ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին ՀՕ-364-Ն օրենքով և ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։
Օրենքի 4-րդ հոդվածը կարգավորում է էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) լիազորությունները:
Էկոպարեկային ծառայողը Օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելու է շուրջօրյա ռեժիմով, որի արդյունքում տիրապետելու է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում առկա կենսաբազմազանության վերաբերյալ տվյալներին, անհրաժեշտություն է առաջացել Ծառայությանը վերապահել բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացներին մասնակցության լիազորություն։
Միաժամանակ, ծառայության արդյունավետ իրականացումն ապահովելու, անհրաժեշտ տեղեկատվությունն օպերատիվ ձեռք բերելու և փոխանակելու համար անհրաժեշտություն է առաջացել տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունն ամրագրել Օրենքով։
Ծառայության տեխնիկական վերազինումը և դրանով պայմանավորված համալրումը մեծապես կախված են միջազգային գործընկերների դոնորական աջակցությունից, և այս համատեքստում ներկայումս քննարկումներ են տեղի ունենում KfW Գերմանիայի զարգացման բանկի հետ «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի մասով, որի շրջանակներում վերջինս առաջարկություն է ներկայացրել կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը ներառել էկոպարեկային ծառայության լիազորություններում։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը ներառել էկոպարեկային ծառայության լիազորություններում։
3․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում Ծառայությանը կվերապահվեն կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության լիազորություններ։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետից (Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության (էկոպարեկային) ծառայության մասին օրենքի նախագիծը Կառավարության հավանությանն արժանանալու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունում)։ Նախագծի ընդունման արդյունքում Ծառայությանը կվերապահվեն կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության լիազորություններ։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ։