),

5)            հաղորդակցության վայրը (հանդիպման դեպքում),

6)           քննարկված հարցերի համառոտ բովանդակությունը,

7)            այլ տվյալներ, որոնք պաշտոնատար անձի կարծիքով անհրաժեշտ է հրապարակել:

5. Տեղեկացման կարգի մանրամասները, տեղեկացված տվյալների հրապարակման համար իրավասու անձանց շրջանակը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

6. Տեղեկացված տվյալները հրապարակվում են համապատասխան հանրային իշխանության մարմնի պաշտոնական կայքէջում` տեղեկացումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:

7. Տեղեկացման պարտականության չկատարումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն։ Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:

8. Պաշտոնատար անձի հետ հաղորդակցված անձի կողմից պաշտոնատար անձին ապօրինի վարքագիծ դրսևորելուն կամ էթիկայի կանոնների խախտմանը ուղղված վարքագիծ դրսևորելուն դրդելու դեպքում պաշտոնատար անձը պարտավոր է դադարեցնել կապը իր հետ հաղորդակցված անձի հետ:»։

 

Հոդված 2.

1. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող նոր 28.1 հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող նոր 28.1 հոդվածի 1-4-րդ, 6-8-րդ մասերը ուժի մեջ են մտնում տեղեկացման կարգի մանրամասները, տեղեկացված տվյալների հրապարակման իրավասու անձանց շրջանակը սահմանող կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից:

3. Սույն օրենքի ընդունվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարտավոր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները սահմանելու մասին» N 01-Ն որոշումը համապատասխանեցնել սույն օրենքի դրույթներին։ Սույն օրենքի ընդունվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, համապատասխան հանրային իշխանության մարմինները պարտավոր են իրենց կանոնագրքերը համապատասխանեցնել սույն օրենքի դրույթներին:

 

  • Обсуждалось

    28.10.2025 - 13.11.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Публичная служба

  • Министерство

    Министерство юстиции

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1413

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

04.11.2025

ԿԱՐԾԻՔ

 «Հայաստանի Հանրապետության «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

2025 թ․ հոկտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանում լոբբիստական գործունեության թափանցիկությանը վերաբերող ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ 

Ստորև ներքոստորագրյալ կազմակերպություններս ներկայացնում ենք մի շարք դիտարկումներ ու առաջարկություններ նշված նախագիծը բարելավելու, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, լոբբինգի թափանցիկությունն ապահովելու նպատակով:

1.    Նախագծի մշակումը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի Գործողություն 1.23-ից, որով նախատեսված է «Ներդնել լոբբիստական գործունեության (ոչ իրավաչափ ազդեցության) վերաբերյալ կարգավորումներ»։ Չնայած որ գործողության ձևակերպմամբ հստակեցված չէ ներդրման մարմինների շրջանակը, ՀՀ արդարադատության նախարարությունը տվյալ նախագիծը ներկայացնելիս սահմանափակվել է միայն գործադիրում լոբբինգի թափանցիկության խնդրի կարգավորմամբ։ Անշուշտ, գնահատելի է, որ նախագիծը նախատեսում է լոբբինգի ազդեցության ենթակա իրավաստեղծ գործունեության բավականին լայն շրջանակ, այն է՝ «նորմատիվ, լոկալ կամ անհատական իրավական ակտեր ընդունելուն, փոփոխելուն, լրացնելուն կամ ուժը կորցրած ճանաչելուն ուղղված գործունեությունը»։ Միաժամանակ, հարկ է նշել, որ «լոբբիստական գործունեություն» հասկացության տակ ողջ աշխարհում հասկացվում է ոչ միայն գործադիրի, այլև առավել ևս խորհրդարանի պատգամավորների օրենսդիր գործունության, ինչպես նաև ՏԻՄ-երի կողմից որոշումների վրա ազդեցության նպատակ հետապնդող գործունեությունը, որոնք կարգավորումից դուրս են մնացել և չեն կարող ապահովել հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակների իրացումը։ Այսինքն, նախագիծը միանշանակ ողջունելի է, սակայն ոչ բավարար։

Առաջարկ

●      Նախատեսել պատգամավորների իրավաստեղծ գործունեության վրա ազդող լոբբիստական գործունության թափանցիկությունը կարգավորող դրույթներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաև ՏԻՄ-երի վրա ներգործության թափանցիկությունը կանոնակարգող դրույթներ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում։ Միաժամանակ ձեռնարկել քայլեր շուտափույթ ապահովելու համար պատգամավորների և համայնքների ավագանիների, ինչպես նաև համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների ընդունումը և համապատասխան էթիկայի հանձնաժողովների ձևավորումը։ 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

04.11.2025

2.  Նախագծով նախատեսված է, որ «Տեղեկացման պարտականության չկատարումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն»։ Այսպիսի ձևակերպման պարագայում տվյալ դրույթը կարող է կիրառվել խիստ հայեցողաբար։ Իրավախախտման այս կամ այն փաստի առկայության դեպքում իրավասու մարմինը չպետք է իրավասություն ունենա որոշելու կոնկրետ անձի նկատմամբ կիրառել պատասխանատվություն, թե՝ ոչ։

Առաջարկ

●      Նախագծով կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթը վերաձևակերպել հետևյալ կերպ․ «Տեղեկացման պարտականության չկատարումը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն»։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

04.11.2025

3.   Նախագծով նախատեսված է, որ «Պաշտոնատար անձի հետ հաղորդակցված անձին ապօրինի վարքագիծ դրսևորելուն կամ էթիկայի կանոնների խախտմանը ուղղված վարքագիծ դրսևորելուն դրդելու դեպքում պաշտոնատար անձը պետք է դադարեցնի կապը իր հետ հաղորդակցված անձի հետ»: Նախ, արձանագրենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանված են վարքագծի կանոններ, և ոչ թե էթիկայի կանոններ։ Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքով սահմանված վարքագծի նորմերի խախտմանը միտված գործողություններ իրականացնող անձի հետ միայն հաղորդակցության դադարեցումը բավարար չէ հետագայում վերջինիս կողմից համանման քայլերը բացառելու համար։

Առաջարկ

●      «Էթիկայի կանոններ» բառակապակցությունը փոխարինել «վարքագծի կանոններ» բառակապակցությամբ:

●      Հաղորդակցված անձի կողմից պաշտոնատար անձին ապօրինի գործունեության դրդելուն միտված գործողությունների մասով, բացի հաղորդակցվող անձի հետ կապը դադարեցնելուց, պաշտոնատար անձին պարտավորեցնել այդ մասին տեղեկացնելու համապատասխան իրավասու անձին։  

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: