Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 04.11.2025 11:18:06

ԿԱՐԾԻՔ

 «Հայաստանի Հանրապետության «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

2025 թ․ հոկտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանում լոբբիստական գործունեության թափանցիկությանը վերաբերող ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ 

Ստորև ներքոստորագրյալ կազմակերպություններս ներկայացնում ենք մի շարք դիտարկումներ ու առաջարկություններ նշված նախագիծը բարելավելու, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, լոբբինգի թափանցիկությունն ապահովելու նպատակով:

1.    Նախագծի մշակումը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի Գործողություն 1.23-ից, որով նախատեսված է «Ներդնել լոբբիստական գործունեության (ոչ իրավաչափ ազդեցության) վերաբերյալ կարգավորումներ»։ Չնայած որ գործողության ձևակերպմամբ հստակեցված չէ ներդրման մարմինների շրջանակը, ՀՀ արդարադատության նախարարությունը տվյալ նախագիծը ներկայացնելիս սահմանափակվել է միայն գործադիրում լոբբինգի թափանցիկության խնդրի կարգավորմամբ։ Անշուշտ, գնահատելի է, որ նախագիծը նախատեսում է լոբբինգի ազդեցության ենթակա իրավաստեղծ գործունեության բավականին լայն շրջանակ, այն է՝ «նորմատիվ, լոկալ կամ անհատական իրավական ակտեր ընդունելուն, փոփոխելուն, լրացնելուն կամ ուժը կորցրած ճանաչելուն ուղղված գործունեությունը»։ Միաժամանակ, հարկ է նշել, որ «լոբբիստական գործունեություն» հասկացության տակ ողջ աշխարհում հասկացվում է ոչ միայն գործադիրի, այլև առավել ևս խորհրդարանի պատգամավորների օրենսդիր գործունության, ինչպես նաև ՏԻՄ-երի կողմից որոշումների վրա ազդեցության նպատակ հետապնդող գործունեությունը, որոնք կարգավորումից դուրս են մնացել և չեն կարող ապահովել հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակների իրացումը։ Այսինքն, նախագիծը միանշանակ ողջունելի է, սակայն ոչ բավարար։

Առաջարկ

●      Նախատեսել պատգամավորների իրավաստեղծ գործունեության վրա ազդող լոբբիստական գործունության թափանցիկությունը կարգավորող դրույթներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաև ՏԻՄ-երի վրա ներգործության թափանցիկությունը կանոնակարգող դրույթներ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում։ Միաժամանակ ձեռնարկել քայլեր շուտափույթ ապահովելու համար պատգամավորների և համայնքների ավագանիների, ինչպես նաև համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների ընդունումը և համապատասխան էթիկայի հանձնաժողովների ձևավորումը։ 

Չի ընդունվել։

Ներկայումս ընդունվել է ինստիտուտի փուլային ներդրման ճանապարհը՝ հիմք ընդունելով նաև ՀՀ առկա միջազգային պարտավորությունները։ Ինստիտուտի փուլային ներդրման ուղին թույլ կտա գնահատել ներդրվող իրավակարգավորումների ազդեցությունը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի վրա, ինչպես նաև ապահովել համակարգային կայունություն և նվազեցնել Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի համար նոր ինստիտուտի ներդրման արդյունքում առաջ եկող հնարավոր ռիսկերը։ Ուստի վերոնշյալ փուլային մոտեցման պարագայում, գտնում ենք, որ առաջարկվող տեղեկացման պարտականության սահմանումը նպատակահարմար է միայն Նախագծով սահմանված սուբյեկտների շրջանակի համար, մասնավորապես՝ միայն վարչապետի, նրա խորհրդականների, փոխվարչապետների, նրանց խորհրդականների, նախարարների, նրանց խորհրդականների և տեղակալների համար։

2 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 04.11.2025 11:18:06

2.  Նախագծով նախատեսված է, որ «Տեղեկացման պարտականության չկատարումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն»։ Այսպիսի ձևակերպման պարագայում տվյալ դրույթը կարող է կիրառվել խիստ հայեցողաբար։ Իրավախախտման այս կամ այն փաստի առկայության դեպքում իրավասու մարմինը չպետք է իրավասություն ունենա որոշելու կոնկրետ անձի նկատմամբ կիրառել պատասխանատվություն, թե՝ ոչ։

Առաջարկ

●      Նախագծով կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթը վերաձևակերպել հետևյալ կերպ․ «Տեղեկացման պարտականության չկատարումը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն»։

Չի ընդունվել։

Նշված կարգավորումը բխում է «Հանրային ծառայության մասին» օրենքի վարքագծի կանոնների խախտման դեպքում առաջացող պատասխանատվության իրավակարգավորումներից, մասնավորապես նշված օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է՝ վարքագծի կանոնների խախտումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն: Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:

3 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 04.11.2025 11:18:06

3.   Նախագծով նախատեսված է, որ «Պաշտոնատար անձի հետ հաղորդակցված անձին ապօրինի վարքագիծ դրսևորելուն կամ էթիկայի կանոնների խախտմանը ուղղված վարքագիծ դրսևորելուն դրդելու դեպքում պաշտոնատար անձը պետք է դադարեցնի կապը իր հետ հաղորդակցված անձի հետ»: Նախ, արձանագրենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանված են վարքագծի կանոններ, և ոչ թե էթիկայի կանոններ։ Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքով սահմանված վարքագծի նորմերի խախտմանը միտված գործողություններ իրականացնող անձի հետ միայն հաղորդակցության դադարեցումը բավարար չէ հետագայում վերջինիս կողմից համանման քայլերը բացառելու համար։

Առաջարկ

●      «Էթիկայի կանոններ» բառակապակցությունը փոխարինել «վարքագծի կանոններ» բառակապակցությամբ:

●      Հաղորդակցված անձի կողմից պաշտոնատար անձին ապօրինի գործունեության դրդելուն միտված գործողությունների մասով, բացի հաղորդակցվող անձի հետ կապը դադարեցնելուց, պաշտոնատար անձին պարտավորեցնել այդ մասին տեղեկացնելու համապատասխան իրավասու անձին։  

Մասամբ է ընդունվել։

Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն՝ մասնավորապես «էթիկայի կանոններ» բառերը փոխարինվել են «վարքագծի կանոններ» բառերով:

Հաղորդակցված անձի կողմից պաշտոնատար անձին ապօրինի գործունեության դրդելուն միտված գործողությունների վերաբերյալ պաշտոնատար անձի կողմից համապատասխան իրավասու անձին տեղեկացնել պարտավորեցնելու առաջարկի մասով, գտնում ենք, որ Նախագծում կիրառվող կառուցակարգի տրամաբանությունը հիմնված է ապօրինի կամ ոչ պատշաճ վարքագծի դրսևորման կանխարգելման անմիջական մեխանիզմի վրա։ Պաշտոնատար անձի կողմից հաղորդակցությունը դադարեցնելը դիտարկվում է որպես արագ արձագանք ապահովող միջոց ուղղված հնարավոր ազդեցությունը կամ հետագա իրավախախտումների ռիսկի կանխմանը։

Պաշտոնատար անձի վրա յուրաքանչյուր նման դրվագի վերաբերյալ իրավասու անձին տեղեկացնելու պարտավորեցումը կարող է հանգեցնել ավելորդ ձևական պարտականությունների սահմանմանը։ Բացի այդ, այն դեպքերում, երբ հաղորդակցված անձի գործողությունների մեջ առկա են հանցագործության հատկանիշներ, պաշտոնատար անձը հաղորդում պետք է ներկայացնի համապատասխան իրավասու մարմնին՝ քրեաիրավական օրենսդրության համապատասխան։

Հետևաբար, գործող մոտեցումը՝ հաղորդակցությունը դադարեցնելու պարտականությամբ, համարվում է բավարար և համաչափ միջոց՝ արդյունավետորեն կանխելու պաշտոնատար անձի վրա հնարավոր ապօրինի ներգործությունը՝ առանց հավելյալ տեղեկացման պարտավորության սահմանման։

4 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 04.11.2025 11:18:06

4.    Նախագծերի շրջանակներում՝ որպես տեղեկացման ոչ ենթակա տվյալներ են սահմանված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրենց իրավունքների պաշտպանության և իրացման հետ կապված հաղորդակցությունը։ Գտնում ենք, որ այն ոչ հրապարակային հաղորդակցությունը, որը միտված է կառավարության կողմից անհատական իրավական ակտերի ընդունմանը (այդ թվում՝ առանձին իրավաբանական անձանց համար հարկային կամ այլ արտոնությունների սահմանմանը), ենթակա պետք է լինի տեղեկացման, անկախ նրանից, թե այդ հաղորդակցությունը հանգեցրել է կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունմանը, թե՝ ոչ։ Արձանագրենք, որ նման հաղորդակցությունները կարող են հանգեցնել նաև նորմատիվ իրավական ակտերի ընդունմանը և անմիջականորեն կապված լինել իրավաբանական անձանց կողմից իրենց իրավունքների իրացման հետ։ Օրինակ՝ հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշումները, թեև ունեն նորմատիվ բնույթ, սակայն ներառում են կոնկրետ իրավաբանական անձանց՝ որպես ձեռքբերող ճանաչելու և դրանից բխող իրավունքների վերաբերյալ հստակ կարգավորումներ։ Երկու դեպքերում էլ համապատասխան հաղորդակցությունները պետք է ենթակա լինեն տեղեկացման պատշաճ հանրային վերահսկողության իրականացման նպատակով։

 

 

Առաջարկ

●      Նախագծերի շրջանակներում որպես տեղեկացման ոչ ենթակա տվյալ՝ սահմանված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից, իրենց իրավունքների պաշտպանության և իրացման հետ կապված հաղորդակցությունից սահմանել բացառություն՝ կառավարության կողմից անհատական և նորմատիվ իրավական ակտերի ընդունման վրա ազդելուն միտված հաղորդակցությունների վերաբերյալ։

Չի ընդունվել։

Նախագծում նշված դրույթը ենթակա է մեկնաբանման հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը: Հաշվի առնելով վերոնշյալ իրավական ակտերի մեկնաբանման կանոնները Նախագծով նշված բացառությունը մեկնաբանվում և վերաբերում է բացառապես ֆիզիկական և իրավաբանական անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց իրավունքների պաշտպանության և իրացման դեպքերին, այլ ոչ այն դեպքերին, երբ այդ հաղորդակցությունները առնչվել են իրավաստեղծ գործունեությանը կամ ուղղված են եղել իրավաստեղծ գործունեության վրա ազդեցություն գործելուն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագծով, որպես տեղեկացման ոչ ենթակա հաղորդակցություն սահմանված ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանության կամ իրացման հետ կապված հաղորդակցություններին վերաբերող դրույթը չի տարածվում այն հաղորդակցությունների վրա, որոնք առնչվել են իրավաստեղծ գործունեությանը կամ ուղղված են եղել իրավաստեղծ գործունեության վրա ազդեցություն գործելուն, որոնք արդեն ընդգրկված են տեղեկացման ենթակա հաղորդակցությունների շրջանակում։

Նախագծի տվյալ դրույթի պահպանումը անհրաժեշտ է ապահովելու համար քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները և օրինաչափ շահերը և լրացուցիչ հստակեցման կարիք չունի։

5 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 04.11.2025 11:18:06

5.   Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենքում «լրացվող նոր 28.1 հոդվածի 1-4-րդ, 6-8-րդ մասերը ուժի մեջ են մտնում տեղեկացման կարգի մանրամասները, տեղեկացված տվյալների հրապարակման իրավասու անձանց շրջանակը սահմանող կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից»: Այս կարգավորումը թերի է, քանի որ նախագծով սահմանված չէ կոնկրետ ժամկետ, ինչը կարող է ձգձգել բարեփոխման իրականացումը և/կամ հանգեցնել դրա ձախողմանը։

Առաջարկ

●      Օրենքով նախատեսել, որ տեղեկացման կարգի մանրամասները, տեղեկացված տվյալների հրապարակման ձևաչափը, իրավասու անձանց շրջանակը սահմանող կառավարության որոշումն ընդունվում է օրենքի ընդունումից հետո 3-ամսյա ժամկետում։ Կառավարության որոշմամբ նախատեսել, որ իրավասու մարմնի կողմից տեղեկությունները հավաքագրվում են և հրապարակվում են միասնական գրանցամատյանում/ռեեստրում։ Դիտարկել վերջինիս համակարգման ու տեխնիկական սպասարկման գործառույթների վերապահումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

 

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 

Դիտել կցված փաստաթուղթը

Մասամբ է ընդունվել։

Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն, մասնավորապես նախատեսվել է, որ տեղեկացման կարգի մանրամասները, տեղեկացված տվյալների հրապարակման ձևաչափը, իրավասու անձանց շրջանակը սահմանող կառավարության որոշումն ընդունվում է օրենքի ընդունումից հետո 3-ամսյա ժամկետում։

Միասնական գրանցամատյանի/ռեեստրի ձևավորման մասով հարկ է նշել, որ միասնական գրանցամատյանի/ ռեեստրի ստեղծումը դուրս է Նախագծով նախատեսված ինստիտուտի այս փուլում սահմանված նպատակներից, մասնավորապես միասնական գրանցամատյանի կամ ռեեստրի ձևավորումը ենթադրում է կենտրոնացված համակարգի ստեղծում, ինչը չի բխում Նախագծով նախատեսված կարգավորման մեխանիզմից։ Բացի այդ, ռեեստրի համակարգման գործառույթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահելը պարունակում է բազմաթիվ ռիսկեր, քանի որ ԿԿՀ-ի ներկայիս գործառույթները չեն ներառում նման ծավալի տեղեկատվական համակարգի մշտադիտարկում, պահպանում և տեխնիկական սպասարկում։ Նման պարտականությունների փոխանցումը պահանջում է լիազորությունների, ռեսուրսների և կառավարման կառուցվածքի վերանայում, ինչը չի համատեղվում նախագծով նախատեսված ինստիտուտի ներդրման ընթացիկ փուլին։ Ոստի գտնում ենք, որ ներկայիս փուլում առավել նպատակահարմար է պահպանել Նախագծով առաջարկվող կառուցակարգը։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: