Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման շահառու են հանդիսանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սովորողները, ովքեր մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված են եղել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան կրթական աստիճանների (բակալավր, անընդհատ և ինտեգրացված, մագիստրատուրա, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա) վճարովի համակարգում կամ 2024-2025 ուսումնական տարում ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման համաձայն ընդունվել են ՀՀ պետական բուհերի բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական աստիճանի առկա ուսուցման համակարգ:

Որոշման համաձայն.

1) 2023-2024 ուսումնական տարվա՝

  • 1-ին կիսամյակի համար ֆինանսական միջոցներ (շուրջ 254,235.2 հազ. դրամ) են հատկացվել բարձրագույն և հետբուհական (այդ թվում՝ օրդինատորներ) կրթական ծրագրերով սովորող բռնի տեղահանված ընտանիքների շուրջ 823 ուսանողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2253-Ն որոշմամբ վերաբաշխում կատարելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից:
  • 2-րդ կիսամյակի համար բուհերում սովորող ուսանողների փաստացի թիվը կազմել է 683 (այդ թվում` 54 օրդինատոր), որոնց ուսման վարձի փոխհատուցման նպատակով անհրաժեշտ է եղել լրացուցիչ շուրջ 242,837.214 հազ. դրամ և այդ նպատակով իրականացվել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից վերաբաշխման գործընթաց: Շահառուների թիվը նվազել է՝ կապված Որոշմամբ նախատեսված առաջադիմության պահանջի հետ (2-րդ կիսամյակի փոխհատուցման կարող են հավակնել առնվազն ՄՈԳ-ի 65 տոկոսն ապահովելու պարագայում):
  • 1-ին կիսամյակի համար ֆինանսական միջոցներ են հատկացվել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական մասնագիտական կրթական ծրագրերով սովորող բռնի տեղահանված ընտանիքների շուրջ 54 ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով (6,859,0 հազ. դրամ):
  • 2-րդ կիսամյակի համար ֆինանսական միջոցներ են հատկացվել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական մասնագիտական կրթական ծրագրերով սովորող բռնի տեղահանված ընտանիքների շուրջ 34 ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով (4,468,5 հազ. դրամ), ինչպես նաև՝ 1-ին կիսամյակում փոխհատուցում չստացած 42 ուսանողների (5,500,5 հազ. դրամ): 2-րդ կիսամյակի շահառուների թիվը որոշակի նվազել է՝ կապված Որոշմամբ նախատեսված պահանջների հետ (2-րդ կիսամյակի փոխհատուցման կարող են հավակնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման շրջանակում շահառու հանդիսանալու և 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում):

2) 2024-2025 ուսումնական տարվա՝

  • 1-ին կիսամյակում ուսման վարձի փոխհատուցում են ստացել բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով սովորող 757 շահառու, որոնց ուսման վարձի փոխհատուցման նպատակով հատկացվել է 254,342.0 հազ. դրամ,
  • 2-րդ կիսամյակում ուսման վարձի փոխհատուցում են ստացել բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով սովորող 883 շահառու, որոնց ուսման վարձի փոխհատուցման նպատակով հատկացվել է 311656.4 հազ. դրամ:

3) 2025-2026 ուսումնական տարում, նախատեսված առաջադիմության շեմը բավարարելու պարագայում, ուսման վարձի փոխհատուցում կստանան բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով սովորող շուրջ 870 շահառու, որոնց ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 308 մլն դրամ,

4) սույն նախագծով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված շուրջ 240 ուսանողի, որոնց ուսման վարձի առաջին կիսամյակի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 100 մլն դրամ և արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1-ին կուրս ընդունված շուրջ 75 ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի շուրջ 15 մլն դրամ:

Համաձայն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից ստացած տեղեկատվության՝ 2024/2025 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտել են 687 շրջանավարտ, իսկ ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնից (այսուհետ՝ ԳԹԿ) ստացած տեղեկատվության՝ 2025/2026 ուսումնական տարվա բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքում պետական և ոչ պետական բուհեր են ընդունվել 251 դիմորդ, որից 240-ը պետական բուհեր:

Հարկ է նշել, որ ԳԹԿ-ում առկա չէ տեղեկատվություն՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայ-ռուսական համալսարանի ռուսական բաժանմունք, ինչպես նաև ՀՀ-ում գործող օտարերկրյա բուհերի մասնաճյուղեր ընդունված դիմորդների վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է շահառուների խմբում ընդգրկել նաև 2025-2026 ուսումնական տարում նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ առաջին կուրս (առկա վճարովի) ընդունված 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների սովորողներին:

Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը, որով սահմանված էր, որ ուսումնական հաստատությունը կամ ուսումնառած կրթական ծրագիրը փոխած կամ ուսանողական իրավունքները վերականգնած ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում չի տրվում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմումներ է ստացել ընտանեկան հանգամանքներից ելնելով ուսումնառությունը դադարեցրած կամ այլ բնակավայր տեղափոխված ուսանողներից, ովքեր դուրս են մնացել Որոշման շահառուների ցանկից: Կան նաև ուսանողներ, ովքեր ցանկանում են առկա ուսուցման համակարգից տեղափոխվելու հեռակա ուսուցման համակարգ՝ ուսումնառությանը զուգահեռ աշխատելու և ընտանիքի կարիքները հոգալու համար:

Սույն փոփոխությունը հնարավորություն կտա նման կարգավիճակ ունեցող ուսանողներին ևս ներառել Որոշման շահառուների ցանկում:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ, որի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում կտրամադրվի արհեստագործական, միջին մասնագիտական, բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուսումնական տարում սահմանված կարգով ընդունված և առաջին կուրսում սովորողներին:

Նախագծով, որպես նոր շահառուներ ներառված բուհերի առաջին կուրս ընդունված սովորողների համար ամրագրվել են բուհեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով (առկա, վճարովի) ընդունվելու հանգամանքը, այն է՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կազմակերպած միասնական և ներբուհական ընդունելության քննությունների արդյունքներով, որոնք առկա են Գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան շտեմարանում (շուրջ 251 ուսանող):

Համաձայն կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում առկա տեղեկատվության՝ արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1-ին կուրս են ընդունվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 75 ուսանող:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի արդեն Որոշման շահառու հանդիսացող, ինչպես նաև 2025-2026 ուսումնական տարում նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում, առաջին կուրս (առկա վճարովի) ընդունված ուսանողներին մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը տրամադրել ուսման վարձի փոխհատուցում:

Նախագծի ընդունումը ուսումնառությունը դադարեցրած կամ տեղափոխված ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում ստանալու հնարավորություն կտա:

 

5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կարող է առաջանալ ծախսերի ավելացում՝ հաշվի առնելով, որ համապատասխան ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել ՀՀ 2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում:

 

6. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 81-րդ կետի, 3-րդ ենթակետի «ժա.», 8-րդ ենթակետի «դ.», ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 2021-2026 թթ. ծրագրի «4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» գլխի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի նպատակներից, մասնավորապես «Գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը»:

  • Քննարկվել է

    26.09.2025 - 11.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1608

Տպել

Առաջարկներ`

Մերի Ստեփանյան

09.10.2025

Շատ կարևոր եմ համարում այս փոփոխությունը, այն հնարավորություն կտա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շարունակել իրենց կրթությունը: Կարևոր է, որ փոխհատուցման կարգը լինի հստակ սահմանված, որ բոլորը կարողանան հեշտ օգտվել դրանից: Նաև շատ լավ է, որ բոլոր ուսումնական հաստատություններն ընդգրկվում են: Կրթության համար կարևեր նախագիծ է:

Լիլիթ Օհանյան

08.10.2025

Նախագիծը կարևոր և անհրաժեշտ քայլ է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շարունակականությունն ու ընդգրկունությունն ապահովելու գործում։ Առաջարկում եմ ԿԳՄՍՆ-ի կողմից իրականացնել լրացուցիչ տեղեկատվական և կազմակերպչական միջոցառումներ՝ բարձրացնելու ծրագրի շահառուների իրազեկվածությունը և ապահովելու պարզ, հասկանալի տեղեկատվական միջավայր։ Մասնավորապես՝ նպատակահարմար է նախարարության պաշտոնական կայքում կամ շահառու բուհերի հարթակներում ստեղծել մեկ միասնական տեղեկատվական բաժին՝ ծրագրի պայմանների, դիմումների կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի և հաճախ տրվող հարցերի պատասխանների հրապարակմամբ, ինչպես նաև կոնտակտային տվյալներով՝ խորհրդատվության համար։Այս քայլերը չեն պահանջում իրավական ակտի փոփոխություն կամ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, սակայն կբարձրացնեն ծրագրի թափանցիկությունն ու հասանելիությունը, կնվազեցնեն սխալ կամ ուշ դիմումների դեպքերը և կապահովեն հավասար հնարավորություն բոլոր շահառուների համար։

«Ժողովրդավար Հայաստան» ՀԿ

08.10.2025

ՀՀ Կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը, իսկ 2025թ. հոկտեմբերի 6-ից հոկտեմբերի 16-ը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է դրել «ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, սակայն փոփոխությամբ չեն ներառվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների որոշ սովորողներ, որոնք հանդիսանում են ՀՀ Կառավարության 2023թ. հոկտեմբերի 12-ի N 1763-Լ և 2024թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշումների շրջանակում Լեռնային Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միոցառումների շահառուներ: Առաջարկվում է «ՀՀ Կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը լրացնել՝ մասնավորապես՝ Որոշման 5-րդ կետի՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ-ից հետո՝ «2023թ. հոկտեմբերի 12-ի N 1763-Լ և 2024թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշումների...» բառերով: Այսինքն՝ «5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշման շրջանակներում աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ, 2023թ. հոկտեմբերի 12-ի N 1763-Լ և 2024թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշումների շրջանակում շահառու հանդիսացող սովորողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ուղղությամբ՝ սույն որոշման հրապարակումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում»։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: