Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերով առաջարկվում է.

- Սահմանել իրական շահառուների հայտարարագրման՝ օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտման հետ կապված վարչական վարույթի վերաբերյալ գործերը քննելու որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես,  նախատեսվում է վարչական վարույթը իրականացնել էլեկտրոնային եղանակով, առանձնացնել վարչական վարույթի 2 տեսակներ՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու վերաբերյալ և իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացվելու կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու կամ իրական շահառուների բացահայտման նպատակով պատշաճ ուսումնասիրություն չիրականացնելու կամ իրականացված պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթներ, սահմանել յուրաքանչյուրի առանձնահատկությունները, այդ թվում՝ վարչական վարույթի և ակտի ընդունման ու ձևի վերաբերյալ.

- սահմանել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացնելու պարտականության կատարումը ստուգելու նպատակով Գործակալության կողմից հարուցվող վարչական վարույթների  համար իրավաբանական անձանց ընտրության ռիսկայնության չափանիշները.

- նախատեսել, որ գրանցամատյանում իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների գրառման վերաբերյալ Օրենքով սահմանված կարգավորումների գործողությունը չի տարածվում նաև պետական կամ համայնքային մասնակցությամբ ընկերությունների, որոնց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 100 տոկոսն ուղղակիորեն պատկանում է պետությանը կամ համայնքին, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից հիմնադրված հիմնադրամների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ.

- Օրենքի նախագծում նախատեսել դրույթ, առ այն, որ եթե անհատ ձեռնարկատեր է հաշվառվում օտարերկրյա ֆիզիկական անձը, ապա պետական հաշվառման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերից բացի պետք է ներկայացնի նաև անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված.

- Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը ներկայացնելու պահանջ՝ համապատասխանեցնելով Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներին և ապահովելով նույնատիպ իրավիճակների համար օրենսդրությունից ակնկալվող միատեսակ կարգավորման հնարավորությունը.

- Օրենքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը լրացնել բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցե տրամադրելու վերաբերյալ սեփականատիրոջ համաձայնությամբ, որը կարող է հաստատվել նոտարի կողմից կամ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքով սահմանված բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքով:

- վերացնել Օրենքում առկա տեխնիկական վրիպակները.

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի շարքում ներառել նաև 169.29-րդ հոդվածը, ինչը հնարավորություն կտա օրենսգրքի 169.29-րդ հոդվածով նախատեսված իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախտելու վերաբերյալ վարույթների դեպքում ևս վարչական տույժը նշանակել իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

  • Քննարկվել է

    10.05.2024 - 25.05.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Վարչական իրավախախտում

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4582

Տպել

Առաջարկներ`

Ներսես Իսաջանյան

25.05.2024

Նախագծով առաջարկվում է իրավաբանական անձ գրանցելիս նաև ներկայացնել լրացուցիչ փաստաթուղթ իրավաբանական հասցեի վերաբերյալ, որով տվյալ հասցեով գտնվող գույքի սեփականատերը իր համաձայնությունը պիտի հայտնի հասցեն որպես իրավաբանական հասցե օգտագործելու համար։ Ընդ որում՝ այդ համաձայնությունը պետք է հաստատվի նոտարի կամ այլ մարմնի կողմից։ Հայաստանը տարիներ շարունակ պայքարել է երկրում բիզնես գրանցելու գործընթացը հնարավորինս պարզեցնելու համար, որպեսզի խթանվի նոր, այդ թվում՝ օտարերկրյա կապիտալով ձեռնարկությունների ստեղծումը։ Արդյունքում հաջողվել է հասնել նրան, որ Հայաստանում հնարավոր է իրավաբանական անձ գրանցել մեկ օրվա ընթացքում, որի շնորհիվ նաև Համաշխարհային Բանկի “Doing Business” վերջին հրապարակման մեջ Հայաստանը բիզնես գրանցելու պարզության ցուցանիշով զբաղեցրել է պատվավոր 10 -րդ տեղը։ Մեկ օրում բիզնես գրանցելու հնարավորությունը, այն էլ՝ անվճար, արդարացիորեն պարծենալու առիթ է տալիս մեր երկրին։ Փաստացի նախագծով առաջարկվում է «ջուրը նետել» այս նվաճումը, ընդ որում՝ անհասկանալի պատճառներով։ Եթե գործող օրենսդրությամբ, օրինակ, որևէ օտարերկրացի կարող է մեկ օրում բիզնես գրանցել Հայաստանում, այն էլ անվճար, ապա փոփոխություններից հետո այդ օտարերկրացու համար թիվ մեկ խնդիրը դառնալու է հասցեի մասին թուղթ «գնելը»։ Վատագույն դեպքում նշված օտարերկրացին Հայաստանում գույքի սեփականատեր ունեցող ընկեր-բարեկամ չունենալու դեպքում հրաժարվելու է բիզնես գրանցելու գաղափարից։ Լավագույն դեպքում Ռեգիստրի շենքի մոտ կնիք վաճառողները կսկսեն առաջարկել նաև հասցեի վերաբերյալ թղթեր, որի պարագայում կավելանա ոչ միայն բիզնես գրանցելու ծախսը (հասցե տրամադրելու ծառայության գումար, նոտարական վճարներ և պետտուրք, տրանսպորտ և այլն), այլ որ ձեռներեցի համար ամենակարևորն է՝ ժամանակի ծախսը։ Եթե ներկայումս Ռեգիստրում բիզնես գրանցողները ստանում են քաղաքակիրթ սպասարկում ողջամիտ ժամկետում, ապա փոփոխությունն ընդունվելու դեպքում նրանք ստիպված են լինելու ժամերով սպասել որևէ նոտարի գրասենյակում բաղձալի «թուղթը» ստանալու համար։ Այս փոփոխության հետ կարելի կլիներ համակերպվել, եթե այն որևէ հստակ հիմնավորում ունենար։ Բայց հիմնավորման մեջ նշվում է, որ սեփականատերերին «անհանգստություն է պատճառում», երբ իրենց իրավաբանական անձին ուղղված նամակ է գալիս։ Պատկերացրեք, որ «Հայփոստով» նամակ ուղարկող քաղաքացուց պահանջեն նոտարով հաստատված թուղթ այն մասին, որ նա իրավունք ունի օգտագործել ծրարի վրա նշված ուղարկողի հասցեն, քանի որ հակառակ դեպքում նամակի պատասխանը կարող է «անհանգստացնել» գույքի սեփականատիրոջը։ Որքան էլ նման իրավիճակը անհեթեթ թվա, նախագծով փաստացի առաջարկվում է նույն բանը։ Սեփականատերը կարող է պարզապես փոստատարին խնդրել այլևս իրեն չբերել որևէ ՍՊԸ-ին ուղղված նամակ, քանի որ նման ՍՊԸ այդ հասցեով չի գործում։ "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" օրենքով արդեն իսկ կարգավորված են այն դեպքերը, երբ հասցեատիրոջն ուղարկված ծանուցումը չի հանձնվում։ Որևէ լրացուցիչ կարգավորում այդ մասով անհրաժեշտ չէ։ Իսկ եթե նախագծի հեղինակները մտահոգված են սեփականատերերի անդորրով, կարող են առաջարկել փոստային կապի համար պատասխանատու պետական մարմնին ուսումնասիրել հարցը և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել "Փոստային կապի մասին" օրենքում կամ այլ կարգավորումներում, քանի որ բարձրացվող հարցը վերաբերում է բոլոր փոստային առաքանիներին՝ անկախ նրանից, թե ստացողը իրավաբանական անձ է, թե ֆիզիկական։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա

23.05.2024

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պահանջն անհամատեղելի է Միավորման ազատության սկզբունքների հետ և կհամարվի պետական մարմինների կողմից միջամտություն արհեստակցական միությունների գործունեությանը և անհրաժեշտ է արհեստակցական միությունների համար սահմանել բացառություն: Անհրաժեշտ է նշել, որ համաձայն «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի ՝ արհեստակցական միություններն անկախ են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքական կուսակցություններից և այլ կազմակերպություններից: Պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միությունների կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը: Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միավորման ազատության և կազմակերպվելու իրավունքի պաշտպանության» թիվ 87-րդ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ. «1.Աշխատողների և գործատուների կազմակերպություններն իրավունք ունեն մշակելու իրենց կանոնադրություններն ու կանոնակարգերը, ազատորեն ընտրելու իրենց ներկայացուցիչներին, կազմակերպելու իրենց վարչակազմն ու գործունեությունը և կազմելու իրենց ծրագրերը: 2.Պետական մարմինները պետք է ձեռնպահ մնան որևէ միջամտությունից, որը սահմանափակում է այդ իրավունքը կամ խոչընդոտում է դրա օրինական իրականացմանը:»: Աշխատանքի միջազգային կազմակերպության Միավորման ազատության կոմիտեի կողմից ընդունված որոշումների ժողովածուի 177-րդ, 383-րդ կետերը սահմանում են. «177. Արհմիության անդամների վերաբերյալ տվյալներ պարունակող գրանցամատյանի ստեղծումն անձի իրավունքների խախտում է (ներառյալ գաղտնիության իրավունքը), և վտանգ կա, որ այն կարող է օգտագործվել աշխատողների «սև ցուցակները» կազմելու համար: 383. Արհմիության կանոնադրության մեջ պետական մարմինների որոշմամբ ընդգրկված դրույթը, որ արհմիությունը պետք է ամեն տարի նախարարություն ներկայացնի փաստաթղթերի որոշակի փաթեթ (վերջին ընդհանուր ժողովի արձանագրության պատճենը՝ նշելով սույն ժողովին ներկա արհմիության անդամների անունները, ժողովի կողմից հաստատված գլխավոր քարտուղարի հաշվետվության պատճենը, ֆինանսական հաշվետվության պատճենը և այլն), անհամատեղելի է Միավորման ազատության սկզբունքներին, եթե որոշակի ժամկետում այս պահանջը չկատարելը հանգեցնում է արհմիության գործունեության դադարեցմանը:

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

22.05.2024

Նախագծի հոդված 12-ում «համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների,» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «արհեստակցական կազմակերպությունների (միությունների),» բառերը։ ————————————————————————————————————————————— Հիմնավորում >>>>> Արհեստակցական միությունները գործում են համաձայն «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի։ Արհեստակցական միությունը (հետագայում՝ արհմիություն) մասնակցային, ժողովրդավար կառույց է, որը հիմնադրվում է արհեստակցական միության բարձրագույն մարմնի՝ աշխատողների ժողովի կողմից։ Արհմիության ժողովը որոշակի պարբերականությամբ ընտրում է արհմիության ղեկավար մարմին, որը կոլեգիալ մարմին է։ Ղեկավար մարմնի անդամներից մեկը սովորաբար նույն ժողովի կողմից ընտրվում է որպես արհմիության նախագահ։ Այսպիսով, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի 14-րդ կետի երեք ենթակետերով սահմանված իրական շահառուները ոչ մի առնչություն չունեն արհմիությունների ղեկավար մարմնի հետ։ Գործնականում, իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնելիս արհմիությունները ստիպված են ներկայացնել վերոնշյալ հոդված 3-ի 14-րդ կետի գ) ենթակետի իմաստով իրական շահառուի տվյալները և որպես այդպիսին՝ լրացնել արհմիության նախագահի տվյալները։ Սակայն արհմիության նախագահի տվյալներն արդեն իսկ գրանցվել են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում արհմիության հիմնադրման ժամանակ, ինչպես որ պահանջում է օրենսդրությունը։ Ամեն անգամ, երբ արհմիության նախագահն ընտրությունների արդյունքում փոխվում է կամ նախագահի անձնական տվյալները փոխվում են, այդ փոփոխությունները նույնպես գրանցվում են պետական ռեգիստրում, այլապես արհմիությունը լիարժեք գործունեություն չի կարող ծավալել պետական ռեգիստրի գրանցամատյանից քաղվածքում տվյալների անհամապատասխանության պատճառով։ Փաստորեն, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելիս, արհմիությունը փաստացի պետական ռեգիստրի գործակալությանը հայտնում է տվյալներ, որոնք արդեն իսկ գրանցված են պետական ռեգիստրում՝ ստեղծելով անհարկի վարչարարական բեռ թե՛ պետական ռեգիստրի գործակալության, և թե՛ արհմիությունների համար։ Արդարադատության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2023թ ապրիլի 21-ի դրությամբ գրանցված են 691 արհեստակցական կազմակերպություն և 111 արհեստակցական կազմակերպությունների միություն։ Հետևաբար, պետական ռեգիստրի գործակալության վրա դրվել է հավելյալ 800 կազմակերպության վերաբերյալ (ընդ որում՝ այդ թիվը կարող է ավելանալ) հավելյալ վարչարարություն՝ հավաքագրել արդեն իսկ հավաքագրված տվյալները։ Ավելացնենք նաև, որ ելնելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի 14-րդ կետով տրված Իրական շահառուի սահմանումից, արհմիությունները, որպես այդպիսին, իրական շահառու չունեն, քանի որ արհմիությունը, լինելով կոլեգիալ ղեկավարվող անդամակցային կառույց, չի գործում արհմիության նախագահի անունից կամ արհմիության նախագահի օգտին։ Այս իմաստով արհմիության շահառու են հանդիսանում արհմիության բոլոր անդամները, իսկ որոշ դեպքերում նաև անդամ չհանդիսացող աշխատողները, քանի որ կոլեկտիվ պայմանագրի գործողությունը կարող է տարածվել նաև այլ աշխատողների վրա։ Բյուրոկրատիկ բեռից զատ, արհմիությունների համար իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պարտավորությունը հանգեցնում է նաև ֆինանսական բեռի և հավելյալ բարդություն է ստեղծում արհմիությունների պետական գրանցման գործընթացում, ինչը չի բխում Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից։ Այսպես, արհմիության նախագահի, նախագահի անձնական տվյալների, արհմիության անվանման, հասցեի փոփոխությունների դեպքում այդ փոփոխությունները պետք է գրանցվեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, և այդ գրանցումը կատարելու համար արհմիությունը պետք է վճարի 10 000 դրամ (նախագահի անձնագրային տվյալների փոփոխության գրանցման դեպքում՝ 5000 դրամ)։ Վերը նշված օրենքի գործարկման հետևանքով ստացվում է, որ այդպիսի փոփոխություն գրանցելու դեպքում, փոփոխությունների գրանցումից առավելագույնը 40 օրյա ժամկետում արհմիությունը պետք է պետական ռեգիստրի գործակալությանը ներկայացնի նաև իրական շահառուների վերաբերյալ նոր հայտարարագիր՝ կրկին վճարելով 10 000 դրամ, ընդ որում՝ տրամադրելով այն նույն տվյալները, որոնք արդեն տրամադրվել են համապատասխան փոփոխության գրանցումն իրականացնելուց։ Փաստացի նշանակում է, որ արհմիության և/կամ արհմիության ղեկավարի հետ կապված տվյալների փոփոխությունների գրանցման համար արհմիությունը պետք է ծախսի առնվազն 20 000 դրամ և պետական ռեգիստրին կրկնակի անգամ ներկայացնի նույն տվյալը։ Մինչդեռ արհմիությունները երեք և ավելի աշխատողներից կազմված շահույթ չհետապնդող միավորումներ են, որոնց գույքը գոյանում է անդամների վճարած անդամավճարից։ Օրինակ՝ երեք աշխատողների միավորման արդյունքում ստեղծված արհմիության դեպքում 75 000 մինիմալ աշխատավարձի պայմաններում արհմիության յուրաքանչյուր անդամից մոտ 3500 դրամի ներդրում կպահանջվի արհմիության հիմնադրումը գրանցելու համար, և 6600 դրամի ներդրում՝ արհմիության տվյալների փոփոխության պետական գրանցում իրականացնելու համար։ Ինչը սահմանափակում է միավորման ազատության իրավունքի լիարժեք իրացումը։ Ինչպես հայտնի է, ՀՀ կողմից 2006 թվականին վավերացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Միավորման ազատության և կազմակերպվելու իրավունքի պաշտպանության մասին» թիվ 87 հիմնարար Կոնվենցիան։ Համաձայն ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի, որը լիազորված է մեկնաբանել Կոնվենցիայի դրույթները և Կոնվենցիային համապատասխանության մասին որոշումներ ընդունել, արհմիությունների պետական գրանցման գործընթացը պետք է կրի ձևական բնույթ, ինչպես նաև գործընթացը չպետք է լինի ֆինանսապես ծախսատար և ժամանակատար, քանի որ այդ դեպքում սահմանափակվում է միավորման ազատությունը լիարժեք իրացնելու իրավունքը (ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի որոշումների ժողովածու, վերջին էլեկտրոնային հրատարակություն, bit.ly/e-compilation, կետեր՝ 427, 430, 448, 463, 464)։ Բացի ֆինանսական ծախսից, արհմիության հիմնադրման կամ տվյալների փոփոխության պետական գրանցումների հետ մեկտեղ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը bo.e-register.am համակարգով ներկայացնելը արհմիություններից պահանջում է տեխնիկական ռեսուրսներ, ինչպիսիք են ակտիվացված էլեկտրոնային ստորագրությամբ նույնականացման քարտի, քարտը կարդացող սարքի, համակարգչի, համակարգչային ծրագրերի փաթեթի առկայությունը, համակարգչային և իրավաբանական գիտելիքները, ինչը լրացուցիչ բարդացնում է գործընթացը և սահմանափակում է միավորման ազատության իրավունքը։ Հարկ է նշել նաև, որ արհմիությունների համար իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պահանջը և այդ հայտարարագիրը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հասանելի դարձնելը նպատակահարմար չէ նաև արհմիության իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։ ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի որոշումների համաձայն՝ պետական գերատեսչությունների կողմից արհմիության անդամների, այդ թվում՝ արհմիության հիմնադիրների անձնական տվյալների տրամադրման պահանջը հակասում է թիվ 87 Կոնվենցիային։ Այդպիսի տվյալները պետք է գաղտնի պահվեն՝ արհմիությունների հանդեպ խտրականությունից խուսափելու համար (ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի որոշումների ժողովածու, վերջին էլեկտրոնային հրատարակություն, կետեր՝ 433, 434)։ Նմանապես, համաձայն «Անձնական տվյալների մասին պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, արհեստակցական միությանն անդամակցությունը հատուկ կատեգորիայի անձնական տվյալ է։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ միջազգային փորձում առկա է արհմիությունների, ասոցիացիաների և քաղաքական կուսակցությունների համար իրական շահառուների հայտարարագրման պահանջի բացառություն, կամ յուրահատկություն։ Այսպես, Լատվիայի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենսդրության համաձայն՝ ասոցիացիաների, քաղաքական կուսակցությունների և արհմիությունների դեպքում առկա է հնարավորություն չհայտարարագրել իրական շահառուին, այն հիմնավորմամբ, որ նրանց հստակ նույնականացնել հնարավոր չէ, քանի որ այդ իրավաբանական անձինք անդամակցային են և նրանց գործունեությունն ուղղված է հօգուտ իրենց բոլոր անդամների կամ համընդհանուր բարիքի ստեղծմանը (https://www.ur.gov.lv/en/explanation-of-beneficial-owners/associations-trade-unions-political-parties/ ): Ուկրաինայի «Հանցագործության արդյունքում ձեռք բերված եկամուտների օրինականացման (լվացման), ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման և հակազդեցության մասին» օրենքով իրավաբանական անձանց համար սահմանված է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման պահանջ, սակայն նշվում է, որ այդ պահանջը չի վերաբերվում քաղաքական կուսակցություններին, արհմիություններին, արհմիությունների միավորումներին, գործատուների միություններին, ասոցիացիաներին, համատիրություններին, պետական և համայնքային կառավարման մարմիններին, փաստաբանական պալատներին և մի շարք այլ կազմակերպություններին (https://zakon.rada.gov.ua/laws/show/361-20#Text)։ Ավստրիայի օրենսդրական կարգավորումներում նշվում է, որ իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը չի տարածվում ասոցիացիաների և կոոպերատիվների վրա։ Կարծում ենք, պետք է հաշվի առնել նաև, որ պետությունների մեծ մասում արհեստակցական կազմակերպություններն ընդհանրապես իրավաբանական անձ չեն համարվում, քանի որ ԱՄԿ Միավորման ազատության հիմնարար սկզբունքից ելնելով, արհեստակցական կազմակերպությունների համար պետական գրանցման պարտավորություն ընդհանրապես սահմանված չէ կամ սահմանված է միայն ազգային և ճյուղային մակարդակի արհմիությունների և արհմիությունների ֆեդերացիաների համար։ Ուստի, նման պետություններում արհեստակցական կազմակերպությունների/միությունների համար հայտարարագրերի պարտավորությունը բացակայում է, նույնիսկ առանց դրա մասին օրենքում հատուկ հիշատակման։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: