Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Կարգավորման ենթակա խնդիրը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 22-ի N 1117-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-460-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) առանձին դրույթների կիրարկումն ապահովող իրավական ակտի ընդունման անհրաժեշտությամբ և բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 30-ի «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 79-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից։
Օրենքով պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցմանն առնչվող հոդվածները տարանջատվել և լրամշակվել են՝ սահմանելով գրանցման ընդհանուր և պարզեցված ընթացակարգեր։ Կառավարությանը տրվել է լիազորություն՝ սահմանելու պարզեցված ընթացակարգով պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման դեպքերը։ Միաժամանակ, պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը , որը նախկինում իրականացվում էր միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա՝ ամբողջությամբ վերապահվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ՝ Լիազոր մարմին)։
2․ Առկա իրավիճակը
Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 22-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցան, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու մասին» N 1117-Ն որոշմամբ (այսուհետ Որոշում) սահմանված են իրավակարգավորումներ, որով հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից ստեղծված գրանցման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա։ Օրենքում կատարված փոփոխություններին և լրացումներին համապատասխան՝ անհրաժեշտ է փոփոխություն կատարել Որոշման մեջ՝ սահմանելով իրավակարգավորումներ՝ գրանցումը Լիազոր մարմնի կողմից իրականացնելու, գրանցման համար ներկայացվող հայտի ընդունման, պահանջվող փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրման,անհրաժեշտության դեպքում դրա ուղղումների ու շտկումների նպատակով տրվող ժամկետների հստակեցման, հետ վերադարձի, գրանցումը հաստատելու կամ մերժելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու համար։ Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման պարզեցված ընթացակարգերի դեպքերը և հստակեցնել պարզեցված և ընդհանուր ընթացակարգերով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի Որոշման մեջ կատարելով անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ՝ ապահովել Օրենքով սահմանված դրույթների կիրարկումը։ Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար սահմանվել են պարզեցված ընթացակարգի դեպքերը՝ Եվրոպական միության անդամ պետություններում, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, Իսլանդիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Կանադայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում արտադրված կամ գրանցված պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցելու դեպքում, ինչպես նաև նախատեսվել են բացառություններ Եվրոպական միության երկրներում արտադրված բույսերի աճի խթանիչները, կենսաբանական ծագման պեստիցիդները, ֆերոմոններն ու ագրոքիմիկատները գրանցելու դեպքում՝ գրանցող երկրի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու հարցում։
Վերոնշյալ երկրներում արտադրված կամ գրանցված թունաքիմիկատները պարզեցված ընթացակարգով գրանցելու համար հաշվի են առնվել տվյալ երկրում պեստիցիդների արտադրության, օգտագործման, թունաբանահիգիենիկ փորձաքննությունների գործընթացների նկատմամբ վերահսկողության գործող իրավակարգավորումները, պեստիցիդների կիրառության ոլորտում առկա գիտափորձարարական աշխատանքների իրականացման հնարավորություններն ու լաբորատոր կարողությունները, դրանց տեխնիկական բարձր վերազինվածությունը և համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Հետևաբար, նման գերհագեցած լաբորատորիաներում և գիտահետազոտական հաստատություններում իրականացված փորձարկումների արդյունքներերով, ինչպես նաև խիստ չափանիշներ ունեցող համակարգերով արտադրված և օգտագործվող թունաքիմիկատները հանրապետությունում գրանցելու համար կրկնակի թունաբանահիգիենիկ փորձարկումներ իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ագրոքիմիկատների և ֆերոմոնային թակարդների մեծ մասը ներմուծվում է եվրոպական երկրներից,որտեղ արտադրված և փորձարկված ագրոքիմիկատները, ֆերոմոնային թակարդները, բույսերի աճի խթանիչները արտադրվում և շրջանառվում են եվրոպական միության կանոնակարգերին և միջազգային ստանդարտներին համապատասխան։ Նկատի ունենալով, որ կենսապեստիցիդներին տրվում է ազատ շրջանառության հավաստագիր, ուստի անհրաժեշտություն է առաջացել պարզեցված ընթացակարգով գրանցման դեպքում սահմանել բացառություն նշված արտադրատեսակների համար, չպահանջելով գրանցող երկրի վերաբերյալ տեղեկատվությունը, քանի որ տվյալ արտադրատեսակների գրանցման հետ կապված պահանջները չպարզեցնելու դեպքում խնդրահարույց կլինի հանրապետությունում դրանց գրանցումը։
Նախագծով կսահմանվեն նաև Լիազոր մարմնի կողմից պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման կարգը՝ ժամկետները, գրանցման մերժումը և հաստատումը, իրավաբանական և ֆիզիկական անձանց տրվող գրանցման վկայականներում կկատարվեն որոշ մասնագիտական խմբագրումներ։
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.4 Գյուղատնտեսություն» բաժնի հետևյալ կետից՝
«- ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը», https://www.gov.am/files/docs/4586.pdf ։
Նախագծի ընդունումը թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում գրանցել և շրջանառել մարդկանց կյանքի, առողջության և շրջակա միջավայրի համար հնարավորինս անվտանգ և որակյալ պեստիցիդներ և ագրոքիմիկատներ, և պարզեցված վարչարարությամբ գրանցելով անհրաժեշտ պեստիցիդներն ու ագրոքիմիկատները՝ գյուղացիական տնտեություններին ապահովել անհրաժեշտ պեստիցիդներով ու ագրոքիմիկատներով, ինչը հնարավորություն կընձեռնի իրականացնել առավել արդյունավետ պայքար բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ՝ ապահովելով բուսասանիտարական կայուն իրավիճակ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացի հետ կապված Օրենքով նախատեսված կարգավորումների կիրարկումը՝ հստակ սահմանելով պարզեցված և ընդհանուր ընթացակարգերով գրանցման դեպքերը, ժամկետները, գրանցումը մերժելու հիմքերը, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը։ Սահմանված պարզեցված ընթացակարգերը հնարավորություն կտան Եվրամիության և այլ զարգացած պետություններում արտադրված կամ գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների առանց կրկնակի փորձարկումներ կատարելու, պարզ ընթացակարգով գրանցումը, ինչն էլ հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին բարձր արդյունավետ, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ավելի նվազ վտանգ ներկայացնող պեստիցիդների և ագրոքիմիկատների պահանջարկի ժամանակին ապահովումը, նվազեցնել գրանցման գործընթացին առնչվող պետական մարմինների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև առավել մատչելի դարձնել բույսերի պաշտպանության միջոցների շրջանառության ոլորտում ներգրավված տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը։