«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի_________ N __–Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի «Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում.
1) 3.1-ին կետի 1-ին ենթակետում «միջոցով՝» բառից և կետադրական նշանից հետո լրացնել «դիմումատուի համաձայնությամբ» բառերը,
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Իրավաբանական անձինք էլեկտրոնային եղանակով պետական գրանցման դիմումներ և փաստաթղթեր կարող են ներկայացնել սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով կայքէջում գրանցված` տվյալ իրավաբանական անձի կողմից կանոնադրության կամ լիազորագրի հիման վրա հանդես եկող ֆիզիկական անձանց միջոցով, որի դեպքում ֆիզիկական անձի կողմից, սույն կարգով նախատեսված կանոններին համապատասխան, իրավաբանական անձի անունից պետական գրանցման դիմում և փաստաթղթեր ներկայացնելիս` պարտադիր նշվում են ներկայացվող իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև, լիազորագրով հանդես գալու դեպքում էլեկտրոնային համակարգ սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետի և 9.1-ին կետով սահմանված պահանջներով մուտքագրվում (վերբեռնվում) է նաև ներկայացվող իրավաբանական անձի կողմից տրված լիազորագիրը` հաստատված դիմումը ներկայացնելու պահին իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունք ունեցող լիազոր մարմնի (գործադիր մարմնի ղեկավարի) էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Սույն կետով սահմանված՝ լիազորագիրը լիազոր մարմնի (գործադիր մարմնի ղեկավարի) էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված լինելու պահանջը չի տարածվում օտարերկրյա պետությունում գրանցված իրավաբանական անձանց վրա, որի դեպքում լիազորագիրը կարող է հաստատված լինել նաև ոչ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»,
3) լրացնել նոր 7.1-ին և 7.2-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.
«7.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում կնքված՝ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի խառը պայմանագրերից կամ անշարժ գույքի առք ու վաճառքի և հիփոթեքի խառը պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները և դիմումներին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել միայն անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում հաշվառված բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության կողմից:
7.2. Սույն կարգի 7.1-ին կետով սահմանված հաշվառումն իրականացվում է համապատասխան բանկի կամ վարկային կազմակերպության կողմից անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված՝ առանց լիազորագրի հանդես գալու իրավունք ունեցող լիազոր մարմնի (գործադիր մարմնի ղեկավարի) էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված, հայտի հիման վրա, որին կից պետք է ներկայացվի նաև սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան տրամադրված լիազորագիրը, իսկ վարկային կազմակերպության դեպքում՝ նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաստատված՝ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունենալու վերաբերյալ փաստաթուղթը: Ներկայացված հայտը չմերժելու դեպքում համապատասխան բանկը կամ վարկային կազմակերպությունը անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում հաշվառվում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված բանկ կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպություն, իսկ իրենց կողմից լիազորված ֆիզիկական անձը՝ էլեկտրոնային համակարգում ամրագրվում է որպես լիազորող իրավաբանական անձի անունից դիմումներ ներկայացնելու ներկայացուցիչ.»,
4) լրացնել նոր 9.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«9.1. Եթե դիմումին կից ներկայացվող փաստաթուղթը հաստատված է այն տրամադրողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա այդ փաստաթուղթը դիմումին կից մուտքագրվում է բնօրինակ տեսքով, որը պետք ստորագրվի նաև դիմումատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»,
5) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Դիմումը և կից փաստաթղթերը դիմողի կողմից կայքէջի դիմումները ներկայացնելու էլեկտրոնային համակարգում մուտքագրվելուց հետո Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման համապատասխան կենտրոնի տվյալների միջոցով ստուգվում է ներկայացված փաստաթղթերի վրա դրված էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և դրա պատկանելությունը դիմումը ներկայացրած անձին, սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում նաև լիազորագրի էլեկտրոնային ստորագրության իսկությունն ու պատկանելությունն իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին, ինչպես նաև դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենների համապատասխանությունը սույն կարգի պահանջներին: Դիմումի ընդունման ստացականի էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեով, ընդ որում, ստացականում դիմումին կից ներկայացված փաստաթղթերը նշվում են` հիմք ընդունելով էլեկտրոնային համակարգ դիմողի կողմից մուտքագրված փաստաթղթերի բովանդակությունը:»,
6) լրացնել նոր 16-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.
«16․ Համապատասխան համակարգչային ծրագրային ապահովման առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի մուտքագրումը կարող է սահմանափակվել տեխնիկական պատճառներով՝ սույն կարգի 13-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նշված դեպքերում:»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Երևան, 2026 թ.
-
Продолжительность
07.04.2026 27.04.2026 -
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
-
Test
Просмотры 155
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .