ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում
փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարման անհրաժեշտություն չի առաջանում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2028 թվականից, քանի որ 2026թ. ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 1-ից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. դեկտեմբերի 31-ին:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրենքի նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին կետի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինծառայության ժամկետների կրճատման՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: