Անընդունելի եմ համարում հանրային ծառայության մեջ գտնվող անձանց զրպարտելու կամ վիրավորելու համար առավել բարձր պաշտպանություն շնորհելը, քան մասնավոր ու հանրային հատվածներում ներգրավված մարդկանց։ Առաջարկելով ընդունել նման բովանդակությամբ 317.1 հոդվածը, կառավարությունը իրեն դասում է առավել պաշտպանություն ունեցող արտոնյալ մի վերնախավ։
Գրեթե անհավանական է, որ ոչ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը կարող է ենթարկվել զրպարտության կամ վիրավորանքի՝ իր պարտականությունները կատարելու կապակցությամբ`առավել ևս զանգվածային զանգվածային լրատվության միջոցով։ Ակնհայտ է, որ հոդվածը մշակվել է առաջին հերթին քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց պաշտպանելու նպատակով, որոնք ավելի հաճախ են քննադատվում, և շատ անգամ տեղին՝ պարտականություները թերի կատարելու կամ առհասարակ չկատարելու համար։
Ճիշտ է, հաճախակի,հիմնականում սոցիալական ցանցերում որոշ անձինք անցնում են պարկեշտության սահմանը և օգտագործում են գռեհիկ ու քաղաքակիրթ հասարակությունում ընդունված սահմաններում չընդգրկված բառապաշար, սակայն պետք է նշել, որ թիրախավորվում են ոչ միայն բարձրաստիճան հանրային ծառայողները, այլ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները, շատ հաճախ նաև՝ լրագրողները, փաստաբանները, նախկին քաղաքական գործիչները ու հասարակական ակտիվիստները։ Նշված անձինք ոչ պակաս խոցելի են վիրավորանքի ու զրպարտության առումով ու անհասկանալի է թե, ինչու պաշտոն զբաղեցնող քաղաքական գործիչները՝ իշխանավորները պետք է ավելի պաշտպանված լինեն քան մնացած բոլորը։
Եթե անդրադառնանք Եվրոպական մարդու իրավուքների դատարանի նախադեպերին՝ օրինակ Cf. Chauvy v. France գործով որոշմանը՝ Դատարանի դիրքորոշումը այդպիսինն է, որ քաղաքական բանավեճում վիրավորանք հասցնելը չի կարող հիմք լինել խոսքի ազատությունը սահմանափակելու համար, եթե այն օգտագործվել է ոչ միայն ըննդիմախոսին վիրավորելու նպատակով, այլ օգտագործվել է իր դիրքորոշումը ավելի վառ, հստակ կամ ազդեցիկ լումավորելու համար։
Եվրոպական դատարանը բազմիցս նշել է (օրինակ Lingens v. Austria կամ Monnat v. Switzerland), որ հասարակական շահ չհետապնդող վիրավորանքն ու զրպարտությունը կարող է առաջացնել քրեական պատասախանատվություն, սակայն պատիժը պետք է լինի համաչափ ու չգործի որպես լրատվական գործունեություն հուսալքող միջոց։ Այդ նկատառումը ՄԻԵԴ-ը արել է ազատազրկումը լրագրողների հանդեպ կիրառելու կապակցությամբ։ Ուստի այս առումով առաջարկվող նորմը հակասում է ՄԻԵԴ-ի իրավակիրառման պրակտիկային։
Առանձին պետք է անդրադառնալ առաջարկվող հոդվածի դիսպոզիցիայի թերություններին։ Նախ և առաջ սահմանված չեն վիրավորանքի ու զրպարտության հասկացությունները։ Նախկինում՝ հեղինակների կողմից հիշատակված 318-րդ հոդվածում դրա կարիքը չկար, քանի ոչ գործում էին 135 և 136 հոդվածները, որոնք բացատրում էին թե ի՞նչ է զրպարտությունն ու վիրավորանքը քրեական օրենսդրության իմաստով։
Քրեական օրենսգրքում վիրավորանքի սահմանումը էականորեն տարբերվում էր քաղաքացիական օրենսդրությունում հետագայում ներառված համապատասխան հասկացությունից և որպես պարտադիր օբյետիվ հանգամանք պարունակում է պատիվն ու արժանապատվությունը ստորացնելը և գործողության անպարկեշտ լինելը։ Այսինքն, վիրավորանքի անպարկեշտությունը դա այն սկզբունքային տարբերությունն էր որն առաջացնում էր քրեական պատասխանատվություն։ Համենայնդեպս, կար վիրավորանքի ու զրպարտության ստույգ սահմանում, որը բացակայում է առաջարկվող օրինագծում։
Անհրաժեշտ է նաև նշել, որ նույնիսկ քաղաքացիական պատասխանատվությունը, լինելով վիրավորանքի ու զրպարտության կանխարգելման միջոց, և որը ավելի դրական ու նախըտրելի է դիտվում ՄԻԵԴ-ի կողմից, պարունակում է վերապահում այն դեպքերի համար երբ զրպարտությունը ծառայում է հանրային շահին։ Այսինքն նախկինում օրենսդրիրը նախատեսել է (ենթադրաբար հաշվի առնելով նույն ՄԻԵԴ-ի նախադեպերը), որ որոշ դեպքերում զրպարտությունը կարող է լինել թույլատրելի եթե այն հետապնդում է հանրային շահ։ Առաջարկվող 317.1 հոդվածը որևէ նման բացառություն չի պարունակում, և ըստ այդմ, միանշանակ պետք է գնահատվի որպես ռեպրեսիվ ու, հետևաբար՝ ՀՀ սահմանադրության 42-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածներին հակասող։
ԱՌԱՋԱՐԿ - օրենքի նախագծից հանել 2-րդ հոդվածը որպես հակաժողովրդավարական և հակասահմանադրական։
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.