Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐ ՍՏՈՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

2025 թվականի N -Ն

 

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐ ՍՏՈՑՈՂ  ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ  ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ  ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը

 1. Հաստատել՝

1) Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով ու հատուկ խմբերի ցանկը, համաձայն N 1 հավելվածի.

2) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հրապարակային օֆերտայի պայմանագրի շրջանակում տրամադրվող դեղերի փոխհատուցման  կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Առողջապահության նախարարին՝

1) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1–ը ապահովել փոխհատուցվող դեղերի ցանկի հրապարակումը՝ ըստ սույն որոշման հավելվածով սահմանված մեթոդաբանությամբ հաշվարկված փոխհատուցման գնի, փոխհատուցման առավելագույն չափի, շահառուի կողմից վճարման ենթակա համավճարի չափի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի դեկտեմբերի 1-ից։

 

 Հայաստանի Հանրապետության վարչապետ  

Ն. Փաշինյան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

------ի N -Ն որոշման

Ց Ա Ն Կ

 ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴԵՂԵՐ ՍՏԱՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ  ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ

 

1․Պետության կողմից երաշխավորված անվճար ու արտոնյալ պայմաններով հրապարակային օֆերտայի շրջանակում դեղեր ստացող բնակչության սոցիալապես անապահով ու հատուկ խմբերն են․

1) հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

2) հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով, ինչպես նաև 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

3) հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով, ինչպես նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

4) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ․

6) մինչև 18 տարեկան երեխաներ.

7) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամներ.

8) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած, այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հավաքագրված և մշակված (բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ նույնականացված)՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձինք.

9) կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.

10) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.

11) բռնադատվածներ․

12) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ․

13) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան անձինք։

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

-----ի N -Ն որոշման 

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հավելվածով կարգավորվում է սույն որոշման N 1 հավելվածում նշված շահառուներին (այսուհետ` շահառու) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող արտահիվանդանոցային պայմաններում բուժման և դրանց շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով դեղերի (այսուհետ՝ փոխհատուցվող դեղեր) փոխհատուցման կարգը:

2. Սույն կարգի համաձայն փոխհատուցման ենթակա են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից հաստատված ցանկում ներառված դեղերը` համաձայն սույն հավելվածի Ձևաչափ 1-ում նշված պարտադիր տվյալների:

3. Փոխհատուցումն իրականացվում է դեղի համընդհանուր անվանման խմբին և այդ խմբում ընդգրկված առևտրային անվանումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում «Դեղերի մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված դեղերի համար դեղի հենակետային գինը, փոխհատուցման գինը և փոխհատուցման առավելագույն չափը սույն կարգով սահմանված մեթոդաբանության հիման վրա հաշվարկելու միջոցով։

4. Փոխհատուցվող դեղերի փոխհատուցման գինը և փոխհատուցման առավելագույն չափը հաշվարկվում են ինքնաշխատ եղանակով և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է լիազոր մարմնի կայքէջում, դեղատների կողմից շահառուներին ներկայացվող տեղեկատվական բնույթի նյութերում մինչև յուրաքանչյուր հաշվարկին հաջորդող 3–րդ աշխատանքային օրը։

5. Լիազոր մարմինն իրականացնում է փոխհատուցվող դեղերի ցանկում ներառված դեղերի հենակետային գների մշտադիտարկումը, վերլուծությունը, համադրումը՝ սույն հավելվածի Ձևաչափ 4-ով հաստատված երկրների դեղերի շրջանառության մեջ առկա դեղերի գների հետ։

6. Օրացուցային տարվա ընթացքում դեղի հենակետային գինը, փոխհատուցման գինը և փոխհատուցման առավելագույն չափը կարող է վերանայվել առնվազն երկու անգամ։

 

2. ԴԵՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԳՆԻ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

7. Դեղի հենակետային գինը հաշվարկվում է յուրաքանչյուր դեղի համընդհանուր անվանման համապատասխան` համաձայն «Դեղերի մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի, հետևյալ բանաձևով․

 

 

ԴՀԳ-ը՝ դեղի հենակետային գինն է՝ ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ԴՆԳn-ը – ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ներմուծման գինն է,

ԴՆՔn-ը - ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ներմուծման գնին համապատասխան դեղի միավոր քանակն է,

ԴՆՔs-ը - ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում ընդամենը ներմուծման քանակն է,

ՀՏ - դեղի ներմուծման հավաստագիր տալու համար գանձվող պետական տուրքը և ավելացված արժեքի հարկը՝ գործակցի տեսքով։

8. Դեղի փոխհատուցման գինը հաշվարկվում է դեղի հենակետային գնի նկատմամբ հարկային մարմնի կողմից տրամադրված դեղերի մեծածախ իրացման և դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների՝ նախորդ 5 տարիների շահութաբերության միջին չափին համապատասխան գործակցի կիրառմամբ՝ հետևյալ բանաձևով․

 

ԴՀատԳ = ԴՀԳ * ՇԳ, որտեղ՝

 

ԴՀատԳ - դեղի փոխհատուցվող գինն է, ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ԴՀԳ - դեղի հենակետային գինն է, ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ՇԳ – գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով։

9. Տեղական արտադրության դեղերի փոխհատուցման գինը հաշվարկվում է դեղի տեղական արտադրողի կողմից լիազոր մարմնին ներկայացված կամ հայտարարված գործարանային գնի նկատմամբ հարկային մարմնի կողմից տրամադրած դեղերի մեծածախ իրացման և դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների՝ նախորդ 5 տարիների շահութաբերության միջին չափին համապատասխան գործակցի կիրառմամբ՝ հետևյալ բանաձևով․

 

ՏԴՀատԳ = ՏԴԳԳ * ՇԳ, որտեղ՝

 

ՏԴՀատԳ – Տեղական արտադրության դեղի հատուցվող գինն է ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ՏԴԳԳ – Տեղական արտադրության դեղի լիազոր մարմնին ներկայացված գործարանային գինն է ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ՇԳ – գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով։

10. Դեղի փոխհատուցման առավելագույն չափը հաշվարկվում է դեղի համընդհանուր անվանման, դեղաձևի և դեղաչափի համար՝ «Դեղերի մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված դեղերի հենակետային գների և ներմուծման ծավալների միջին կշռված չափով՝ հետևյալ բանաձևով․

 

 

ԴՀԱՉ-ը՝ դեղի փոխհատուցման առավելագույն չափն է ըստ համընդհանուր անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ԴՀԳn-ը՝ տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի հենակետային գներն են՝ ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ԴՍՔn-ը` տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի նախորդ 12 ամիսների ընթացքում սպառման քանակն է,

ԴՍՔs-ը՝ նախորդ 12 ամիսների ընթացքում տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի սպառման ընդհանուր քանակն է,

ՇԳ – գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով։

11. Մեկից ավելի համընդհանուր անվանում ունեցող բաղադրությամբ դեղի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափի հաշվարկումն իրականացվում է սույն կարգի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված կարգով՝ որպես դեղի համընդհանուր անվանում սահմանելով դեղի բաղադրության մեջ առկա բոլոր բաղադրամասերը, իսկ միատեսակ բաղադրամասերից բաղկացած կոմբինացիայի բացակայության դեպքում՝ ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող բաղադրամասը։

 

3. ԴԵՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԳՆԻ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ

 12. Փոխհատուցվող դեղերի ցանկում ամենամեծ գումարային ծավալ ունեցող թվով 50 առևտրային անվանմամբ դեղերի հենակետային գների հաշվարկի համար Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղի ներմուծման (CIP) գինը կարող է համեմատվել սույն հավելվածի Ձևաչափ 4-ում նշված երկրների մեծածախ գնի հետ՝ ըստ փոխհատուցվող դեղերի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի: Որպես համեմատելի գին է ընդունվում երկրների աճման կարգով դասավորված գների ցանկում երրորդ գինը:

13. Հենակետային գնի դրամով արտահայտությունը հաշվարկվում է ներկրման հաշիվ–ապրանքագրերի արտարժութային գինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքին համապատասխան վերահաշվարկելու միջոցով:

14. Բացի Ձևաչափ 4-ում նշված երկրների դեղի գնի հետ համեմատելու գործընթացից, փոխհատուցվող դեղի հենակետային գնի սահմանման ժամանակ կարող է հաշվի առնվել նաև՝

1) դեղի փոխհատուցման առավելագույն չափի հաշվարկում ներառված դեղի՝ հաշվարկման օրվան հաջորդող վեց ամիսների ընթացքում ներմուծման գների այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են բերել փոխհատուցման առավելագույն չափի 10 տոկոսից ավելի փոփոխության.

2) դեղի փոխհատուցման առավելագույն չափի հաշվարկում ներառված դեղի՝ հաշվարկման օրվան հաջորդող վեց ամիսների ընթացքում դեղի ներմուծման ժամանակ օգտագործվող հիմնական արտարժույթների փոխարժեքի այնպիսի փոփոխությունը, որը կարող է բերել փոխհատուցման առավելագույն չափի 10 տոկոսից ավելի փոփոխության.

3) շուկայում առկա համընդհանուր անվանմամբ դեղի սահմանափակ հասանելիության պարագայում, երբ այլ փոխարինող դեղերի գների տատանումների արդյունքում փոխհատուցման առավելագույն չափի տարբերությունը կազմում է 10 տոկոսից ավելի

4) ներմուծման լոգիստիկ ծախսերի հաշվառման արդյունքում ըստ տրանսպորտային ծախսերի մեծության տարբերությունը՝ կապված արտահանվող երկրից:

15. Այն դեպքում, երբ տվյալ համընդհանուր անվանմանը համապատասխան դեղերի ապահովումն անհնար է, լիազոր մարմինն այդ առևտրային անվանումների մասով կարող է կատարել փոխհատուցման գնի ավելացում մինչև 5 տոկոսի չափով։ Ընդ որում, գործընթացը կարող է կրկնվել այնքան, մինչև առկա լինի տվյալ համընդհանուր անվանմանը համապատասխան առնվազն մեկ դեղ:

 

4. ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

16. Դեղերի հատկացումը շահառուներին իրականացվում է առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշմամբ սահմանված կարգով գրված դեղատոմսի հիման վրա, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում շահառուի ամբուլատոր բժշկական քարտում:

17. Դեղի դուրսգրումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից հաստատված և հրապարակված փոխհատուցվող դեղերի ցանկին համապատասխան:

  5. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

18. Դեղատունը դեղը տրամադրելիս էլեկտրոնային առողջապահական համակարգում մուտքագրում է դեղի տրամադրման վերաբերյալ տեղեկությունը, այդ թվում՝ համավճարի չափի մասին:

19. Դեղատան կողմից ներկայացվող տվյալներն առնվազն ներառում են տեղեկություն փաստացի հատկացված դեղերի առևտրային և համընդհանուր անվանումների, դեղաձևի, դեղաչափի, տրամադրված դեղի քանակի, փոխհատուցման գնի և փոխհատուցման առավելագույն չափի, ինչպես նաև փոխհատուցման առավելագույն չափի գերազանցման դեպքում՝ շահառուի կողմից կատարված համավճարի չափի մասին` համաձայն սույն հավելվածի Ձևաչափ 2-ի, ինչպես նաև փոխհատուցվող դեղի՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի տվյալներում էլեկտրոնային առողջապահական համակարգից պարտադիր ներմուծվող փոխհատուցվող դեղի նույնականացման կոդը։

 

6. ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

20. Դեղերի ծախսերի դիմաց փոխհատուցումն իրականացվում է՝

1) դեղատների (դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգում կատարված գործարքներում նշված ծավալների վերաբերյալ լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով կազմված և ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված և էլեկտրոնային դեղատոմսերում առկա փոխհատուցվող դեղի նույնականացման կոդերի համադրման արդյունքում ստացված ամփոփ տվյալների համաձայն.

2) դեղատան կողմից ներկայացված փաստաթղթերի և ստացված ամփոփ տվյալների շեղումների դեպքում, մինչև լիազոր մարմնի կողմից մշտադիտարկման ավարտը, փոխհատուցման է ենթակա համադրման արդյունքում ստացված ամփոփ տվյալների հիման վրա ստացված գումարը։

21. Դեղերի փոխհատուցումն իրականացվում է յուրաքանչյուր դեղի համար հաստատված և տրամադրման պահին գործող փոխհատուցման գնի չափով, սակայն ոչ ավելի, քան տվյալ դեղին համապատասխան համընդհանուր անվանման համար հաշվարկված փոխհատուցման առավելագույն չափը։

22. Սահմանված առավելագույն փոխհատուցման չափը գերազանցող տարբերությունը, որը չի գերազանցում սահմանված առավելագույն փոխհատուցման չափի կրկնակին, վճարում է շահառուն իր կամ այլ միջոցների հաշվին: Սահմանված առավելագույն փոխհատուցման չափի կրկնակին գերազանցող փոխհատուցման գին ունեցող դեղը հանվում է փոխհատուցվող դեղերի ցանկից։

 

7. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԴԵՂԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

23. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման կազմակերպումն իրականացնում է լիազոր մարմինը դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ դեղատներ) հետ սահմանված կարգով կնքված դեղերի հրապարակային օֆերտայի պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) հիման վրա:

24. Պայմանագրի օրինակելի ձևը, պայմանագրին միանալու ակցեպտի ձևը հաստատվում է լիազոր մարմնի կողմից: Պայմանագրի օրինակելի ձևն առնվազն ներառում է դեղատների կողմից ներկայացվող հաշվետվությունների ցանկը, դրանց բովանդակությունը, դրանց ներկայացման ժամկետները, կազմակերպությունների կողմից կատարված և ընդունված աշխատանքների դիմաց ֆինանսավորման պայմանները և ժամկետները, պայմանագրի կատարման պարտավորությունները և պատասխանատվության չափը:

25. Պայմանագիր կարող են կնքել այն դեղատները, որոնք բավարարում են սույն հավելվածի 31-րդ կետով սահմանված հրապարակային օֆերտայի պայմաններին:

26. Հրապարակային օֆերտային միանալու ակցեպտի ձևը պետք է պարունակի համաձայնություն լիազոր մարմնի կողմից հրապարակված հրապարակային օֆերտայի պայմաններն ամբողջությամբ և անվերապահորեն ընդունելու և ծառայությունները սույն հավելվածի 31-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան մատուցելու մասին:

27. Դեղատան կողմից ներկայացվող ակցեպտը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն մուտքագրվելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում չմերժվելու դեպքում պայմանագիրը համարվում է կնքված և բժշկական կազմակերպության անվանումը ներառվում է լիազոր մարմնի կողմից հաստատվող հրապարակային օֆերտայի պայմանագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ցանկում (այսուհետ՝ ցանկ): Դիմումը մերժվում է լիազոր մարմնի կողմից սահմանված հրապարակային օֆերտայի պայմաններին չբավարարելու հիմքով։

28. Ցանկը, հրապարակային օֆերտայի պայմանագիրը, ըստ առևտրային անվանման սահմանված փոխհատուցվող դեղերի ցանկը և հատուցման առավելագույն չափը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:

29. Կազմակերպությունը ցանկում ներառվում է անժամկետ և կարող է դրանից դուրս գալու դիմում ներկայացնել ցանկում ընդգրկվելուց առնվազն 3 ամիս հետո:

30. Կազմակերպությունը ցանկից դուրս է գալիս դիմումը լիազոր մարմին մուտքագրվելուն հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ լիազոր մարմնի կողմից համապատասխան իրավական ակտում փոփոխություն կատարելու միջոցով։

31. Հրապարակային օֆերտային միանալու պայմաններն են՝

1) դեղատնային գործունեության լիցենզիայի առկայություն.

2) պետության կողմից փոխհատուցվող դեղերի հասանելիության ապահովում շահառուներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի ձևով.

3) դեղատունը պետք է ապահովի՝

ա․ դեղատան տեսանելի վայրում տեղեկատվության հասանելիություն, առ այն, որ տվյալ դեղատան միջոցով տրամադրվում են փոխհատուցվող դեղեր,

բ․ տեսանելի վայրում լիազոր մարմնի կողմից պահանջվող տեղեկատվության հասանելիություն՝ փոխհատուցման կարգի, փոխհատուցման գնի և փոխհատուցման առավելագույն չափի վերաբերյալ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի ձևով (ցուցադրման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է Ձևաչափ 3-ում),

գ․ փոխհատուցվող դեղերի հատկացումը շահառուին 24 ժամից ոչ ուշ՝ միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգով շահառուին նույնականացնելուց անմիջապես հետո:

 

Ձևաչափ 1 

ՑԱՆԿԻ

 

Շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային պայմաններում հիվանդների բուժման և շարունակական հսկողության նպատակով փոխհատուցվող դեղերի

 

Հ/Հ

 

Դեղի առևտրային անվանումը

Դեղի համընդ-հանուր անվանումը

Կոդը

Դեղաձևը

Դեղաչափը

Չափի միավորը

Փոխհա-տուցման գինը

Համավճարի չափը

․․․

 

 

 

 

 

 

 

 

 

Ձևաչափ 2

 

Դեղատան կողմից ներկայացվող տվյալները

Դեղատան անվանումը, գործունեության իրականացման հասցեն, ՀՎՀՀ-ն, ներկայացվող հաշվետվության ժամանակահատվածը, հաշվետվության գեներացման ամսաթիվը

 

Դեղի կոդը

Դեղի համընդ- հանուր անվա- նումը

Դեղի առևտրա-յին անվա-նումը, դեղաձևը, դեղաչափը

Չափի միավորը

Դեղա-տոմսով պա-հանջված քանակը

Տրա-մադրված քանակը

Փոխհա-տուց- ման գինը, դրամ

Ընդա- մենը փոխհա- տուցվող գումարը

Ընդա- մենը համա- վճարը

Փոխհա- տուցվող դեղի հսկիչ-դրա-

մարկղային մեքենայի կտրոնի

համարը

․․․

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդա-

մենը

 

 

 

 

 

 

 

 

 

Ձևաչափ 3

Դեղատան կողմից ցուցադրման ենթակա տեղեկատվությունը

 

Դեղի կոդը

Դեղի համընդհանուր անվանումը

Դեղի առևտրային անվանումը, դեղաձևը, դեղաչափը

Չափի միավորը

Փոխհատուցման գինը, դրամ

Շահառուի կողմից վճարվող համավճարի չափը

․․․

 

 

 

 

 

 

Ձևաչափ 4

 

ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

ՀՀ

Երկրի անվանումը

Իրավասու կազմակերպության անվանումը, տվյալների աղբյուրը

Գրանցված դեղի

արժույթը

Տվյալների թարմացման

պարբերականությունը

Կիրառման մանրամասներ

1

Վրաստան

Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական

հարցերի նախարարություն

լարի

Տարեկան երկու անգամ

Բոլոր դեղերի համար

2

Մոլդովա

Մոլդովայի Հանրապետության

առողջապահության նախարարություն

լեյ

Տարեկան երկու անգամ

Բոլոր դեղերի համար

3

Չեխիա

Չեխիայի Հանրապետության դեղերի վերահսկման պետական

ինստիտուտ

չեխական կրոնա

Տարեկան երկու անգամ

Բոլոր դեղերի համար

5

Լիտվա

Լիտվայի Հանրապետության

առողջապահության նախարարություն

եվրո

Տարեկան երկու անգամ

Բոլոր դեղերի համար

 

  • Քննարկվել է

    03.10.2025 - 18.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1446

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: