Добавить в избранное

В стадии разработки

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 Օ Ր Ե Ն Ք Ը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին կետ.
«1.1) տուգանային միավոր.»,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին կետ.
«4.1) տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում.»,
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) հատուկ իրավունքից զրկում.»:

Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «Առարկաները» բառը փոխարինել «Տուգանային միավորը, առարկաները» բառերով:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 25.1-ին հոդվածով.
«Հոդված 25.1. Տուգանային միավորը
1. Տուգանային միավորները կիրառվում են ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ կատարած անձանց նկատմամբ` սույն օրենսգրքի հատուկ մասով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական ստանալու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը ավարտվելու օրվանից) մեկ տարի ժամկետով տրվում է 9 միավոր: Այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող օտարերկրացուն միավորները տրվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով որպես տրանսպորտային միջոցի շահագործող գրանցվելու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը ավարտվելու օրվանից): Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր տարի տրվում է 9 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:
3. Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:
4. Այն դեպքում, եթե սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար հանվող միավորները գերազանցում են անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվում են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից:
5. Սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր: Տուգանային միավորի չափը սահմանվում է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 28.1-ին հոդվածով.
«Հոդված 28.1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը
1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը կարող է նշանակվել 1 ամսից մինչև 6 ամիս ժամկետով։
2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում չի կարող նշանակվել այն անձի նկատմամբ, ով տրանսպորտային միջոցից օգտվում է հաշմանդամության վիճակից ելնելով, բացառությամբ ոչ սթափ վիճակում կատարված վարչական իրավախախտման:»:

Հոդված 5. Օրենսգրքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 29. Հատուկ իրավունքից զրկումը
1. Հատուկ իրավունքից զրկումը անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից կամ որսորդության իրավունքից ժամանակավոր զրկելն է:
2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից կամ որսորդության իրավունքից զրկումը կարող է նշանակվել 1 ամսից մինչև 3 տարի ժամկետով։
3. Որuորդության իրավունքից զրկում չի կարող նշանակվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որuորդությունը ապրուստի հիմնական աղբյուրն է։
4. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում չի կարող նշանակվել այն անձի նկատմամբ, ով տրանսպորտային միջոցից օգտվում է հաշմանդամության վիճակից ելնելով, բացառությամբ ոչ սթափ վիճակում կատարված վարչական իրավախախտման:»:

Հոդված 6. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) «անհատ ձեռնարկատերը» բառերից հետո լրացնել «կամ օրենքով նախատեսված կարգով տրանսպորտային միջոցի շահագործող հանդիսացող անձը» բառերը,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասություն. «Տուգանային միավորների ձևով նշանակվող վարչական տույժը կիրառվում է սույն մասում նշված անձանց նկատմամբ, եթե նրանք ունեն տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք:»:

Հոդված 7. Օրենսգրքի 123-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի սանկցիայում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով,
2) 3-րդ մասի սանկցիայում «քառասնապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով,
3) 4-րդ մասի սանկցիայում «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով,
4) 6-րդ մասում «կամ 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով:

Հոդված 8. Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 2-րդ մասի սանկցիայում «տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 123.3-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:

Հոդված 10. Օրենսգրքի 123.4-րդ հոդվածում՝
1) վերնագրի «, տեխնիկական զննություն չանցած» բառերը հանել, իսկ «չփակցնելը» բառը փոխարինել «չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը» բառերով,
2) 2-րդ մասի սանկցիայում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:

Հոդված 11. Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայում «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով,
2) լրացնել 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:»,
3) 4-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:»,
4) 4.1-ին և 4.2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
5) 5-րդ մասում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով, իսկ «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր» բառերը,
6) 7-րդ մասում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով,
7) 10-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:»,
8) 11-րդ մասը «այլ պատճառներով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ դիտավորությամբ փակելու դեպքերի,» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 123.6-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:

Հոդված 13. Օրենսգրքի 124-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով,
2) 5-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերով,
3) 6-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով,
4) 8-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով,
5) 9-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերով,
6) 11-րդ մասի սանկցիայում «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով,
7) 13-րդ մասի սանկցիայում «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով,
8) 14-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերով,
9) 17-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերով,
10) 18-րդ մասի սանկցիայում «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով, իսկ «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերը,
11) 21-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 0,5 միավոր» բառերով,
12) 22-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 0,5 միավոր» բառերով,
13) 23-րդ մասի դիսպոզիցիան «տարածք» բառից հետո լրացնել «կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում «Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը» բառերով, իսկ սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 0,5 միավոր» բառերով,
14) 26-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով,
15) 28-րդ մասի սանկցիայում «յոթնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով,
16) 31-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:»,
17) 32-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
18) 35-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Տրանսպորտային միջոցների համընթաց հոսքերն իրարից բաժանող «հոծ գիծ» գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի առջևի երկու անիվներն ամբողջությամբ չեն հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:»,
19) 37-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. «Կանգ-գիծ» գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի անիվներից ոչ մեկն ամբողջությամբ չի հատել գծանշումը և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:»:

Հոդված 14. Օրենսգրքի 124.2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով:

Հոդված 15. Օրենսգրքի 124.3-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայում «քսանապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով, իսկ «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերը,
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:»,
2) 3-րդ մասի սանկցիայում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով, իսկ «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր» բառերը,
3) 4-րդ մասի սանկցիայում «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով, իսկ «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր» բառերը,
4) 5-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ 6 ամիս ժամկետով:»:

Հոդված 17. Օրենսգրքի 124.6-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերով,
2) 3-րդ մասի սանկցիայում «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով:

Հոդված 18. Օրենսգրքի 126-րդ հոդվածում`
1) 1-ին մասում`
ա. դիսպոզիցիայում «վեցերորդ» բառը փոխարինել «հինգերորդ» բառով,
բ. սանկցիայում «հարյուրհիսնապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով, իսկ «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր» բառերը,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով.
«1.1. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից չորրորդ մասերի հատկանիշները`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 6 ամիս ժամկետով:»,
3) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:»,
4) 3-րդ մասի սանկցիայում «մեկ» բառը փոխարինել «2» թվով,
5) 4-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 2 տարի ժամկետով:»,
6) 5-րդ մասի դիսպոզիցիայից հանել «, երկրորդ կամ չորրորդ» բառերը, իսկ սանկցիայում «մեկ տարի» բառերը փոխարինել «6 ամիս» բառերով,
7) 6-րդ և 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենսգրքի 128-րդ հոդվածում`
1) վերնագրի «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, առանց» բառերը փոխարինել «Առանց» բառով,
2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 20. Օրենսգրքի 129.2-րդ հոդվածում`
1) վերնագրից հանել «, ինչպես նաև առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը» բառերը,
2) 2-րդ մասի սանկցիայում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով,
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 21. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 129.3-րդ հոդվածով.
«Հոդված 129.3. Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով
1. Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` 6 ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:
3. Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պարբերաբար խախտում է համարվում 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր:»:

Հոդված 22. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 7-րդ մասի սանկցիայում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:

Հոդված 23. Օրենսգրքի 132-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով,
2) 2-րդ մասի սանկցիայում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով,
3) 3-րդ մասի սանկցիայում «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով,
4) 4-րդ մասի դիսպոզիցիան «իրավունք չունեցող» բառերից հետո լրացնել «, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ այդ իրավունքից զրկված» բառերով, իսկ սանկցիայում «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով,
5) 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 24. Օրենսգրքի 135.2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «եռապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով:

Հոդված 25. Օրենսգրքի 140-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայում «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով,
2) 2-րդ մասի սանկցիայում «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով,
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
4) 4-րդ մասի սանկցիայում «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով,
5) 5-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով` սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

Հոդված 26. Օրենսգրքի 224-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «129.2,» թվից հետո լրացնել «129.3,» թվով,
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք:»:

Հոդված 27. Օրենսգրքի 283-րդ հոդվածում`
1) երկրորդ մասի 1-ին կետում «կամ հասցեատերը որոշումն ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումն ստանալուց հրաժարվելու մասին» բառերը փոխարինել «կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց» բառերով,
2) երրորդ մասի երկրորդ նախադասությունից հանել «և ստորագրել հրաժարվելու մասին» բառերը:

Հոդված 28. Օրենսգրքի 287-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարույթ իրականացնող մարմնի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով` վարչական կարգով գանգատարկվելուց և գանգատը ամբողջությամբ կամ մասնակի մերժվելուց հետո:»:

Հոդված 29. Օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասում «և 31 հոդվածներով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով:

Հոդված 30. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասը «129.2,» թվից հետո լրացնել «129.3» թվով:

Հոդված 31. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 25.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 25.1
ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 303.1. Տուգանային միավոր կիրառելու մասին որոշումը կատարելու կարգը
1. Տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ի կատար են ածում սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ոստիկանության պաշտոնատար անձինք` վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում տուգանային միավորների չափի մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով:
2. Տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշման մեջ պարտադիր նշվում է անձին տվյալ տարում տրված միավորների մնացորդի չափը:

Հոդված 303.2. Տվյալ տարում տրված միավորները մասնակիորեն վերականգնելը
1. Տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 և պակաս լինելու դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն:
2. Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում տվյալ տարում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր:
3. Միավորները վերականգնելու նպատակով անձը կարող է քննություն հանձնել տվյալ տարում միայն մեկ անգամ:»:

Հոդված 32. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 33. Օրենսգրքի 29-րդ գլխի վերնագիրը «ԶՐԿԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ» բառերով:

Հոդված 34. Օրենսգրքի 314-րդ հոդվածում`
1) վերնագիրը «զրկելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով,
2) 1-ին մասը «զրկելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով, իսկ «224 հոդվածի» բառերից հետո` «2-րդ մասի» բառերով:

Հոդված 35. Օրենսգրքի 315-րդ հոդվածում`
1) վերնագիրը «զրկելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.
«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու մասին որոշումն ի կատար է ածվում վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում կասեցման մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով:»:

Հոդված 36. Օրենսգրքի 317-րդ հոդվածում`
1) վերնագիրը «զրկելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսն անցնելուց հետո անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն: Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում անձի` տրանսպորտային միջոցներ վարելու կասեցված իրավունքը վերականգնվում է:»:

Հոդված 37. Օրենսգրքի 318-րդ հոդվածում`
1) վերնագիրը «զրկելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով,
2) 1-ին մասը «զրկված» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված» բառերով, իսկ «զրկելու» բառից հետո` «կամ կասեցնելու» բառերով,
3) 2-րդ մասը «զրկելու» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով:

Հոդված 38. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի (բացառությամբ տուգանային միավորի կիրառման), 13-րդ հոդվածի 18-րդ և 19-րդ կետերի, 26-րդ հոդվածի 2-րդ կետի, 27-րդ և 28-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը հետադարձ ուժ չունի:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված 9 միավորը տրվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը` մեկ տարի ժամկետով:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 52-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Եթե որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես պարտադիր լրացուցիչ պատիժ, սակայն տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով տվյալ պատժի կատարումը հնարավոր չէ հանցանք կատարած անձի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու կամ այդ իրավունքից զրկված լինելու պատճառով, ապա պարտադիր լրացուցիչ պատիժը չի նշանակվում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 243.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը»,
2) 1-ին մասը «զրկված» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող» բառերով, իսկ «չափով» բառից հետո՝ «՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերով,
3) 2-րդ մասը «զրկված» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող» բառերով, իսկ «ժամկետով» բառից հետո՝ «՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերով,
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ, 5-րդ և 6-րդ մասեր.
«4. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և զրկման ժամկետը չի լրացել:
5. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:
6. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված, եթե նրա՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է և կասեցման ժամկետը չի լրացել:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

 



ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 Օ Ր Ե Ն Ք Ը

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «լուսանկարը» բառից հետո լրացնել «, որը պարունակում է նաև տեխնիկական միջոցով արձանագրված տվյալները» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2. Որպես իրավախախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում կարող է օգտագործվել նաև վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի տիրապետության տակ գտնվող այլ տեղեկատվություն:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «5-րդ մասով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, իսկ «6-րդ մասով» բառերը՝ «5-րդ մասով» բառերով,
2) 5-րդ մասում «օրենքով սահմանված ժամկետում և կարգով գանգատ (բողոք կամ հայցադիմում) ներկայացնելու» բառերը փոխարինել «վերադասության կարգով գանգատ ներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված ժամկետում վարչական մարմնին դիմում ներկայացնելու» բառերով.
3) 6-րդ մասում «գանգատը (բողոքը կամ հայցադիմումը)» բառերը փոխարինել «դիմումը» բառով, իսկ «գանգատին (բողոքին կամ հայցադիմումին)» բառերը՝ «դիմումին» բառով.
4) 7-րդ մասում «գանգատ (բողոք կամ հայցադիմում)» բառերը փոխարինել «դիմում» բառով և «վարչական, դատական կամ որևէ այլ կերպ» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Եթե տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել (Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է) այլ տրանսպորտային միջոցով (ավտոտարհանիչ, ավտոփոխադրող, կոնտեյներ)՝ ոչ տրանսպորտային վիճակում (առանց վարելու), ապա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է ավտոտարհանիչ, ավտոփոխադրող կամ կոնտեյներ տրանսպորտային միջոցի վարորդը, եթե սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգով չի ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:»:

Հոդված 4. Օրենքի 7.2-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.3-րդ հոդվածով.
«Հոդված 7.3. Վարչական ակտի հասցեատեր սեփականատիրոջ տրանսպորտային միջոցի հետախուզումը
1. Եթե վարչական ակտի հասցեատեր ֆիզիկական անձը չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, և նրան սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցով 1 տարվա ընթացքում կատարվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3 խախտում, որոնց համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորների ձևով, և սեփականատերը այդ 3 խախտումները այլ անձի կողմից կատարված լինելու փաստը չի ապացուցել, ապա «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սեփականություն, և վարչական ակտի հասցեատեր իրավաբանական անձի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը) չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, և սույն մասով նախատեսված 3 խախտումները տվյալ տրանսպորտային միջոցով այլ անձի կողմից կատարված լինելու փաստը նա չի ապացուցել, ապա տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվում է հետախուզում:
2. Հետախուզումը դադարեցվում է, և տրանսպորտային միջոցն անհապաղ վերադարձվում է սեփականատիրոջը, եթե սեփականատերը (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ղեկավարը) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում է տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները:»:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.
«3.1) սույն օրենքով նախատեսված դեպքում սույն օրենքի 7.3-րդ հոդվածով նախատեսված՝ տրանսպորտային միջոցը հետախուզելու՝ վարչական մարմնի իրավունքի մասին ծանուցում.»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 



ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 Օ Ր Ե Ն Ք Ը

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 13-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-20.8-րդ մասեր.
«20.1. Եթե տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձը չունի տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, պարտավոր է տրանսպորտային միջոցը հաշվառելիս ներկայացնել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող միայն մեկ անձի տվյալները (անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, վարորդական վկայականի համարը), ով շահագործելու է այդ տրանսպորտային միջոցը:
20.2. Տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություն կատարելիս՝ այն շահագործող անձի ներկայությունը և իր անձնական տվյալները տրամադրելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը պարտադիր է: Շահագործող անձին գրավոր պարզաբանվում է, որ տվյալ տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կարող է կրել վարչական պատասխանատվություն: Շահագործող անձի կողմից իր անձնական տվյալները տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և նրան գրավոր պարզաբանում տալու ձևը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:
20.3. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի փոփոխության դեպքում սեփականատերն իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու շահագործող այլ անձի տվյալներ:
20.4. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները չհայտնելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում:
20.5. Հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող՝ տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ղեկավարը) իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները:
20.6. Եթե որպես տրանսպորտային միջոցը շահագործող անձ ներկայացվում են այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացու տվյալներ, ապա տրանսպորտային միջոցը շահագործող օտարերկրացու ներկայությունը և նրա վարորդական վկայականի ներկայացումը պարտադիր է:
20.7. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու դեպքում ծանուցում է ուղարկվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ղեկավարին)՝ առաջարկելով ներկայացնել տրանսպորտային միջոցը շահագործող նոր անձի տվյալներ:
20.8. Ոստիկանությունը պարտավոր է ապահովել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ղեկավարի) և այն շահագործող անձի կամահայտնությունը էլեկտրոնային եղանակով ստանալու հնարավորություն, բացառությամբ սույն հոդվածի 20.1-ին մասով սահմանված՝ տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացնելու և սույն նոդվածի 20.6-րդ մասով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

 


ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 Օ Ր Ե Ն Ք Ը

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    27.11.2018 - 12.12.2018

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность, Уголовное законодательство, Конституционное и административное законодательство, Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция, Безопасность дорожного движения

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 28309

Принт

Предложения

Գեւորգ Հայրապետյան

12.12.2018

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Գտնում եմ, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելն անհրաժեշտ չէ, հանել «, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը» բառերը պետք է պահպանել հետեւյալ պատճառաբանություններով. 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը» բառերը: Հիմնավորումը հետեւյալն է՝ «(...) գործնականում այս պահանջը կատարելն անհնար է, քանի որ վարչական ակտի ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցներ օբյեկտիվորեն լինել չեն կարող: Դա ընդամենը տեղեկատվություն է, որն առաջանում է ծանուցման վերաբերյալ ապացույցի և դրանից հետո օրենքով սահմանված անբողոքարկելիության ժամանակահատվածի համադրման արդյունքում:»: Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածը տալիս է ապացույցի հասկացությունը՝ «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, (...):»: Համադրելի ձեւակերպում է տալիս նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածը՝ «Քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները (...)»: ՀՀ օրենսդրությունը բացահայտում է նաեւ «տեղեկություն» եզրույթի հասկացաությունը. այսպես, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկություն է «(...) անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ (....)»: Ինչպես բխում է վերոնշյալից՝ տեղեկությունը (տեղեկատվությունը) նույնանում է տվյալների հետ, ուստի, որպես ապացույց կարող են հանդես գալ նաեւ վերաբերելի եւ թույլատրելի տեղեկությունները: Հետեւաբար, առարկայազուրկ է հիմնավորման մեջ նշված այն հետեւությունը, թե «(...) ապացույցներ օբյեկտիվորեն լինել չեն կարող: Դա ընդամենը տեղեկատվություն է (...)», քանի որ ցանկացած տեղեկություն (տեղեկատվությունը)՝ այդ թվում՝ ցանկացած փաստերի կամ իրադարձությունների կամ եղելությունների կամ հանգամանքների համադրության արդյունքում ստացված տեղեկություն կարող է համարվել ապացույց, լինել վերաբերելի կամ ոչ այնքան, լինել թույլատրելի կամ ոչ, ամբողջությամբ կամ մասամբ հաստատել այս կամ այն հանգամանքը կամ ոչ: 2. Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նաեւ նշված է, որ «(...) գործնականում այս պահանջը կատարելն անհնար է, քանի որ վարչական ակտի ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցներ օբյեկտիվորեն լինել չեն կարող: (...)»: Այս պնդումն առարկայազուրկ է, քանի որ հենց վարչական մարմինն է իր կողմից վարչական ակտը հասցեատիրոջը հասցնելու վերաբերյալ ապացույցները (տեղեկությունները, տվյալները) տնօրինողը: Այսպես, վարչական ակտը փոստային ծառայության միջոցով առաքելու դեպքում վարչական մարմինը (ոստիկանությունը, ներառյալ՝ ՃՈ-ն) վարչական ակտն առաքված լինելու մասին հետադարձ ծանուցում են ստանում հասցեատիրոջ կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ եւ ամսաթվով: Հետեւաբար, առկա է լինում փաստաթղթի տեսքով ապացույց վարչական ակտը հանձնելու օրվա վերաբերյալ, ինչն էլ ելակետային է օրենսդրության կարգավորումների համաձայն այդ օրվանից սկսած վարչական ակտն ուժի մեջ մտնելու եւ անբողոքարկելի դառնալու ամսաթվելը հաշվելու համար: Ուստի, հետադարձ փաստաթղթի վրա նշված ամսաթիվը եւ օրենքի կարգավորման համադրությունը (վկայակոչումը, մատնշումը) ապացույց կհանդիսանան վարչական ակտն ուժի մեջ մտնելու կամ անբողոքարկելի դառնալու մասին: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքի միջոցով էլեկտրոնային եղանակով վարչական ակտի մասին ծանուցելու դեպքում նույնպես վարչական ակտն ամրագրվում է կայքում, հասանելի եւ տեսանելի է, հնարավոր է լուսապատճենել կամ էլեկտրոնային քաղվածքի տեսքով պահպանել: Ուստի, քանի որ էլեկտրոնային եղանակով ծանուցումը նույնպես ամրագրվում է նյութական կրիչով, ապա առկա է լինում էլեկտրոնային կամ դրանից պատճենված թղթային ապացույց վարչական ակտը հանձնելու օրվա վերաբերյալ, ինչն էլ ելակետային է օրենսդրության կարգավորումների համաձայն այդ օրվանից սկսած վարչական ակտն ուժի մեջ մտնելու եւ անբողոքարկելի դառնալու ամսաթվելը հաշվելու համար: Արդյունքում, եւ առցանց, եւ թղթային ձեւով վարչական ակտի մասին ծանուցում իրականացնելու դեպքում վարչական մարմնի (մասնավորապես ՃՈ-ի) մոտ առկա են լինում էլեկտրոնային կամ թղթայինկրիչների տեսքով ապացույցներ վարչական ակտը հանձնելու օրվա վերաբերյալ, ուստի գործնականում Օրենքի պահանջը կատարելն հնարավոր է, քանի որ վարչական ակտի ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցներ օբյեկտիվորեն կարող են լինել եւ առկա են: Ամեն դեպքում եթե որեւէ այլ վարչական մարմնի մոտ նման ապացույցներ չեն ձեւավորվում (օրինակ, փոստային առաքումն իրականացվում է առանց հետադարձ ծանուցման կամ ոչ թե պատվիրված նամակով (որը վերադարձվում է կամ որի ընթացքին հետեւելը հնարավոր է), այլ հասարակ նամակի միջոցով), ապա դա չի նշանակում, որ նման ապացույցներ օբյեկտիվորեն չեն կարող լինել: Հետեւաբար, գտնում եմ, որ եթե անգամ առկա է որեւէ վարչական մարմին, որն իր վարչական ակտերն առաքում է առանց հետադարձ ծանուցման կամ հասարակ առաքմամբ (ոչ պատվիրված նամակով), ապա անհրաժեշտ է ոչ թե փոխել գործող կարգավորումները, այլ պետք է ապահովել, որ վարչական մարմինն ունենա առնվազն վերոնշյալ հնարավորություններից որեւէ մեկով իր առաած վարչական ակտը հանձնված համարելու ժամկետին հաղորդակցվելու հնարավորություն: Օրենքի գործող կարգավորումը պահելու անհրաժեշտության վերաբերյալ՝ ստորեւ: 3. Հարկ է հիմնավորել նաեւ գործող իրավակարգավորման պահպանման անհրաժեշտությունը: Այսպես, օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասում նշում է, որ հարկադիր կատարման վերաբերյալ գրությունում ի թիվս այլնի պետք է նշվեն նաեւ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը և ամսաթիվը: Բացի նման տեղեկություն գրությամբ հայտնելու պահանջը՝ Օրենքով վարչական մարմնի վրա պարտավորություն է դրվում ապացույցով հաստատել իր վկայակոչած հանգամանքը, ինչը բնական է, քանի որ վարչական ակտի անբողոքարկելի դառնալը մի քանի այլ փաստերի (վարչական ակտի մասին ծանուցվելու (այն հանձնված լինելու), վարչական ակտն ուժի մեջ մտնելու եւ ուժի մեջ մտնելուց հետո բողոքարկման ժամկետն ավարտվելու) առկայության դեպքում վրա հասնող ժամկետ է՝ կախված ոչ միայն վարչական մարմին, այլ նաեւ առաքման ծառայության աշխատանքից (փոստային առաքման ժամկետներ, էլեկտրոնային ծանուցման դեպքում ծրագրային խնդիրներ եւ այլն): Նմանապես, թեեւ Օրենքը նախատեսել է, որ հարկադիր կատարման վերաբերյալ գրությունում ի թիվս այլնի պետք է նշվեն վարչական ակտն ընդունելու տարին, ամիսը և ամսաթիվը, դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը, սակայն վարչական ակտն ուժի մեջ մտնելը պարզելու համար այդ տվյալները բավարար չեն, այլ այն նույնպես կախված է այլ փաստերի (վարչական ակտի մասին ծանուցվելու (այն հանձնված լինելու)) առկայությունից եւ առաքման ծառայության աշխատանքից: Հետեւաբար, օրենքով նման ապացույցներ պահանջելը կարեւոր է հավաստիանալու համար, որ վարչական մարմինը չի սխալվել վարչական ակտի ուժի մեջ մտնելը հաշվարկելու հարցում կամ սխալմամբ կամ դիտավորյալ գրությամբ անբողոքարկելիության սխալ ժամկետ չի նշել: Ընդ որում, փորձելով հիմնավորել Օրենքում նման դրույթի անհրաժեշտությունը՝ հարկ է նշել, որ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ վարչական մարմինը սխալվում է: • Վարչական ակտի անբողոքարկելիության ժամկետի վերաբերյալ օրինակ պրակտիկայից - իմ նկատմամբ կայացված վարչական ակտերից մեկով ՃՈ-ն վարչական ակտն առաքման է հանձնել 2018 թվականի սեպտեմբերի 19-ին, սակայն առաքման ծառայությունն այն ինձ առաքել է սեպտեմբերի 24-ին, իսկ ՃՈ-ն սխալմամբ վարչական ակտի անբողոքարկելիության ժամկետները հաշվարկելու համար հիմք է ընդունել առաքման հանձնելու իր ամսաթիվը: Կամ մեկ այլ օրինակ վերաբերում է վարչական ակտերի ուժ մեջ: • Վարչական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետի հաշվարկման վերաբերյալ օրինակ պրակտիկայից - ՃՈ-ի պահանջով իմ նկատմամբ կատարողական վարույթ է հարուցվել 5 չծանուցված վարչական ակտերով: Այսպես, վարչական ակտերը ՃՈ-ն չէր կարողացել հանձնել փոստային ծառայության միջոցով, չէր տեղադրել նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում: Հաշվի առնելով, որ վարչական ակտի ուժի մեջ մտնելը կապված է այն հասցեատիրոջը հանձնելու ամսաթվի հետ (ուժի մեջ է մտնում հանձնելու հաջորդ օրը), ապա ստացվում է, որ իմ նկատմամբ 5 անգամ կատարողական վարույթ է հարուցվել ուժի մեջ չմտած վարչական ակտերի կատարման նպատակով: Գտնում եմ, որ մի անձի (իմ) դեպքում 5-6 նման սխալները բավարար վիճակագրություն են վարչական մարմնի սխալվելու հավանականությունը հաստատելու համար: Հարկ է նշել, որ սխալվելու հավանականությունը բացառելու կամ նվազեցնելու վերաբերյալ նման կարգավորումները մի կողմից կարեւոր են անձանց իրավունքերին ոչ իրավաչափ միջամտությունը կանխելու համար, մյուս կողմից հետագայում վարչական մարմնին կազատեն ոչ իրավաչափ (սխալի կամ սխալմունքի կամ անփութության կամ աշխատակցի դիտավորության) հետեւանքով անձին հասցված վնասի հատուցման անհրաժեշտությունից:

Ինովացիոն տեխնոլոգիաները կոռուպցիայի դեմ պայքարում ՀԿ

11.12.2018

Անհրաժեշտությունը Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՃՈ-ում վարորդ-պետավտոտեսուչ հարաբերություններում կոռուպցիոն ռիսկերը վերացնելու, մի շարք նոր համակարգերի ներդրման, ճանապարհային ոստիկանի աշխատանքը պարզեցնելու, ճանապարհային ոստիկանի աշխատանքը շատ հեշտ վերահսկելու, արդար պայմաններ ապահովելու բոլոր քաղաքացիների հանդեպ, բացառելու ծանոթ-բարեկամ հարաբերությունները Կարգավորման նպատակը և բնույթը Վերը նշված խնդրներին լուծում տալու համար առաջարվում է Ճանապարհային Ոստիկանությունում ներդնել նոր համակարգեր, որոնք հնարավորություն կտան կիրառել այն մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս ժամանակակից տեխնոլոգիաները, որի հետևանքով աշխատանքի վերահսկումը կդառնա շատ պարզ, իսկ հակաօրինական քայլերը անմիջապես տեսանելի: Ընթացիկ իրավիճակը և խնդիրները ՃՈ-ում առկա խնդիրներից ամենամեծը կոռուպցիան է, որի հետևանքով օրենքը ոչ բոլորի համար է հավասար գործում: Գործող օրենսդրությունը որոշ իրավահարաբերություններ ամբողջությամբ և հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, ինչը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ ճանապարհային երթևեկության մասնակիցների համար՝ մասնավորապես չտուգանելու պարագայում կարող է ստեղծվել անպատժելիության մթնոլորտ, որը արդար չէ օրենքին ենթարկվող քաղաքացիների հանդեպ, մյուս կողմից արդար չէ տուգանել մի օրինազանցին,իսկ մյուսին ներել կախված տրամադրությունից, զբաղեցրաց պաշտոնից ու դիրքից, ծանոթությունից և այլն: Ներկայումս ՃՈ-ում ներդրվում է բալային համակարգ, որը առանց այսպիսի վերահսկող համակարգի ներդրման նույնիսկ մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը: Այս պարագայում երբ որոշակի քանակությամբ բալերը լրանալուց հետո նախատեսված է վարորդական իրավունքի զրկում 6 ամսով, որոշ վարորդներ վարորդական իրավունքից չզրկվելու համար պատրաստ կլինեն շատ ավելի մեծ կաշառք առաջարկել արձանագրությունը չկազմելու համար, քան նախատեսում է տվյալ իրավախախտումը: Աշխատանքի կազմակերպումը  Աշխատանքի ընթացքում ճանապարհային ոստիկանը նշում է ծրագրում թե կոնկրետ ինչ աշխատանք է կատարում տվյալ պահին(ազատ շրջայց, ուղեկցում, հանձնարարություն և այլն.):  Երբ ազատ շրջայց է կատարում , խախտում նկատելուց մեքենան կանգնացնելուց ծրագրում մուտքագրում է կանգնացրած մեքենայի պետհամարանիշը, կատարած խախտումը, որից հետո մոտենում վարորդին:  Վարորդին մոտենալուց , խախտումը ներկայացնելուց և փաստաթղթերը պահանջելուց հետո, ծրագրում մուտքագրում է խախտման տեսակը, մեքենայի տվյալները, վարորդի տվյալները:  Ծրագիրը նշված տվյալները ներմուծելուց հետո, դրանք ստուգում է բազայում՝արդյոք նախկինում եղել են խախտումներ, ներում շնորհվել են այդ խախտումների համար թե ոչ և ստուգելուց որոշում է տուգանել վարորդին թե ներում շնորհել, և դա արդեն գրանցվում է տվյալների բազայում, իսկ որոշում կայացնում է հիմնվելով այն փաստի վրա, թե որոշակի ժամանակահատվածում տվյալ վարորդը ունեցել է խախտում, թե ոչ:  Մեքենայում եղած տպիչի միջոցով տպում է արձանագրությունը և այն վարորդի կողմից ստորագրելուց հետո բաց թողնում վերջինիս: • Եթե վարորդը համաձայն է արձանագրության հետ, ապա ստորագրելուց հետո ոստիկանը ծրագրում նշում է համաձայնության մասին: • Եթե վարորդը համաձայն չէ, ապա ծրագրում նշվում է անհամաձայնության մասին, և հետագայում տվյալ դեպքերի վրա լրացուցիչ ուշադրություն է դարձվում: Ծրագրում եղած որևէ կետի ոչ պատշաճ կատարելու դեպքում ծրագիրը ավտոմատ առանձնացնելու է դրանք: Օր՝ կանգնացնելու պահին դրված է մեքենայի համարը , բայց հետագայում արձանագրությունը կազմվել է այլ մեքենայի վարորդի տվյալներով: Մեքենայի համարը դրված է և խախտումը նշված է, բայց կանգնացնելուց հետո չի լրացվել վարորդի տվյալները: Կանգնեցրել է ավելի կոպիտ իրավախախտման համար, բայց արձանագրել ավելի մեղմ խախտում: Համակարգի հնարավորությունները  Ավտոմատացնելու ողջ գործընթացը՝ վարորդին կանգնացնելու պահից մինչև վարչական իրավախախտման արձանագրում:  Շատ արագ օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք մեզ տալիս են նորագույն տեխնոլոգիաները:  Ստեղծել հնարավորություն շատ ավելի հեշտ անկանխիկ վճարելու, ստեղծելով կապ QR կոդի և վճարային համակարգերի միջև:  Ներդնել զեղչային համակարգ, որը հնարավորություն կտա ստանալու զեղչեր տուգանքը արագ վճարելու դեպքում, որը շահագրգռում է վարորդներին՝ հաշվի առնելով տարբեր երկրների պրակտիկան: Տվյալ պարագայում առաջին հայացքից կարող է թվալ, որ այս համակարգը օգնում է սոցիալապես ապահով խավին, իսկ անապահով խավը միևնույնն է դրանից չի շահելու, բայց կարելի է նայել մեկ այլ տեսանկյունից երբ անապահով խավը միևնույնն է գիտակցում է, որ պետք է վճարի կատարած իրավախախտման համար սահմանված տուգանքը և գոնե հնարավորություն կունենա որոշակի տոկոսով քիչ վճարելու:  Ներդնել բալային համակարգ, որը հնարավորություն կտա որոշակի բալերը, որոշակի ժամանակահատվածում սպառելուց հետո, բարձր ռիսկայնույան վարորդներին զրկել վարորդական վկայականից և տալ վկայական միայն քննություն հանձնելուց հետո, որովհետև հայտնի է որ, մինչ այս հասարակության մի ստվար զանգված վարորդական իրավունքի վկայական ձեռք է բերել ինչ-ինչ ճանապարհներով: Այսպիսի համակարգը հնարավորություն կտա ինչ որ չափով շտկել ստեղծված իրավիճակը:  Ապահովել մաքսիմալ հսկողություն ճանապարհային ոստիկանին, օրինակ՝ քանի մեքենա է ստուգվել տվյալ օրը, կամ ինչ գործառույթի է նա իրականացրել ծառայության ընթացքում(ազատ շրջայց, հատուկ միջոցառումներ, ուղեկցում և այլն):  Տեսնել ամեն մի ճանապարհային ոստիկանի կողմից կազմված արձանագրությունները կամ ներումները, ինչպես նաև ցանկացած քայլ օնլայն ռեժիմում:  Հետևելու պետավտոտեսուչի տեղաշարժին ողջ օրվա ընթացքում GPS-ի միջոցով:  Ստեղծել բազա, որը ցույց կտա թե որ վարորդը ինչ խախտման համար երբ է ներվել , որպեսզի հաջորդ կրկնվելու դեպքում նրա վրա կազմվի արձանագրություն, և վարորդը ոչ թե դժգոհի, այլ գիտակցաբար ընդունի , որ նախորդ անգամ իրեն արդեն ներել են:  Հաշված վայրկյանների ընթացքում տարբեր ֆիլտրներով կազմել հաշվետվություն: • Տվյալ վարորդի կողմից կատարված խախտումների վերաբերյալ • Տվյալ ոստիկանի կողմից արձանագրված տուգանքների վերաբերյալ • Տարբեր ժամանակահատվածում գրված վարչական իրավախախտումների քանակի, չափի , կրկնվող խախտումների մասին և այլն:  Տեսնելու վճարված և չվճարված տուգանքները տարբեր ժամանակահատվածներում կամ տարբեր վարորդների կողմից:  Հնարավորություն տեսնելու բոլոր այն միջամտությունները , որոնք կարվեն լիազորված ոստիկանների կողմից: Ռիսկեր Համակարգի ամբողջական ներդրումից հետո կոռուպցիոն և այլ ռիսկերը հասցվում են մինիմալի, աշխատանքի ընթացքում ամեն քայլը հաջորդում և վերահսկում է նախորդին և որևէ քայլի անհամապատասխանությունը ակնհայտ տեսանելի է դարձնում: Վերահսկողություն Վերահսկող մարմնի համար ծրագիրը կունենա առանձին բաժին, որը հնարավորություն կտա օնլայն ռեժիմում վերահսկել ճանապարհներին ՃՈ աշխատակիցներին պլանշետների միջոցով և գրասենյակային բաժին, որտեղ ծրագիրը ավտոմատ կերպով կառանձնացնի բոլոր քայլերի անհամապատասխանությունները, ինչպես նաև վարորդների անհամաձայնությունները կապված տուգանքների հետ, որոնք հետագայում կարող են դառնալ առանձին վերանայման առարկա: Ակնկալվող արդյունք Ծրագրի ամբողջական ներդրումից հետո ունենում ենք՝  Ամբողջական ավտոմատացված համակարգ  Մաքսիմալ վերահսկողություն ՃՈ աշխատակիցներին  Ստեղծել հավասար պայմաններ բացառապես բոլոր վարորդների համար, անկախ դիրքից, պաշտոնից, ունեցած բարեկամական կամ ընկերական կապից և այլն  Հնարավորություն շատ հեշտությամբ ներդնելու նոր համակարգեր (զեղջային, բոնուսային, բալային և հետագայում նաև այլ մտահղացումներ)  Հնարավորություն բացառելու կոռուպցիոն ռիսկերը և ամբողջությամբ վերահսկելու ամեն քայլը  Վերջ է դրվում հասարակության որոշակի հատվածին ամեն վարկյան տուգանելու պրակտիկային և օրենքը գործում է հավասար բացառապես բոլորի հանդեպ

Ինովացիոն տեխնոլոգիաները կոռուպցիայի դեմ պայքարում ՀԿ

11.12.2018

«Ինովացիոն տեխնոլոգիաները կոռուպցիայի դեմ պայքարում» հասարակական կազմակերպությունը կողմ է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ, բայց ոչ այս ձևաչափով և ժամանակահատվածում, երբ չկան լիարժեք վերահսկողության համակարգեր, չկա վարչական արձանագրությունը կազմելու ավտոմատացված համակարգ, որպեսզի արձանագրված իրավախախտումը անմիջապես երևա տվյալների բազայում և կարծում ենք այս պարագայում բալային համակարգի ներդնումը նույնիսկ մի քանի անգամ կմեծացնի կոռուպցիոն ռիսկերը: Նախագծով առաջարկվում է տուգանային միավորներ կիրառել նաև «Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների մասով», որը հետագայում հնարավոր է ավելնորդ քաշքշուքների և դժգոհությունների առիթ դառնա, ինչպես նաև երբեմն հնարավոր է խնդիրներ առաջանան սեփականատերերի համար անմեղությունն ապացուցելու հարցում: «Ինովացիոն տեխնոլոգիաները կոռուպցիայի դեմ պայքարում» հասարակական կազմակերպությունը կազմել և մշակել է ծրագիր, որի ներդրման պարագայում հնարավորություն կունենանք ի սպառ վերացնել կոռուպցիոն ռիսկերը, ներդնել արդեն նոր համակարգեր (բալային, զեղջային, բոնուսային և այլն.), պարզեցնել ճանապարհային ոստիկանի աշխատանքը և լիարժեք վերահսկել այն, արդար պայմաններ ապահովելու բոլոր քաղաքացիների հանդեպ, բացառելով ծանոթ-բարեկամ հարաբերությունները և այլն:

Узнать больше