ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 28.1-ին հոդվածով.
«Հոդված 28․1․ Հաղորդակցության թափանցիկությունը
1. Վարչապետը, վարչապետի խորհրդականները (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները), փոխվարչապետները, փոխվարչապետների խորհրդականները (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակվածները), նախարարները, նախարարների խորհրդականները (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակվածները), նախարարների տեղակալները (այսուհետ սույն հոդվածում՝ պաշտոնատար անձինք) պարտավոր են եռօրյա ժամկետում իրավասու անձին տեղեկացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ ցանկացած բանավոր կամ գրավոր ուղիղ կամ միջնորդավորված հաղորդակցության մասին, որն առնչվել է իրավաստեղծ կամ ռազմավարական փաստաթղթերի մշակման գործունեությանը կամ ուղղված է եղել իրավաստեղծ կամ ռազմավարական փաստաթղթերի մշակման գործունեության վրա ազդեցություն գործելուն:
2․ Սույն հոդվածի իմաստով իրավաստեղծ գործունեությունը նորմատիվ, լոկալ կամ անհատական իրավական ակտեր ընդունելուն, փոփոխելուն, լրացնելուն կամ ուժը կորցրած ճանաչելուն ուղղված գործունեությունն է։
3. Տեղեկացման ենթակա չեն հետևյալ հաղորդակցությունները`
1) իր պաշտոնեական պարտականությունների իրականացման ընթացքում այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողների հետ հաղորդակցությունը,
2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում միջազգային կազմակերպությունների հետ հաղորդակցությունը,
3) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով հանրային քննարկման իրականացման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու արդյունքում դիտարկումների կամ առաջարկությունների ներկայացման հետ կապված հաղորդակցությունը,
4) քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, այդ թվում՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքը հանրաքվեի դնելու հետ կապված հաղորդակցությունը,
5) լրատվական գործունեություն իրականացնողի կողմից իրավաստեղծ կամ ռազմավարական փաստաթղթերի մշակման գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով տվյալներ ձեռք բերելու, մշակելու և տարածելու հետ կապված հաղորդակցությունը,
6) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրենց իրավունքների պաշտպանության և իրացման հետ կապված հաղորդակցությունը,
7) արհեստակցական միության կողմից իր պարտականություններից բխող գործունեության իրականացման հետ կապված հաղորդակցությունը,
8) նախարարներին կից հասարակական խորհուրդների նիստերի ժամանակ տեղի ունեցող հաղորդակցությունը,
9) հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստերի ժամանակ տեղի ունեցող հաղորդակցությունը,
10) այն դեպքերը, երբ հաղորդակցության մասին տեղեկացման ենթակա տվյալները պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք:
4. Տեղեկացման են ենթակա հետևյալ տվյալները`
1) հաղորդակցության ամսաթիվը,
2) պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը,
3) պաշտոնատար անձի հետ հաղորդակցված անձի ազգանունը, անունը, հայրանունը (պաշտոնատար անձին հայտնի լինելու դեպքում) և այն կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), որի անունից հանդես է եկել պաշտոնատար անձի հետ հաղորդակցված անձը,
4) հաղորդակցության ձևը (հանդիպում, հեռախոսազանգ, նամակագրություն կամ այլ),
5) հաղորդակցության վայրը (հանդիպման դեպքում),
6) քննարկված հարցերի համառոտ բովանդակությունը,
7) այլ տվյալներ, որոնք պաշտոնատար անձի կարծիքով անհրաժեշտ է հրապարակել:
5. Տեղեկացման կարգի մանրամասները, տեղեկացված տվյալների հրապարակման համար իրավասու անձանց շրջանակը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
6. Տեղեկացված տվյալները հրապարակվում են համապատասխան հանրային իշխանության մարմնի պաշտոնական կայքէջում` տեղեկացումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:
7. Տեղեկացման պարտականության չկատարումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն։ Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
8. Պաշտոնատար անձի հետ հաղորդակցված անձի կողմից պաշտոնատար անձին ապօրինի վարքագիծ դրսևորելուն կամ էթիկայի կանոնների խախտմանը ուղղված վարքագիծ դրսևորելուն դրդելու դեպքում պաշտոնատար անձը պարտավոր է դադարեցնել կապը իր հետ հաղորդակցված անձի հետ:»։
Հոդված 2.
1. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող նոր 28.1 հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող նոր 28.1 հոդվածի 1-4-րդ, 6-8-րդ մասերը ուժի մեջ են մտնում տեղեկացման կարգի մանրամասները, տեղեկացված տվյալների հրապարակման իրավասու անձանց շրջանակը սահմանող կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից:
3. Սույն օրենքի ընդունվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարտավոր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները սահմանելու մասին» N 01-Ն որոշումը համապատասխանեցնել սույն օրենքի դրույթներին։ Սույն օրենքի ընդունվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, համապատասխան հանրային իշխանության մարմինները պարտավոր են իրենց կանոնագրքերը համապատասխանեցնել սույն օրենքի դրույթներին: