Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ) մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 2-րդ կետի 2.4-ին ենթակետի, որի համաձայն պետք է մշակվեն աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրմանն ուղղված իրավական հիմքերը։ Նշված միջոցառումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի դրույթներից, որի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է ներդնել աշխատանքային վեճերի լուծման արտադատական արդյունավետ համակարգ, որը կբարձրացնի նաև սոցիալական գործընկերների դերակատարումը։

Հայաստանի Հանրապետությունում անհատական աշխատանքային վեճերը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) համաձայն, ենթակա են քննության դատական կարգով։ Սահմանված է նաև, որ.

  • աշխատանքային վեճերով կարող է իրականացվել նաև հաշտարարություն՝ «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված կարգով:
  • աշխատանքային վեճերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի պահանջներին համապատասխան, կարող են հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը, եթե աշխատողի և գործատուի միջև կնքվել է համաձայնություն, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված է վեճն արբիտրաժին հանձնելու հնարավորություն։

Գործող կարգավորումների համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Առանձին աշխատանքային վեճերով վարույթը» վերտառությամբ 24-րդ գլուխը սահմանում է այս վարույթի կարգով քննվող գործերի շրջանակը, դրանց քննության, այդ թվում՝ առանձին գործողությունների կատարման ժամկետները, նախատեսում է դատարանի ակտիվ դերակատարության դրսևորումները, ապացուցման բեռի բաշխման հատուկ կանոնները, ինչպես նաև վճիռ կայացնելիս քննարկման ենթակա հարցերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վկայակոչված գլխի համաձայն (մասնավորապես 210-րդ հոդված)՝ աշխատանքային վեճերի որոշ տեսակներ դատարանը քննում և լուծում է հատուկ հայցային վարույթի կարգով։ Այդ խմբի աշխատանքային վեճերն են աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վկայակոչված հոդվածով սահմանված է նաև, որ աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Միաժամանակ, հաշվարկված և չվճարված աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումներ բռնագանձելու վերաբերյալ պահանջի դեպքում՝ առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդված), որի պարագայում եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից 15 օրյա ժամկետում:

Ըստ էության, օրենսդիրն ընտրել է աշխատողի իրավունքների վրա առավել լուրջ ազդեցություն ունեցող և ապացուցողական գործընթացի տեսանկյունից միասնական տրամաբանություն ունեցող գործերը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վկայակոչված կարգավորումներից բխում է, որ աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վեճերը ենթակա են քննության դատական կարգով մյուս քաղաքացիական գործերի քննության և լուծման ընդհանուր կանոններով: Բացի այդ, հարկ է նկատել նաև, որ առանձին աշխատանքային վեճերի (հաշվարկված և չվճարված աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումներ բռնագանձելու վերաբերյալ պահանջի) մասով էլ, թեև սահմանվում է, որ կարող է իրականացվել արագացված դատաքննություն, սակայն արագացված դատաքննություն կիրառելու որոշում ընդունելը թողնված է առաջին ատյանի դատարանին։

Հարկ է նշել նաև, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, իսկ վերջինիս որոշումն այնուհետև՝ ՀՀ վճռաբեկ դատարանում։ Նշված կարգով բողոքարկումների դեպքում աշխատանքային վեճի քննությունը կարող է ձգվել նույնիսկ տարիներ։ Ընդ որում, հայցվորները դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով կամ խեղման կամ առողջությանը պատճառված այլ վնասի, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով («Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետեր)։

Հարկ է նկատել, որ տուրքի վճարումից ազատվում են միայն հայցվորները, այսինքն՝ աշխատանքային վեճի մյուս կողմի (պատասխանողի) համար սահմանված են որոշակի դատական ծախսեր։ Թեև դատական գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները ներառվում են դատական ծախսերի մեջ և յուրաքանչյուր գործի արդյունքներով դատարանն է որոշում դատական ծախսերի հարցը, սակայն մինչդատական գործընթացներում՝ աշխատանքային վեճերով դատարան դիմելու համար համապատասխան փաստաթղթերը նախապատրաստելու նպատակով քաղաքացիները հաճախ ստիպված են լինում օգտվել նաև փաստաբանական աջակցությունից՝ այդ մասով ևս կատարելով բավականին ծախսեր, որոնք կախված դատական գործի ելքից կարող են և չփոխհատուցվել։ Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Այսպիսով, դատական կարգով աշխատանքային վեճերի քննությունը կողմերից պահանջում է բավականին տևական ժամանակ (անկախ որոշակի հիմքերով հայցերի դեպքում՝ արագացված (որոշման կայացումից հետո 15-օրյա ժամանակահատվածում) կամ հատուկ հայցային վարույթի կարգով (3 ամսվա ընթացքում) վեճը քննելու հնարավորությունից) և վարչարարություն, ինչպես նաև որոշակի ֆինանսական ռեսուրսների առկայություն (օրինակ, փաստաբանական ծախսեր)։

***

Մյուս կողմից, Հայաստանում թեև կա և´ հաշտարարություն, և´ արբիտրաժ, սակայն դրանցից ոչ մեկն էլ գործնականում լավ զարգացած չէ, հատկապես՝ աշխատանքային վեճերի առումով։

Գործնականում արբիտրաժը հազվադեպ է կիրառվում (գրեթե երբեք չի կիրառվում աշխատանքային վեճերում), և գոյություն ունեցող արբիտրաժային հաստատությունները լավ զարգացած չեն (բացառությամբ այն արբիտրաժային հաստատությունների, որոնք գլխավորապես զբաղվում են ֆինանսական հաստատություններից ստացված կոլեկտիվ հայցերով)։ Ընդ որում, առկա են որոշակի խնդիրներ՝ կապված վճռի կատարման հետ (ընթացակարգային կարգավորումների և դատական պրակտիկայի առումով)։

Մասնավորապես, գոյություն ունեցող արբիտրաժային համակարգը ներդրվել է 2006 թվականին, երբ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքն ընդունվեց։ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքը հիմնված է Միջազգային առևտրային արբիտրաժի մասին տիպային օրենքի վրա, և համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունը համարվում է Միջազգային առևտրային արբիտրաժի մասին տիպային օրենքի երկիր[1]։ Հայաստանի Հանրապետությունը «Արտասահմանյան արբիտրաժային վճիռների ճանաչման և կիրառման մասին» Նյու Յորքի 1958 թվականի կոնվենցիայի (Նյու Յորքի կոնվենցիա) անդամ է 1998 թվականից։

Ներկայում «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքը և ընդհանուր օրենսդրական շրջանակը մեծապես համապատասխանեցվել են այս երկու միջազգային փաստաթղթերի պահանջներին։

Այդուհանդերձ, չնայած օրենսդրական կարգավորումներին՝ արբիտրաժը բավարար չափով զարգացած չէ Հայաստանում, և վեճերը հազվադեպ են հանձնվում արբիտրաժային քննության. արբիտրաժային գործերի թիվը Հայաստանում շատ ցածր է։

Հաշտարարության հետ կապված ևս առկա են և´ իրավակարգավորումների, և´ գործնական խնդիրներ (այն ավելի թույլ է զարգացած, քան արբիտրաժային տարբերակով վեճերի լուծումը)։

Հաշտարարության համակարգն առաջին անգամ Հայաստանում ներդրվել է 2015 թվականին, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ընդգրկվեցին հավաստագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարության վերաբերյալ իրավակարգավորումներ։ Հաշտարարությանն առնչվող հարաբերություններն ավելի մանրամասն կարգավորվեցին, երբ 2018 թվականին ընդունվեց «Հաշտարարության մասին» օրենքը, որով սահմանված է, որ հաշտարարները պետք է անցնեն հատուկ որակավորման գործընթացով։

Ըստ հայաստանյան օրենսդրության՝ քաղաքացիական վեճերի դեպքում (որոնք ներառում են գրեթե բոլոր աշխատանքային վեճերը, բացառությամբ հանրային իրավահարաբերություններից ծագող աշխատանքային վեճերի, որոնք քննվում են որպես վարչական վեճեր) դատարանը պետք է ստուգի, թե արդյոք կողմերը պատրաստակամ են կարգավորելու վեճը հաշտարարության միջոցով, մասնավորապես հարցնի գործին մասնակցող անձանց չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը (Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ)։ Ընդ որում, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մեկ անգամ կարող է նշանակել մինչև 4 ժամ անվճար հաշտարարություն: Հաշտարարություն կարող է նշանակվել ինչպես ամբողջ դատական վեճով, այնպես էլ ինքնուրույն պահանջի մասով, եթե այդ մասի առանձին լուծումը հնարավոր է հաշտարարության միջոցով (Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր)։ Նման հաշտարարությունն իրականացվում է անվճար՝ որակավորված հաշտարարների կողմից։

Նշենք, որ հիմնական խնդիրները վերաբերում են հաշտարարների նշանակմանը, հաշտարարների քանակին, վերապատրաստմանը և լիցենզավորմանը (որակավորմանը)։

***

Հարկ է անդրադառնալ նաև ոլորտում լիազորված տեսչական մարմնի (ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (այսուհետև՝ Տեսչական մարմին)) դերակատարությանը աշխատանքային վեճերի լուծման հարցում, մասնավորապես.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ Տեսչական մարմինն իրականացնում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն։

Տեսչական մարմինն օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ։

Միաժամանակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի կարգավորումների շրջանակներում Տեսչական մարմինը վարչական ակտով իրավունք ունի գործատուին պարտավորեցնելու վերացնել աշխատանքային իրավունքի նորմերի պահանջների խախտումը՝ դրա համար սահմանելով համապատասխան ժամկետ։

Սակայն, ըստ էության, Տեսչական մարմինն աշխատանքային վեճերի լուծման իրավասություն չունի:

***

Վերոգրյալ խնդիրները հաշվի առնելով և կարևորելով աշխատանքային իրավունքների պաշտպանությունն առավել կարճ ժամկետներում և առանց հավելյալ ծախսերի իրականացնելու հարցը, Նախագծով առաջարկվում է աշխատանքային հարաբերությունների կողմերի համար նախատեսել աշխատանքային իրավունքների պաշտպանության այլընտրանքային տարբերակ՝ աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրում՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնող աշխատանքային վեճերի հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) ձևաչափով։

Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է սահմանել՝

  • Դատարանից զատ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում է նաև Հանձնաժողովը, որն իր աշխատանքներն իրականացնում է անվճար հիմունքներով։ Այսինքն, աշխատանքային հարաբերությունների կողմն իր ընտրությամբ իրավունք ունի աշխատանքային վեճի լուծման համար դիմել կա՛մ Հանձնաժողովին, կա՛մ դատարան։ Ընդ որում, սահմանվում է, որ Հանձնաժողովին դիմում ներկայացվելու դեպքում կասեցվում է աշխատանքային վեճերով դատարան դիմելու համար սահմանված ժամկետը և նշված ժամկետի հաշվարկը վերսկսվում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
  • Հանձնաժողովը մշտական է և գործում է Տեսչական մարմնի կազմում:
  • Հանձնաժողովը կազմված է երեք անդամից՝ Հանձնաժողովի նախագահ, արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության և գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ: Այսինքն, Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև սոցիալական գործընկերների ներկայացուցիչները։
  • Հանձնաժողովի անդամների վարձատրության չափը, վճարման կարգը, ինչպես նաև ճանապարհածախսի վճարման կարգը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը։
  • Տեսչական մարմինն ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար բնականոն պայմանները: Աշխատանքային վեճերի քննության հետ կապված Հանձնաժողովի ծախսերը կատարվում են տեսչական մարմնի բյուջեից:

«Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում «Հաշտարարության մասին» օրենքից հանվում է աշխատանքային վեճերով հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը։ 

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է, որ ներդրվելու է աշխատանքային վեճերի լուծման արտադատական արդյունավետ համակարգ, որը նաև բարձրացնելու է սոցիալական գործընկերների դերակատարումը։

ՀՀ կառավարության ծրագրի նշված դրույթին համապատասխան էլ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վերաբերող հատվածի 2-րդ նպատակի մեջ նախատեսվել է նաև աշխատանքային վեճերի լուծման ճկուն մեխանիզմների ներդրումը։

4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեից կպահանջվեն հավելյալ ծախսեր, որոնց մասով մոտավոր նախնական հաշվարկները ներկայացվում են ստորև՝

  • Հանձնաժողովի նախագահի աշխատավարձը նախատեսվում է սահմանել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի աշխատավարձին համապատասխան՝ 624.000 (83.200 (պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար հիմք ընդունվող բազային աշխատավարձ)* 7.50 (Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից)) ՀՀ դրամ (տարեկան՝ 7.488.000 ՀՀ դրամ).
  • Հանձնաժողովի քարտուղարի աշխատավարձը՝ ամսական մոտ 300.000 ՀՀ դրամ (տարեկան՝ 3.600.000 ՀՀ դրամ).
  • Հանձնաժողովում սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում աշխատողների և գործատուների շահերը ներկայացնող կառույցներից ներգրավվող ներկայացուցիչների համար նախատեսվում է, որ նիստի յուրաքանչյուր ժամի համար այդ ներկայացուցիչները պետք է վարձատրվեն սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, որի մեջ ներառված չեն աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները։ Մասնավորապես նախատեսվում է, որ հանձնաժողովների նիստերը կգումարվեն ամսական 3 անգամ, իսկ յուրաքանչյուր նիստը կտևի 5 ժամ։ Այսպիսով, յուրաքանչյուր ամիս հանձնաժողովների նիստերին մասնակցող սոցիալական գործընկերների ներկայացուցիչներին վճարման ենթակա գումարը կկազմի (15 (նիստերի ժամերի քանակը)*2(աշխատողների և գործատուների շահերը ներկայացնող կառուցների՝ նիստերին մասնակցող ներկայացուցիչների թիվը))*10.000=300.000 ՀՀ դրամ, իսկ տարեկան՝ 12*300.000=3.600.000։ Հարկերը, նպատակային սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները ներառյալ կկազմի 4.887.996 ՀՀ դրամ։

          Ամփոփելով կստացվի, որ աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի` առաջարկվող մոդելի ներդրման համար ընդհանուր առմամբ կպահանջվի տարեկան մոտ 15.975.996 ՀՀ դրամ։

 5. Ակնկալվող արդյունք

Նախագծերի ընդունման արդյունքում կներդրվեն աշխատանքային վեճերի լուծման նոր՝ արտադատական մեխանիզմներ, որին մասնակից կլինեն նաև գործատուների և աշխատողների շահերը ներկայացնող կառույցների ներկայացուցիչները, ինչն էլ իր հերթին կնպաստի սոցիալական գործընկերության ինստիտուտի զարգացմանը։ Ներդրված նոր կարգավորումներն աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտան աշխատանքային վեճերի քննությունն իրականացնել առավել կարճ ժամկետներում, անվճար հիմունքներով, առավել պարզ ընթացակարգերով։

 

[1] Տես՝ https://uncitral.un.org/en/texts/arbitration/modellaw/commercial_arbitration/status ։

  • Քննարկվել է

    10.10.2025 - 27.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3513

Տպել

Առաջարկներ`

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն

22.10.2025

Նախագծով բացառվում է աշխատանքային վեճերի՝ հաշտարարության միջոցով քննությունը։ Ընդ որում, որպես նման լուրջ փոփոխության հիմնավորում, նշվում է, որ «Հայաստանում թեև կա և´ հաշտարարություն, և´ արբիտրաժ, սակայն դրանցից ոչ մեկն էլ գործնականում լավ զարգացած չէ, հատկապես՝ աշխատանքային վեճերի առումով»։ Արբիտրաժի կամ հաշտարարության դեռևս զարգացած չլինելու հիմնավորումը չի կարող հիմք հանդիսանալ այդ գործիքներից հրաժարվելու համար, այլ, պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն վեճերի լուծման հենց այդ եղանակները զարգացնելու ուղղությամբ։

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն

22.10.2025

Հիմնավորման մեջ առկա է հետևյալ պնդումը. «Հաշտարարության հետ կապված ևս առկա են և´ իրավակարգավորումների, և´ գործնական խնդիրներ (այն ավելի թույլ է զարգացած, քան արբիտրաժային տարբերակով վեճերի լուծումը)»։ Նշված է նաև, որ հաշտարարության հիմնական խնդիրները վերաբերում են հաշտարարների նշանակմանը, հաշտարարների քանակին, վերապատրաստմանը և լիցենզավորմանը։ Այդուհանդերձ, նշված խնդիրներից որևէ մեկը բացահայտված և մանրամասնեցված չէ Նախագծի հիմնավորումներում։ Ավելին, ստացվում է, որ հաշտարարության ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումները անտեսվում են։ Հարց է ծագում, եթե հաշտարարության հետ կապված այդքան շատ են խնդիրները, ինչու է օրենսդիրը հաշտարարությունը դարձրել պարտադիր ընտանեկան որոշ վեճերի քննության համար։

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն

22.10.2025

Նախագծի համաձայն՝ «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատանքային վեճերի հանձնաժողովը կամ դատարանը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:»։ Այսինքն, Նախագիծը աշխատանքային վեճերի քննության միայն երկու կարգ է ամրագրում՝ լիովին բացառելով արբիտրաժի և հաշտարարության կիրառությունը։ Հիմնավորման երկրորդ բաժնում որոշ պնդումներ կան արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ։ Նախ, հիմնավորման մեջ նշված է, որ արբիտրաժը հազվադեպ է կիրառվում և գրեթե չի կիրառվում աշխատանքային վեճերում և գոյություն ունեցող արբիտրաժային հաստատությունները լավ զարգացած չեն։ Նախագծի հեղինակները նախ անտեսում են այն պարզ հանգամանքը, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, անկախ արբիտրաժային համաձայնության առկայությունից, աշխատողը միշտ կարող է դիմել դատարան, ինչն էլ ստեղծել է արբիտրաժի՝ աշխատանքային վեճերով կիրառման խոչընդոտներ։ Ինչ վերաբերում է Նախագծի այն հիմնավորմանը, որ ՀՀ-ում գոյություն ունեցող արբիտրաժային հաստատությունները լավ զարգացած չեն, ապա, հարկ է նշել, որ նման պնդումը չի համապատասխանում իրականությանը և անտեսում է այն հսկայական աշխատանքը, որ վերջին տարիներին իրականացվել է արբիտրաժային հաստատությունների զարգացման ուղղությամբ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: