17.05.2024
ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի հոդված 1-ի՝ օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում, այն է «7) զերծ մնալ Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացումից, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն» կատարված փոփոխությունը չի բնութագրում դատավորի շահերի բախման սահմանումը։ Նշված փոփոխությունը ընդամենը խմբագրում է դատավորի պաշտոնեական պարտականությունները կատարմանը վերաբերելի շահերի բախման իրավիճակը բնութագրող վարքագծի կանոնը։ 2022 թվականի դեկտեմբերին հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ սկզբունքորեն վերանայվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման սահմանումը։ Մինչդեռ, դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը ոչ մի նշում կամ հղում չի պարունակում շահերի բախման նոր սահմանման մասով։ Միաժամանակ, կատարված օրենսդրական փոփոխությունը իր բովանդակությամբ, ըստ էության, չի փոխում կամ ծածկում դատավորի կողմից շահերի բախման Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակները, քանի որ հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի հոդված 33-ի 1-ին մասում տրված է շահերի բախման ընդհանրական սահմանումը, որը ուղղակիորեն չի բնութագրում կոնկրետ իրավիճակներ։ Դատավորի համար կոնկրետ իրավիճակների նկարագրությունը պայմանավորված է դատական գործընթացում նրա կողմից իրականացվող գործառույթներով, որի ընթացքում էլ դատավորը պետք է դրսևորի անաչառություն և օբյեկտիվություն, որպեսզի իր մասնավոր շահերը չազդեն կամ չկարողանան ազդել նրա պաշտոնեական պարտականությունների կատարման վրա։ Ինչ վերաբերում է, դատավորների մասով, շահերի բախման իրավիճակների համար փոխկապակցվածության հանգամանքներին, ապա դրանք ամբողջովին համահունչ են հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի հոդված 33-ի 11-րդ մասում սահմանված պաշտոնատար անձի մասնավոր շահերը բնութագրող փոխկապակցված անձանց շրջանակի հետ։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի հոդված 71-ի վերնագրում կատարել փոփոխություն՝ այն լրացնելով «դատավորի շահերի բախումը և» բառերով, որի 1-ին մասը լրացնել և խմբագրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով։