Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Նարինե Հագեյան 27.09.2025 23:54:43 | Ծանոթանալով «ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին՝ ցանկանում ենք ներկայացնել հետևյալ առաջարկությունը։ 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշմամբ հաստատված կարգը հնարավորություն է տվել Լեռնային Ղարաբաղից ժամանած սովորողներին ստանալ ուսման վարձի փոխհատուցում և շարունակել իրենց կրթությունը Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում։ Սա չափազանց կարևոր սոցիալական և կրթական երաշխիք է եղել ուսանողների ու նրանց ընտանիքների համար։ Խնդրում ենք փոփոխությունների նախագծում պահպանել այնպիսի լուծումներ, որոնք կերաշխավորեն․ 1. Ապահովել շարունակականություն – ուսման վարձի փոխհատուցման գործընթացը պետք է գործի մինչև ուսանողները ավարտեն իրենց կրթությունը, որպեսզի չխաթարվի նրանց կրթական ճանապարհը։ 2. Հստակեցնել ծավալներն ու ժամկետները – անհրաժեշտ է հստակ նշել, թե որ ուսումնական տարիների և ինչ չափով է նախատեսվում փոխհատուցում։ 3. Ուժեղացնել սոցիալական արդարությունը – ցանկալի է, որ առավել խոցելի խմբերի ուսանողները ստանան լրացուցիչ աջակցություն (օրինակ՝ սոցիալապես անապահով ընտանիքներից, բազմազավակ ընտանիքներից կամ հաշմանդամություն ունեցող ուսանողները)։ 4. Ապահովել թափանցիկություն և պարզ ընթացակարգեր – ուսանողների և ուսումնական հաստատությունների համար գործընթացը պետք է լինի արագ և հստակ, նվազագույն փաստաթղթային ծանրաբեռնվածությամբ։ Համոզված ենք, որ այս մոտեցումը կապահովի թե՛ Լեռնային Ղարաբաղից եկած ուսանողների կրթական իրավունքի լիարժեք իրացումը, թե՛ Հայաստանի կրթական համակարգի հանդեպ վստահության բարձրացումը։ | Որոշմամբ արդեն իսկ սահմանված է՝ 1) ծրագրի շահառուներն ուսման վարձի փոխհատուցում են ստանալու մինչև տվյալ կրթական ծրագրով ուսումնառության ավարտը, 2) ըստ կիսամյակների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման պայմանները (100% փոխհատուցում): 3.Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների, բազմազավակ ընտանիքների ուսանողների, հաշմանդամություն ունեցող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման դրույթներին համապատասխան: 4. Գործող կարգը միտված է ԼՂ-ից տեղահանված ուսանողների կրթության իրավունքի իրացմանը: Ընթացակարգերը բավականին պարզ են, թափանցիկ, բացի կարգավիճակը հավաստող փաստաթղթից բուհը այլ փաստաթղթեր չի պահանջում, քանի որ ուսանողի վերաբերյալ մնացած տվյալները բուհում առկա են: | |||
| 2 | Մարինե Հովհաննիսյան 27.09.2025 23:58:01 | 4-րդ կետում` «Ուսումնառությունը դադարեցրած կամ տեղափոխված ուսանողներ» հստակեցնել չափանիշները, թե ինչ պայմաններով ուսանողը, որն ընդունվել է մեկ հաստատությունում և հետո տեղափոխվել, կարող է ստանալ ուսման վարձի փոխհատուցում, որպեսզի համակարգը լինի թափանցիկ, արդարացի և բացառվի անհամաձայնություններն ու սխալ մեկնաբանությունները։ | Ուսանողների տեղափոխության (բուհից բուհ, բուհի ներսում) գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման դրույթներին համապատասխան՝ ուսանողների դիմումների համաձայն: Նախագծով հանվում են սահմանափակումները՝ հնարավորություն ընձեռելով տարբեր հանգամանքների, սոցիալական խնդիրների պատճառով տեղափոխված ԼՂ ուսանողներին օգտվելու աջակցությունից: | |||
| 3 | Ժորա Հայրապետյան 28.09.2025 17:34:25 | Կարծում եմ խտրականություն է պարունակում սյուն փոփոխությունը ինչ տարբերություն առաջին կուրս ընդունվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղհանաված ուսանողը թե Հայաստանում ապրող ուսանողը: ՀՀ կառավարությունը արդեն իսկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձնաց ուսաման վարձի փոխահատուցում տրամադրում է: | ՀՀ կառավարության գործող որոշումը, որում կատարվում են նշված լրացումները, որպես առանձին միջոցառում ընդունվել է հատուկ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, որպես առանձին խումբ, աջակցելու և կրթության իրավունքն ու շարունակականությունն ապահովելու համար: ՀՀ բուհերի ուսանողներին պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրելու կարգը, պայմաններն ու չափերը սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ: | |||
| 4 | Արևհատ Քոլայան 28.09.2025 20:10:45 | Նախ և առաջ, հարկ է արձանագրել, որ ներկայացված նախագիծը լիովին տրամաբանական է և բխում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելու հրամայականից։ Առաջարկում եմ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման հավելվածը լրացնել նոր՝ 10.1 կետով հետևյալ բովանդակությամբ. «10.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ակադեմիական արձակուրդում գտնվելու դեպքում սովորողի՝ սույն կարգով նախատեսված ուսման վարձի փոխհատուցման իրավունքը պահպանվում է։ Փոխհատուցման տրամադրումը դադարեցվում է ակադեմիական արձակուրդի ժամանակահատվածով և վերսկսվում է սովորողի՝ ուսումնական գործընթացին վերադառնալուց հետո՝ մինչև նրա ուսումնառության ամբողջական նորմատիվային ժամկետի ավարտը»։ | Խնդրո առարկա հարցը արդեն իսկ կարագավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թ. դեկտեմբերի 22-ի N 997-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հավատարմագրված նախնական, միջին, բարձրագույն եվ հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողներին (մագիստրանտներին) եվ ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու» կարգով: Սահմանված կարգով (վերոհիշյալ հրամանի դրույթներին համապատասխան) ակադեմիական արձակուրդ ձևակերպած ուսանողները ուսումնառությունը շարունակելիս կօգտվեն ուսման վարձի փոխհատուցումից: | |||
| 5 | Անահիտ Այվազյան 30.09.2025 20:48:07 | Իմ կարծիքով, նախագիծը շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղից եկած ուսանողների համար, որովհետև նրանք հնարավորություն են ստանում շարունակել իրենց կրթությունը առանց լրացուցիչ խնդիրների: Սա ոչ միայն աջակցում է ուսանողներին, այլև օգնում է նրանց ընտանիքներին, որոնք հաճախ դժվարանում են ֆինանսական հարցերը լուծել: Կարևոր է, որ փոխհատուցման կարգը հստակ, թափանցիկ և հասանելի լինի, որպեսզի ուսանողներն ու ուսումնական հաստատությունները հեշտությամբ հասկանան, թե ինչպես կարելի է օգտվել դրանից: Ունենալ նման նախագծեր ապահովում է սոցիալական արդարություն և օգնում է յուրաքանչյուր ուսանողի ապահովված կերպով կրթական ճանապարհը շարունակել: | Ընդունվել է ի գիտություն | |||
| 6 | Աննա Հովհաննիսյան 30.09.2025 23:36:10 | Նախագծի նպատակն է ընդլայնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը՝ ապահովելով կրթության շարունակականությունն ու մատչելիությունը նոր շահառուների համար: Ողջունելի և կարևոր է սույն նախագծի ընդունումը՝ հաշվի առնելով դրա սոցիալական նշանակությունը և ուղղվածությունը Հայաստանի Հանրապետությունում կրթության զարգացմանը։ Ներկայացված հիմնավորումները լիովին արտացոլում են առկա իրավիճակը և առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը։ Առաջարկում եմ կողմ քվեարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմանը։ Այն ոչ միայն կնպաստի Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողների սոցիալական պաշտպանությանը, այլև կխթանի նրանց ինտեգրումը և կապահովի կրթության շարունակականությունը՝ ծառայելով Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման նպատակներին։ | Ընդունվել է ի գիտություն | |||
| 7 | Lilit Naghdalyan 01.10.2025 19:38:34 | Շնորհակալություն փոփոխության համար։ Առաջարկում եմ, որ այն ուսանողները ովքեր դուրս են մնացել մրցույթից լրացնեն տարբեր բուհերի թափուր մնացած տեղերը։ Ճիշտ նկատառում էր արված. «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» գլխի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնում` «Գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Պետք է նշել որ կրթության վրա կատարված ծախսերը միշտ արդարացված են։ | Ընդունվել է ի գիտություն | |||
| 8 | Սմբատ Բզնունի 02.10.2025 12:03:13 | Շատ կարևոր եմ համարում այս փոփոխությունը, այն հնարավորություն է տալու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շարունակել իրենց կրթությունը: Սա թույլ կտա խուսափել կրթությունից դուրս մնալու ռիսկից։ Կարծում եմ՝ ողջ ուսումնառության ընթացքում ուսման վարձի փոխհատուցումն ավելի կմոտիվացնի ուսանողներին և նրանք ավելի մեծ ջանասիրությամբ կմոտենան կրթությանը: | Ընդունվել է ի գիտություն | |||
| 9 | Լիլիթ Օհանյան 02.10.2025 19:45:16 | Կարծիք եւ առաջարկ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կարծիք. Դրական կողմերը-Շարունակականություն․ նախագիծը երկարաձգում է ուսման վարձի փոխհատուցման ժամկետները մինչև 2031 թվականը․ սա շատ կարևոր է, քանի որ ապահովում է տեղահանված ուսանողների կրթական ընթացքի կայունությունը։ Արժեքային մոտեցում․ պետությունը փաստացի հավասար կրթական հնարավորություն է տալիս մի խմբի, որը հայտնվել է արտառոց իրավիճակում։ Առաջադիմության պահանջ․ վարձի փոխհատուցումը պայմանավորված է ՄՈԳ-ով, ինչը խթանում է ուսանողներին ավելի բարձր առաջադիմությամբ սովորել։ Տարածման շրջանակի ընդլայնում․ շահառուների մեջ ներառվում են նաև նոր ընդունված առաջին կուրսեցիները՝ թե՛ բուհերում, թե՛ միջին մասնագիտական հաստատություններում։ Խնդրահարույց կողմերը Ֆինանսական բեռ․ նախագծում նշվում է, որ լրացուցիչ ծախսերը ներառված չեն միջնաժամկետ ծախսերի ծրագրում․ սա նշանակում է, որ հետագայում ֆինանսավորման հարցը կարող է խնդիր դառնալ։ Կախվածություն պետական աջակցության վրա․ կա վտանգ, որ ծրագրի շահառուները չափազանց մեծ հույսը կդնեն պետական աջակցության վրա և չեն ունենա այլընտրանքային միջոցներ։ Կրթական արդարություն․ որոշ բուհերում ուսման վարձերը բարձր են, մյուսներում՝ ցածր, բայց փոխհատուցման մոտեցումը բոլորի համար նույնն է․ սա կարող է անհավասարություն առաջացնել։ Համակարգային կապի պակաս․ նախագիծը լուծում է կոնկրետ սոցիալական խնդիր, բայց դեռևս լիարժեքորեն չի կապվում աշխատաշուկայի պահանջների կամ մասնագիտական զարգացման ռազմավարական ծրագրերի հետ։ Այս նախագիծը պետական աջակցության անհրաժեշտ և մարդակենտրոն քայլ է, որը թույլ է տալիս ԼՂ-ից տեղահանված երիտասարդներին չկորցնել կրթության հնարավորությունը։ Բայց միաժամանակ պետք է հաշվի առնել՝ երկարաժամկետում այն չի դառնա ֆինանսական ծանրաբեռնվածություն և պետք է մտածել նաև ուսանողների մրցունակության բարձրացման ուղիների մասին։ Լրացուցիչ առաջարկ ԼՂ-ից տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շրջանակում սահմանել ոչ միայն ուսման վարձի փոխհատուցում, այլև նպատակային կրթաթոշակների տրամադրում սոցիալապես առավել խոցելի խմբերին։ Հիմնավորում Ուսման վարձի փոխհատուցումը թույլ է տալիս ուսանողներին չընդհատել ուսումը, սակայն տեղահանված ընտանիքների զգալի մասը կանգնած է նաև կենսապահովման լուրջ խնդիրների առաջ։ Շատ ուսանողներ ստիպված են աշխատել՝ ապահովելու ընտանիքի եկամուտը, ինչն անմիջականորեն վնասում է նրանց առաջադիմությանը։ Եթե ուսանողը չի կարողանում բավարար ժամանակ տրամադրել ուսմանը, նույնիսկ ուսման վարձի փոխհատուցումը չի երաշխավորում որակյալ կրթություն ստանալը։ Նպատակային կրթաթոշակները (օրինակ՝ ամսական 30-40 հազար դրամ չափով) կարող են ուղղվել այն ուսանողներին, ովքեր ունեն սոցիալապես անապահով ընտանիքի կարգավիճակ, ուսման վարձի փոխհատուցումից զատ ցույց են տալիս բարձր առաջադիմություն, կամ ուսումնառությանը զուգահեռ աշխատելու անհրաժեշտություն ունեն։ Սա կապահովի, որ ուսանողները չկտրվեն ուսումից և չլքեն բուհը։ Կզարգանա հավասար կրթական հնարավորություն ունենալու սկզբունքը, քանի որ բոլոր ուսանողները միանման ելակետային հնարավորություններ չեն ունենում։ Նպատակային կրթաթոշակները կդառնան նաև մոտիվացիոն գործոն՝ բարձր առաջադիմության և մասնագիտական ներգրավվածության համար։ Ծրագիրը կարող է ներառվել պետական բյուջեի միջնաժամկետ ծախսերի ծրագրում՝ հաշվարկվելով շահառուների թվի հիման վրա։ Նույնիսկ սահմանափակ խմբի (օրինակ՝ տարեկան մինչև 300 ուսանող) համար ֆինանսական ծանրաբեռնվածությունը պետական բյուջեի համատեքստում համաչափ է և սոցիալական արդյունավետ։ Այսինքն՝ իմ առաջարկն է․ վարձի փոխհատուցմանը զուգահեռ ներմուծել կրթաթոշակային բաղադրիչ, որպեսզի լուծվի ոչ միայն ուսման վարձի, այլև ուսանողների կենսապահովման խնդիրներից բխող կրթական անհավասարությունը։ | Գործող կարգը կրթաթոշակային ծրագիր է, որը տրվում է ԼՂ տեղահանված ուսանողին՝ ուսման վարձավճարի չափով: Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղություններից է կրթաթոշակային քաղաքականության փոփոխությունը, նոր սկզբունքների (ուսումնառության ընթացքն ապահովելու նպատակով սովորողներին անհատույց տրամադրվող դրամական աջակցություն, որը կարող է տրվել բուհ ընդունելության արդյունքների կամ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության, այլ ձեռքբերումների, նպատակային ուսուցման կամ ուսանողի կարգավիճակով պայմանավորված, կեցության և այլ դեպքերում) ձևավոևումը, որն ամրագրված է արդեն ընդունված նոր օրենքում: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Կառավարության կողմից կհաստատվի պետության կողմից ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների տրամադրման կարգը` ներառյալ կրթաթոշակների տարատեսակները, պահանջներն ու չափանիշները, թիրախային խմբերը: Նոր կարգի շրջանակում, որպես թիրախային խումբ, կարող են դիտարկվել նաև ԼՂ ուսանողները: | |||
| 10 | Լիլիթ Օհանյան 08.10.2025 19:01:17 | Նախագիծը կարևոր և անհրաժեշտ քայլ է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շարունակականությունն ու ընդգրկունությունն ապահովելու գործում։ Առաջարկում եմ ԿԳՄՍՆ-ի կողմից իրականացնել լրացուցիչ տեղեկատվական և կազմակերպչական միջոցառումներ՝ բարձրացնելու ծրագրի շահառուների իրազեկվածությունը և ապահովելու պարզ, հասկանալի տեղեկատվական միջավայր։ Մասնավորապես՝ նպատակահարմար է նախարարության պաշտոնական կայքում կամ շահառու բուհերի հարթակներում ստեղծել մեկ միասնական տեղեկատվական բաժին՝ ծրագրի պայմանների, դիմումների կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի և հաճախ տրվող հարցերի պատասխանների հրապարակմամբ, ինչպես նաև կոնտակտային տվյալներով՝ խորհրդատվության համար։Այս քայլերը չեն պահանջում իրավական ակտի փոփոխություն կամ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, սակայն կբարձրացնեն ծրագրի թափանցիկությունն ու հասանելիությունը, կնվազեցնեն սխալ կամ ուշ դիմումների դեպքերը և կապահովեն հավասար հնարավորություն բոլոր շահառուների համար։ | Ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կայքում՝ հետևյալ հղումներով https://www.hesc.am/hy/file/8083/, https://www.hesc.am/hy/hachakh-trvogh-hartser/ Բացի այդ, բուհերը նույնպես իրականացնում են իրազեկման աշխատանքներ և ուսանողները կարող են տեղեկտվություն ստանալ նաև բուհից: | |||
| 11 | Անժիկ Հարությունյան 03.10.2025 00:27:00 | Իսկապես շատ ողջունելի է նախագիծը։ Շարունակական կրթություն ապահովելու համար պակաս կարևոր չէ նաև կրթության հասանելիությունը։ Առաջարկս է, որ այս նախագիծը լինի շարունակական և այն տարածվի նաև Ամերիկյան, Ֆրանսիական համալսարանների վրա, քանի որ ներկայումս ուսանողների մի մեծ զանգված հակված է կրթությունը շարունակել հենց այս համալսարաններում, սակայն վարձավճարների պատճառով շատերը չեն դիմում։ | Սույն նախագծի շրջանակում նախատեսվում է փոխհատուցում տրամադրել միայն պետական բուհեր ընդունված ուսանողներին, որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ փոխհատուցել շահառուների ուսման վարձը: Հայաստանի ամերիկյան ւ Հայաստանում ֆրանսիական համալսարաններն ունեն կրթաթոշակի տրամադրման և զեղչի ճկուն մեխանիզմներ, որոնք կիրառվում են նաև ԼՂ ուսանողների նկատմամբ: | |||
| 12 | Լորետա Դումիկյան 03.10.2025 21:33:16 | Նախագիծը դրական է, աջակցում է ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների կրթությանը՝ ընդլայնելով վարձի փոխհատուցումը մինչև 2025-2026 թթ. և ներառելով ընդհատված ուսումնառության դեպքեր: Այն սոցիալապես արդար է և նպաստում է ինտեգրացմանը: Առաջարկում եմ հստակեցնել ֆինանսավորման աղբյուրները և խստացնել վերահսկողությունը՝ կոռուպցիայի ռիսկը նվազեցնելու համար: Ընդհանուր առմամբ՝ աջակցելի է: | Ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, բուհերը ներկայացնում են հաշվետվություններ: | |||
| 13 | Կարեն Հարությունյան 04.10.2025 00:13:26 | Շատ ողջունելի նախագիծ է, որն ուղղված է ԼՂՀ-ից տեղահանված ուսանողների կրթության որակի բարձրացմանը և խնդիրների հաղթահարմանը հաշվի առնելով, տեղահանված ուսանողների առջև ծառացած սոցիալական խնդիրները։ Առաջարկում եմ, բացի ուսման վարձերը փոխհատուցելուց տեղահանված ուսանողներին որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել, իրենց կարիքները հոգալու համար, թեկուզ քիչ տոկոսով, որը օրինակ կհոգար նրանց ճանապարհածաղսը։ | Բարձրացված հարցերը սույն նախագծի կարգավորման շրջանակից դուրս են, պետության կողմից իրականացվում են տարբեր այլ սոցիալական ծրագրեր: | |||
| 14 | Գայանե Հարությունյան 05.10.2025 12:35:58 | Կրթության շարունակականությունն առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Այս փոփոխությունն արժեքավոր հնարավորություն է ստեղծում՝ թույլ տալով նրանց շարունակել ուսումն առանց ընդհատումների՝ նվազեցնելով կրթությունից դուրս մնալու ռիսկը։ Կարևոր է նշել, որ նախաձեռնությունը տարածվում է բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ ապահովելով հավասար հասանելիություն և աջակցություն։ Ուսման վարձի փոխհատուցումը ամբողջ ուսումնառության ընթացքում ոչ միայն կթեթևացնի սոցիալ-տնտեսական բեռը, այլև կնպաստի ուսանողների մոտիվացիայի բարձրացմանը՝ խթանելով նրանց պատասխանատու և նպատակային մոտեցումը կրթությանը։ Միաժամանակ, այս միջոցառումը կարևոր դեր կունենա տեղահանված երիտասարդների սոցիալական կայունության և նոր միջավայրում ինտեգրման գործընթացում։ | Ընդունվել է ի գիտություն | |||
| 15 | Գոհար Վարդանյան 06.10.2025 21:07:34 | Ներկայացված նախաձեռնությունը համարում եմ չափազանց կարևոր ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը սոցիալական մեծ նշանակություն ունեցող քայլ է, որն ուղղված է երիտասարդների կրթության իրավունքի շարունակականության ապահովմանը ։ Այն,որ փոփոխությունները դրվում են հանրային քննարկման, խոսում է գործընթացի թափանցիկության մասին։ Այնուամենայնիվ ,տեքստը չի բացահայտում, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են նախատեսվում ։Առաջարկում եմ պարզեցնել ընթացակարգերը և ընդլայնել շահառուների շրջանակը ։ Գործող կարգը վերաբերում է մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ն ընդգրկված ուսանողներին։ Կարևոր է քննարկել այն ուսանողների հարցը, ովքեր չեն հասցրել ընդունվել կամ վերականգնվել բուհերում կամ դա արել են նշված ժամկետից հետո։ Առաջարկվում է դիտարկել ծրագրում նաև նրանց ընդգրկելու հնարավորությունը։ Արդյո՞ք ծրագիրը շարունակվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն դիմորդների համար, ովքեր բուհ կընդունվեն 2024, 2025 և հաջորդող տարիներին։ Առաջարկում եմ հստակեցնել ծրագրի երկարաժամկետ գործողությունը՝ ապագա դիմորդների համար ևս կանխատեսելիություն ապահովելու նպատակով։ Ցանկացած փոփոխություն պետք է ուղղված լինի այս կարևոր աջակցության ծրագիրն ավելի հասանելի, ընդգրկուն և արդյունավետ դարձնելուն՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողների առջև ծառացած իրական խնդիրները։ | ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման շահառու են հանդիսանում - Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սովորողները, ովքեր մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված են եղել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան կրթական աստիճանների (բակալավր, անընդհատ և ինտեգրացված, մագիստրատուրա, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա) վճարովի համակարգում, կամ - 2024-2025 ուսումնական տարում ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման համաձայն ընդունվել են ՀՀ պետական բուհերի բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական աստիճանի առկա ուսուցման համակարգ: Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի արդեն Որոշման շահառու հանդիսացող, ինչպես նաև 2025-2026 ուսումնական տարում նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում, առաջին կուրս (առկա վճարովի) ընդունված ուսանողներին մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը տրամադրել ուսման վարձի փոխհատուցում Նախագծի ընդունումը ուսումնառությունը դադարեցրած կամ տեղափոխված ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում ստանալու հնարավորություն կտա: | |||
| 16 | «Ժողովրդավար Հայաստան» ՀԿ 08.10.2025 15:07:09 | ՀՀ Կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը, իսկ 2025թ. հոկտեմբերի 6-ից հոկտեմբերի 16-ը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է դրել «ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, սակայն փոփոխությամբ չեն ներառվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների որոշ սովորողներ, որոնք հանդիսանում են ՀՀ Կառավարության 2023թ. հոկտեմբերի 12-ի N 1763-Լ և 2024թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշումների շրջանակում Լեռնային Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միոցառումների շահառուներ: Առաջարկվում է «ՀՀ Կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը լրացնել՝ մասնավորապես՝ Որոշման 5-րդ կետի՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ-ից հետո՝ «2023թ. հոկտեմբերի 12-ի N 1763-Լ և 2024թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշումների...» բառերով: Այսինքն՝ «5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշման շրջանակներում աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ, 2023թ. հոկտեմբերի 12-ի N 1763-Լ և 2024թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշումների շրջանակում շահառու հանդիսացող սովորողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ուղղությամբ՝ սույն որոշման հրապարակումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում»։ | 2023 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված որոշման 5-րդ կետով սահմանված դրույթի նպատակը շահառուների տվյալների ճշգրտումն էր: Ներկայումս որոշման մեջ նոր դրույթ ավելացնելու կարիք չկա: Նոր ընդունված շահառուները կարող են ներկայացնել ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ, 2023թ. հոկտեմբերի 12-ի N 1763-Լ և 2024թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշումների շրջանակում շահառու հանդիսանալու վերաբերյալ փաստաթղթեր, բացի այդ նրանց տվյալներն առկա են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի բազայում, և լրացուցիչ ճշգրտման անհրաժեշտությունը բացակայում է: | |||
| 17 | Մերի Ստեփանյան 09.10.2025 16:59:24 | Շատ կարևոր եմ համարում այս փոփոխությունը, այն հնարավորություն կտա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շարունակել իրենց կրթությունը: Կարևոր է, որ փոխհատուցման կարգը լինի հստակ սահմանված, որ բոլորը կարողանան հեշտ օգտվել դրանից: Նաև շատ լավ է, որ բոլոր ուսումնական հաստատություններն ընդգրկվում են: Կրթության համար կարևեր նախագիծ է: | Ընդունվել է ի գիտություն։ |