ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » 2025 թվականի N - Ն
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել բնակչության հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« »-----------------------2025թ.
ք․ Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025թ ________-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
- Սույն կարգը սահմանում է բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտ հանդիսացող անձանց, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի բնակվող քաղաքացիների հաշվառման հետ կապված հարաբերությունները։
- Բնակչության հաշվառումն իրականացվում է՝ ապահովելով տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունը, արդիականությունը և անհատական տվյալների պաշտպանությունը։
- Բնակչության հաշվառումն իրականացնում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական լիազոր մարմինը։
- Անձը կարող է հաշվառվել միայն մեկ հիմնական հասցեում։ Հիմնական հասցեն այն վայրն է, որտեղ անձն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր։
- Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է այդ մասին նշել տեղեկատվական մուտքի հարթակում:
- Անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից:
- Հիմնական հասցեն հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելու և ընտրողների ցուցակը կազմելու համար:
- Հաշվառման ենթակա տվյալները ներառում են՝
1) անձի նույնականացման տվյալները (անուն, ազգանուն, հանրային ծառայությունների համարանիշ, ծննդյան ամսաթիվ)․
2) բնակության վերաբերյալ տվյալները (հիմնական և ոչ հիմնական հասցեները)․
3) էլեկտրոնային փոստի հասցեն՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում։
- Անձը իր տվյալները մուտքագրում է տեղեկատվական մուտքի հարթակ՝ իր սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան մարմնի միջնորդությամբ։
- Հիմնական հասցեի մուտքագրումը պարտադիր է և ենթակա է վավերացման՝ ըստ տվյալների ֆորմալ և բովանդակային ճշգրտության։
- Հիմնական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել այդ մասին հարթակի միջոցով։
- Անձը կարող է ցանկացած ժամանակ փոխել իր ոչ հիմնական հասցեն՝ հարթակի միջոցով։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող անձը հաշվառվում է իր օտարերկրյա մշտական բնակության վայրի հասցեով։
- Հայաստանի Հանրապետությունից դուրս 183 օրից ավելի բնակվող և հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին տվյալները դիվանագիտական ծառայության մարմինները մուտքագրում են բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կանոնակարգով սահմանված կարգով։
- Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական լիազոր մարմինը պարբերաբար կատարում է տվյալների համապատասխանության վերահսկում՝
1) ժամանակավոր կացարաններում հաշվառված անձանց տվյալների վերլուծություն․
2) կրկնվող, սխալ կամ թերի հասցեների ճշգրտում․
3) ծանուցումներ անձին՝ ուղղումների նպատակով։
- Բնակչության հաշվառման տվյալները կարող են օգտագործվել միայն օրենքով նախատեսված նպատակներով և տրամադրվում են միայն իրավասու մարմիններին։
- Տվյալների սուբյեկտը (անձը) տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով կարող է մուտք գործել իր տվյալներին, տեսնել գրանցված հասցեները և փոփոխությունների պատմությունը։
- Եթե անձը չի կատարում հաշվառման պարտականությունը, ապա միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական լիազոր մարմինը վերջինիս ծանուցում է բնակության հասցեն գրանցելու պարտականության մասին։
- Եթե անձը չունի մշտական բնակության վայր և միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական լիազոր մարմինի կողմից ծանուցվելուց հետո 7 օրյա ժամկետում տեղեկատվական մուտքի հարթակում չի գրանցում իր հիմնական հասցեն, ապա տվյալ անձի հանրային ծառայությունների համարանիշին բնակչության պետական ռեգիստրում տրվում է պասիվ կարգավիճակ։