Добавить в избранное

В стадии разработки

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (լրամշակված տարբերակ)

ՆԱԽԱԳԻԾ

ՕՐԵՆՔԸ

 «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝

  1. 8-րդ մասում «գործարկման» բառից հետո լրացնել «(վերագործարկման)» բառը.
  2. Լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ՝

«ապահովագրական ընկերություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն և տեխնիկական անվտանգության, այդ թվում հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության կոնկրետ ոլորտում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից որակավորված մասնագետ կամ մասնագետներ.

առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «գ», «դ», «ե» ենթակետերով և 4-րդ, 6-րդ կետերով սահմանված բնորոշմանը համապատասխան արտադրական վտանգավոր օբյեկտ.

հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն` գործունեություն, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի, հրդեհային պահպանության, հրդեհային անվտանգության միջոցների և հրդեհատեխնիկական արտադրանքի՝ հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ հրդեհային անվտանգության պահանջներին և հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին.»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտների անվտանգ շահագործմանն ուղղված տեխնիկական կանոնակարգերը, կանոնները, տեխնիկական անվտանգության նորմերը և հրահանգները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝

«6. պոչամբարներ:»

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությունն իրականացնում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:

2) 3-րդ մասում «հավաստիության համար» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, եթե արարքը հանցագործության հատկանիշներ չի պարունակում» բառերով:

3) 6-րդ մասում «առնվազն մեկ անգամ» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «ե» ենթակետերով, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտները՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության հետ մեկտեղ նաև հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության:».

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասում «գրառելու»  բառից հետո լրացնել «տրամադրելու,» բառը, «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» բառերով.
  2. 3-րդ մասում՝
  • «ա» կետում «անունը՝» բառից հետո լրացնել «ֆիզիկական անձի և» բառերը, «տվյալները,» բառից հետո լրացնել «իսկ ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալները» բառերը.
  • «զ» կետում «կոնսերվացման» բառից հետո լրացնել «ապամոնտաժման,» բառը.
  1. 4-րդ մասում՝
  • «լիազոր մարմին է» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն է» բառերով.
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրության համապատասխան փաստաթղթի պատճենը».

  1. 5-րդ մասում «Լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» բառերով.
  2. 6.1-ին մասում «օբյեկտի գրանցումը» բառերից հետո լրացնել «,ռեեստրում գրանցումը դադարեցնելը» բառերով.
  3. 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 <<7.Արտադրական վտանգավոր օբյեկտների՝

ա) դրա ապամոնտաժման հետևանքով, եթե առկա է ապամոնտաժման վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացությունը,

բ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված արտադրական  վտանգավոր օբյեկտի շահագործման համար ոչ պիտանի լինելու փաստը հաստատող փաստաթուղթը,

գ) արտադրական  վտանգավոր օբյեկտի նկատմամբ ապամոնտաժվելու փաստը չկիրառվելու դեպքում՝ օբյեկտը շահագործող անձի կողմից  ներկայացված՝ արտադրական վտանգավոր օբյեկտների աշխատանքների ավարտը հավաստող փաստաթուղթը՝ հաստատված Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ հավատարմագրված անձի կողմից,

դ) օրենքով այլևս արտադրական վտանգավոր օբյեկտ չհամարվելը:»:

  1. 8-րդ մասի 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«Ապամոնտաժման փաստը հաստատվում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ հավատարմագրված անձի կողմից տրված անվճար գրավոր տեղեկանքով:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել նոր «12.1» հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 12.1. Պայթեցման աշխատանքների հաշվառումը

  1. Պայթեցման աշխատանքներն ենթակա են հաշվառման:
  1. Հաշվառման նպատակով լիազոր մարմինը վարում է թղթային և էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրառվում են հետևյալ տեղեկությունները՝

1) պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձի վերաբերյալ՝ անվանումը (անունը՝ անհատ ձեռնարկատիրոջ համար), պետական գրանցման տվյալները.

2) պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի տրման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը.

3) պայթեցման աշխատանքներ կատարելու վայրը, օրը և ժամը.

4) պայթեցման աշխատանքների կատարման նախագծային փաստաթղթերի փորձաքննության արդյունքների մասին.

5) որպես արտադրական վտանգավոր օբյեկտի՝ վկայականի համարը, տրման ամիսը, ամսաթիվը և տարին:

  1. Պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձը (անհատ ձեռնարկատերը) պարտավոր է՝

1) պայթեցման աշխատանքները կատարել նախագծային փաստաթղթերին համապատասխան, առանց շեղումների, որին տրվել է սույն օրենքով սահմանված կարգով դրական փորձագիտական եզրակացություն.

2) պայթեցման աշխատանքների կատարման օրվա և ժամի մասին առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտավորությունները չկատարելն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» կետերով՝

«գ) առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի շահագործմանը, եթե այն սույն օրենքով սահմանված կարգով չունի պարտադիր ապահովագրություն.

դ) փորձագետի հետագա գործունեության արգելմանը, եթե վերջինիս կողմից կազմված փորձագիտական եզրակացությունները երկու և ավելի անգամ սույն օրենքով սահմանված կարգով ճանաչվել են ոչ հավաստի: Փորձագետին, ամբողջ գործունեության ընթացքում, սույն օրեքնով սահմանված կարգով երկու անգամ կարգադրագիր տալը հիմք է վերջինիս որակավորումից զրկելու համար:»:

  1. 2-րդ մասում «համապատասխան» բառից հետո լրացնել «գրավոր» բառը.
  2. 5-րդ մասում «վերացման դեպքում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև փորձագետի գրավոր դիմումով, կարգադրագիրը ստանալուց մեկ տարի հետո կրկին որակավորվելու դեպքում» բառերով:
  3. 7-րդ մասում «դատական» բառը փոխարինել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված» բառերով:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերն ուժը կորցրած ճանաչել:

 Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. «զ» կետում «անվտանգության» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հրդեհային անվտանգության, հրդեհապայթյունավտանգավորության) բառերով.
  2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե», «ժզ» և «ժէ» կետերով.

«ժե) որակավորման վկայականների տրամադրումը համապատասխան ուսուցում անցած փորձագետներին:

ժզ) հավատարմագրված անձանց, տեխնածին վթարների, մահացու և ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարումը.

ժէ) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը և գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով.»:

                             Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. «դ» կետում «ինչպես նաև կազմակերպել» բառերը հանել.
  2. «ժա» կետում «լիազոր մարմնին» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին» բառերով.
  3. «ժբ» կետում «անվտանգության» բառից հետո լրացնել «,հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության» բառերով.
  4. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» կետով՝

«ժե) ապահովել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրությունը:»:

Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

          Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ «20.1» հոդվածով՝

«Հոդված 20.1. Ապահովագրական ընկերության պարտականությունը

  1. Ապահովագրական ընկերությունը պարտավոր է՝
  • առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտը շահագործող անձի պահանջով կնքել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ պարտադիր ապահովագրության պայմանագիր՝ այդ օբյեկտի դրական փորձաքննության եզրակացության և լրացված «Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ  շահագործող անձի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության» հարցաթերթիկի առկայության պայմաններում.
  • Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի և հավատարմագրված անձանց պահանջով կնքել որակավորված փորձագետի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիր՝ որակավորման վկայականի առկայության պայմաններում.
  • իրականացնել սույն օրենքով, իրավական այլ ակտերով և պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ.
  • սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կենտրոնական բանկը կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով՝ ապահովագրական ընկերությունների և նրանց ղեկավարների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման համար սահմանված կարգով:»:

 

Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ԳԼՈՒԽ 4.1» գլխով.

«        ԳԼՈՒԽ 4.1

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄԸ

Հոդված 20.2. Որակավորված փորձագետների մասնագիտական պատասխանատվության և առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրումը

  1. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և հավատարմագրված անձինք պարտավոր են ապահովել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից որակավորված փորձագետների  մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը:
  2. Արգելվում է առանց պարտադիր ապահովագրման իրականացնել սույն օրենքով նախատեսված փորձաքննությունները:
  3. Առանց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից որակավորված և առանց պարտադիր ապահովագրման փորձաքննություն իրականացնելն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքով սահմանված կարգով:
  4. Պարտադիր ապահովագրման ենթակա է այն առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտը շահագործող անձի քաղաքացիական պատասխանատվությունը, ում կողմից շահագործվող օբյեկտը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հոդված 20.3. Ապահովագրության սուբյեկտները

  1. Որպես ապահովագրության սուբյեկտներ հանդես են գալիս՝

      1) Ապահովագրող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր պատասխանատվության ապահովագրության դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա) ստացած ապահովագրական ընկերությունը.

      2) Ապահովադիր՝

      ա. փորձագետի մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրման դեպքում՝ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը կամ հավատարմագրված անձը, որը համապատասխան որակավորման վկայականներ ստացած փորձագետի մասնագիտական պատասխանատվության համար ապահովագրողի հետ կնքել է ապահովագրության պայմանագիր.

      բ. առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրման դեպքում՝ այդ օբյեկտը փաստացի շահագործող անձը, ով ապահովագրողի հետ կնքել է ապահովագրության պայմանագիր:

Հոդված 20.4. Ապահովագրության օբյեկտը, ապահովագրական ռիսկը և ապահովագրական պատահարը

  1. Ապահովագրության օբյեկտ են հանդիսանում՝

1) տեխնիկական փորձաքննություն իրականացնող որակավորված փորձագետի այն գույքային շահերը, որոնք կապված են ապահովագրության տարածքում ապահովադրի կողմից ապահովագրված գործունեության իրականացման արդյունքում համապատասխան իրավասու մարմինների կողմից սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ապահովադրին նշանակված տուգանքի վճարներ կատարելու օրինական պահանջներ ներկայացնելու ռիսկի հետ:

      2) առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ շահագործողի  գույքային շահերը, որոնք կապված են առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասը հատուցելու վերջինիս պարտականության հետ:

  1. Ապահովագրական ռիսկը առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի շահագործման ընթացքում երրորդ անձանց պատճառված վնասը հատուցելու առանձնապես վտանգավոր օբյեկտ շահագործողի քաղաքացիական պատասխանատվության առաջացման հնարավորությունն է:
  2. Ապահովագրական պատահար է հանդիսանում՝

1)որակավորված փորձագետի մասնագիտական պատասխանատվույան ապահովագրման դեպքում՝ ապահովագրված գործունեության շրջանակներում փորձագիտական գործառնությունների կատարման ժամանակ փորձագետի կողմից ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն կազմելը, ինչի հետևանք է հանդիսացել լիազոր մարմնի կողմից սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան փորձագետին նշանակված տուգանքի վճարներ կատարելու օրինական պահանջը և որի առաջացման դեպքում հատուցման ենթակա են սույն հոդվածի 5-րդ մասում նշված վնասները, եթե՝

ա. խախտումը տեղի է ունեցել ապահովագրական պատահար տեղի ունենալուն և ապահովագրված գործունեության շրջանակներում իրականացվող պարտականությունների խախտմանն ուղղված՝ փորձագետի կանխամտածված գործողությունների (անգործության) բացակայությամբ, ինչպես նաև ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն կազմելու հետևանքով,

բ. ապահովագրական պատահարին հանգեցնող գործողությունների իրականացման պահին փորձագետն ունեցել է գործող որակավորման վկայական,

գ. խախտումը տեղի է ունեցել և հայտնաբերվել է ապահովագրության գործողության ժամկետի ընթացքում.

      2) առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրման դեպքում՝

      ա. երբ վնասի պատճառումը երրորդ անձանց տեղի է ունեցել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի շահագործման ժամանակահատվածում՝ ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում: Օբյեկտի շահագործման ժամանակահատվածում մի քանի տուժողներին պատճառված վնասը վերաբերում է մեկ ապահովագրական պատահարին: Վնասը, որը ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած վթարի հետևանքների կամ շարունակական ազդեցության արդյունք է և պատճառվել է պայմանագրի գործողության ավարտից հետո, ինչպես նաև այն վնասը, որը բացահայտվել է պայմանագրի գործողության ավարտից հետո ենթակա է հատուցման:

      բ. երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը տեղի է ունեցել պայմանագրում նշված ապահովագրության գործողության տարածքի սահմաններում:

      գ. վնասի հատուցման պահանջն առաջին անգամ ներկայացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետների շրջանակներում:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին ենթակետով նախատեսված իրադարձություն տեղի ունենալու դեպքում ապահովագրական ընկերության կողմից հատուցման ենթակա են լիազոր մարմնի կողմից փորձագետին ներկայացված՝ տուգանքի վճարներ կատարելու վերաբերյալ վարչական ակտում նշված գումարը:
  2. Ապահովագրողի կողմից հատուցման ենթակա չեն՝

1) որակավորված փորձագետի մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրման դեպքում՝

ա. տուժողի այն ծախսերը, որոնք կապված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված իր քաղաքացիաիրավական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետ: Դրանք ներառում են նաև տուժողի չստացված եկամուտները (բաց թողնված օգուտը), դատական և այլ ծախսերը,

բ. ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում իրականացնելու պարտականությունից, եթե ապահովադիրը չի կատարել ապահովագրության պայմանագրով և (կամ) ապահովագրության պայմաններով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր պարտականությունները:

2) առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրման դեպքում՝

      ա. տուժողի այն ծախսերը, որոնք կապված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իր քաղաքացիաիրավական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետ, դրանք ներառում են նաև տուժողի չստացված եկամուտները (բաց թողնված օգուտը), չնախատեսված, դատական և այլ ծախսերը,

      բ. տուժողի գույքին պատճառված վնասը, որի դիտավորյալ գործողությունները (անգործությունը) օբյեկտում պատահարի պատճառ են հանդիսացել

      գ. վնասը, որը պատճառվել է առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտում այնպիսի վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել համապատասխան վտանգավոր օբյեկտների վերահսկման և հսկողության մասով իր իրավասության սահմաններում գործառույթներ իրականացնող լիազոր մարմնի և (կամ) արտակարգ իրավիճակներից բնակչությունն ու տարածքը պաշտպանելու գծով հարցերի լուծման համար լիազորված   մարմնի (իրենց իրավասություններին համապատասխան տրված) կարգադրություններին (ցուցումներին) ապահովադրի կողմից չհետևելու արդյունքում,

      դ. այն վնասները, որոնք հանդիսանում են կորցրած եկամուտ, այդ թվում կապված գույքի ապրանքային արժեքի նվազման հետ, ինչպես նաև բարոյական վնասը,

      ե. ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում իրականացնելու պարտականությունից, եթե տուժողներին վնասը պատճառվել է օբյեկտի վրա այնպիսի վթարի արդյունքում, որը հետևանք է ռազմական գործողությունների, զորաշարժերի կամ այլ ռազմական միջոցառումների, դիվերսիայի, քաղաքացիական պատերազմի, ցանկացած տիպի ժողովրդական հուզումների, գործադուլների, ահաբեկչական գործողությունների, միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ուղղակի կամ անուղղակի ազդեցության, ատոմային էներգիայի օգտագործման, շրջակա միջավայրին վնասի պատճառման,

      զ. ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում իրականացնելու պարտականությունից, եթե Ապահովադիրը չի կատարել ապահովագրության պայմանագրով և (կամ) ապահովագրության պայմաններով և (կամ) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր պարտականությունները:

Հոդված 20.5. Ապահովագրական հատուցման կարգը

  1. Ապահովագրության պայմանագրով առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի շահագործման ժամանակահատվածում տեղի ունեցած մեկ պատահարի հետ կապված բոլոր ապահովագրական հատուցումների ընդհանուր առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ապահովագրական գումարը:
  2. Այն դեպքում, երբ ապահովագրական հատուցումները պետք է վճարվեն մի քանի տուժողների և այդ ապահովագրական պատահարի գծով ապահովագրողին ներկայացված պահանջների ընդհանուր գումարը գերազանցում է ապահովագրական գումարի չափը, ապա

ա. առաջին հերթին բավարարվում են ֆիզիկական անձ տուժողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջները,

բ. երկրորդ հերթին բավարարվում են ֆիզիկական անձ տուժողների գույքին պատճառված վնասի հատուցման պահանջները:

  1. Մեկ հերթի տուժողների պահանջները բավարարելուց հետո ապահովագրական գումարի մնացած մասի ոչ բավարար լինելու դեպքում հաջորդ հերթի տուժողների վնասն ամբողջությամբ հատուցելու համար համապատասխան հերթի շրջանակներում ապահովագրական հատուցումները վճարվում են ապահովագրական գումարի (դրա մնացած մասի) և տուժողների պահանջների գումարի հարաբերությանը համամասնորեն:
  2. Ապահովադրի ծախսերը հատուցելու վերաբերյալ այն պահանջները, որոնք ապահովադրի կողմից կատարվել են ապահովագրական պատահարի վնասները նվազեցնելու նպատակով սույն օրենքի 20.6-րդ հոդվածի համաձայն, բավարարվում են ապահովագրական հատուցումների գծով տուժողների հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելուց հետո:
  3. Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում ապահովագրողը հատուցում է ապահովադրին ապահովագրական պատահարից առաջացած վնասների նվազեցման նպատակով կատարված ծախսերը, եթե այդպիսիք անհրաժեշտ են եղել և արվել են ապահովագրողի ցուցումներն իրականացնելու համար:
  4. Վնասների նվազեցման նպատակով կատարված, ապահովագրողի կողմից հատուցման ենթակա ծախսերը ապահովագրողի կողմից պետք է հատուցվեն ապահովադրին, անգամ եթե համապատասխան միջոցառումներն ապարդյուն են եղել:

Հոդված 20.6. Ապահովագրողի հետադարձ պահանջի իրավունքը

1.Եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել փորձագետի դիտավորյալ գործողությունների արդյունքում, ապահովագրողը հատուցում է վարչական ակտով առաջադրված տուգանքի գումարը՝ վարչական ակտում նշված համապատասխան հաշվեհամարին և փորձագետի նկատմամբ ձեռք է բերում հետադարձ պահանջի իրավունք` ապահովագրողի կողմից համապատասխան հատուցված գումարի չափով:

  1. Եթե խախտումը հետևանք է երրորդ անձանց գործողությունների, այդ անձանց նկատմամբ հետադարձ պահանջի ապահովադրի իրավունքը փոխանցվում է ապահովագրողին՝ հատուցված գումարի չափով, ընդ որում ապահովադիրը պարտավոր է ապահովագրողին փոխանցել հետադարձ պահանջը հիմնավորող բոլոր փաստաթղթերը և տեղեկատվությունը:
  2. Վնասը պատճառվել է առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտում տեղի ունեցած վթարի հետևանքով, որը առաջ է եկել ապահովադրի կողմից համապատասխան իրավասու մարմինների կողմից ներկայացված ցուցումները չիրականացնելու պատճառով:
  3. Ապահովադրի աշխատողի դիտավորյալ գործողությունները (անգործությունը) հանգեցրել են տուժողներին վնաս պատճառելուն:»:

Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ՝

«9. Սույն օրենքով սահմանված կարգով առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրություն չապահովելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

  1. Սույն օրենքով սահմանված կարգով Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից որակավորված փորձագետների պատասխանատվության պարտադիր ապահովագրումը չապահովելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:
  2. Առանց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից որակավորված և առանց պարտադիր ապահովագրման փորձաքննություն իրականացնելն առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
  3. Սույն օրենքի 12.1-ին հոդվածով նախատեսված պարտականությունների չկատարելն առառաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:
  4. Սույն օրենքով սահմանված կարգով որակավորված փորձագետի մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրման չապահովումն առաջացնում է պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:»:

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել 3-րդ և 4-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ.

«3. Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ շահագործող անձինք պարտավոր են մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ն ապահովել շահագործվող օբյեկտների պարտադիր ապահովագրությունը:

  1. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և հավատարմագրված անձինք պարտավոր են մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ապահովել որակավորված փորձագետների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը:
  2. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով շահագործվող առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրության չապահովումն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով:
  3. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով որակավորված փորձագետների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը չապահովելն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով:»:

Հոդված 15. Եզրափակիչ դրույթներ

  1. սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է սույն օրենքով նախատեսված պարտադիր ապահովագրության գումարների չափը:

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:

 

 

 

 

 

  • Обсуждалось

    01.03.2018 - 18.03.2018

  • Тип

    Закон

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1470

Принт

Предложения

ara abrahamyan

17.03.2018

Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով որակավորված փորձագետների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը չապահովելն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով:»: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Որերորդ անգամ նույն անմիտ պահանջն է կրկնվում:

ara abrahamyan

17.03.2018

Հոդված 15. 2. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով շահագործվող առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրության չապահովումն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Իսկ ի՞նչն է ապահովագրվելու, ինչպե՞ս է գնահատվելու, ո՞վ է գնահատելու, արդյո՞ք կան նվազագույն հարցերի պատասխանները, թե տնտեսվարող սուբյեկտները ուղղակի մեծ ծախսերի պատրաստվեն փորձաքննության իրականացման արժեքի փոփոխությամբ՝ մենաշնորհով պայմանավորված և ըստ ներկայացված տրամաբանության՝ չհատուցվող ապահովագրման ավելացմամբ:

ara abrahamyan

17.03.2018

Հոդված 15. 1. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և հավատարմագրված անձինք պարտավոր են մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ապահովել որակավորված փորձագետների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Բացակայում է Ժամկետի և պահանջի խելամտությունը: Ո՞վ է հաստատել փորձագետին ներկայացվող պահանջները, գիտելիքների բազան, գնահատման համակարգը, թե այդ ամենը իրականացվելու է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի քմահաճույքով՝ զուտ շուկայում գերակա դիրք զբաղեցնելու և իր ցանկությամբ գնային քաղաքականություն վարելու նպատակով:

Узнать больше