ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման շահառու են հանդիսանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սովորողները, ովքեր մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված են եղել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան կրթական աստիճանների (բակալավր, անընդհատ և ինտեգրացված, մագիստրատուրա, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա) վճարովի համակարգում կամ 2024-2025 ուսումնական տարում ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման համաձայն ընդունվել են ՀՀ պետական բուհերի բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական աստիճանի առկա ուսուցման համակարգ:
Որոշման համաձայն.
1) 2023-2024 ուսումնական տարվա՝
- 1-ին կիսամյակի համար ֆինանսական միջոցներ (շուրջ 254,235.2 հազ. դրամ) են հատկացվել բարձրագույն և հետբուհական (այդ թվում՝ օրդինատորներ) կրթական ծրագրերով սովորող բռնի տեղահանված ընտանիքների շուրջ 823 ուսանողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2253-Ն որոշմամբ վերաբաշխում կատարելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից:
- 2-րդ կիսամյակի համար բուհերում սովորող ուսանողների փաստացի թիվը կազմել է 683 (այդ թվում` 54 օրդինատոր), որոնց ուսման վարձի փոխհատուցման նպատակով անհրաժեշտ է եղել լրացուցիչ շուրջ 242,837.214 հազ. դրամ և այդ նպատակով իրականացվել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից վերաբաշխման գործընթաց: Շահառուների թիվը նվազել է՝ կապված Որոշմամբ նախատեսված առաջադիմության պահանջի հետ (2-րդ կիսամյակի փոխհատուցման կարող են հավակնել առնվազն ՄՈԳ-ի 65 տոկոսն ապահովելու պարագայում):
- 1-ին կիսամյակի համար ֆինանսական միջոցներ են հատկացվել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական մասնագիտական կրթական ծրագրերով սովորող բռնի տեղահանված ընտանիքների շուրջ 54 ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով (6,859,0 հազ. դրամ):
- 2-րդ կիսամյակի համար ֆինանսական միջոցներ են հատկացվել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական մասնագիտական կրթական ծրագրերով սովորող բռնի տեղահանված ընտանիքների շուրջ 34 ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով (4,468,5 հազ. դրամ), ինչպես նաև՝ 1-ին կիսամյակում փոխհատուցում չստացած 42 ուսանողների (5,500,5 հազ. դրամ): 2-րդ կիսամյակի շահառուների թիվը որոշակի նվազել է՝ կապված Որոշմամբ նախատեսված պահանջների հետ (2-րդ կիսամյակի փոխհատուցման կարող են հավակնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման շրջանակում շահառու հանդիսանալու և 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում):
2) 2024-2025 ուսումնական տարվա՝
- 1-ին կիսամյակում ուսման վարձի փոխհատուցում են ստացել բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով սովորող 757 շահառու, որոնց ուսման վարձի փոխհատուցման նպատակով հատկացվել է 254,342.0 հազ. դրամ,
- 2-րդ կիսամյակում ուսման վարձի փոխհատուցում են ստացել բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով սովորող 883 շահառու, որոնց ուսման վարձի փոխհատուցման նպատակով հատկացվել է 311656.4 հազ. դրամ:
3) 2025-2026 ուսումնական տարում, նախատեսված առաջադիմության շեմը բավարարելու պարագայում, ուսման վարձի փոխհատուցում կստանան բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով սովորող շուրջ 870 շահառու, որոնց ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 308 մլն դրամ,
4) սույն նախագծով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված շուրջ 240 ուսանողի, որոնց ուսման վարձի առաջին կիսամյակի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 100 մլն դրամ և արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1-ին կուրս ընդունված շուրջ 75 ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի շուրջ 15 մլն դրամ:
Համաձայն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից ստացած տեղեկատվության՝ 2024/2025 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտել են 687 շրջանավարտ, իսկ ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնից (այսուհետ՝ ԳԹԿ) ստացած տեղեկատվության՝ 2025/2026 ուսումնական տարվա բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքում պետական և ոչ պետական բուհեր են ընդունվել 251 դիմորդ, որից 240-ը պետական բուհեր:
Հարկ է նշել, որ ԳԹԿ-ում առկա չէ տեղեկատվություն՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայ-ռուսական համալսարանի ռուսական բաժանմունք, ինչպես նաև ՀՀ-ում գործող օտարերկրյա բուհերի մասնաճյուղեր ընդունված դիմորդների վերաբերյալ:
Նախագծով առաջարկվում է շահառուների խմբում ընդգրկել նաև 2025-2026 ուսումնական տարում նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ առաջին կուրս (առկա վճարովի) ընդունված 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների սովորողներին:
Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը, որով սահմանված էր, որ ուսումնական հաստատությունը կամ ուսումնառած կրթական ծրագիրը փոխած կամ ուսանողական իրավունքները վերականգնած ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում չի տրվում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմումներ է ստացել ընտանեկան հանգամանքներից ելնելով ուսումնառությունը դադարեցրած կամ այլ բնակավայր տեղափոխված ուսանողներից, ովքեր դուրս են մնացել Որոշման շահառուների ցանկից: Կան նաև ուսանողներ, ովքեր ցանկանում են առկա ուսուցման համակարգից տեղափոխվելու հեռակա ուսուցման համակարգ՝ ուսումնառությանը զուգահեռ աշխատելու և ընտանիքի կարիքները հոգալու համար:
Սույն փոփոխությունը հնարավորություն կտա նման կարգավիճակ ունեցող ուսանողներին ևս ներառել Որոշման շահառուների ցանկում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ, որի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում կտրամադրվի արհեստագործական, միջին մասնագիտական, բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուսումնական տարում սահմանված կարգով ընդունված և առաջին կուրսում սովորողներին:
Նախագծով, որպես նոր շահառուներ ներառված բուհերի առաջին կուրս ընդունված սովորողների համար ամրագրվել են բուհեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով (առկա, վճարովի) ընդունվելու հանգամանքը, այն է՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կազմակերպած միասնական և ներբուհական ընդունելության քննությունների արդյունքներով, որոնք առկա են Գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան շտեմարանում (շուրջ 251 ուսանող):
Համաձայն կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում առկա տեղեկատվության՝ արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1-ին կուրս են ընդունվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 75 ուսանող:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի արդեն Որոշման շահառու հանդիսացող, ինչպես նաև 2025-2026 ուսումնական տարում նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում, առաջին կուրս (առկա վճարովի) ընդունված ուսանողներին մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը տրամադրել ուսման վարձի փոխհատուցում:
Նախագծի ընդունումը ուսումնառությունը դադարեցրած կամ տեղափոխված ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում ստանալու հնարավորություն կտա:
5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կարող է առաջանալ ծախսերի ավելացում՝ հաշվի առնելով, որ համապատասխան ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել ՀՀ 2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում:
6. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 81-րդ կետի, 3-րդ ենթակետի «ժա.», 8-րդ ենթակետի «դ.», ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 2021-2026 թթ. ծրագրի «4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» գլխի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի նպատակներից, մասնավորապես «Գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը»: