Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՆՈՐԻՏԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_________________________ N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՆՈՐԻՏԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 17-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության պետական մասնակցությամբ ընկերությունների և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պետական մասնակցությամբ ընկերությունների  և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2029 թվականի հունվարի 1-ից՝ բացառությամբN 1 հավելվածի 7, 8, 12-14, 50-55, 82-88 կետերի ևսույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

   

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի ___________ __

N _-Ն որոշման

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՆՈՐԻՏԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սույն քաղաքականության ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում պետական մասնակցությամբ ընկերություններին (այսուհետ՝ ՊՄԸ) և պետական մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության (այսուհետ՝ Քաղաքականություն) ուղղությունների սահմանումը՝ ապահովելու պետության՝ որպես սեփականատիրոջ նպատակի և դերի սահմանումը, վերջինիս արդյունքում՝ հանրային միջոցների արդյունավետ կառավարումը, թափանցիկության, հաշվետվողականության և մրցակցային հավասար դաշտի ձևավորումը։

Քաղաքականությունը մշակվել է՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքները, Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից 2024 թվականի «ՊՄԸ-ների սեփականության քաղաքականության մշակում» տեխնիկական աջակցության արդյունքները, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ ՊՄԸ-ների կորպորատիվ կառավարման վերաբերյալ ուղեցույցները, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի փորձագիտական աջակցությունը։

Քաղաքականությունը նախատեսում է պետական մարմինների միջև լիազորությունների տարանջատում, ՊՄԸ-ների առջև առաքելությունների և առևտրային/ոչ առևտրային նպատակների սահմանում՝ համապատասխան արդյունավետության ցուցանիշներով, կառավարման միատարր մոտեցումների ներդրում, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության չափանիշների կիրառում։

Քաղաքականությունը սահմանում է նաև այն սկզբունքները, որոնց միջոցով պետությունը պետք է դուրս գա այն ՊՄԸ-ներից կամ մինորիտար մասնակցությամբ ընկերություններից, որոնք չեն համապատասխանում ազգային քաղաքական նպատակներին՝ նվազեցնելով պետական սեփականության և քաղաքական որոշումների միջև շահերի բախումը և խաթարող ազդեցությունը շուկայի վրա։


 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն Քաղաքականությունը սահմանում է պետության կողմից ընկերություններում բաժնեմասնակցություն, այդ թվում՝ մինորիտար բաժնեմասնակցություն, ունենալու հիմնավորումներն ու նպատակները, ինչպես նաև՝ պետական մասնակցությամբ ընկերությունների և մինորիտար մասնակցության կառավարման ընդհանուր սկզբունքները։
2. Սույն Քաղաքականությունը չի տարածվում ֆինանսական կազմակերպությունների՝ այդ թվում՝ բանկերի և ապահովագրական ընկերությունների վրա, որոնց բաժնետոմսերի 50 և ավելի տոկոսը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը կամ Հայաստանի Հանրապետության համայնքներին, և/կամ որոնց գործունեությունը կարգավորվում է առանձին օրենքներով։
3. Քաղաքականության նպատակն է հիմնավորել պետության մասնակցությունը՝ այնպես, որ վերջինս շահույթ հետապնդելու դեպքում չխեղաթյուրի ներքին շուկան կամ իրականացնի հանրային այլ նպատակներ՝ միտված մասնավոր հատվածի կողմից չլուծված, շուկայում առկա բացերի լրացմանը, ազգային անվտանգության պաշտպանությանը և հանրային ծառայությունների մատուցմանը։
4. Հասկացություններ՝

1) Պետական մասնակցությամբ ընկերություն (ՊՄԸ)՝ ընկերություն, որում պետությունը սեփականության իրավունքով տիրապետում է քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասի) 50 և ավելի տոկոսի բաժնեմասնակցությանը, կամ  որևէ այլ հիմքով հնարավորություն ունի կանխորոշել տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդել նրանց որոշումների կայացման վրա․

2) Մինորիտար մասնակցությամբ ընկերություն (ՄՄԸ)՝ ընկերություն, որում պետությունն ունի պետական մինորիտար մասնակցություն․

3) Պետական մինորիտար մասնակցություն («փոքրամասնության բաժնեմաս»)՝ բաժնետիրական ընկերության այն բաժնեմասը, որը կազմում է քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասի) 50 տոկոսից պակաս և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը․

4) Հանրային ծառայությունը, սույն Քաղաքականության իմաստով, գործունեության այն տեսակն է, որի մատուցումը բխում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և նպատակադրում է համընդհանուր հասանելիություն, մատչելիություն, շարունակականություն, հավասարություն կամ այլ սոցիալական գործառույթ՝ անկախ առևտրային արդյունքներից․

5) Հանրային ծառայության պարտավորությունը (Public Service Obligation), սույն Քաղաքականության իմաստով` պարտավորություն է, որը սահմանված է օրենքով, իրավական ակտով կամ իրավասու պետական մարմնի որոշմամբ և որով որևէ ընկերություն՝ անկախ նրանից պետական է, թե մասնավոր, պարտավոր է հանրությանը կամ օգտվողների որոշակի խմբին մատակարարել ապրանքներ կամ մատուցել ծառայություններ այն պայմաններով, պահանջներով կամ գներով, որոնք տվյալ ընկերությունը չպետք է ստանձներ կամ պահպաներ  առևտրային նպատակներից ելնելով։ Նման պարտավորությունները սահմանվում են հանրային քաղաքականության նպատակների իրագործման համար, օրինակ՝ սոցիալական բարեկեցություն, տնտեսական զարգացում, տարածքային համախմբում կամ համընդհանուր հասանելիություն ապահովելու նպատակով.

6) Առևտրային նպատակ՝ ընկերության առաջնային նպատակ՝ գործել ֆինանսապես կայուն և կենսունակ ձևով, հետապնդել շահույթ՝ ապրանքների իրացման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման եղանակով․

7) Առաջնահերթ ՊՄԸ այն ՊՄԸ-ն է, որը համաձայն ստորև ներկայացված բանաձևի ստանում է առավելագույն միավորները (Մ(Pi)) և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համարվում է առաջնահերթ՝ Մ= 0.4 * Ա + 0.35 * Վ + 0.25 * ԿՎ
(Pi =0.4* Ai + 0.35*Li + 0.25*Di)
   ա) Ա (Ai) - ՊՄԸ-ի ընդհանուր ակտիվներ,
   բ) Վ (Li) - վերջին 5 տարիների ընթացքում ՊՄԸ-ին պետական բյուջեից տրամադրված կամ կառավարության կողմից երաշխավորված վարկերի ծավալ,
   գ) ԿՎ (Di) - ՊՄԸ-ի կուտակված վնասը։
Բանաձևի յուրաքանչյուր փոփոխականի առավելագույն արժեք արձանագրած ՊՄԸ-ն ստանում է 100 միավոր։ Մնացած ՊՄԸ-ները ստանում են իրենց միավորները՝ առավելագույն մակարդակին գծային հարաբերության սկզբունքով:
Համաձայն բանաձերի հաշվարկման արդյունքների՝ ՊՄԸ-ների ընդլայնված ցանկը կազմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը  և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է առաջնահերթ ՊՄԸ-ների վերջնական ցանկը, այդ ՊՄԸ-ներին սույն քաղաքականությանը համապատասխանեցման ժամանակացույցը։  

8) Սեփականության հիմնավորման հայտարարագիր՝ յուրաքանչյուր առաջնահերթ ՊՄԸ համար հաստատվող և հրապարակվող փաստաթուղթ, որը ներառում է այդ ՊՄԸ սեփականության նպատակը, ֆինանսական և կառավարման արդյունավետության, պետական ոլորտային քաղաքականության հետ համահունչ լինելու, ծառայությունների մատուցման և ռիսկերի հանդուրժողականության վերաբերյալ Կառավարության ակնկալիքները և սույն քաղաքականությամբ սահմանված այլ տեղեկատվությունը․

9) Ոլորտային մարմին՝ տվյալ ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման համար պատասխանատու մարմինն է կամ, եթե այդպիսին բացակայում է, պետական կառավարման համակարգի այն մարմինը, որի գործառույթներն ունեն տվյալ ՊՄԸ գործունեության ոլորտի հետ ամենասերտ առնչությունը․

10) Համակարգող մարմին՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված՝ պետական գույքի կառավարման մարմինը.

11) Շուկայի խեղաթյուրում՝ շուկայի բնական մրցակցային պայմանների խախտում կամ սահմանափակում, որի արդյունքում առաջանում են գների, առաջարկի, պահանջարկի կամ մուտքի պայմանների արհեստական փոփոխություն՝ հօգուտ որոշակի անձանց կամ խմբերի և շուկայի մյուս մասնակիցների նկատմամբ անհավասար պայմանների ստեղծմամբ։

ԳԼՈՒԽ 2. ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

5. ՊՄԸ-ի ընդհանուր ֆինանսական արդյունավետության համար պետությունը պետք է պահանջի կապիտալի արժեքից ոչ պակաս շահութաբերության մակարդակ, որը չափվում է պետական պարտատոմսերի եկամտաբերությամբ։ Շահութաբերության մակարդակի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանում է Ֆինանսների նախարարությունը, իսկ շահութաբերության մակարդակը հաշվարկվում է Համակարգող մարմնի կողմից։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության՝ որպես սեփականատիրոջ պետական սեփականության հիմնավորումը պետք է բխի ոլորտային ռազմավարական փաստաթղթերում սահմանված հանրային քաղաքականության նպատակներից, որոնք իրենց հերթին որոշելու են ՊՄԸ-ների գործունեության նպատակները։
7. Յուրաքանչյուր ՊՄԸ բաժնեմասի սեփականության հիմնավորման հայտարարագիրը պետք է ձևակերպվի սույն կետով սահմանված ենթակետերի շրջանակներում՝
1) Ազգային անվտանգություն նպատակ։ Այս ցանկում կարող են ներառվել ընկերություններ, որոնք գործում են ռազմական արդյունաբերության, տեղեկատվական անվտանգության, էներգետիկ անվտանգության և անվտանգության հետ կապված այլ ոլորտներում,
2) Բնական մենաշնորհների արդյունավետ գործունեության ապահովում,
3) Հանրային ծառայությունների անխափան և հավասար հասանելիության ապահովում,
4) Պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվների պահպանում, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
5) Առևտրային նպատակի դեպքում՝ պետական բյուջեի տեսանկյունից առավելագույն ֆինանսական արդյունքի ապահովում։
8. Օրենքով սահմանված արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում կայացնել անվտանգության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող ընկերություններում բաժնեմասնակցություն ունենալ և կապիտալի համալրումներ իրականացնել՝ ժամանակավոր խնդիրներից խուսափելու նկատառումներով։ Այսպիսի գործողությունները պետք է կրեն ժամանակավոր բնույթ։
9. Այն ՊՄԸ-ների համար, որոնք չունեն սույն հավելվածի 7-րդ կետի 1-4-րդ ենթակետերում սահմանված քաղաքականության նպատակներ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է սահմանի դրանց առևտրային նպատակները։ Ընդ որում՝ բացառապես առևտրային նպատակ ունեցող ընկերությունների գործունեությունը պետք է ուղղված լինել միայն արտաքին շուկաներում գործունեությանը կամ տնտեսապես բարդ արտադրանքի թողարկմանը՝ տեղական մրցակցությունը չխեղաթյուրելու նպատակով:
10. Առևտրային նպատակներ ունեցող ՊՄԸ-ները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներից մեկին՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում այնպիսի ապրանքների արտադրություն, որի տնտեսական բարդության ցուցիչն առնվազն 0.1 է․ այդ ապրանքների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով․
2) Իր գործունեությամբ թիրախավորում է արտաքին շուկաները։
11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ելք կգործի բացառապես առևտրային նպատակներ հետապնդող և նախորդ կետին չհամապատասխանող ընկերությունների սեփականությունից որոշակի ժամանակահատվածում։ Ելքի մոտեցումները և ժամանակացույցը ըստ ընկերությունների հաստատվում են Կառավարության կողմից։
12. ՊՄԸ-ներին և ՄՄԸ-ներին պետական աջակցության ցանկացած որոշում կամ միջոց պետք է համապատասխանի մրցակցության պաշտպանությանն առնչվող օրենսդրությանը։
13. Հայաստանի Հանրապետության կառավարությունը զերծ կմնա բացառապես առևտրային՝ սույն հավելվածի 7-րդ կետի 1-4-րդ ենթակետերում սահմանված նպատակներին չհամապատասխանող նոր ՊՄԸ հիմնելուց և ձեռք բերելուց, այդ թվում՝ անհատույց մինորիտար մասնակցություն ձեռք բերելուց։
14. Այն դեպքերում, եթե ընկերությունն ունի սույն հավելվածի 7-րդ կետի 1-4-րդ ենթակետերում սահմանված նպատակներից մեկը, սակայն երկարաժամկետ կտրվածքով ֆինանսապես կենսունակ չէ, կառավարությունը կարող է դիտարկել այն որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն կամ հիմնադրամ կամ այլ՝ տվյալ ընկերության գործունեության էությանը առավել համապատասխանող կազմակերպաիրավական ձևի վերակազմակերպելու անհրաժեշտությունը։

ԳԼՈՒԽ 3. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՈՐՊԵՍ ԲԱԺՆԵՏԻՐՈՋ, ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՈՒՄ

15. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է առաջնահերթ ՊՄԸ-ների ցանկը՝ համաձայն սույն հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետի, յուրաքանչյուր առաջնահերթ սեփականության հիմնավորման հայտարարագրի մշակման համար ծրագրավորվող ժամանակացույցը, իսկ յուրաքանչյուր առաջնահերթ ՊՄԸ-ի կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ։
16. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Համակարգող մարմնի, Ֆինանսների նախարարության և տվյալ ՊՄԸ ոլորտային մարմնի ներկայացուցիչները։
17. Ըստ սահմանված ժամանակացույցի՝ յուրաքանչյուր առաջնահերթ ՊՄԸ-ի տնօրենների խորհուրդը (այսուհետ՝ ՊՄԸ-ի խորհուրդ) մշակում է ընկերության սեփականության հիմնավորման հայտարարագրի նախագիծը, որը ներկայացնում է ՊՄԸ-ի կառավարման միջգերատեսչական հանձնաժողովին` հայտարարագրից բխող 3-5 տարվա գործունեության թիրախների հետ միասին։ ՊՄԸ-ի կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի կարծիքը արտացոլող հայտարարագիրը Ոլորտային մարմինը ներկայացնում է Կառավարություն՝ համաձայն հաստատված ժամանակացույցի։ Կառավարությունը հաստատում է առաջնահերթ ՊՄԸ-ների առաջնային նպատակը և դրանից բխող 3-5 տարվա գործունեության թիրախները։
18. ՊՄԸ-ների նպատակների սահմանումը պետք է համապատասխանի հետևյալ սկզբունքներին.
1) Յուրաքանչյուր ՊՄԸ և՛ հանրային քաղաքականության, և՛ առևտրային նպատակները պետք է լինեն չափելի․
2) Հանրային քաղաքականության նպատակները պետք է իրագործվեն առավել արդյունավետ և ֆինանսապես կայուն եղանակով․
3) Առևտրային նպատակների համար պետությունը պետք է պահանջի շահութաբերության մակարդակ, որը համեմատելի է համապատասխան շուկայում ակնկալվող շահութաբերության մակարդակի հետ․
4) ցանկացած դեպքում ՊՄԸ-ի ընդհանուր ֆինանսական արդյունավետության համար պետությունը պետք է պահանջի կապիտալի արժեքից ոչ պակաս շահութաբերության մակարդակ, որը չափվում է պետական պարտատոմսերի եկամտաբերությամբ։
19. Նոր ՊՄԸ ստեղծման դեպքում, ՊՄԸ ստեղծման որոշմանը կից, Ոլորտային մարմինը ներկայացնում է նոր ստեղծվող ՊՄԸ սեփականության հիմնավորման հայտարարագիրը, որը պարունակելու է սույն Քաղաքականությամբ սահմանված բովանդակությունը, այնքանով որքանով կիրառելի է նոր ստեղծվող ՊՄԸ-ի նկատմամբ։ Նոր ՊՄԸ ստեղծվում է բացառապես փակ բաժնետիրական ընկերություն կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձի տեսքով։
20. Սեփականության հիմնավորման հայտարարագիրը հրապարակվում է Համակարգող մարմնի և ՊՄԸ-ի ինտերնետային կայքէջում (առկայության դեպքում)՝ հաստատումից հետո 5 օրվա ընթացքում։ Միաժամանակ, առաջնահերթ ՊՄԸ-ները պարտավոր են ունենալ ինտերնետային կայքէջ։
21. Ֆինանսների նախարարությունը կարող է հաստատել ֆինանսական արդյունավետության թիրախների և ռիսկերի հանդուրժողականության սահմանման գործընթացի վերաբերյալ ուղեցույցներ։
22. Թիրախները պետք է սահմանվեն ըստ յուրաքանչյուր առաջնահերթ ՊՄԸ-ի՝ խուսափելով միասնական սեփական կապիտալի շահութաբերության կամ շահութաբաժինների ցուցանիշներից։

ԳԼՈՒԽ 4. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

23. Սեփականության հիմնավորման հայտարարագրի բովանդակությունն է՝
1) ՊՄԸ դերը և առաջնային նպատակը․ ՊՄԸ առաջնային նպատակը պետք է համապատասխանեցված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ոլորտային և միջոլորտային (առկայության դեպքում) ռազմավարական նպատակներին։ Այս բաժնում ներկայացվում են ընկերության հիմնական ռազմավարական նպատակները և գործողությունները՝ միջնաժամկետ կտրվածքով։
2) Ֆինանսական կայունություն և արժեքի ստեղծումայս բաժնում ներկայացվում են ընկերության շահութաբերության, ծախսերի կառավարման, ակտիվների/ընկերության արժեքի պահպանման, ներդրումային ծրագրերի հիմնական նպատակները և մոտեցումները։ Հաշվեկշռում ռազմավարական ակտիվների առկայության դեպքում ընկերությունը առանձին բաժիններով ներկայացնում է վերջինիս շահագործման և պահպանման համար անհրաժեշտ ընթացիկ և ոչ ընթացիկ ծախսերը։
3) Քվազի ֆիսկալ գործունեություն․ այն դեպքում, երբ ընկերությունն իրականացնում է հանրային ծառայության պարտավորություն և (կամ) ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվի պահպանում և Ֆինանսների նախարարության կողմից դրա սահմանված լինելու դեպքում, տվյալ բաժնում ներկայացվում է ծառայության ինքնարժեքը, իսկ առկայության դեպքում՝ նաև մասնավորի կողմից մատուցվող համադրելի ծառայության արժեքը։
4) Կորպորատիվ կառավարման բարելավման մտադրություններ բաժնում ներկայացվում է ՊՄԸ-ի խորհրդի կազմի վերլուծությունը, դրա բարելավման կամ բարելավման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ հիմնավորումը, բարելավման անհրաժեշտության դեպքում՝ վերջինիս իրականացման ծրագիրը։ ՊՄԸ-ի խորհրդի կազմի վերլուծությունը պարունակում է տեղեկատվություն առնվազն ՊՄԸ-ի խորհրդի տեխնիկական կարողությունների, բազմազանության և անկախության վերաբերյալ։
5) Ռիսկերի կառավարման և ներքին վերահսկողության բաժնում նկարագրվում են ընկերության վրա ազդող ամենաէական ռիսկերը և դրանց կառավարման մոտեցումները, ինչպես նաև ընկերության ներքին հսկողության համակարգի բարելավման մտադրությունները։
6) Շահակիցներ, բնապահպանական և սոցիալական ազդեցություն բաժինը կրում է ոչ պարտադիր բնույթ և պարունակում է ընկերության գործունեության ազդեցության գնահատումը շրջակա միջավայրի, շահակիցների խմբերի և լայն հասարակության վրա։

 

ԳԼՈՒԽ 5 ՊՄԸ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐԸ

24. Հիմնվելով սեփականության հիմնավորման հայտարարագրի վրա՝ ՊՄԸ-ի խորհուրդը հաստատում է ՊՄԸ ֆինանսական և ոչ ֆինանսական չափորոշիչների համակարգ: Համակարգը պետք է հիմք հանդիսանա ընկերության կատարողականի քանակական և որակական արդյունքների չափման համար: Կատարողականի չափորոշիչների, մշտադիտարկման և հաշվետվողականության պահանջները սահմանում են Համակարգող մարմինը և Ֆինանսների նախարարությունը համատեղ։
25. Վերոնշյալ ցուցանիշները պետք է ամրագրված լինեն միջնաժամկետ (3-5 տարի) Գործարար ծրագրում, որը ենթակա է հաստատման ՊՄԸ-ի խորհրդի կողմից մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 31:
26. Այն դեպքում, եթե առաջնային նպատակի կատարման համար անհրաժեշտ են ներդրումներ, ապա գործարար ծրագիրը պետք է պարունակի անհրաժեշտ ներդրումների գնահատականը և ֆինանսավորման աղբյուրների մասին առաջարկը։
27. Գործարար ծրագրի տարեկան արդյունքների մասին հաշվետվությունը ենթակա է ներկայացման Համակարգող մարմին և Ոլորտային մարմին՝ մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը։ Գործարար ծրագրի բովանդակության և դրա առնչությամբ հաշվետվողականության նկատմամբ պահանջները սահմանվում են Համակարգող մարմնի կողմից։
28. Էական (25% և ավելի, կամ [ընկերության ակտիվների 5%]) շեղումների դեպքում գործարար ծրագիրը ենթակա է վերահաստատման ՊՄԸ-ի խորհրդի կողմից սույն հավելվածի 27-րդ կետով սահմանված գործարար ծրագրի տարեկան արդյուքնենրի մասին հաշվետվության ներկայացումից հետո 1 ամսվա ընթացքում՝ հիմք ընդունելով նաև 26կետը։
29. Ներդրումների և դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ գնահատականները պետք է բխեն տվյալ ընկերության երկարաժամկետ ռազմավարությունից՝ համապատասխանելով տվյալ ներդրման օգտակար ծառայության ժամկետին։
30. Անհրաժեշտ ներդրումների գնահատականը պետք է պարունակի՝
1) Առաջարկվող ներդրումային ծրագրերի նկարագրությունը և հիմնավորումը․
2) Ֆինանսական գնահատականները, ներառյալ՝ ներքին շահութաբերության դրույքի հաշվարկը (IRR)․
3) Ֆինանսավորման աղբյուրները և ռիսկերի գնահատականը։
31. Գործարար ծրագիրը և անհրաժեշտ ներդրումների ծավալը և կառուցվածքը պետք է չհակասեն Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության առաջնահերթություններին, ոլորտային ռազմավարական փաստաթղթերում ամրագրված նպատակներին և բյուջետային սահմանափակումներին։
32. Անհրաժեշտ ներդրումների գնահատականը պետք է ներկայացվի Ոլորտային մարմին և Համակարգող մարմին՝ 31 կետին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն ստանալու համար։
33. Այն դեպքում, եթե ներդրումային ծրագրի ֆինանսավորման աղբյուրը (70% և ավելի) պետք է հանդիսանա պետական բյուջեն (այդ թվում՝ ենթավարկերի կամ երաշխիքների միջոցով) և ծրագրի չափը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 3-ի «Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը հաստատելու մասին» N 175-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված շեմը, ապա ներդրումային ծրագիրը պետք է ներկայացվի Որոշման պահանջներին համապատասխան։
34. 2 միլիարդ ՀՀ դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի արդյունքները ենթակա են արտաքին գնահատման։
35. ՊՄԸ-ի խորհուրդը և գործադիր մարմինը պատասխանատու են գործարար ծրագրի և ֆինանսական և գործառնական չափորոշիչների իրականացման համար։
36. Հետևյալ շեղումների արձանագրման դեպքում Համակարգող մարմնի և Ոլորտային մարմնի կողմից համատեղ պետք է իրականացվի ուսումնասիրություն.
1) Ընկերության կատարողականի շեղում երկու հաջորդական տարիների ընթացքում․
2) Ներդրումային ծրագրերի ծախսերի և ժամկետների գերազանցում (25% և ավելի)․
3) Ֆիդուցիար պարտավորությունների, օրենսդրական համապատասխանության խախտում․
4) Արտաքին աուդիտի արդյունքում դուրս բերված աուդիտի եզրակացությունում և (կամ) ղեկավարությանն ուղղված նամակում ներկայացված էական նկատառումներ, կամ վերապահումներ․
5) Ներքին աուդիտորի (Ներքին աուդիտի ծառայության) հաշվետվություններում բացահայտված էական անհամապատասխանությունները։
37. 36-րդ կետով նշված շեղումների ի հայտ գալու դեպքում Համակարգող մարմինը և Ոլորտային մարմինը համատեղ 30 օրվա ընթացքում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում կարող են կայացնել հետևյալ որոշումներից մեկը կամ մի քանիսը՝
1) Պահանջել ՊՄԸ-ից ներկայացնել ուղղիչ գործողությունների ծրագիր․
2) Նախաձեռնել ՊՄԸ-ի խորհրդի և (կամ) գործադիր մարմնի կազմի և (կամ) վարձատրության պայմանների փոփոխություն․
3) ներգրավել արտաքին խորհրդատու կամ տեխնիկական աջակցություն․
4) Պատվիրել անկախ ֆորենսիկ կամ կատարողականի աուդիտ.
5) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկ ՊՄԸ-ի կառավարումը արտապատվիրակելու (հավատարմագրային կառավարման, պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափի կիրառում) վերաբերյալ։
38. 37-րդ կետով նշված որոշումների կայացումից հետո վերջիններիս չկատարման կամ նման որոշումների կատարման անհնարինության դեպքում, կամ այն դեպքերում երբ 37-րդ կետով նշված որևէ որոշում չի կարող արդյունավետ լինել իրավիճակի շտկման համար, Համակարգող մարմինը կամ Ոլորտային մարմինը կարող է կայացնել հետևյալ որոշումներից որևէ մեկը․
1) Ընկերության վերակազմակերպման կամ լուծարման առաջարկության ներկայացում Կառավարությանը,
2) Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունների՝ Ոլորտային մարմին կամ Համակարգող մարմին տեղափոխման առաջարկության ներկայացում Կառավարությանը։ 

ԲԱԺԻՆ 2. ՊՄԸ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՄԻՆՈՐԻՏԱՐ ԲԱԺՆԵՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 6. ՊՄԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԵՐԵՐԸ

39. Սույն Քաղաքականության իրականացումը և պետական սեփականության իրավունքների իրականացումը պետք է հիմնված լինեն սեփականության վերահսկողության (ներառյալ՝ կորպորատիվ կառավարումը և ֆինանսական վերահսկողությունը), քաղաքականության մշակման (ներառյալ՝ հարկաբյուջետային, ոլորտային և սոցիալական քաղաքականությունները) և ոլորտային կարգավորման մեջ ներգրավված հիմնական պետական մարմինների միջև դերերի և պարտականությունների հստակ տարանջատման վրա:
40. Կառավարությունը պատասխանատու է.
1) Համակարգող մարմնի առաջարկությամբ՝ սույն Քաղաքականության մեջ կատարվող փոփոխությունների կամ սույն Քաղաքականության նոր տարբերակների հաստատման համար.
2) Համակարգող մարմնի կողմից ներկայացված՝ ՊՄԸ-ների պորտֆելի կենտրոնացված վերահսկողության և մշտադիտարկման արդյունքների և ՊՄԸ-ների տարեկան ամփոփ հաշվետվության հաստատման համար.
3) գործող ՊՄԸ-ների կամ մինորիտար բաժնեմասնակցության նկատմամբ սեփականության պահպանման, նոր ՊՄԸ ստեղծելու, պետության կողմից մինորիտար բաժնեմասնակցություն ձեռք բերելու, որևէ ընկերությունում պետության կապիտալի կամ բաժնեմասի ավելացման/նվազեցման և գործող ՊՄԸ-ներից կամ մինորիտար բաժնեմասնակցություններից դուրս գալու, այդ թվում՝ ՊՄԸ-ները վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ որոշումներ կայացնելու համար.
4) Համակարգող մարմնի կողմից ներկայացված՝ զուտ առևտրային նպատակներ ունեցող ՊՄԸ-ներից և մինորիտար բաժնեմասնակցություններից պետության դուրս գալու, այդ թվում՝ ՊՄԸ-ները վերակազմակերպելու կամ լուծարելու ծրագրերի հաստատման համար.
5) ՊՄԸ-ներին և մինորիտար բաժնեմասնակցությամբ ընկերություններին բյուջետային վարկեր տրամադրելու կամ պետական ​​​​երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացնելու համար.
6) ՊՄԸ-ների կամ մինորիտար բաժնեմասնակցության ընկերությունների սուբսիդիաների, և քվազի-ֆիսկալ գործարքների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։

41. Ոլորտային մարմինը պատասխանատու է՝
1) ՊՄԸ-ների սեփականության հիմնավորման հայտարարագրերի նախագծերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար․
2) Համապատասխան ՊՄԸ-ների ոչ ֆինանսական կատարողականի մշտադիտարկման (ներառյալ՝ հայտարարագրերով սահմանված նպատակների և համապատասխան նպատակային ոչ ֆինանսական ցուցանիշների իրականացումը) և կատարողականի գնահատման արդյունքների մասին Համակարգող մարմնին զեկուցելու համար.
3) Ներքոնշյալ կարգավորումների մասին Կառավարությանը առաջարկություններ ներկայացնելու համար․
   ա. գործող ՊՄԸ-ների նկատմամբ սեփականության պահպանման, նոր ՊՄԸ ստեղծելու, որևէ ընկերությունում պետության կապիտալի կամ բաժնեմասնակցության ավելացման/նվազեցման և գործող ՊՄԸ-ներից դուրս գալու, կամ դրանց լուծարելու կամ վերակազմակերպելու վերաբերյալ.
   բ. ՊՄԸ-ներին բյուջետային վարկ տրամադրելու կամ պետական երաշխիք տրամադրելու վերաբերյալ․
   գ. ՊՄԸ-ների կողմից ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվների պահպանման կամ հանրային ծառայության պարտավորության ամրագրման վերաբերյալ։
4) ՊՄԸ-ների ժողովում իր մասնակցությունը ապահովելու համար։

42. Համակարգող մարմինը պատասխանատու է՝
1) Սույն Քաղաքականության կիրարկման, վերանայման և, անհրաժեշտության դեպքում, սույն Քաղաքականության մեջ համապատասխան փոփոխությունների առաջարկման և մշակման համար.
2) Առևտրային նպատակ հետապնդող ՊՄԸ–ների դեպքում սեփականության իրավունքի իրացման համար․
3) ՊՄԸ-ների պորտֆելի կենտրոնացված վերահսկողության և մշտադիտարկման իրականացման և սույն Քաղաքականության կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության կազմման, դրանք Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար.
4) ՊՄԸ ֆինանսական տեղեկատվության հավաքագրման, ամփոփման և սույն քաղաքականությամբ սահմանված այլ մարմինների գործառույթներին առնչվող տեղեկատվության տրամադրման համար․
5) Պետական սեփականության նպատակների համապատասխանության գնահատման, ներառյալ՝ պետական սեփականության հիմնավորմանը համապատասխանության գնահատման համար, որի վերաբերյալ կարծիք է ներկայացնում Հանձնաժողովին.
6) Պետական սեփականության նպատակների գնահատման մեթոդաբանության հիման վրա սեփականության հիմնավորման հայտարարագրերի լրացման ուղեցույցների մշակման համար․
7) Ապահովելու, որ ոչ մի նոր ՊՄԸ-ի ստեղծում չնախաձեռնվի, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է սույն Քաղաքականությամբ և հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից․
8) Բացառապես առևտրային նպատակներ ունեցող ՊՄԸ-ներից և ՄՄԸ-ներից պետության ելքի ծրագրերի մշակման և իրականացման վերահսկման համար.
9) Համաձայն սույն Քաղաքականության՝ ՊՄԸ-ների կողմից համապատասխան կորպորատիվ կառավարման կանոնների կիրառման մշտադիտարկման համար.
10) ՄՄԸ-ների նկատմամբ պետական սեփականության իրավունքների իրականացման համար․
11) Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի կառավարման համար․
12) Շահութաբերության մակարդակի հաշվարկման և մոնիթորինգի համար․
13) Կատարողականի հաշվետվությունների և կատարողականի գնահատման ուղեցույցների մշակման և հաստատման համար․
14) ՊՄԸ-ի խորհրդի անդամներին ընտրության, վարձատրության չափանիշների և ընթացակարգի մշակման և Հայաստանի Հանրապետության Կառավարություն ներկայացման համար։

43. Ֆինանսների նախարարությունը պատասխանատու է․
1) Հարկաբյուջետային ռիսկերի գնահատման և դրա արդյունքների վերաբերյալ Կառավարություն կարծիք ներկայացնելու համար.
2) Հարկաբյուջետային ռիսկերի գնահատված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման համար․
3) ՊՄԸ-ներին և մինորիտար բաժնեմասնակցությամբ ընկերություններին բյուջետային վարկեր տրամադրելու կամ պետական երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ Կառավարությանը կարծիք տրամադրելու համար.
4) ՊՄԸ-ների կամ մինորիտար բաժնեմասնակցությամբ ընկերություններին սուբսիդիաներ կամ հարկային արտոնություններ տրամադրելու, կարևոր հանրային ծառայություններ մատուցելու պարտավորություններ սահմանելու կամ այլ քվազի-ֆիսկալ գործարքներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը կարծիք տրամադրելու համար.
5) Պետական սեփականության նպատակների համապատասխանության գնահատման մեթոդաբանության մշակման համար․
6) ինանսական կատարողականի չափորոշիչների, մշտադիտարկման և հաշվետվողականության պահանջների սահմանման համար․
7) Շահութաբերության մակարդակի հաշվարկման մեթոդաբանության սահմանման համար․
8) ՊՄԸ-ների կամ մինորիտար բաժնեմասնակցությամբ ընկերությունների կողմից իրականացվող խոշոր գործարքների ֆինանսական հետևանքների գնահատման և դրանց հարկաբյուջետային ազդեցության վերաբերյալ Համակարգող մարմին և Կառավարություն կարծիք ներկայացնելու համար․
9) Սեփականության քաղաքականության մշակման, երկարաժամկետ ֆինանսական կայունության թիրախների սահմանման և ըստ անհրաժեշտության դրանցում փոփոխությունների նախաձեռնությունների ներկայացման կամ ուղեցույցների մշակմանը մասնակցության համար:

 

ԳԼՈՒԽ 7. ՔՎԱԶԻՖԻՍԿԱԼ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ

44. Ֆինանսների նախարարությունը հաստատում է ռազմավարական ակտիվների պահպանման համար ծախսերի հաշվարկման մեթոդաբանությունը և կիրառման կարգը։
45. Ֆինանսների նախարարությունը կարող է հաստատել հանրային ծառայությունների պարտավորությունների նույնականացման և գնահատման մեթոդաբանությունը և կարգը։
46. Ֆինանսների նախարարությունը պետք է վարի հանրային ծառայության պարտավորությունների և ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվների պահպանման համար սահմանված վճարների ռեեստր (դրանք նույնականացված լինելու դեպքում)։ Ռեեստրի ձևաչափը հաստատում է Ֆինանսների նախարարությունը։
47. Հանրային ծառայության պարտավորության կատարման համար նախատեսված փոխհատուցումը պետք է հաշվարկվի թափանցիկ ձևով, չգերազանցի տվյալ պարտավորության կատարմամբ պայմանավորված ծախսերը ներառյալ ողջամիտ շահութաբերության մակարդակը, և համապատասխան լինի շուկայի խեղաթյուրման կանխմանն ուղղված սկզբունքներին՝ սահմանված գործող օրենսդրությամբ կամ միջազգային համաձայնագրերով։

 

ԳԼՈՒԽ 8. ՊՄԸ-ՆԵՐԻ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

48. Շահաբաժինների հաշվարկումը և վճարումը իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3 թիվ 202-ն որոշման, բացառությամբ սույն կարգի 49 կետով սահմանված դեպքերի։
49. Այն առաջնահերթ ՊՄԸ-ների նկատմամբ, որոնք իրենց ֆինանսական գործառնություններն իրականացնում են պետական գանձապետարանի միջոցով և ունեն սույն քաղաքականությանը համապատասխան հաստատված սեփականության հիմնավորման հայտարարագիր, կիրառվում է հետևյալ կարգը՝
1) ՊՄԸ-ի խորհուրդը տարեկան գործնական ծրագրում արտացոլում է առաջիկա ֆինանսական միջոցների պահանջը և հիմնավորում առաջարկվող տարեկան և միջանկյալ շահութաբաժինների չափը և առաջարկությամբ ներկայացնում այն ընդհանուր ժողովին։
2) Բաժնետիրոջ իրավունքներն իրականացնող մարմինը առաջարկը քննարկում է Հանձնաժողովում։
3) ՊՄԸ-ի կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում առաջարկված չափը և կարգը հաստատվում են ընդհանուր ժողովի կողմից։

 

ԳԼՈՒԽ 9. ՄԻՆՈՐԻՏԱՐ ԲԱԺՆԵՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

50. Մինորիտար բաժնեմասնակցության դեպքում պետության սեփականության նպատակը կարող է լինել բացառապես առևտրային։ Այն կդրսևորվի բաժնեմասի արժեքի որոշակի ժամկետում առավելագույն ավելացման նպատակով, որը չպետք է գերազանցի սույն Քաղաքականության ընդունման օրվանից հինգ տարին։
51. Մինորիտար բաժենմասնակցության համար պետք է սահմանվեն այնպիսի նպատակներ, որոնք պահանջում են ելք՝ որոշակի ժամանակահատվածում ապահովելով հնարավոր ամենաբարձր շահութաբերության մակարդակ։
52. Այն դեպքերում, երբ առևտային ընկերությունում մինորիտարբաժնեմասերի սեփականությունը չհամընկնի պետական սեփականության քաղաքականությանը, պետությունը կօտարիդրանք և նման դեպքերում ձեռք չի բերի և/կամ չի դառնա առևտրային ընկերությունում մինորիտար բաժնեմասերի սեփականատեր:
53. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը դառնա մասնավոր ընկերություններում բաժնետոմսերի սեփականատեր, որոնք ձեռք են բերվել հակակոռուպցիոն գործողությունների պատշաճ գործընթացի ապահովման կամ ազգային ակտիվների վերականգնման համանման գործողությունների արդյունքում, նման սեփականությունը չի համընկնում հանրային նպատակներ հետ, ապա այն կդիտարկվի որպես ժամանակավոր սեփականություն: Ընդ որում, որպես պետական մինորիտար մասնակցությամբ ընկերությունների կառավարման արդյունավետ համակարգ ստեղծվելու են հոլդինգային ընկերություններ, որին փոխանցվելու են պետական բաժնեմասերը (սեփականության իրավունքով): Հոլդինգային ընկերության կառավարումը կարող է իրականացվել արդար և մրցակցային ընթացակարգի միջոցով վարձված ակտիվների հեղինակավոր կառավարչի կողմից:
54. Պետությունը արդար և մրցակցային ընթացակարգի միջոցով կվարձի ակտիվների հեղինակավոր կառավարչի՝ պետության անունից նման բաժնետոմսերը հինգ տարվա ընթացքում ժամանակավորապես կառավարելու և հինգ տարվա ընթացքում Կառավարության համար առավել բարենպաստ պայմաններով ելք ապահովելու համար:
55. Մինորիտար բաժնեմասնակցության սեփականության, քաղաքականության մշակման և կարգավորման գործառույթների իրականացման լիազորությունների կենտրոնացումը կանխելու համար մինորիտար բաժնեմասի նկատմամբ պետության սեփականության իրավունքները պետք է իրականացվեն Համակարգող մարմնի կողմից, բացառությամբ սույն Քաղաքականությամբ Կառավարությանը վերապահված իրավունքների: Եթե մինորիտար բաժնեմասը պատկանում է բաժնետոմսերի կառավարումը իրականացնող այլ մարմնի, այն պետք է փոխանցվի Համակարգող մարմնին սույն Քաղաքականության ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 10. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

56. Հայաստանի Հանրապետության կառավարությունը երեք տարին մեկ անգամ, ինչպես նաև նոր կառավարության ծրագրի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում, կարող է վերանայել սույն Քաղաքականությունը: Սույն Քաղաքականությունը կարող է վերանայվել առավել հաճախ՝ կախված Հայաստանի Հանրապետության տնտեսությունում և ՊՄԸ-ների դերում տեղի ունեցած էական փոփոխություններից, ազգային անվտանգության նոր սպառնալիքների կամ օրենսդրական նոր փոփոխություններից։
57. Համակարգող մարմինը յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո ինը ամսվա ընթացքում կազմում և հրապարակում է տարեկան ամփոփ հաշվետվություն, որը պետք է ներառի հետևյալ բաժինները և տեղեկատվությունը՝
1) Սույն Քաղաքականության իրագործման ամփոփ նկարագրությունը, այդ թվում՝
   ա)պետության կողմից սահմանված նպատակների կատարման ընթացքը,
   բ) քաղաքականության կիրառման գործընթացում կատարված կամ նախատեսվող հիմնական փոփոխությունները։
2) Պետական մասնակցության պորտֆելի ընդհանուր նկարագրությունը, մասնավորապես՝
   ա) բաժնեմասնակցության կառուցվածքի, չափերի և ոլորտային պատկանելության նկարագիրը․
   բ) պետական մասնակցությամբ ընկերությունների դերը տնտեսության մեջ, ներառյալ հիմնական ոլորտների վրա ազդեցությունը․
   գ) սահմանված նպատակների կատարողականը և զարգացման միտումները։
3) Հիմնական ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների ամփոփ նկարագրությունը, ներառյալ՝
   ա)ընդհանուր ցուցանիշները ամբողջ պորտֆելի համար․
   բ) առանձին ցուցանիշներ՝ խոշոր ՊՄԸ-ների համար:
4) ՊՄԸ-ների խորհուրդների վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝
   ա)հաշվետու տարվա ընթացքում իրականացված փոփոխությունները․
   բ) նշանակումների և լիազորությունների ժամկետների մասին տվյալները․
   գ) ՊՄԸ-ի խորհրդի անդամների նիստերին մասնակցության վիճակագրությունը:
5) Մինորիտար մասնակցության դեպքում՝
   ա) ընդհանուր ժողովի քվեարկության գործընթացի և որոշումների կայացման ընթացակարգերի նկարագրությունը, այդ թվում՝ վետոյի իրավունքի դեպքերի․
   բ) հաշվետու տարվա ընթացքում Ժողովի նիստերում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված անձի քվեարկության մանրամասներ․
   գ) հնարավոր շահերի բախում պարունակող գործարքների վերաբերյալ տեղեկատվություն․
   դ)վճարված շահութաբաժինների և բաժնեմասնակցության գնահատված արժեքի փոփոխություն․
   ե) պայմանական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն։
6) Ընկերությունների վրա ազդող հիմնական ռիսկերն և դրանց կառավարման միջոցառումները ու փոխկապակցված անձանց հետ գործարքները։
58. Սեփականության քաղաքականության վերանայման շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարբերաբար պետք է գնահատի, թե արդյոք շուկայի կարգավորումը բավարար չէ լիարժեք կամ մասնակի մասնավոր սեփականության ներքո գտնվող բնական մենաշնորհների արդյունավետ գործունեությունն ապահովելու համար։
59. ՊՄԸ-ների սեփականության քաղաքականության հերթական վերանայման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է գնահատի շուկայական պայմանների հնարավոր փոփոխությունը՝ մասնավորի կողմից հանրային ծառայությունների մատուցման հնարավորություն ընձեռելու տեսանկյունից՝ անհրաժեշտության դեպքում վերանայելով նաև առաջնահերթ ՊՄԸ-ների ցանկը և ժամանակացույցը։

 

ԳԼՈՒԽ 11. ՊՄԸ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

60. Սույն քաղաքականության շրջանակներում կորպորատիվ կառավարման արդյունավետ համակարգ պարտադիր ներդնելու իմաստով առաջնային ուշադրության են արժանանալու առաջնահերթ ՊՄԸ-ները։ ՊՄԸ-ները պետք է ապահովեն սույն Քաղաքականությանը համապատասխան կառավարումը։ Առաջնահերթ ՊՄԸ-ները միանում են Էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ 1955-Ն հրամանին։ Յուրաքանչյուր ոչ առաջնահերթ ՊՄԸ բաժնետիրոջ իրավունքներն իրականացնող մարմինը որոշում է Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալու նպատակահարմարությունը։
61. ՊՄԸ բաժնետիրոջ իրավունքները իրականացնում է Ոլորտային մարմինը, իսկ բացառապես առևտրային նպատակ ունեցող ՊՄԸ-ներինը՝ Համակարգող մարմինը։
62. Առաջնահերթ ՊՄԸ-ներում բաժնետիրոջ իրավունքն իրականացնող մարմինը, մինչև ժողովի նիստին մասնակցելը այդ նիստի օրակարգում ներգրավված հարցերը ներկայացնում է Հանձնաժողովին։ Բաժնետիրոջ իրավունքներն իրականացնող մարմինը ժողովի նիստին քվեարկում է համաձայն ՊՄԸ-ի կառավարման միջգերատեսչական հանձնաժողովում որոշված որոշումների։
63. Յուրաքանչյուր ՊՄԸ կանոնադրությունը կազմվում է այնպես, որ ապահովվի սույն Քաղաքականության համապատասխան մարմիններին համապատասխան լիազորությունների վերապահումը։
64. Ի լրումն օրենքով սահմանված՝ ժողովի իրավասությանը պատկանող այն բացառիկ լիազորությունների, որոնք չեն կարող վերապահվել այլ մարմնի, յուրաքանչյուր ՊՄԸ-ում ժողովի բացառիկ իրավասությանը պետք է առնվազն պատկանեն նաև հետևյալ լիազորությունները․
1) Բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով կանոնադրական կապիտալի չափի ավելացումը․
2) Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը.
3) Ընկերության կողմից բաժնետերերին տեղեկությունների և նյութերի հաղորդման ձևի որոշումը, ներառյալ զանգվածային լրատվության համապատասխան միջոցի ընտրությունը, եթե հաղորդումը պետք է իրականացվի նաև հրապարակային հայտարարության ձևով.
4) Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը` օրենքով նախատեսված դեպքերում.
5) Դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը կամ դրանց մասնակցությունը.
6) Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.
7) Ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, հիմնարկների ստեղծումը.
8) Այլ կազմակերպություններում բաժնեմասնակցությունը։
65. Յուրաքանչյուր առաջնահերթ ՊՄԸ-ում ստեղծվում է խորհուրդ և ներդրվում է խորհրդի անդամների ընտրության, վարձատրության և հաշվետվողականության համակարգ։ Ոչ առաջնահերթ ՊՄԸ-ում կարող է ստեղծվել խորհուրդ, եթե այդ ՊՄԸ բաժնետիրոջ իրավունքներն իրականացնող մարմինը դա նպատակահարմար է գտնում։
66. Առաջնահերթ ՊՄԸ-ներում խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդը պետք է լինի անկախ։ ՊՄԸ-ի խորհրդի անկախ անդամի չափանիշները սահմանված են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
67. Մինչև ՊՄԸ-ի խորհրդի անդամի ընտրությունը, բաժնետոմսերի իրավունքներն իրականացնող մարմինը իրականացնում է համապատասխանության, շահերի բախման, իսկ ՊՄԸ-ի խորհրդի անկախ անդամների դեպքում՝ անկախության և շահերի բախման գնահատում։ ՊՄԸ-ի խորհրդի անդամների բոլոր թեկնածուները լրացնում են շահերի բախման վերաբերյալ հայտարարագիր։ Առաջնահերթ ՊՄԸ-ների դեպքում խորհրդի անդամների թեկնածուները առաջադրվում են Հանձնաժողովի կողմից։
68. ՊՄԸ կորպորատիվ կառավարման համակարգը պետք է ապահովի անկախ անդամների ընտրության և փոփոխության թափանցիկ և ամուր կառուցակարգեր, որոնք ռոտացիայի սկզբունքի պահպանմամբ կապահովեն անխափան աշխատանքը՝ անկախ քաղաքական փոփոխությունից։
69. ՊՄԸ-ի խորհրդի անդամների նշանակումը պետք է իրականացվի մասնագիտական գիտելիքների և փորձառության հիմքով։ Միաժամանակ անհրաժեշտ է ՊՄԸ-ի խորհրդում պահպանել ֆինանսական, ռիսկերի, ռազմավարական կառավարման և ոլորտային գիտելիքների հավասարակշռությունը։ ՊՄԸ-ի խորհրդի մասնագիտական գիտելիքների և փորձառության չափանիշները դրվում են՝ հաշվի առնելով ՊՄԸ նպատակը և սեփականության հիմնավորման հայտարարագիրը։ ՊՄԸ-ի խորհրդի անդամների մասնագիտական գիտելիքների և փորձառության չափանիշները, ինչպես նաև գնահատման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
70. ՊՄԸ-ի խորհրդի անկախ անդամները ստանում են վարձատրություն և ծախսերի փոխհատուցում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
71. ՊՄԸ-ի խորհրդի անդամները պետք է գործեն ի շահ ընկերության երկարաժամկետ և կայուն զարգացման, պետք է ապահովեն ընկերությունում ներքին վերահսկողության և ռիսկերի կառավարման պատշաճ գործընթացներ։
72. Յուրաքանչյուր ՊՄԸ-ում խորհրդի բացառիկ իրավասությանը պետք է առնվազն պատկանեն նաև հետևյալ լիազորությունները․
1) Ընկերության գործադիր մարմնի (միանձնյա կամ կոլեգիալ) ձևավորումը, լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչպես նաև Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի նշանակումը.
2) Ընկերության գործադիր մարմնի անդամների (տնօրենի, գլխավոր տնօրենի կամ վարչության, տնօրինության անդամի) աշխատանքի վարձատրության պայմանների որոշումը․
3) Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված գործարքների կնքումը, պարտքի ներգրավումը ցանկացած ձևաչափով (ներառյալ, բայց չսահմանափակելով՝ փոխառություն, վարկ, պարտատոմս, պարտքային արժեթուղթ), եթե գույքի արժեքը կամ ներգրավվող պարտքի գումարը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 10% և ավելին.
4) Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի հաստատումը.
5) Ամենամյա ծախսերի նախահաշվի և դրա կատարողականի հաստատումը.
6) Ընկերության գործունեության ընդհանուր քաղաքականությունների հաստատումը, ընդ որում՝ քաղաքականությունները կարող են ընդունվել ինչպես աշխատանքների ներքին կազմակերպման, այնպես էլ ընկերության գործունեության բոլոր ոլորտների և ուղղությունների վերաբերյալ։
73. ՊՄԸ-ի խորհուրդն իրավասու է ստեղծել խորհրդին կից գործող հանձնաժողովներ, այդ թվում՝ աուդիտի և ռիսկերի հանձնաժողով։
74. ՊՄԸ-ի խորհուրդը հաստատում է վարձատրության և պարգևատրման քաղաքականությունը, որը պետք է համապատասխանի ՊՄԸ երկարաժամկետ շահերին։
75. ՊՄԸ-ի խորհուրդը վերահսկում է ռազմավարական ծրագրերի իրագործումը։
76. ՊՄԸ-ի խորհրդը պատասխանատու են ՊՄԸ-ում կորպորատիվ լավագույն փորձի ներդրման համար, մշտադիտարկում է կորպորատիվ կառավարման արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության իրականացնում փոփոխություններ։
77. Համակարգող մարմինը կարող է ընդունել ՊՄԸ-ի խորհրդի գործունեության կարգի օրինակելի ձև։
78. Համակարգող մարմինը սահմանում է առաջնահերթ ՊՄԸ-ների խորհրդի գործունեության գնահատման կարգը և մեթոդաբանությունը։
79. Փակ բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձև ունեցող ՊՄԸ-ներում վերստուգող հանձնաժողով (վերստուգող) չի ձևավորվում։
80. Առաջնահերթ ՊՄԸ-ներում ստեղծվում է ներքին աուդիտի ստորաբաժանում, որը նշանակվում է ՊՄԸ-ի խորհրդի կողմից և հաշվետու է ՊՄԸ-ի խորհրդին։
81. ՊՄԸ-ն չի կարող թողարկել փոխարկելի արժեթղթեր կամ տրամադրել փոխարկելի փոխառություններ, կնքել ՍԵՅՖ պայմանագրեր կամ իրականացնել աշխատակիցների բաժնետիրացում։

ԳԼՈՒԽ 12. ՊՄԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

82. ՊՄԸ-ները պետք է ունենան թափանցիկության բարձր մակարդակ և բարձր որակի հաշվապահական հաշվառում:
83. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները, խոշոր և միջին կազմակերպություններ համարվող ՊՄԸ-ները պետք է ապահովեն հաշվապահական հաշվառումը, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների կազմումը, հաշվետվությունը և տեղեկատվության բացահայտումը՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS) պահանջների համաձայն:
84. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների, խոշոր կամ միջին կազմակերպությունների կարգավիճակ ունեցող ՊՄԸ-ների և ՄՄԸ-ների ֆինանսական հաշվետվությունները ենթակա են աուդիտի՝ օրենսդրությանը համապատասխան։ Նմանատիպ ՊՄԸ-ները և ՄՄԸ-ները պետք է հրապարակեն ֆինանսական հաշվետվությունները և աուդիտի եզրակացությունը:
85. ՊՄԸ-ները պետք է մշակեն և կիրառեն ներքին վերահսկողության համակարգ՝ ներառյալ ռիսկերի կառավարման, համապատասխանության ապահովման և ներքին աուդիտի գործառույթները։ Ռիսկերի կառավարման, համապատասխանության և ներքին աուդիտի կարգավորումները սահմանվում են Համակարգող մարմնի կողմից հաստատված կարգով:
86. ՊՄԸ-ները կարող են ենթարկվել նաև ստուգման՝ Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի կողմից:
87. ՊՄԸ-ները պետք է իրենց պաշտոնական կայքի միջոցով բացահայտեն պահանջվող տեղեկատվությունը և պատասխանատվություն կրեն այդ տեղեկատվության համար:
88. Համակարգող մարմինը պետք է պատրաստի և հրապարակային դարձնի ՊՄԸ-ների տարեկան ամփոփ հաշվետվությունը:
89. Առաջնահերթ ՊՄԸ տարեկան ժողովի նիստից առաջ կազմակերպվում է տարեկան ռազմավարական քննարկում Հանձնաժողովի կողմից, որին մասնակցում են նաև ՊՄԸ-ի խորհուրդը և գործադիր մարմնի ղեկավարը։ Քննարկմանը ներկայացվում է ընկերության կատարողական հաշվետվությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը, ներքին աուդիտորի հաշվետվությունը և կորպորատիվ կառավարման հայտարարագիրը՝ համաձայն 2024 թվականի հուլիսի 30-ի Էկոնոմիկայի նախարարի թիվ 1955-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքի։ Օրակարգը պետք է ընդգրկի՝
1) Կատարողականի համադրությունը հայտարարագրին, գործարար ծրագրին և ներդրումային ծրագրին․
2) Ոլորտային ռազմավարական փաստաթղթերի առաջնահերթությունների նկատմամբ վերանայման անհրաժեշտությունը և ռեսուրսների բաշխման առաջնահերթությունները․
3) Մակրոֆիսկալ շրջանակի փոփոխությունը և դրա ազդեցությունը ընկերության գործարար ծրագրի վրա․
4) Գործադիր մարմնի կատարողականի գնահատումը․
5) ՊՄԸ-ի խորհրդի աշխատանքի գնահատումը, կորպորատիվ կառավարման բարելավման ծրագրի արդյունքների ամփոփումը։
90. Հանրային քաղաքականության նպատակ հետապնդող ՊՄԸ-ների ֆինանսական գործառնություններն իրականացվում են պետական գանձապետարանի միջոցով։ Գանձապետարանի միջոցով կհաշվառվեն նաև այն առևտրային ՊՄԸ-ների ֆինանսական գործառնությունները, որոնք ենթակա կլինեն հաշվառման՝ համաձայն Ֆինանսների նախարարության կողմից սահմանված բանաձևի։
91. Առաջնահերթ ՊՄԸ-ները պետք է ունենան ներքին աուդիտոր (ներքին աուդիտի ծառայություն), որի իրավասությունները պետք է հնարավորություն տան արդյունավետորեն և ամբողջությամբ վերահսկելու ընկերության գործունեությունը և երաշխավորելու ՊՄԸ-ի խորհրդին ու գործադիր մարմնին, որ ընկերության ներքին հսկողության և ռիսկերի կառավարման, կորպորատիվ կառավարման համակարգերն ու ընթացակարգերը գործում են արդյունավետ՝ ապահովելով ընկերության երկարաժամկետ կայունությունը:
92. Ներքին աուդիտորը (ներքին աուդիտի ծառայությունը) պետք է անկախ լինի գործադիր մարմնից:
93. Ֆինանսական վերահսկողությունը պետք է ընդգրկի կատարողականի և ռազմավարության իրագործման գնահատումը։ ՊՄԸ նկատմամբ կիրառելի արտաքին աուդիտի և թափանցիկության պահանջները պետք է լինեն ոչ պակաս, քան հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություններինը (ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի)։
94. Առաջնահերթ ՊՄԸ-ի ինտերնետային կայքում պետք է հրապարակվեն՝ 
1) Ընկերության՝ ՖՀՄՍ-ին համապատասխան կազմված և հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը, ինչպես նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը․
2) Ընկերության սեփականության հիմնավորման հայտարարագիրը և դրա կատարման վերաբերյալ ՊՄԸ-ի խորհրդի կողմից հաստատված տարեկան հաշվետվությունը․
3) տեղեկատվություն, թե ինչպես է Ընկերության կատարողականը նպաստել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ոլորտային և միջոլորտային (առկայության դեպքում) ռազմավարական նպատակներին հասնելուն.
4) Կորպորատիվ կառավարման պրակտիկայի վերաբերյալ տեղեկատվություն, որը պետք է բովանդակի, սակայն չսահմանափակվի հետևյալ տեղեկատվությամբ՝
   ա․Ընկերության կանոնադրությունը,
   բ․ Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը,
   գ․ Ընկերության վարքականոնները և կորպորատիվ այլ քաղաքականությունները,
   դ․ ՊՄԸ-ի խորհրդի անդամների կենսագրությունը (տարիք, կրթություն, փորձառություն, ներկա աշխատատեղ, այլ խորհուրդներում ներգրավվածություն, որակավորումներ, պարգևներ և այլն), կարգավիճակը (գործադիր, ոչ գործադիր, անկախ), հանձնաժողովներում ներգրավվածությունը և պարտականությունների շրջանակը խորհրդում,
   ե․ գործադիր մարմնի ղեկավարի (անդամների) կենսագրությունը,
   զ․ ներքին աուդիտորի հակիրճ կենսագրությունը,
   է․ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը,
   ը․ նախորդ երեք տարիների տարեկան հաշվետվությունները, այդ թվում` կորպորատիվ կառավարման տարեկան զեկույցն ու կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիրը՝ համաձայն 2024 թվականի հուլիսի 30-ի Էկոնոմիկայի նախարարի թիվ 1955-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքի․,
   թ․ ընդհանուր ժողովների հրավիրման մասին հայտարարությունները,
   ժ․Կազմակերպության ներքին իրավական ակտերով նախատեսված այլ տեղեկատվություն․
6) Շահագրգռվածության առկայությամբ և փոխկապակցված անձանց հետ գործարքների և դրանցով փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ՝ պահպանելով օրենքով պահպանվող գաղտնիքի և տեղեկությունների բացահայտման նկատմամբ սահմանված պահանջները․
7) խոշոր և խոշոր գործարք չհանդիսացող այլ էական գործարքների վերաբերյալ տեղեկություններ՝ պահպանելով օրենքով պահպանվող գաղտնիքի և տեղեկությունների բացահայտման նկատմամբ սահմանված պահանջները։
95. Նախորդ կետը չի տարածվում ազգային անվտանգության բնագավառում գործող ընկերությունների վրա։
96. ՊՄԸ-ները տարեկան կտրվածքով պետք է հաշվետու լինեն իրենց կատարողականի՝ հանրային քաղաքականության նպատակների և/կամ առևտրային նպատակների վերաբերյալ Բաժնետերերի ընդհանուր ժողովին:
97. Հաշվետվության հիման վրա Հանձնաժողովի կողմից պետք է գնահատվի ընկերության աշխատանքը և անհրաժեշտության դեպքում վերանայվեն հաջորդ տարվա նպատակները:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի ___________ __

N _-Ն որոշման

 

ՊՄԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Գործողություն

Պատասխանատու մարմին/համակատարողներ

Ժամկետ

1

«Պետական գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Քաղաքականության ընդունման արդյունքում հարակից իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների մշակում՝ սույն քաղաքականության դրույթներն արտացոլելու նպատակով 

Համակարգող մարմին/Ոլորտային մարմիններ/Ֆինանսների նախարարություն

2026, 4-րդ եռամսյակ

 

 

2

Ըստ անհրաժեշտության Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության փոփոխությունների նախաձեռնում՝  Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունների հստակեցման նպատակով

Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողով (համաձայնությամբ)

2026, 4-րդ եռամսյակ

3

Սույն Քաղաքականության շրջանակներում ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվների ցանկի սահմանում

Համակարգող մարմին/ Ոլորտային մարմիններ, Ֆինանսների նախարարություն

2026, 4-րդ եռամսյակ

4

Ռազմավարական ակտիվների պահպանման համար ծախսերի հաշվարկման մեթոդաբանությունը և կիրառման կարգի հաստատում

Ֆինանսների նախարարություն

2027, 1-ին եռամսյակ

5

Ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվների պահպանման համար սահմանված վճարների ռեեստրի հիմնում և վարման կարգի հաստատում

Ֆինանսների նախարարություն

2027, 1-ին եռամսյակ

6

Հանրային ծառայությունների պարտավորությունների նույնականացման և գնահատման մեթոդաբանության և կարգի հաստատում

Ֆինանսների նախարարություն

2027, 2-րդ եռամսյակ

7

Ֆիսկալ ազդեցությունների գնահատման, քվազիֆիսկալ գործողությունների նույնականացման, հաշվարկման և հատուցման մեթոդաբանության հաստատում

Ֆինանսների նախարարություն

2027, 2-րդ եռամսյակ

8

Պետական սեփականության նպատակների համապատասխանության գնահատման մեթոդաբանության սահմանում

Ֆինանսների նախարարություն/ Համակարգող մարմին, Ոլորտային մարմիններ

2027, 1-ին եռամսյակ

9

Պետական սեփականության նպատակների համապատասխանության գնահատման մեթոդաբանության հիման վրա սեփականության հիմնավորման հայտարարագրի լրացման, այդ թվում՝ նպատակների և թիրախների սահմանման, կատարողականի, հաշվետվությունների և գնահատման ուղեցույցների հաստատում

Համակարգող մարմին/ Ոլորտային մարմիններ/Ֆինանսների նախարարություն

2027, 2-րդ եռամսյակ

10

Պետական մասնակցությամբ ընկերությունների ֆինանսական ցուցանիշների վերլուծություն,  դասակարգում, քաղաքականության ներդրման ժամանակացույցի մշակում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը

Համակարգող մարմին / Ֆինանսների նախարարություն, Ոլորտային մարմիններ

2027, 4-րդ եռամսյակ

11

Ֆինանսական և ոչ ֆինանսական կատարողականի չափորոշիչների, մշտադիտարկման և հաշվետվողականության պահանջների սահմանում

Ֆինանսների նախարարություն/Ոլորտային մարմին/Համակարգող մարմին

2027, 1-ին եռամսյակ

12

Շահութաբերության մակարդակի հաշվարկման մեթոդաբանության սահմանում

Ֆինանսների նախարարություն

2027, 1-ին եռամսյակ

13

Շահութաբերության մակարդակի հաշվարկման մեթոդաբանության սահմանում

Ֆինանսների նախարարություն

2027, 1-ին եռամսյակ

14

Ֆինանսական արդյունավետության թիրախների և ռիսկերի հանդուրժողականության սահամանման գործընթացի ուղեցույցների հաստատում 

Ֆինանսների նախարարություն

2027, 1-ին եռամսյակ

15

ՊՄԸ զարգացման գործարար ծրագրի օրինակելի ձևի, դրա հաշվետվողականության մշտադիտարկման և պահանջների սահմանում

Համակարգող մարմին/

2026, 4-րդ եռամսյակ

16

ՊՄԸ-ի խորհրդի անդամներին ընտրության, վարձատրության չափանիշների և ընթացակարգի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության Կառավարություն հաստատմանը

Համակարգող մարմին

2027, 1-ին եռամսյակ

17

ՊՄԸ-ի խորհրդի անդամների մասնագիտական գիտելիքների, փորձառության չափանիշների և գնահատման կարգի սահմանում

Համակարգող մարմին, Էկոնոմիկայի նախարարություն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

2027, 1-ին եռամսյակ

18

Առաջնահերթ ՊՄԸ-ների խորհրդի գործունեության գնահատման կարգի և մեթոդաբանության հաստատում

Համակարգող մարմին

2027, 1-ին եռամսյակ

19

ՊՄԸ նկատմամբ Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառելիության և իրականացման վերահսկողության սահմանում

Համակարգող մարմին/ Էկոնոմիկայի նախարարություն

2026, 4-րդ եռամսյակ

20

Արտաքին աուդիտի ընտրության ընթացակարգի, ստանդարտացված որակավորման պահանջների և տեխնիկական առաջադրանքի ուղեցույցների հաստատում

Ֆինանսների նախարարություն

2027, 2-րդ եռամսյակ

21

Պետական գանձապետարանի միջոցով ֆինանսական գործառնությունների հաշվառման ենթակա առևտրային ՊՄԸ-ների ընտրության մեթոդաբանության սահմանում

Ֆինանսների նախարարություն

2027, 2-րդ եռամսյակ

22

Բացառապես առևտրային նպատակներ ունեցող և քաղաքականության նպատակներին չհամապատասխանող ՊՄԸ-ների ելքի մոտեցումների և ժամանակացույցի հաստատում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից

Համակարգող մարմին

2027, 1-ին եռամսյակ

23

Առաջնահերթ ՊՄԸ-ների ցանկից 1 ՊՄԸ ընտրություն և սեփականության հիմնավորման հայտարարագրի մշակման ծրագրավորվող ժամանակացույցի հաստատում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից

Համակարգող մարմին/ Ֆինանսների նախարարություն

2027, 3-րդ եռամսյակ

24

Առաջնահերթ ՊՄԸ-ի Հանձնաժողովի կազմի հաստատում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից

Համակարգող մարմին/ Ֆինանսների նախարարություն

2027, 4-րդ եռամսյակ

25

Սույն Քաղաքականության ամբողջ կարգավորումների կիրառմամբ 1 ընտրված ՊՄԸ-ի մասով պիլոտային ծրագրի իրականացում և արդյունքների ամփոփում

Ֆինանսների նախարարություն/ Համակարգող մարմին/Ոլորտային մարմին

2028, 4-րդ եռամսյակ

 

  • Քննարկվել է

    10.10.2025 - 25.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական, Պետական գույքի կառավարում, Հանրային կառավարում

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 852

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: