Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) շրջանակներում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումն է։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՄԻջոցառումն իրականացվում է ՀՀ Կառավարության 2024 թվականի 12.12.2024թ. N 1990-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված կարգով:

2025 թվականի փետրվարի 3-ից Որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով ընդունվում են քաղաքացիների դիմումները։

Դիմումների մշակման փուլում ի հայտ եկան խնդիրներ։

Մասնավորապես, Պաշտպանության, Ոստիկանության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների դիմումները մերժվում են, քանի որ նրանց վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն և առկա չէ ՊԵԿ կողմից վարվող՝ եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում (այսուհետ՝ անձնավորված հաշվառման համակարգ)։ Խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է նշված մարմինների հետ ապահովել տեղեկատվության փոխանակման ծրագրային ապահովում, իսկ իրավական ակտում կատարել համապատասխան փոփոխություն։

Խնդիրներ ծագեցին նաև այն դեպքերում, երբ դիմողը անհուսալի վարկ ունի 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված վարկային կազմակերպություններում (Վարկս ԷՅ ԷՄ լուծարվող ՈւՎԿ  ՓԲԸ, Ֆ.Ի.Կ.Օ լուծարվող վարկային կազմակերպություն ՍՊԸ, ​«ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» լուծարվող ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն): Այս դեպքում խնդրի կարգավորումը նշված կազմակերպություններում միջոցառման  շրջանակներում համապատասխան գործողությունների կատարումն ապահովելն է, ինչն արդեն իսկ կատարված է։

Որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ բանկերի հետ կնքվելիք համաձայնագրի նախագծի մշակման շրջանակներում ներկայացվեցին առաջարկներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է Որոշման մեջ նախատեսել համապատասխան դրույթներ՝ նախատեսելով վարկավորող-Միասնական սոցիալական ծառայություն հարաբերությունների լրացուցիչ կարգավորումներ։

Տվյալների փոխանակման գործընթացը հստակեցնելու համար նպատակահարմար է սահմանել փոխանակվող տվյալների (ցուցակների) կազմը։

Անհրաժեշտ է նաև հստակ սահմանել քաղաքացիների դիմումները (աջակցություն տրամադրելը) մերժելու հիմքերը։

Իրավակիրառ պրակտիկայում հարցեր են բարձրացվել այն դեպքում, երբ անձը հղիության և ծննդաբերության արձակուրդում կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու հիմքով 3 ամիս անընդմեջ չի վճարում եկամտային հարկ և դադարում է շահառու լինելուց (աջակցության տրամադրումը դադարեցվում է)։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ ՀԿԱ ծառայություն) առաջարկով վերանայման է ենթակա շահառու ճանաչված, աջակցության տրամադրումը դադարեցված, աջակցության տրամադրումը կասեցված անձանց տվյալները ծառայությանը տրամադրելու պարբերականությունը՝ հաշվի առնելով այդ տվյալների մշակման գործընթացները։

Հարկ է նշել նաև, որ 07.04.2025 թ. դրությամբ որոշմամբ հաստատված միջոցառումից օգտվելու համար ներկայացված դիմումներից շուրջ 3200-ը հաստատվել են, որոնցից 680-ը վերջին 3 ամսում ձեռք են բերել ֆորմալ զբաղվածություն:                                                                                                            

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

2. Կարգավորման առարկան

 Նախագծով առաջարկվում է՝

  1. միջոցառման շրջանակներում վարկավորող ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ լուծարային գործընթացում գտնվող առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին,
  2. ՀԿԱ ծառայությունը միջոցառման շրջանակում շահառու ճանաչվելու ժամանակահատվածում անձանց անհուսալի վարկերի մասով շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցնել՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման,
  3. հստակեցնել, որ միջոցառման շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, Ոստիկանության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում,
  4. սահմանել, որ շահառու ճանաչված, աջակցության տրամադրումը դադարեցված, աջակցության տրամադրումը կասեցված անձանց տվյալները ՀԿԱ ծառայությանը տրամադրվում են յուրաքանչյուր ամսվա 1-ին, 7-ին, 14-ին, 21‑ին և 27-ին (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրը),
  5. սահմանել շահառուների շտեմարան ներառվող տվյալների բովանդակությունը,
  6. հստակեցնել դիմումների մերժման հիմքերը,
  7. սահմանել վճարման ցուցակ ներառվող տվյալների կազմը,
  8. սահմանել, որ հղիության և ծննդաբերության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը չի ներառվում աջակցության տրամադրումը դադարեցնելու համար Որոշմամբ նախատեսված 3 ամսյա ժամանակահատվածի հաշվարկում,
  9. կարգավորել վարկավորողներին շահառուների վերաբերյալ տվյալների տրամադրմանն առնչվող հարաբերությունները,
  10. սահմանել վարկավորողին ավել փոխանցված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելուն առնչվող հարաբերությունները,
  11. հստակեցնել շահառուներին էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվության տրամադրման դեպքերը և կազմը։

Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել նաև խմբագրական փոփոխություններ։

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունում դեռևս ներդրված չէ թվային տվյալները փոխանակելու ծրագրային գործիք, Նախագծով առաջարկվում է Պաշտպանության նախարարության մասով որոշումն ուժի մեջ մտնի համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովումը շահագործելու օրվանից։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կլուծվեն իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրները:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ 

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում նախատեսված է, որ «Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից: Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների ու հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են:»։

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա:

 

  • Discussed

    30.04.2025 - 15.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1946

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: