Добавить в избранное

Проект не принят

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով արարքները որակելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները, ինչպես նաև քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ նախատեսել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պաշտպանելով նրանց հրապարակային վիրավորանքից և զրպարտությունից:

  • Обсуждалось

    17.02.2021 - 04.03.2021

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовное законодательство

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11686

Принт

Предложения

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

04.03.2021

Քրեական պատասխանատվությունը որպես մամուլի նկատմամբ «ճնշման միջոց» Վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը մարդու արժանապատվության պաշտպանության միջոցից կարող է վերածվել լրատվամիջոցների դեմ հաշվեհարդարի միջոցի, ինչից էլ կտուժի հասարակության՝ հանրությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը։ Լրագրողի բանտարկության յուրաքանչյուր դեպք խոսքի ազատության անընդունելի խոչընդոտ է և ենթադրում է, որ չնայած այն բանին, որ նրանց աշխատանքը բխում է հանրային շահերից, լրագրողների վրա կախված է «դամոկլյան սուր»: Ամբողջ հասարակությունն տառապում է հետևանքներից, երբ լրագրողները խառնվում են այսպիսի ճնշմանը: (Տե՛ս Բանաձևի 12-րդ կետը) Եվրոպական դատարանն անդամ պետություններից պահանջում է նպաստել խոսքի ազատության իրավունքի իրականացմանը, սահմանելով, որ անդամ պետությունները պոզիտիվ պարտականություն ունեն ձեռնարկելու բոլոր հնարավոր քայլերը խոսքի ազատությունը խրախուսելու համար` մասնավորապես մամուլի միջոցով (Տե՛ս Ozgur Gundem v. Turkey վճիռը, 16-ը մարտի 2000 թ., կետ 43):Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է. «Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված խոսքի ազատությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը, դրա առաջընթացի հիմնարար պայմանը: Նշված նորմի 2-րդ կետը ընդգրկում է ոչ միայն այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ընդունվում են բարյացակամությամբ և անտարբերությամբ, այլ նաև այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ցնցում կամ անհանգստություն են պատճառում պետությանը կամ հասարակության տարբեր խմբերին, այդպիսին է բազմակարծությունը, հանդուրժողականությունը և լայնախոհությունը, առանց որոնց չկա ժողովրդական հասարակություն: Այս սկզբունքների կիրառումը, հատկապես կարևորվում է մամուլի պարագայում: Մամուլի առջև խնդիր է դրված տարածել տեղեկություններ, գաղափարներ, ինչին համապատասխան հասարակությունն իր հերթին իրավունք ունի ստանալու դրանք» (տես` Հենդիսայդի գործով Եվրոպական դատարանի որոշումը, ինչպես նաև` Դյուլդին և Կիսլովն ընդդեմ ՌԴ-ի, Ինստիտուտ Օտտո-Պրեմինգերն ընդդեմ Ավստրիայի, Ջորսիլդն ընդդեմ Դանիայի, Դե Հաեսն և Գիյսելս ընդդեմ Բելգիայի գործերով Եվրոպական դատարանի որոշումները). Պրագեր ու Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ լրագրողական ազատությունը ներառում է հնարավորություն դիմել որոշակի աստիճանի չափազանցության կամ նույնիսկ պրովոկացիայի: Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում շեշտվել է նաև, որ «լրագրողների ազատությունը … ենթադրում է նաև որոշակի չափազանցում և անգամ սադրանք (Տե՛ս Dichand and others v. Austria, 26 փետրվար 2002, դիմում No. 29271/95, կետ 39։):Դատարանը նախազգուշացրել է պետական ծառայողների կողմից զրպարտության և վիրավորանքի համար դատի տալու իրավունքը չարաշահելու հնարավորության մասին, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ բանավեճերի վրա (Տե՛ս Öztürk v. Turkey, App. No. 17095/03, ¶ 32 (Eur. Ct. H.R. June 9, 2009) (HUDOC Database), available at http://cmiskp.echr.coe.int/tkp197/search.asp? skin=hudoc-en; see Dyuldin v. Russia, App. No. 25968/02, ¶ 43 (Eur. Ct. H.R. July 31, 2007) (HUDOC Database), available at http://cmiskp.echr.coe.int/tkp197/ search.asp?skin=hudoc-en (expressing concern that the press could be involved in an endless series of litigation if public officials were able to sue them over every negative portrayal).):Օրինակ, Դյուլդինն ընդդեմ Ռուսաստանի գործով պարզվել է, որ զրպարտության դեմ տասնյակ հայցեր են ներկայացվել կառավարության տարածաշրջանային անդամների կողմից այն բանից հետո, երբ դիմումատուներին մեղադրել էին դրամային միջոցների մսխման մեջ (Տե՛ս Dyuldin, App. No. 25968/02): ։ Թույլ տալով մեկ կամ մի քանի պետական պաշտոնյաների դիմել դատարան զրպարտության դեպքում, երբ կառավարությունը ենթարկվում է քննադատության, դա անխուսափելիորեն «սառեցնող ազդեցություն» է (chilling effect) ունենում մամուլի վրա, որը կատարում է «հանրային դիտորդի» ( public watchdog) իր դերը (Նույն տեղում):Այսպիսով, զրպարտությունը և վիրավորանքը քրեականացնելը անխուսափելիորեն կանդրադառնա մամուլի ազատության վրա, իսկ Նախագծով սահմանված տուգանքի չափերի և ազատազրկման պայմաններում անգամ կասկածի տակ կդրվի զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը և խոսքի ազատությունը։ Վերոգրյալ հաշվառմամբ՝ Նախագիծը հակասում է համաչափության, իրավական որոշակիության, օրենքի առջև բոլորի հավասարության, հետապնդվող նպատակի իրավաչափության և ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության միջազգային իրավական սկզբունքներին։

Ստելլա Չանդիրյան

04.03.2021

Նախագծով նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ է քննարկել խոսքի/արտահայտվելու ազատության՝ որպես քաղաքացիական հասարակության հիմնարար իրավունքներից մեկի, եւ դրա՝ բացառապես հանրային խիստ կարիքից բխող սահմանափակման դիտանկյունից։ Առհասարակ, վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունը` անկախ դրա բնույթից ու չափից, միջամտություն է անձի արտահայտվելու ազատությանը ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Եվրոպական դատարան) գնահատմամբ՝ խոսքի/արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության էական հիմքն է. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (Եվրոպական կոնվենցիա) 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` խոսքի/արտահայտվելու ազատությունը կիրառելի է ոչ միայն այն «տեղեկատվության» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են անվտանգ եւ չեզոք, այլ նաեւ նրանց, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում: Խոսքի/արտահայտվելու ազատությունը ենթակա է որոշակի բացառությունների, որոնք, սակայն, պետք է նեղ մեկնաբանություն ստանան, եւ ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է համոզիչ կերպով հիմնավորվի ։ Հարկ է նկատել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) դեռեւս 2007 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունեց № 1577(2007) բանաձեւը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ: Շեշտելով, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների եւ բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում` ԵԽԽՎ-ն այնուամենայնիվ, պետություններին առաջարկեց այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել խոսքի/արտահայտվելու ազատությունը։ Բանաձեւով, ի թիվս այլնի, կոչ արվեց պետություններին.  անհապաղ չեղյալ հայտարարել զրպարտության համար ազատազրկումը,  անհապաղ վերացնել զրպարտության համար որպես պատժատեսակ սահման-ված ազատազրկումը,  սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի համար, այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի։ Նշված բանաձեւի ընդունումից հետո Եվրոպայի խորհրդի շուրջ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանը, նախաձեռնեցին համապատասխան օրենսդրական փոփոխություններ` վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ ։ Այս իրավակարգավորման հստակ տրամաբանությունն էր, որ, մի կողմից, մարդու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու դիմաց փոխհատուցումը տարանջատվի գույքային վնասից, մյուս կողմից` այդ փոխհատուցումը չդիտարկվի որպես տույժի կամ տուգանքի ձեւով սահմանվող պատիժ։ Անվիճելի է, որ պաշտոնատար, այդ թվում՝ քաղաքական գործունեություն իրականաց-նող անձինք գիտակցաբար իրենց յուրաքանչյուր արարք եւ խոսք հանձնում են հասարակությանն ու լրագրողներին, հետեւաբար՝ նրանք պետք է ցուցաբերեն հանդուրժողականության բարձր մակարդակ։ Միեւնույն ժամանակ, անհերքելի է, որ քաղաքական գործիչները, ինչպես հասարակության ցանկացած անդամ, ունեն իրենց մասնավոր կյանքի հարգանքի եւ պաշտպանության իրավունք, սակայն անընդունելի է Նախագծի կարգավորման տրամաբանությունը, որով փորձ է կատարվում սահմանափակել հանրային կամ քաղաքական գործչի նկատմամբ քննադատությունը, որն իրավամբ պետք է երաշխավորվի ավելի լայն շրջանակներում։ Նշվածի կապակցությամբ Եվրոպական դատարանը նույնպես նշել է, որ ի համեմատ քաղաքացիների՝ «քննադատական վերաբերմունք» հասկացությանն առավել լայն մեկ-նաբանություն պետք է տրվի, եթե այն վերաբերում է քաղաքական ասպարեզում գտնվող պաշտոնատար անձանց ու հանրային, այդ թվում՝ քաղաքական գործիչներին։ Ավելին, այն գործերով, որտեղ պաշտոնյայի, այդ թվում՝ քաղաքական գործչի նկատմամբ սուր քննադատությունը երկրի ներպետական դատարանները դիտարկել են խախտում եւ այդ անձանց ենթարկել քրեական պատասխանատվության, Եվրոպական դատարանը ճանաչել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության խախտում։ Հաշվի առնելով վերոշագրյալը՝ անընդունելի ենք համարում Նախագծով առաջարկվող կարգավորումները, որոնց ընդունումը չի բխում հանրային խիստ կարիքից եւ անխուսափելիորեն հանգեցնելու է խոսքի/արտահայտվելու ազատության ոչ իրավաչափ սահմանափակմանը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

04.03.2021

Նախագծով զրպարտությունը և վիրավորանքը հանցագործությունների շարքին դասելը, ինչպես նաև վերջիններիս կատարաման դեպքերում նախատեսված ազատազրկումը և տուգանքի չափերը խնդրահարույց են նաև համաչափության սկզբունքի տեսանկյունից։ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն․ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: Հետապնդվող իրավաչափ նպատակներին միջամտության համաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև պատասխանատվության միջոցների բնույթն ու խստությունը (Տե´ս Տամմերն ընդդեմ Էստոնիայի գործով Եվրոպական դատարանի 04.04.2001 թվականի վճիռը, կետ 69):Առհասարակ ազատազրկումը որպես զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության միջոց, չի կարող կիրառվել, ինչը փաստել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունված թիվ 1577(2007) բանաձևում: Շեշտելով, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում` Վեհաժողովը, այնուամենայնիվ, պետություններին առաջարկեց այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը: Ազատազրկման՝ որպես ոչ համաչափ պատժատեսակի վերաբերյալ իր դիտարկումներն է ձևակերպել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բելպիետրոն ընդդեմ Իտալիայի վճռով։ Քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ հիշյալ և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի (այդ թվում նաև` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից 2011թ. հուլիսի 11-29-ին Ժնևում ընդունված թիվ 34 ընդհանուր մեկնաբանությունը, «ARTICLE 19» կազմակերպության կողմից մշակված մոտեցումները և այլն) վերլուծությունը վկայում է, որ, մասնավորապես, համաձայն եվրոպական իրավական ներկա զարգացումների` ⮚ մամուլի դեմ անձի պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով հարուցված հայցերի դեպքում առկա է արտահայտվելու ազատության իրավունքի և անձի արժանապատվության բախում, և լուծումները պետք է գտնվեն դրանց հավասարակշռման տիրույթում, ⮚ մամուլի միջոցներով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելը համարվում է իրավախախտում, սակայն ոչ քրեորեն պատժելի արարք, ⮚ այդ իրավախախտումը ենթադրում է համարժեք փոխհատուցում, որն անհրաժեշտ է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վերականգնելու համար, ⮚ այդ փոխհատուցումը չպետք է շփոթել պատճառած գույքային վնասի հետ, ⮚ այդ փոխհատուցումը չպետք է դիտել որպես լրատվամիջոցի դեմ կիրառվող տույժ կամ տուգանք, հակառակ դեպքում կիմաստազրկվի զրպարտություն երևույթի ապաքրեականացումը, ⮚ զրպարտության վերաբերյալ գործերով պատասխանողը պետք է կրի միայն իր հրապարակած փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունը, ⮚ պետք է ապահովվի ու երաշխավորվի «ողջամիտ հրապարակման» պաշտպանությունը, ⮚ հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը` առավել լայն պաշտպանություն պետք է ապահովվի այն հրապարակումների համար, որոնք մաս են կազմում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ծավալվող բանավեճի: Անկախ պատասխանատվության տեսակից՝ պարտադիր է, որ կիրառվող պատասխանատվության միջոցը համաչափ լինի կատարված արարքին: Քրեական պատասխանատվությունը համաչափ չէ զրպարտությանը և վիրավորանքին, քանի որ հետապնդվող նպատակին հնարավոր է հասնել ավելի նվազ միջոմտող միջոցով, ինչը արձանագրվել է նաև Նախագծի հիմնավորման մեջ՝ նշելով, որ «այս խնդրի ամբողջական և երկարաժամկետ լուծումը պահանջում է գաղափարական-տեղեկատվական մեծ աշխատանք, սակայն խնդիրն իր բնույթով, ծավալավ այնքան տարածված է և նաև միտումներ ունի ավելի ընդլայնվելու, որ իրավական պատասխանատվության միջոցով կանխարգելման մեխանիզմներ ներդնելն անհրաժեշտություն է դարձել»։ Ստացվում է, որ լինելով ավելի խիստ սահմանափակող միջոց՝ քրեական պատասխանատվությունը անգամ լրիվությամբ չի լուծելու խնդիրը, սակայն ներպետական իշխանությունները «գաղափարական-տեղեկատվական» աշխատանքներ տանելու փոխարեն ընտրել են բացառիկ չհանդիսացող միջոցը։Ինչպես նշեց վերը՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պոզիտիվ պարտականությունները չեն թույլատրում զրպարտության և վիրավորանքի համար կիրառել ազատազրկում, ինչ վերաբերում է նախատեսված տուգանքների չափերի անհամաչափությանը՝ նշենք, որ համանման չափեր նախատեսող արարքների և զրպարտության և վիրավորանքի միջև համեմատական անցկացնելիս՝ որպես միևնույն պատժին վերագրվող համանման հանրային վտանգավորության արարքներ, ստացվում է մի իրավիճակ, երբ առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արաքներ նախատեսում են տուգանքի առավել ցածր չափեր, մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 124-րդ հոդված` (Վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը) պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, Քրեական օրենսգրքի 125-րդ հոդված՝ (Փոխպատվաստման վիրահատություն կատարելու կանոնները խախտելը) պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, Քրեական օրենսգրքի 154․2 հոդված ՝Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով, Քրեական օրենսգրքի 154․9 հոդված՝ Ընտրակաշառքի միջնորդությունը՝ ընտրակաշառքի միջնորդությունը՝ ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, Քրեական օրենսգրքի 176 հոդված՝ Կողոպուտ՝ «1. Կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, Քրեական օրենսգրքի 177 հոդված՝ Գողությունը, որը կատարվել է զգալի չափերով` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Узнать больше