Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
Հիմնավորում
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հարկման նպատակով կիրառվող՝ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման համակարգն ազատականացնելու միջոցով բարձրացնել տնտեսության ներդրումային գրավչությունն ու տնտեսական ակտիվությունը, ինչպես նաև արագացնել տնտեսության արտադրական և տեխնոլոգիական հիմքի արդիականացման գործընթացը:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված են հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման նվազագույն ժամկետներ, ինչպես նաև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ և ընթացիկ բնույթի ծախսերի ճանաչման և համախառն եկամտից նվազեցման հստակ կարգավորումներ:
Խնդիրն այն է, որ չնայած Հարկային օրենսգրքով արդեն իսկ սահմանված մոտեցումները հնարավորություն են տալիս հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումները հաշվարկել էականորեն ավելի կարճ ժամանակահատվածում, քան այդ ակտիվների իրական օգտագործման ժամկետներն է, այդուհանդերձ, ամորտիզացիոն մասհանումների գծով առկա կանոնների և առանձին հարցերում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված մոտեցումներից այդ կանոնների էական տարբերությունների պատճառով հարկ վճարողի կողմից հաշվարկվող շահութահարկի և ֆինանսական նպատակով հաշվարկվող շահույթի միջև կապը հաճախ խզվում է: Նշյալ իրավիճակը բացասաբար է անդրադառնում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական գործունեության (հատկապես մշակող արդյունաբերության ճյուղում իրականացվող գործունեության) շահութաբերության մակարդակի, հետևաբար նաև՝ ընդհանուր ներդրումային միջավայրի վրա:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկում է հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման համակարգն ազատականացնելու միջոցով ևս մեկ քայլ կատարել հարկային հաշվառման և ֆինանսական հաշվառման տարբերությունների վերացման ուղղությամբ և շահութահարկ վճարողներին հնարավորություն տալ 2027 թվականի հունվարի 1-ից սկսած՝ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված, կառուցված, ստեղծված) գծով ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև այդ ակտիվների վրա կատարվող ծախսերը հարկման նպատակով հաշվառել հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված, կառուցված, ստեղծված) գծով ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև այդ ակտիվների վրա կատարվող ծախսերի հաշվառման կանոններն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում հարկման նպատակով կիրառվող՝ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման համակարգն ազատականացնելու միջոցով բարձրացնել տնտեսության ներդրումային գրավչությունն ու տնտեսական ակտիվությունը, ինչպես նաև արագացնել տնտեսության արտադրական և տեխնոլոգիական հիմքի արդիականացման գործընթացը:
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:
-
Տևողություն
30.03.2026 15.04.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Կարգավիճակ
Դիտումներ` 139
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: