Ներսես Իսաջանյան
25.05.2024
Նախագծով առաջարկվում է իրավաբանական անձ գրանցելիս նաև ներկայացնել լրացուցիչ փաստաթուղթ իրավաբանական հասցեի վերաբերյալ, որով տվյալ հասցեով գտնվող գույքի սեփականատերը իր համաձայնությունը պիտի հայտնի հասցեն որպես իրավաբանական հասցե օգտագործելու համար։ Ընդ որում՝ այդ համաձայնությունը պետք է հաստատվի նոտարի կամ այլ մարմնի կողմից։ Հայաստանը տարիներ շարունակ պայքարել է երկրում բիզնես գրանցելու գործընթացը հնարավորինս պարզեցնելու համար, որպեսզի խթանվի նոր, այդ թվում՝ օտարերկրյա կապիտալով ձեռնարկությունների ստեղծումը։ Արդյունքում հաջողվել է հասնել նրան, որ Հայաստանում հնարավոր է իրավաբանական անձ գրանցել մեկ օրվա ընթացքում, որի շնորհիվ նաև Համաշխարհային Բանկի “Doing Business” վերջին հրապարակման մեջ Հայաստանը բիզնես գրանցելու պարզության ցուցանիշով զբաղեցրել է պատվավոր 10 -րդ տեղը։ Մեկ օրում բիզնես գրանցելու հնարավորությունը, այն էլ՝ անվճար, արդարացիորեն պարծենալու առիթ է տալիս մեր երկրին։ Փաստացի նախագծով առաջարկվում է «ջուրը նետել» այս նվաճումը, ընդ որում՝ անհասկանալի պատճառներով։ Եթե գործող օրենսդրությամբ, օրինակ, որևէ օտարերկրացի կարող է մեկ օրում բիզնես գրանցել Հայաստանում, այն էլ անվճար, ապա փոփոխություններից հետո այդ օտարերկրացու համար թիվ մեկ խնդիրը դառնալու է հասցեի մասին թուղթ «գնելը»։ Վատագույն դեպքում նշված օտարերկրացին Հայաստանում գույքի սեփականատեր ունեցող ընկեր-բարեկամ չունենալու դեպքում հրաժարվելու է բիզնես գրանցելու գաղափարից։ Լավագույն դեպքում Ռեգիստրի շենքի մոտ կնիք վաճառողները կսկսեն առաջարկել նաև հասցեի վերաբերյալ թղթեր, որի պարագայում կավելանա ոչ միայն բիզնես գրանցելու ծախսը (հասցե տրամադրելու ծառայության գումար, նոտարական վճարներ և պետտուրք, տրանսպորտ և այլն), այլ որ ձեռներեցի համար ամենակարևորն է՝ ժամանակի ծախսը։ Եթե ներկայումս Ռեգիստրում բիզնես գրանցողները ստանում են քաղաքակիրթ սպասարկում ողջամիտ ժամկետում, ապա փոփոխությունն ընդունվելու դեպքում նրանք ստիպված են լինելու ժամերով սպասել որևէ նոտարի գրասենյակում բաղձալի «թուղթը» ստանալու համար։ Այս փոփոխության հետ կարելի կլիներ համակերպվել, եթե այն որևէ հստակ հիմնավորում ունենար։ Բայց հիմնավորման մեջ նշվում է, որ սեփականատերերին «անհանգստություն է պատճառում», երբ իրենց իրավաբանական անձին ուղղված նամակ է գալիս։ Պատկերացրեք, որ «Հայփոստով» նամակ ուղարկող քաղաքացուց պահանջեն նոտարով հաստատված թուղթ այն մասին, որ նա իրավունք ունի օգտագործել ծրարի վրա նշված ուղարկողի հասցեն, քանի որ հակառակ դեպքում նամակի պատասխանը կարող է «անհանգստացնել» գույքի սեփականատիրոջը։ Որքան էլ նման իրավիճակը անհեթեթ թվա, նախագծով փաստացի առաջարկվում է նույն բանը։ Սեփականատերը կարող է պարզապես փոստատարին խնդրել այլևս իրեն չբերել որևէ ՍՊԸ-ին ուղղված նամակ, քանի որ նման ՍՊԸ այդ հասցեով չի գործում։ "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" օրենքով արդեն իսկ կարգավորված են այն դեպքերը, երբ հասցեատիրոջն ուղարկված ծանուցումը չի հանձնվում։ Որևէ լրացուցիչ կարգավորում այդ մասով անհրաժեշտ չէ։ Իսկ եթե նախագծի հեղինակները մտահոգված են սեփականատերերի անդորրով, կարող են առաջարկել փոստային կապի համար պատասխանատու պետական մարմնին ուսումնասիրել հարցը և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել "Փոստային կապի մասին" օրենքում կամ այլ կարգավորումներում, քանի որ բարձրացվող հարցը վերաբերում է բոլոր փոստային առաքանիներին՝ անկախ նրանից, թե ստացողը իրավաբանական անձ է, թե ֆիզիկական։