Добавить в избранное
ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՍՀ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 01.10.2025 14:03:57 | Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում խնամք ստացող անձանց իրավունքների ապահովման նկատմամբ հասարակական մշտադիտարկման և այդ իրավունքների պաշտպանության գործառույթների իրականացումը ենթադրում է դիտորդների իրավական, սոցիալական, հոգեբանական գիտելիքների մասնագիտական համապատասխան փորձառություն և կայացվածություն։ Նախագծի 7-րդ կետով սահմանված է, որ խմբի անդամ կարող է լինել 21 տարին լրացած քաղաքացին։ Մինչդեռ այդ տարիքի անձինք հաճախ դեռ ուսանող են և չունեն բավարար մասնագիտական և աշխատանքային փորձառություն։ Հետևապես ավելի բարձր տարիքային շեմը (օրինակ՝ 25 տարեկանը) կապահովի, որ դիտորդներն ընկալվեն որպես հասուն և փորձառու մասնագետներ։ Առաջարկվում է․ Նախագծի 7-րդ կետում «21 տարին լրացած» բառերը փոխարինել «25 տարին լրացած» բառերով։ | Առաջարկը չի ընդունվել, առաջարկի անհիմն լինելու պատճառով: Ավելին, 21 տարեկան ուսանողի համար հասարակական դիտորդ լինելը շատ լավ տարբերակ է մասնագիտական գործունեություն իրականացնելու համար, և նման տարբերակված մոտեցումն ուսանողների կամ 21 տարին լրացած անձանց նկատմամբ անթույլատրելի է: | |||
| 2 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 01.10.2025 14:03:57 | Նախագծում թեև նկարագրվում է դիտորդական Խմբի ձևավորման գործընթացը, սակայն բացակայում է ընթացակարգ այն դեպքի համար, երբ Խմբի նախագահ չի ընտրվում։ Մինչդեռ նախագծով սահմանված է, որ Խմբի նախագահի իրավասություններից են՝ Խմբի այցելության մասին տարեկան ամփոփ հաշվետվության, հրատապ և ընթացիկ հաշվետվությունների կամ զեկույցների պատրաստումը (52-րդ կետ), անհրաժեշտության դեպքում Խմբի գործունեության շրջանակներում մշտադիտարկման աշխատանքներին համապատասխան մասնագիտական ուղղվածության փորձագետների ներգրավումը (57-րդ կետ), արտահերթ նիստի հրավիրումը (60-րդ կետի 2-րդ ենթակետ)։ Հետևապես Խումբը չի կարող իր գործառույթներն իրականացնել առանց խմբի նախագահ ընտրելու։ Առաջարկվում է․ Նախագծի 18-րդ կետում հանել 2-րդ նախադասությունը ՝ «Խմբի նախագահ չընտրելու դեպքում խմբի անդամներն իրականացնում են իրենց լիազորությունները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»: Փոխարենը 18-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նոր նախադասություններով․ «Դիտորդական Խմբի նախագահ չընտրվելու դեպքում, մինչև նախագահի ընտրությունը, Խմբի աշխատանքները համակարգում է Խմբի անդամների կողմից մեծամասնությամբ ընտրված Խմբի անդամը։ Եթե նիստում այդպիսի որոշում չի կայացվում, ապա ժամանակավորապես համակարգում է նախարարության կողմից նշանակված անձը՝ մինչև նախագահի ընտրության օրը»։ | Առաջարկը չի ընդունվել: Կարծիքի հեղինակը հակասում է ինքն իրեն, քանի որ առաջարկի սկզբնական փուլում նշում է, որ բացակայում է ընթացակարգ այն դեպքի համար, երբ Խմբի նախագահ չի ընտրվում: Սակայն հետագայում ճիշտ նշում Նախագծի 18-րդ կետում հանել 2-րդ նախադասությունը ՝ «Խմբի նախագահ չընտրելու դեպքում խմբի անդամներն իրականացնում են իրենց լիազորությունները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»: Հետևաբար, կարգավորումն առկա է և խմբի գործունեությունը չի տուժում նախագահ չլինելու դեպքում: Իսկ առաջարկվող լուծումն առ այն, որ Խմբի աշխատանքները համակարգում է Խմբի անդամների կողմից մեծամասնությամբ ընտրված Խմբի անդամը, հավելյալ բեռ է խմբի անդամի համար, որը կատարելու է նախագահի պարտականություններ՝ չլինելով այդպիսին: Ավելին, նախագահի հաջորդիվ ընտրությունների միջոցով այդ անձը կարող է ընդհանուր հիմունքներով մասնակցել ընտրություններին և լեգիտիմ տարբերակով ընտրվել նախագահ: | |||
| 3 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 01.10.2025 14:03:57 | Նաև առաջարկվում է՝ հասարակական մշտադիտարկման թափանցիկության և հրապարակայնության ապահովման նպատակով նախագծի 54-րդ կետում «համատեղ» բառից հետո լրացնել «Նախարարության պաշտոնական կայէջում՝ ապահովելով տվյալների գաղտնիության պահանջները» բառերով։ | Առաջարկը չի ընդունվել: Նախագծի 54-րդ կետի համաձայն՝ Սույն հավելվածի 53-րդ կետում նշված մեկնաբանությունները հրապարակվում են հաշվետվության կամ զեկույցի հետ համատեղ։ Իր հերթին, 53-րդ կետը սահմանում է, որ Խմբի կողմից ներկայացված հաշվետվության կամ զեկույցի վերաբերյալ Նախարարությունը ներկայացնում է իր մեկնաբանությունները․ տարեկան հաշվետվության վերաբերյալ՝ երկու ամսվա, ընթացիկ հաշվետվության կամ զեկույցի վերաբերյալ՝ մեկ ամսվա, իսկ հրատապ հաշվետվության կամ զեկույցի դեպքում՝ տասնօրյա ժամկետում։ Հետևաբար, Նախագծում հստակ նշված է, որ ներկայացվում է նախարարության մեկնբանությունը, այլ ոչ թե անհատների, ինչը ենթադրում է, որ ներկայացված առաջարկը վերաբերելի չէ Նախագծում նշված կարգավորմանը: | |||
| 4 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հաշվի առնելով, որ e-draft.am-ում տեղադրելիս նախագծի համարակալումը խախտվել է, առաջարկները ներկայացնում ենք առանց կետերը նշելու։ Հավելվածով նախատեսվում է, որ Խմբի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին։ Տարիքային շեմի բարձրացումը մինչև 21 տարեկան չունի որևէ իրավական հիմք և հակասում է հասարակական մասնակցության իրավունքի ընդհանուր սկզբունքներին։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածը տարիքային սահմանափակում չի նախատեսում, հետևաբար կիրառելի են Սահմանադրությամբ և «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված ընդհանուր դրույթները, ըստ որոնց՝ 18 տարին լրացած անձը կարող է լիարժեք իրականացնել հասարակական մասնակցության իրավունքը։ Տարիքային շեմի կամայական բարձրացումը կարող է դիտվել որպես անհիմն խոչընդոտ։ | Առաջարկը չի ընդունվել: 21 տարին նախատեսելը պայմանավորված է անձի որոշակի հատկանիշների ձևավորման, նրա կենսափորձի նվազագույն շեմի առաջացման և այլ սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների հետ: | |||
| 5 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Օրենքի 58-րդ հոդվածով հասարակական մշտադիտարկման գործառույթը վերապահված է հասարակական կազմակերպություններին, իսկ դրանք կարող են ունենալ անդամներ կամ աշխատողներ, որոնք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Քաղաքացիության պահանջի սահմանումը խախտում է հավասարության սկզբունքը՝ արգելելով Հայաստանում օրինական բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությունը հասարակական վերահսկողությանը։ | Առաջարկն ընդունվել է: | |||
| 6 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածի համաձայն՝ Խմբի անդամներն ընտրվում են բացառապես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ինչը սահմանափակում է անհատ քաղաքացիների մասնակցության հնարավորությունը հասարակական մշտադիտարկմանը։ Նման սահմանափակումը հակասում է քաղաքացիական մասնակցության ընդհանուր սկզբունքին, ըստ որի՝ հասարակական վերահսկողությունը պետք է լինի բաց և հասանելի բոլոր այն անձանց համար, որոնք ունեն բավարար գիտելիք, փորձ կամ հետաքրքրություն ոլորտի նկատմամբ։ Բացի իրավական խնդրից, այս ձևակերպումը ստեղծում է նաև գործնական խոչընդոտներ։ Հայաստանում սահմանափակ է այն հասարակական կազմակերպությունների թիվը, որոնք ունեն ռեսուրս կամ պատրաստակամություն հասարակական հիմունքներով մասնակցելու նման խմբերի աշխատանքի։ Արդյունքում՝ այս պահանջը կարող է հանգեցնել խմբի թերի կազմավորմանը կամ նույն կազմակերպությունների ներկայացուցիչների պարբերական վերանշանակմանը։ Առաջարկում ենք հնարավոր դարձնել նաև անհատների ներգրավումը, որոնք գործում են անկախ կարգավիճակով և կարող են ներկայացնել քաղաքացիական հասարակության շահերն առանց կազմակերպական պատկանելիության պահանջի։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Նախագծի 9-րդ կետում նշված է, որ սույն հավելվածի իմաստով, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է համարվում հասարակական կազմակերպության անդամը, աշխատողը, ինչպես նաև հասարակական կազմակերպության կողմից լիազորված անձը: Հետևաբար, յուրաքանչյուր քաղաքացի Խմբի անդամ դառնալու համար կարող է չլինելով որևէ հասարակական կազմակերպության աշխատող, լիազորվի այդ կազմակերպության կողմից և դառնա Խմբի անդամ: | |||
| 7 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածի համաձայն՝ Խմբի կազմում պետք է ապահովված լինի երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների պաշտպանության ոլորտային մասնագետների հավասար ներգրավվածությունը։ «Հավասար ներգրավվածություն» ձևակերպումն անորոշ է և թույլ է տալիս տարբեր, երբեմն փոխադարձաբար բացառող մեկնաբանություններ։ Չի հստակեցվում՝ արդյոք նախատեսվում է երեք ոլորտներից կազմակերպությունների ներկայացուցիչների հավասար թվով ներկայացվածությո՞ւն, թե՞ խոսքը վերաբերում է ընդամենը համաչափ և բազմակողմ ներկայացվածությանը։ Եթե դա մեկնաբանվի որպես քանակական հավասարություն, ապա գործնականում անհնար կլինի ապահովել նման բաշխում։ Օրինակ՝ Հայաստանում տարեցների իրավունքների պաշտպանության (ոչ ծառայությունների) ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների և փորձագետների թիվը զգալիորեն փոքր է։ Առաջարկվում է ձևակերպումը հստակեցնել՝ սահմանելով, որ Խմբի կազմը պետք է ապահովի համաչափ և բազմակողմ ներկայացվածություն, ինչը թույլ կտա ներառել տարբեր ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչների առանց պարտադիր քանակական սահմանափակման։ | Առաջարկը չի ընդունվել: Օրինակ, եթե Խումբը բաղկացած է 15 անդամից, ապա յուրաքանչյուր ոլորտից պետք է ներառված լինի 5-ական մասնագետ: | |||
| 8 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում նշվում է, որ Խմբի անդամ կարող է լինել ցանկացած մասնագիտություն ունեցող անձ։ Մասնագիտական կրթության պահանջն առկա չէ դիտորդների ներկայացվող պահանջների ցանկում։ Քանի որ օրենքի 58-րդ հոդվածը մասնագիտական կրթություն չի պահանջում, առաջարկում ենք հստակեցնել, որ մասնագիտական կրթությունը պարտադիր պահանջ չէ, այլ կարող է դիտվել որպես նախընտրելի հանգամանք, իսկ մասնագիտական կրթություն չունեցող անձինք կարող են ընտրվել եթե ունեն մարդու իրավունքների մշտադիտարկման փորձ։ | Առաջարկը չի ընդունվել: Նախագծի 9-րդ կետն ուղղակի ամրագրում է, որ Խմբի անդամ կարող է լինել ցանկացած մասնագիտություն ունեցող անձ, սակայն Խմբի անդամի ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, սոցիալական աշխատողի, հոգեբանի, սոցիոլոգի մասնագիտություն և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց, ինչպես նաև այն անձին կամ անձին ներկայացնող հասարակական կազմակերպությանը, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում Խմբի գործունեության նպատակներին կամ Նախարարության լիազորություններին ու խնդիրներին, մասնավորապես՝ երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի հիմնահարցերին: | |||
| 9 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Խմբի անդամ կարող է լինել առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձը։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե որն է համարվում «մասնագիտական փորձ»։ Եթե դա նույնն է, ինչ հանրային ծառայության համակարգում, ապա նշանակում է, որ ցանկացած անձ (օրինակ՝ ճարտարագիտական կամ լեզվաբանական կրթությամբ) կարող է համապատասխանող համարվել միայն այն դեպքում, երբ աշխատել է այնպիսի հաստիքում, որը նույնական է իր կրթության հետ (օրինակ՝ ճանապարհային ինժեներ, ավտոմատացման մասնագետ կամ թարգմանիչ կամ տերմինաբան)։ | Առաջարկը չի ընդունվել: Մասնագիտական աշխատանքային փորձը որոշվում է ոլորտով, որն ինքը ներկայացնում է և գնահատվելու է հանձնաժողովի կողմից: | |||
| 10 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խնամքը ներառում է ոչ միայն տարեցների, երեխաների կամ հաշմանդամություն ունեցող անձանց, այլև այլ այն անձանց խնամքը, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում։ Հետևաբար, հավելվածում օգտագործվող ձևակերպումը՝ «երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի հիմնահարցերին», չի արտացոլում օրենքով նախատեսված ամբողջ շրջանակը և կարող է հանգեցնել խնամք ստացողների մյուս խմբերի բաց թողնման։ | Առաջարկն ընդունվել է: Նախագծի 29-րդ կետում կատարվել է լրացում: | |||
| 11 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում սահմանված է, որ հասարակական դիտորդ դառնալու համար դիմողը պետք է ներկայացնի ոչ միայն իր անձնական տվյալներն ու երաշխավորագիր, այլև իրեն ներկայացնող հասարակական կազմակերպության կանոնադրությունը և գործունեության համառոտ նկարագիրը։ Գործնականում Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում յուրաքանչյուր հասարակական կազմակերպության կանոնադրությունը, գործունեության նպատակը, ղեկավար կազմը և իրավական կարգավիճակը հասանելի են առցանց և կարող են ստուգվել Նախարարության կողմից առանց հավելյալ փաստաթղթեր պահանջելու։ Առաջարկվում է սահմանել, որ դիմողը ներկայացնում է միայն հասարակական կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր, իսկ մնացած տվյալները՝ կանոնադրությունը, իրավական կարգավիճակը, գործունեության բնույթը, ստուգվում են պետական ռեգիստրի միջոցով։ | Առաջարկը չի ընդունվել: Ամբողջական փաթեթ ներկայացնելն առավել նպատակահարմար է, քան տարբեր աղբյուրներից տեղեկատվության հավաքագրումը: Նշված փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային տարբերակով: | |||
| 12 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածը նախատեսում է, որ Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը թեկնածուների կազմը փոխանցում է մրցութային հանձնաժողովին, որը հետո հաստատված ցանկը ներկայացնում է նախարարին՝ նախապես համաձայնեցնելով նախարարության հիմնական մասնագիտական ստորաբաժանման և ոլորտը համակարգող փոխնախարարի հետ։ Այս կառուցվածքը փաստացի ենթադրում է, որ նախքան թեկնածուների հաստատումը մրցութային հանձնաժողովը պետք է ստանա նախարարության պաշտոնյաների համաձայնությունը, ինչը հակասում է մրցույթի իմաստին։ Ո՞ր դեպքերում կարող են նշված անձինք չտալ իրենց համաձայնությունը կամ ինչպե՞ս պետք է առաջնորդվեն համաձայնությունը տալիս։ | Առաջարկը չի ընդունվել: | |||
| 13 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Ըստ հավելվածի՝ Խմբի կազմում ընդգրկվելու կամ դիմումը մերժելու մասին դիմողը գրավոր տեղեկացվում է հավելվածի 11-րդ կետում նշված վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում՝ Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից։ Փաստացի հստակեցված չէ, թե որ փուլից (փաստաթղթերի համապատասխանություն, հարցազրույց, նախարարի հաստատում) հետո մերժման մասին է խոսքը։ | Առաջարկը չի ընդունվել: | |||
| 14 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում նշվում է, որ Խմբի անդամի լիազորությունները տրվում են երեք տարի ժամկետով և չեն կարող երկարաձգվել, իսկ լիազորությունների դադարելուց հետո նույն անձը կարող է կրկին ընտրվել միայն երկու տարի անց։ Այս կարգավորումը չի համապատասխանում հայաստանյան իրականությանը և ոլորտում առկա մասնագիտական ներուժին։ Այս պատճառով էր խաթարվել նաև նախորդ խմբի գործունեությունը։ Նման բացարձակ արգելքը խախտում է խմբի կայունության սկզբունքը և կարող է հանգեցնել փորձառու մասնագետների դուրս մղման՝ առանց իրավական անհրաժեշտության։ Երեք տարվա ավարտին ամբողջ կազմը կարող է փոխվել, ինչի արդյունքում հավաքված փորձը, փաստաթղթերի մշակման շարունակականությունը կմնան խնդրահարույց։ Խմբի գործունեության կայունության և փորձի շարունակականության ապահովման նպատակով նպատակահարմար է կիրառել փուլային փոփոխության (ռոտացիոն) մեխանիզմ։ Օրինակ՝ փոխարինվի ոչ ավելի, քան խմբի անդամների մեկ երրորդը։ Այս մոտեցումը թույլ կտա պահպանել փորձառու և նոր անդամների բալանսը՝ ապահովելով թարմացում առանց ինստիտուցիոնալ հիշողության կորստի։ | Առաջարկը չի ընդունվել: Լճացումից և մասնագիտական դեֆորմացիայից խուսափելու նպատակով նման ճկունությունն ապահովելն անհրաժեշտ է, առավել ևս, որ դիտորդ կարող են լինել 21 տարին լրացած նույնպես, և կադրերի բազմազանությունը միշտ նպաստել և նպաստում է բազմազանության, օբյեկտիվության և ամբողջականության: | |||
| 15 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում նշված է, որ Խմբի նորանշանակ անդամների համար Նախարարությունը կազմակերպում է եռօրյա վերապատրաստում և իրազեկում՝ ներգրավելով ոլորտային մասնագետների և փորձագետների։ Նման ձևակերպումն անտեղի է թե՛ տևողության, թե՛ բովանդակային ձևաչափի տեսանկյունից։ Իրավական ակտում երեք օրվա հստակ պահանջի սահմանումն արհեստականորեն սահմանափակում է նախարարության ճկունությունը՝ վերապատրաստման ծավալը և խորությունը հարմարեցնելու մասնակիցների նախնական գիտելիքներին կամ առկա ռեսուրսներին։ Գործնականում, որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել ավելի երկար, օրինակ՝ հնգօրյա վերապատրաստում։ Նոր իրավական փոփոխությունների դեպքերում բավական կլինի մեկօրյա հանդիպում-քննարկումը։ Այս սահմանափակումը նաև դժվարացնում է ոչ պետական գործընկերների կամ միջազգային կազմակերպությունների մասնակցությունը վերապատրաստումների կազմակերպմանը, քանի որ վերջիններս սովորաբար կիրառում են թեմատիկ կամ մոդուլային մոտեցում։ Նպատակահարմար է ձևակերպումը դարձնել ավելի ճկուն՝ պահպանելով նվազագույն չափանիշը, բայց թույլ տալով տևողության փոփոխություն ըստ անհրաժեշտության։ | Առաջարկը չի ընդունվել: Իրավական որոշակիությունից ելնելով անհրաժեշտ է նշել ժամկետ, որի ընթացքում կկազմակերպվեն բովանդակային վերապատրաստումներ: | |||
| 16 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածի այն կետում, որով Նախարարությունը Կազմակերպություններին է տրամադրում Խմբի անդամների ցուցակը, իսկ փոփոխությունների դեպքում՝ նաև դրանց թարմացված տարբերակը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացակայում են երկու էական իրավական բաղադրիչ՝ անձնական տվյալների պաշտպանության սահմանները և փոխանցման ընթացակարգի կարգավորումը։ Նախ, Խմբի անդամների ցուցակն անխուսափելիորեն պարունակում է անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, երբեմն էլ կոնտակտային տվյալներ կամ նույնականացման այլ տվյալներ։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ պետական մարմինները կարող են փոխանցել միայն այն ծավալի տեղեկությունը, որն անհրաժեշտ է կոնկրետ նպատակին հասնելու համար։ Այսինքն՝ Կազմակերպություններին պետք է տրամադրվի միայն այն նվազագույն տեղեկությունը, որն անհրաժեշտ է մշտադիտարկման կազմակերպման համար (օրինակ՝ անուն, ազգանուն, վկայականի համարը), իսկ կոնտակտային տվյալների կամ այլ մանրամասների փոխանցումը պետք է բացառվի, եթե այն իրավական անհրաժեշտություն չունի։ Երկրորդ, փոխանցման եղանակի մասին ոչինչ չի ասվում։ Պետք է հստակեցվի, որ տվյալները փոխանցվում են պաշտոնական հաղորդակցման անվտանգ եղանակով, օրինակ՝ նախարարության գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված պաշտոնական նամակով կամ էլեկտրոնային եղանակով։ Անհրաժեշտ է հստակեցնել, որ տվյալների չուղարկված կամ չստացված լինելու դեպքում վկայականի առկայությունը համարվում է բավարար ապացույց դիտորդի իրավունքների ապահովման համար։ | Առաջարկը չի ընդունվել: Կազմակերպություններին տրամադրվող տվյալներն անհրաժեշտ է այդ դիտորդների անխոչընդոտ մուտքը կազմակերպություն ապահովելու համար: Ավելին, ցանկը տրամադրվում է բացառապես աշխատանքային օգտագործման համար, և եթե այդ տվյալները որևէ մեկն օգտագործի ապօրինի եղանակով, ապա համապատասխան վարչական կամ այլ պատասխանատվության միջոցով այդ հարցը հնարավոր է կարգավորել: Փոխանցման եղանակն էական չէ, այն կարող է լինել թղթային կամ էլեկտրոնային: | |||
| 17 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում սահմանվում է, որ Խմբի անդամները ձայների պարզ մեծամասնությամբ մեկ տարով ընտրում են Խմբի նախագահ։ Այս ձևակերպումը նպատակահարմար չէ մի քանի պատճառով։ Նախ՝ «նախագահ» եզրույթը ենթադրում է կառավարման ենթակայություն և վերադասություն, մինչդեռ Խումբը հասարակական բնույթի անկախ մարմին է, որի անդամներն ունեն հավասար կարգավիճակ։ Երկրորդ՝ Խմբի աշխատանքները պահանջում են ոչ թե ղեկավարում, այլ համակարգում, տեղեկատվության ապահովում և հանդիպումների կազմակերպում, այսինքն՝ գործառույթներ, որոնք բնորոշ են համակարգողին, ոչ թե ղեկավարին։ Բացի այդ, մեկ տարվա ժամկետը չափազանց կարճ է նման կոլեգիալ մարմնի գործունեության համակարգման համար։ Կառավարման կամ համակարգման արդյունավետությունը պահանջում է առնվազն երկամյա կայունություն։ Առաջարկվում է փոխարինել «նախագահ» ձևակերպումը «համակարգող» ձևակերպմամբ և երկարացնել ժամկետը՝ սահմանելով առնվազն երկու տարի։ | Առաջարկը չի ընդունվել: Նախագահն իրականացնելու է համակարգման աշխատանքներ՝ հավելվածին համապատասխան, և հիմնականում նրա միջոցով է ապահովվելու կապը Նախարարության հետ: | |||
| 18 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում սահմանված է, որ Խմբի անդամ չի կարող լինել այն անձը, որն ունի դատվածություն, որն օրենքով սահմանված կարգով չի մարվել կամ վերացվել, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերի, երբևէ դատապարտվել է մարդու, բնակչության առողջության կամ հասարակական կարգի կամ բարոյականության դեմ ուղղված ցանկացած հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարվելու կամ վերացվելու հանգամանքից։ Առաջին ենթակետը՝ մարված կամ չմարված դատվածության տարբերակմամբ, իրավաչափ է և համահունչ է հանրային վստահության նվազագույն պահանջներին։ Սակայն երկրորդ ենթակետը հակասում է ինչպես Սահմանադրության, այնպես էլ միջազգային իրավունքով ամրագրված վերասոցիալականացման և խտրականության բացաման սկզբունքներին։ | Առաջարկը չի ընդունվել: Նման սահմանափակումներ նախատեսված են գործունեության տարբեր ոլորտներում, քննչական, դատախազական, դատական և այլ ոլորտներում, և պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված հիմքերով դատվածության մարումը կամ վերացումը հանգեցնում է դատվածության հետ կապված քրեաիրավական հետևանքների վերացման: Հետևաբար, ոչ քրեաիրավական հետևանքներ դատվածության մարումը կամ վերացումը կարող է առաջացնել, ինչպես դա առկա է վերը նշված ոլորտներում: | |||
| 19 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում նախատեսված է, որ Խմբի անդամ չի կարող լինել անձը, որը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ։ Այնքանով, որքանով հաշմանդամության հիմքով գործունակության իրավունքի սահմանափակումը հակասում է Հայաստանի կողմից վավերացված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 12-րդ հոդվածին, նախագծով նման պահանջը սահմանելը խնդրահարույց է։ | Առաջարկը չի ընդունվել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն: Անգործունակ ճանաչված քաղաքացու անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը: Նույն օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է դատարանով սահմանափակվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է հոգաբարձություն: Նա իրավունք ունի ինքնուրույն կնքել միայն մանր կենցաղային գործարքներ: Նա կարող է կնքել այլ գործարքներ, ինչպես նաև ստանալ աշխատավարձ, կենսաթոշակ և այլ եկամուտներ ու տնօրինել դրանք միայն հոգաբարձուի համաձայնությամբ: Նման քաղաքացին ինքնուրույն գույքային պատասխանատվություն է կրում իր կնքած գործարքների և պատճառած վնասի համար: 2. Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով սահմանափակվել է քաղաքացու գործունակությունը, դատարանը վերացնում է նրա գործունակության սահմանափակումը: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը: Հետևաբար, սահմանափակումը վերաբերում է ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց, այլ այն անձանց, ովքեր դատարանի կողմից ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ: | |||
| 20 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում սահմանված է, որ Խմբի անդամ չի կարող լինել այն անձը, որը զրկվել է ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել է ծնողական իրավունքներում։ Այս սահմանափակումն իրավական և մարդու իրավունքների տեսանկյունից հիմնավորում չունի և չի բխում հասարակական դիտորդի գործառույթների բնույթից։ Ծնողական իրավունքների զրկումը կամ սահմանափակումը վերաբերում է ընտանեկան հարաբերություններին, սակայն այն ոչ մի կապ չունի անձի մասնագիտական կարողությունների, արժանահավատության կամ հասարակական վերահսկողություն իրականացնելու կարողության հետ։ Այս դրույթի պահպանումը նշանակում է, որ պետությունը տվյալ անձի սոցիալական կարգավիճակը կամ ընտանեկան անցյալը դիտում է որպես ինքնին անպատշաճ վարքագծի ցուցիչ, ինչը սոցիալական վիճակի հիմքով խտրականություն է՝ արգելված ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով։ | Առաջարկը չի ընդունվել: Կարծիքի հեղինակը խտրականությունը մեկնաբանելուց առաջ պարտավոր էր գիտակցել երեխայի լավագույն շահերի ապահովման սկզբունքով առաջնորդվելու անհրաժեշտությունը: Եթե անձը զրկվել է ծնողական իրավունքից կամ ծնողական իրավունքը սահմանփակված է, և երեխան գտնվում է կամ գտնվել է կազմակերպությունում, մեծ է հավանականությունը, որ այդ անձի դիտորդ դառնալը փոխկապակցում է իր կենսաբանական երեխային տեսնելու, նրա հետ շփում հաստատելու, կազմակերպությունից՝ նրա աշխատողների իրավաչափ արգելքների համար վրեժխնդիր լինելու, այլ հակասոցիալական կամ հակաիրավական գործունեություն իրականացնելու համար: Բացի այդ, պետք է հիշել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նախատեսված ծնողական իրավունքներից զրկելու հիմքերը, և եթե անձը նման վարքագիծ դրսևորել է իր երեխայի նկատմամբ, ապա այլ երեխաներին նման ռիսկի ենթարկելն անթույլատրելի է: | |||
| 21 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմանը հղումով սահմանվում է, որ Խմբի անդամ չի կարող լինել այն անձը, որն ունի այդ որոշմամբ հաստատված հիվանդություններից որևէ մեկը։ Այս դրույթը խիստ խնդրահարույց է մի քանի պատճառներով։ Կառավարության այդ որոշումը նախատեսված չէ հասարակական մասնակցության կամ աշխատանքային գործունեության արգելքներ սահմանելու համար։ Ցանկում ներառված են բազմաթիվ վիճակներ, որոնց առկայությունն ինքնին չի նշանակում, որ անձն ունակ չէ իրականացնելու իր պարտականությունները։ Ավելին՝ նման պահանջի պահպանման դեպքում անհնար կդառնա «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ որոշ ներկայացուցիչների մասնակցությունը՝ հաշվի առնելով նախարարության պաշտոնյաներին հայտնի այն հանգամանքը, որ կազմակերպության կառավարմանը ներգրավված են նաև այդ ցանկում առկա վիճակներն ունեցող անձինք։ | Առաջարկն ընդունվել է: Դրույթն առհասարակ հանվել է: | |||
| 22 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում նախատեսված է, որ Խմբի անդամ չի կարող լինել այն անձը, որը ներկայացրել է երաշխավորագիր հասարակական այն կազմակերպությունից, որը Նախարարության հետ համագործակցության ընթացքում դրսևորել է ոչ գործընկերային հարաբերություններ։ Այս դրույթը չափազանց սուբյեկտիվ է և իրավական առումով անորոշ, քանի որ չի սահմանվում՝ որն է համարվում «ոչ գործընկերային հարաբերություն», ինչպես է դա գնահատվում, ով և ինչ ընթացակարգով է ընդունում այդ գնահատականը։ Այն փաստացի ստեղծում է քաղաքացիական վերահսկողության քաղաքական զտման գործիք, որով նախարարությունը կարող է բացառել իրեն քննադատող կամ անկախ դիրքորոշում ունեցող հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ մեր մասնակցությունն առանց իրավական հիմնավորման։ | Առաջարկը չի ընդունվել: Այս կետում ներկայացվում են պայմանագրային բախումային իրավիճակներ Նախարարության հետ, ինչը հանգեցնելու է շահերի բախման և ոչ օբյեկտիվ մշտադիտարկման: | |||
| 23 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում սահմանվում է, որ Խմբի անդամ չի կարող լինել այն անձը, որը քաղաքացիական գործով հայցվոր կամ պատասխանող է հանդիսանում Նախարարության դեմ ներկայացված հայցի շրջանակում։ Այս դրույթը բացահայտ հակասում է արդար դատաքննության իրավունքին և քաղաքացիական մասնակցության ազատությանը։ Առաջարկում ենք այս կետն ամբողջությամբ հանել հավելվածից՝ որպես իրավաչափ նպատակ չհետապնդող։ | Առաջարկը չի ընդունվել: Այս կետում ներկայացվում են իրավական բախումային իրավիճակներ Նախարարության հետ, ինչը հանգեցնելու է շահերի բախման և ոչ օբյեկտիվ մշտադիտարկման: | |||
| 24 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածում որևէ կերպ չի սահմանվում այնպիսի սահմանափակում, որը կբացառեր այն դեպքերը, երբ հասարակական կազմակերպությունը կամ նրա ներկայացուցիչը հանդիսանում է նախարարության հետ պայմանագրային կամ ենթակայական հարաբերությունների կողմ։ Սա կարող է հանգեցնել ակնհայտ շահերի բախման և վերահսկողության իմիտացիայի։ Ուստի անհրաժեշտ է ամրագրել հստակ շահերի բախման արգելք, որը կվերաբերի թե՛ կազմակերպություններին, թե՛ նրանց ղեկավար անձանց։ Առաջարկում ենք շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Խմբի անդամ չի կարող լինել այն հասարակական կազմակերպությունը կամ նրա ներկայացուցիչը, որը՝ 1) ստեղծվել է կամ ղեկավարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում պաշտոնատար անձի, Կազմակերպության ղեկավարի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամի կողմից, 2) ունի նախարարության կամ նրա ենթակայությամբ գործող կազմակերպությունների հետ գործող պայմանագիր, հուշագիր կամ դրամաշնորհային համաձայնագիր՝ փոխկապակցված ծառայություններ մատուցելու վերաբերյալ, 3) ստեղծվել կամ ղեկավարվել է (որպես գործադիր մարմնի անդամ, ղեկավար, խորհրդի կամ ընդհանուր ժողովի անդամ) վերջին հինգ տարվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում պաշտոնատար անձի, Կազմակերպության ղեկավարի անձանց կամ նրանց ընտանիքի անդամների կողմից: Սույն կետի իմաստով ընտանիքի անդամ են համարվում համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինը և երեխաները, ինչպես նաև նույն բնակության հասցեում գրանցված այլ ազգականները»։ | Առաջարկը չի ընդունվել: Հասարակական կազմակերպության հետ պայմանագրային հարաբերությունների առկայությունը դեռ չի նշանակում, որ կաշկանդվածություն է առաջանում այդ կազմակերպության աշխատողի կողմից հասարակական դիտորդ լինելու համար: Բացի այդ, ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների քանակը հաշվի առնելով, առաջարկվող սահմանափակումը կարող է հանգեցնել որակյալ մասնագետներին մշտադիտարկման գործընթացում չներառելուն, ինչը խիստ անցանկալի է: | |||
| 25 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածը չի հստակեցնում, թե ինչպես է ֆիքսվում մրցութային հանձնաժողովի աշխատանքի արդյունքը։ Ներկայիս ձևակերպումը թույլ է տալիս, որ գնահատման կամ որոշման արդյունքները փոխանցվեն բանավոր կամ առանց պաշտոնական արձանագրության, ինչը հակասում է վարչարարական իրավունքի հիմնական սկզբունքներին։ | Առաջարկը չի ընդունվել, նման տեխնիկական հարցերը քննարկվող նախագծի կարգավորման առարկայից դուրս են: |