ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակը անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) շրջանակներում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումն է։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՄԻջոցառումն իրականացվում է ՀՀ Կառավարության 2024 թվականի 12.12.2024թ. N 1990-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված կարգով:
2025 թվականի փետրվարի 3-ից Որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով ընդունվում են քաղաքացիների դիմումները։
Դիմումների մշակման փուլում ի հայտ եկան խնդիրներ։
Մասնավորապես, Պաշտպանության, Ոստիկանության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների դիմումները մերժվում են, քանի որ նրանց վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն և առկա չէ ՊԵԿ կողմից վարվող՝ եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում (այսուհետ՝ անձնավորված հաշվառման համակարգ)։ Խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է նշված մարմինների հետ ապահովել տեղեկատվության փոխանակման ծրագրային ապահովում, իսկ իրավական ակտում կատարել համապատասխան փոփոխություն։
Խնդիրներ ծագեցին նաև այն դեպքերում, երբ դիմողը անհուսալի վարկ ունի 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված վարկային կազմակերպություններում (Վարկս ԷՅ ԷՄ լուծարվող ՈւՎԿ ՓԲԸ, Ֆ.Ի.Կ.Օ լուծարվող վարկային կազմակերպություն ՍՊԸ, «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» լուծարվող ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն): Այս դեպքում խնդրի կարգավորումը նշված կազմակերպություններում միջոցառման շրջանակներում համապատասխան գործողությունների կատարումն ապահովելն է, ինչն արդեն իսկ կատարված է։
Որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ բանկերի հետ կնքվելիք համաձայնագրի նախագծի մշակման շրջանակներում ներկայացվեցին առաջարկներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է Որոշման մեջ նախատեսել համապատասխան դրույթներ՝ նախատեսելով վարկավորող-Միասնական սոցիալական ծառայություն հարաբերությունների լրացուցիչ կարգավորումներ։
Տվյալների փոխանակման գործընթացը հստակեցնելու համար նպատակահարմար է սահմանել փոխանակվող տվյալների (ցուցակների) կազմը։
Անհրաժեշտ է նաև հստակ սահմանել քաղաքացիների դիմումները (աջակցություն տրամադրելը) մերժելու հիմքերը։
Իրավակիրառ պրակտիկայում հարցեր են բարձրացվել այն դեպքում, երբ անձը հղիության և ծննդաբերության արձակուրդում կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու հիմքով 3 ամիս անընդմեջ չի վճարում եկամտային հարկ և դադարում է շահառու լինելուց (աջակցության տրամադրումը դադարեցվում է)։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ ՀԿԱ ծառայություն) առաջարկով վերանայման է ենթակա շահառու ճանաչված, աջակցության տրամադրումը դադարեցված, աջակցության տրամադրումը կասեցված անձանց տվյալները ծառայությանը տրամադրելու պարբերականությունը՝ հաշվի առնելով այդ տվյալների մշակման գործընթացները։
Հարկ է նշել նաև, որ 07.04.2025 թ. դրությամբ որոշմամբ հաստատված միջոցառումից օգտվելու համար ներկայացված դիմումներից շուրջ 3200-ը հաստատվել են, որոնցից 680-ը վերջին 3 ամսում ձեռք են բերել ֆորմալ զբաղվածություն:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է՝
- միջոցառման շրջանակներում վարկավորող ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ լուծարային գործընթացում գտնվող առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին,
- ՀԿԱ ծառայությունը միջոցառման շրջանակում շահառու ճանաչվելու ժամանակահատվածում անձանց անհուսալի վարկերի մասով շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցնել՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման,
- հստակեցնել, որ միջոցառման շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, Ոստիկանության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում,
- սահմանել, որ շահառու ճանաչված, աջակցության տրամադրումը դադարեցված, աջակցության տրամադրումը կասեցված անձանց տվյալները ՀԿԱ ծառայությանը տրամադրվում են յուրաքանչյուր ամսվա 1-ին, 7-ին, 14-ին, 21‑ին և 27-ին (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրը),
- սահմանել շահառուների շտեմարան ներառվող տվյալների բովանդակությունը,
- հստակեցնել դիմումների մերժման հիմքերը,
- սահմանել վճարման ցուցակ ներառվող տվյալների կազմը,
- սահմանել, որ հղիության և ծննդաբերության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը չի ներառվում աջակցության տրամադրումը դադարեցնելու համար Որոշմամբ նախատեսված 3 ամսյա ժամանակահատվածի հաշվարկում,
- կարգավորել վարկավորողներին շահառուների վերաբերյալ տվյալների տրամադրմանն առնչվող հարաբերությունները,
- սահմանել վարկավորողին ավել փոխանցված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելուն առնչվող հարաբերությունները,
- հստակեցնել շահառուներին էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվության տրամադրման դեպքերը և կազմը։
Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել նաև խմբագրական փոփոխություններ։
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունում դեռևս ներդրված չէ թվային տվյալները փոխանակելու ծրագրային գործիք, Նախագծով առաջարկվում է Պաշտպանության նախարարության մասով որոշումն ուժի մեջ մտնի համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովումը շահագործելու օրվանից։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կլուծվեն իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրները:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում նախատեսված է, որ «Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից: Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների ու հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են:»։
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա:
-
Քննարկվել է
30.04.2025 - 15.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1944
Տպել