Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունումը բխում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասից:

Նախագիծը համահունչ է Համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման ընդհանուր սկզբունքներին և դրույթներին, ՄԱԿ-ի «Օրակարգ-2030» հռչակագրին և Կայուն զարգացման նպատակ 3-ով սահմանված թիրախներին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 24.2-րդ կետով սահմանվել էր «ՀՀ առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելու միջոցառումը: Սակայն, 650-Լ որոշման գործողությունը ընդհատվել է՝ պայմանավորված ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման ընդունմամբ, որի շրջանակում սույն նախագիծը չի կարող ընդունվել:

Հաշվի առնելով 2022 թվականի հունիսի 9-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումը, սույն նախագծի նախաբանում լիազորող նորմ է դիտարկվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը:

Սույն նախագծի հավելված 2-ում սահմանված Հայաuտանի Հանրապետության առողջապահության համակարգի ռազմավարությունից բխող 2023 թվականին կատարման ենթակա միջոցառումների մեկնարկը տրվել է 2022 թվականից:

Նախագծում ռազմավարության գերակա խնդիրները և միջոցառումները սահմանվել են՝ հիմք ընդունելով երկրի սոցիալ-ժողովրդագրական ու տնտեսական զարգացումը, առողջապահության համակարգից բնակչության ակնկալիքները, համաճարակաբանական իրավիճակը, համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման, առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով բժշկական օգնություն և սպասարկման արդյունավետության բարձրացման, առողջության առաջնային պահպանման (այսուհետ՝ ԱԱՊ) արդիականացման, շարունակական զարգացման և հզորացման, ԱԱՊ օղակի մոդելի և օրինակելի կառուցվածքի սահմանման, միջոցների առավել արդյունավետ ու համաչափ բաշխումը երաշխավորելու նպատակով ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:

Առողջապահության համակարգի վերափոխման գործընթացն ամրապնդելու և համակարգելու նպատակով անհրաժեշտ է բարելավել համակարգի կառավարման և կառուցակարգային կարողությունները, ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային մակարդակներում, ապահովել անհրաժեշտ մարդկային ներուժի (ավագ և միջին բուժանձնակազմ) և ռեսուրսների առկայությունն առողջապահության համակարգի բոլոր օղակներում, ավարտին հասցնել առողջապահական ծառայությունների ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց վերակազմավորման ոլորտում նախաձեռնված գործընթացները։

Հաշվի առնելով վերոգրյալ հիմնախնդիրները՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

 

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Սույն նախագծով սահմանվում են առաջիկա տարիների համար ոլորտի զարգացման ուղենիշները և անհրաժեշտ թիրախային միջոցառումներն` ուղղված.

  1. բնակչության առողջության պահպանմանը և բարելավմանը.
  2. մոր ու մանկան առողջության պահպանամանը և բարելավմանը.
  3. անպտղության կրճատմանը և կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը.
  4. հիվանդացության, հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցմանը.
  5. կյանքի որակի բարելավմանը և կյանքի միջին տևողության մեծացմանը.
  6. ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) առաջացած տնտեսական բեռի նվազեցմանը, մասնավորապես՝ վաղաժամ մահացության կրճատմանը, ՈՎՀ–ի ռիսկի գործոնների կառավարման խթանմանը.
  7. բնակչության հոգեկան առողջության խնդիրների կանխարգելմանը և արդյունավետ բուժմանը.
  8. տարեց մարդկանց բավարար առողջական վիճակի և կյանքի որակի բարելավմանը.
  9. վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և այդ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովմանը, համաճարակներին, բռնկումներին, թունավորումներին և հանրային առողջության անվտանգության սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման ապահովմանը.
  10. բարենպաստ շրջակա միջավայրի և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման աջակցմանը.
  11. էլեկտրոնային առողջապահության ոլորտում ժամանակակից և արդյունավետ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակմանը և լիարժեք ներդրմանը.
  12. բնակչության համար անվտանգ, արդյունավետ, մարդակենտրոն, ժամանակին և մատչելի, համապարփակ առողջապահական ծառայությունների ապահովմանը.
  13. պետական առողջապահական ծախսերի շարունակական աճի ապահովմանը.
  14. հիվանդանոցային, առողջության առաջնային պահպանման, հանրային առողջապահական ծառայությունների մատուցման ինտեգրված մոդելի ներդրմանը.
  15. առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստմանը, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով բժշկական հաստատություններին բարձրագույն և հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովմանը։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

      Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ռազմավարությամբ (Նախագծի Հավելվածի 1-ի Աղյուսակ) նախանշված առողջության և առողջապահական համակարգի գործունեության ակնկալվող ցուցանիշները:

Սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում մասնավորապես ակնկալվում է պահպանել և բարելավել հանրային առողջությունը, ապահովել բժշկական օգնության մատչելիությունը, որակը և շարունակականությունը, զարգացնել էլեկտրոնային առողջապահությունը, իրականացնել առողջության համապարփակ ապահովագրության ներդրում և այլն:

 

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Обсуждалось

    11.01.2023 - 26.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3603

Принт

Предложения

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.01.2023

Նախագծի 59-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «59. Սույն ոլորտում նպատակին հասնելու ռազմավարական ուղղություններն են՝ - ինտեգրել հոգեկան առողջության ծառայությունները առողջության պահպանման առաջնային օղակում՝ բարելավելու հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերումն ու միջամտությունը. - բարձրացնել հանրային իրազեկությունը և նվազեցնել հոգեկան առողջության հետ կապված խարանը՝ նպատակային իրազեկման արշավների միջոցով. - բարձրացնել հոգեկան առողջության վերապատրաստված մասնագետների թիվը, ներառյալ հոգեբույժները, հոգեբանները և սոցիալական աշխատողները. - ընդլայնել հոգեկան առողջության համայնքահենք ծառայությունների թիվը՝ հիմնված ծառայություն ստացող անհատների ընտրության և արժանապատվության սկզբունքների վրա. - բարձրացնել հոգեկան առողջության վերաբերյալ հետազոտությունների ֆինանսավորումը` բարելավելու ժամանակակից հոգեբուժության և ոչ կոնսենսուսային հոգեբուժության վերաբերյալ լայն ըմբռնումը:»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.01.2023

Նախագծի 58-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «58. Սույն ոլորտում ռազմավարության նպատակն է բարելավել հոգեկան առողջության բարձրորակ, ապացույցների վրա հիմնված ծառայությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար։»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.01.2023

Ռազմավարության նախագիծը հաշվի չի առնում հաշմանդամություն ունեցող անձանց, և առողջապահությունում անհավասարությունը չի դիտարկում որպես հիմնական մարտահրավեր, հետևաբար նաև ռազմավարական ուղղություն։ Մինչդեռ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է լիարժեք և արդյունավետ կերպով արտացոլված լինեին նախագծում մի շարք հիմնավորումներով։ Մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձինք զգալիորեն ավելի հավանական է, որ առողջապահական ծառայությունների կարիք կունենանք, քան հաշմանդամություն չունեցող անձինք, միաժամանակ ավելի հավանական է, որ չստանան դրանք (WHO and World Bank, World Report on Disability (2011), էջ 60–62): Օրինակ՝ ուսումնասիրությունների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն 3 անգամ ավելի չբավարարված առողջապահական կարիքներ, քան հաշմանդամություն չունեցող անձինք (M. A. McColl, A. Jarzynowska and S.E.D. Shortt, “Unmet health care needs of people with disabilities: population level evidence”, Disability and Society, vol. 25, No. 2 (2010), էջ 205–218.): Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող կանայք սահմանափակ հասանելիություն ունեն քաղցկեղի սկրինինգի ծառայություններին (J. Angus, L. Seto, N. Barry et al., “Access to cancer screening for women with mobility disabilities”, Journal of Cancer Education, vol. 27, No. 1 (March 2012), էջ 75–82): Խուլ անձինք կանխարգելիչ առողջության հարցերում գիտելիքի զգալի բացեր ունեն, իսկ հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ընդհանուր առմամբ ավելի ցածր գիտելիքներ՝ ՄԻԱՎ-ի փոխանցման և կանխարգելման վերաբերյալ։ Նախագծում հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական ծառայությունների մատչելիությանն անդրադառնալը ինչպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ համանուն կոնվենցիայի պահանջ է։ Մասնավորապես՝ ռազմավարությունում հարկ է անդրադառնալ նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցի մասին եզրափակիչ դիտարկումների 44-րդ առաջարկին. «Կոմիտեն առաջարկում է մասնակից պետությանը՝ 1) անցկացնել բժշկական մասնագետների համար վերապատրաստման դասընթացներ և ընդունել էթիկայի ստանդարտներ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ, 2) երաշխավորել առողջապահական ծառայությունների (ներառյալ արտակարգ իրավիճակների ծառայությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության ծրագրերը) հասանելիությունը և մատչելիությունը հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար ամբողջ երկրում, 3) ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու, որ հաշմանդամություն ունեցող կանայք օգտվեն մատչելի բժշկական ծառայություններից (ներառյալ սեռական և վերարտադրողական առողջության ոլորտում) և շենքերից»։

Узнать больше