«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) 69-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 69.1-ին հոդվածով հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 69.1․ Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կառավարումը՝ կուտակային կայանատեղիների միջոցով
- Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը կարգավորելու նպատակով պետական սահմանի անցման կետով բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը սույն հոդվածով սահմանված դեպքերում կազմակերպվում է Կոմիտեի հերթերի կառավարման համակարգի (այսուհետ՝ Հերթերի կառավարման համակարգ) միջոցով:
- Հերթերի կառավարման համակարգի միջոցով բեռնատար տրանսպորտային միջոցների հերթագրումն իրականացվում է կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների կողմից, որոնք ստեղծվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի, քան 20 կիլոմետր հեռավորության վրա։
- Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից բեռնատար տրանսպորտային միջոցների՝ առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը, ինչպես նաև առանձին բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներից բացթողնման առաջնահերթությունները սահմանում է Կոմիտեն։
- Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն ավտոմոբիլային անցման կետերը, որտեղից բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը Հայաստանի Հանրապետությունից կարող է իրականացվել միայն կուտակային կայանատեղի մուտք և ելք գործելուց հետո, սահմանում է Կոմիտեն:
- Կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ Հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը սահմանում է Կառավարությունը:
- Սույն հոդվածի կիրառության նպատակով կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողներ են համարվում Կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող իրավաբանական անձինք։
- Կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը:
- Սույն հոդվածի իմաստով` հերթագրման ծառայության մեջ ներառվում է մուտքը կուտակային կայանատեղի, կայանումը (անկախ տևողությունից) և ելքը կուտակային կայանատեղիից:
- Սույն հոդվածի իմաստով բեռնատար տրանսպորտային միջոց է համարվում իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցը, որն ունի ավելի քան 5000 կգ թույլատրելի առավելագույն զանգված։
- Հերթերի կառավարման համակարգի և կուտակային կայանատեղիի կազմակերպման գործունեություն իրականացնող անձի էլեկտրոնային համակարգերի փոխազդեցության կարգը, հավաքագրվող և փոխանցվող տեղեկությունների ցանկը սահմանում է Կոմիտեն:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ՝ «Տրանսպորտի բնագավառ» բաժինը լրացնել 15․9-րդ կետով հետևյալ խմբագրությամբ.
«
|
15.9. Կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմինների հերթագրման համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետությունից մեկնող յուրաքանչյուր երեք հազար բեռնատար տրանսպորտային միջոցի հերթագրման ծառայության (մուտքի, կայանման, ելքի) համար |
բազային տուրքի 3000-ապատիկի |
»
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ՝ «Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.9-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև նույն կետով սահմանված սահմանաչափի ավարտի օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ: Տրանսպորտային միջոցների հերթագրման ծառայության համար սույն օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ՝ «Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.9-րդ կետով սահմանված պետական տուրքը առաջին անգամ վճարում է մինչև տրանսպորտային միջոցների հերթագրման ծառայության մատուցումը։»։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
15.08.2025 - 30.08.2025
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1224
Принт