Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի   նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝

  • Հայաստանի Հանրապետությում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործմանն ուղղված ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցմամբ

(ՀՀ վարչապետի մոտ 2017 թվականի փետրվարի 21-ին կայացած ՀՀ Կոտայքի մարզի ներդրումային ծրագրերի քննարկման N 24.10/[394587]-17 արձանագրության 8-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարական) և

  • մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ, մասնավորապես՝ աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու մեկնարկային գինը վերանայելու, աճուրդի կազմակերպման և իրականացման առավել հստակ կարգորոշումներ սահմանելու, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը մշտական օգտագործման տրամադրելու մասով  մարզպետին վերապահված իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունից ելնելով

(2016 թվականի հունիսի 15-ին եվ հունիսի 17-ին ժամը 11:00-ին կայացած` ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի 41.1/[369078]-16 արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարական):

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը
  • «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները.

Օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասում.

  • 1-ին կետում՝ հաշվի առնելով, որ մեծ հզորությամբ արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքների, արոտների և այլ հողատեսքերի փոփոխության դեպքում՝ որպես հողամասերի կադաստրային արժեքների տարբերություն սահմանել՝ 1 մ2 դիմաց 50 ՀՀ դրամի չափ:
  • 3-րդ կետում՝

ա) սահմանված այն դեպքերը, երբ նպատակային նշանակությունը համարվում է փոխված՝ «համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունելուց հետո» փոխարինվել է «պարզեցված կարգով՝ միայն համայնքի ավագանու կողմից որոշում ընդունելուց հետո» համապատասխանեցնելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին՝ «տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում և փոփոխում են հողերի նպատակային և գործառնական նշանակությունը` կառավարության սահմանած կարգով» և 29-րդ հոդվածի 4-րդ մասին՝ «հողերի օգտագործման սխեմաներն օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է համայնքի ավագանին»:

բ) բացակայում են այն դեպքերը, որոնք վերաբերում են էներգետիկայի օբյեկտներին, ուստի 3-րդ կետը լրացվել է «արևային և հողմային էլեկտրակայանների` ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերով պայմանավորված,» բառերով:

ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերով պայմանավորված արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման համար հողօգտագործման վերոգրյալ առանձնահատուկ իրավահարաբերությունները ուղղված են ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացմանն միտված գործընթացներին:

Սույն նախագծով ներկայացվող լրացումները միտված են լրացնելու վերը նշված օրենսդրական բացերը, որոնց սահմանված չլինելը էական բացասական ազդեցություն է ունենում ոլորտը կարգավորող ընթացակարգային մեխանիզմների վրա:

 

  • Օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանվում են պետության սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման եղանակները, մինչդեռ անդրադարձ չի կատարվում համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարմանը, այն դեպքում, երբ մեջբերված հոդվածը վերնագրված է «Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի օտարումը» վերտառությամբ:

Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում հողի կադաստրային արժեքի գնահատում իրականացվել է շուրջ 20 տարի առաջ, հետևաբար գործող պայմաններում ողջամիտ չէ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին սանդղակը դիտարկել համապատասխանաբար 50 և 30 տոկոսները, այդ կապակցությամբ նախագիծը առաջադրել է նշված տոկոսները փոխարինել «80»(կամ 100) և «60» (կամ 80) տոկոսներով:

Միաժամանակ նախագծով որպես բացառություն է սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքների ցանկում ընգրկվածները:

Օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանվում են աճուրդի կազմակերպման և իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:

Վերը նշված հոդվածի 2-րդ մասով սահմանվում են կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա հետևյալ տեղեկությունները՝ սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մեկնարկային գինը, օգտագործման նպատակը, չափերը, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները (գյուղատնտեսական հողամասերի դեպքում` նաև որակական հատկանիշները), ինչպես նաև տվյալ հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը:

Նախագծով առաջարկվում է վերը նշված տեղեկությունների ցանկը ընդլայնել, մասնավորապես՝  լրացնելով նախավճարի և քայլի չափի մասին տեղեկատվությամբ:

Օրենսգրքի 68-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է հետևյալը.                   «Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար` տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:»:

Նախագծով նախատեսվում է այս մասը շարադրել նոր խմբագրությամբ, նախատեսելով, որ  աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք նախավճարը վճարում են տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց տրվում է մասնակցի վկայական», ինչպես նաև աճուրդի մասնակցության վճար, որը տվյալ տարվա համար սահմանում է համայնքի ավագանին՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար:»: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով և սակարկողը կարող է գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:

Աճուրդի մասնակցության վճարի սահմանման էությունը կայանում է նրանում, որ աճուրդը կազմակերպվում է համայնքի աշխատակազմի կողմից, հետևաբար այդ գործընթացը կազմակերպելու համար առաջանում են որոշակի ծախսեր, այդ թվում՝ թղթի, տպիչ կամ պատճենահանող սարքերի կիրառման և այլ վարչարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն, որոնք իրականացվում է համայնքի միջոցների հաշվին:

Վերը նշված ծախսերը փոխհատուցելու անհրաժեշտությունը նկատի ունենալով, Օրենսդիրը «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով որպես տեղական վճարի տեսակ է սահմանել համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար վճարը: Բացի այդ, նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով  սահմանված է նաև աճուրդի մասնակցության տեղական վճարի դրույքաչափը:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի նախագծով առաջարկվող լրացումը, բխում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ գործող օրենքի դրույթներից, ավելին այդ կարգավորումը իրավակիրառ պրակտիկայում գործածվող նորմ է:

Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն աճուրդը անցկացվում է փակ եղանակով, ՀՀ սահմանադրական դատարանի 30.01.2018թ.-ի որոշման մեջ արտահայտված դիրքորոշումները, ըստ որի սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչվեց հիշյալ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև բազմիցս ստացված առաջարկությունները, նախագծով սահմանվել է, որ աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են աճուրդավարը, գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր սահմանված կարգով վճարել են մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը և աճուրդը սկսվելու պահից մեկ ժամ առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից գրանցվել են:

Օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասը՝ նախագծով սահմանվել է ճանաչել ուժը կորցրած, քանի որ Հայաստանի Հանրապետությունում հողային ոլորտի բարեփոխումների արդյունքում  համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողեր այլևս չկան, հետևաբար բացակայում է այդ հողերի մշտական օգտագործման մասով մարզպետին համապատասխան իրավասությամբ օժտելու անհրաժեշտությունը: Նույն բովանդակությամբ և տրամաբանությամբ նախագիծը սահմանել է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, որը վերաբերում է ՀՀ մարզպետների կողմից համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետության սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելուն:

Նախագծով առաջադրվում են փոփոխություններ մրցութային հանձնաժողովների մասով, մասնավորապես նախատեսվում է հանել մարզպետի կողմից մրցութային հանձնաժողով ստեղծելու իրավասությունը, այն թողնելով միայն համայնքի ղեկավարի իրավասությանը, հետևաբար դրանով պայմանավորված նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունը, համաձայն որի, մարզային մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մարզպետարանի համապատասխան մասնագետները և կառավարության լիազորած պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունների և լրացումների ընդունման արդյունքում կապահովվի

  • Հայաստանի Հանրապետությունում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործմանն ուղղված ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցումը, համապատասխան օրենսդրական գործիքակազմի կիրառման հնարավորությամբ:
  • Աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը կբարձրանա, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն հստակ նախավճարը վճարելու, մասնավորապես՝  տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի  մասնակցի վկայական, կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա տեղեկություններում տեղ կգտնեն նաև նախավճարի և քայլի չափի մասին տեղեկությունները:

 

  • Քննարկվել է

    10.04.2018 - 26.04.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2304

Տպել