Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ) մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 18.11.2021 թ. N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 3.1-ին ենթակետի՝ սոցփաթեթի շահառուների շրջանակի ընդլայնման, ինչպես նաև սոցփաթեթի շահառու կազմակերպությունների անվանափոխության արդյունքում սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկի թարմացումների նպատակով: 

  1. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները

Նախագծով ՀՀ կառավարության 27.12.2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ (այսուհետև՝ Որոշում) սահմանված սոցփաթեթի շահառուների ցանկում՝

  • վերականգնվում է այն հիմնադրամների աշխատողների սոցփաթեթից օգտվելու իրավունքը, որոնք նախկինում հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետև` ՊՈԱԿ) աշխատողներ, եղել են սոցփաթեթի շահառու, սակայն այդ ՊՈԱԿ-ի վերակազմակերպման արդյունքում հիմնադրամներ դառնալուց հետո, այլևս սոցփաթեթի շահառու չեն հանդիսանում,
  • լրացվում են նոր պետական կազմակերպություններ՝ նույն ոլորտում գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների (հանրակրթական ծրագրերով ուսուցանող դպրոցների և վարժարանների) աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ նախատեսելու և սոցիալական արդարության պահպանման նպատակով։
  • որոշ կազմակերպությունների անվանափոխություններով պայմանավորված՝ կատարվում են համապատասխան փոփոխություններ։ Մասնավորապես, կատարվել են հետևյալ փոփոխությունները.

- ՀՀ կառավարության 14.07.2022 թ. N 1072-Ա որոշման համաձայն՝ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը միացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին և դադարել է գործել որպես առանձին կազմակերպություն: Հաջորդիվ՝ ՀՀ կառավարության 02.05.2024 թ. N 618-Ա որոշման համաձայն՝ փոխվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի իրավակազմակերպական ձևը, այն դարձել է հիմնադրամ՝ նոր անվանումով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «ժդ» և «ժե» պարբերություններն ուժը կորցրած են ճանաչվում: Միաժամանակ, շահառու կազմակերպությունների ցանկում լրացվում է «Հայաստանի կինոյի հիմնադրամ» կազմակերպությունը (տե՛ս նաև վերը նշված հիմնավորումը ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերակազմակերպման արդյունքում՝ ցանկից դուրս մնացած կազմակերպությունների մասով)։

-ՀՀ կառավարության 27.04.2023 թ. N 614-Ն որոշմամբ` «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարությունը: Հետևաբար, համապատասխան փոփոխություն է կատարվում Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի «լբ» պարբերության մեջ։

- ՀՀ կառավարության 04.05.2023 թ. N 671-Ա որոշման 1-ին կետի համաձայն՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը վերանվանել «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ: Հետևաբար, համապատասխան փոփոխություն է կատարվում Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի «լգ» պարբերության մեջ։ 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Կրթության, մշակույթի ոլորտում գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ նախատեսելու նպատակով սոցփաթեթի շահառուների շրջանակն առաջարկվում է ընդլայնել 412 շահառուով, որի համար կպահանջվի յուրաքանչյուր տարի շուրջ 29.7 մլն դրամ։ Ստորև ներկայացվում են այն կազմակերպությունները, որոնց աշխատողներին առաջարկվում է ընդգրկել սոցփաթեթի շահառուների ցանկում։ Այդպիսիք են.

  1. հիմնադրամներ, որոնք նախկինում հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ) հանդիսացել են սոցփաթեթի շահառու, սակայն վերակազմակերպվելով հիմնադրամների՝ դուրս են մնացել սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկից։ Մասնավորապես նշված հիմնադրամներ են.
  • Հայաստանի կինոյի հիմնադրամ՝ շուրջ 65 շահառու,
  • «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ՝ շուրջ 75 շահառու։
  1. դպրոցներ և վարժարաններ, որոնց կողմից ևս իրականացվում են հանրակրթական ծրագրեր, ինչպես որ ՊՈԱԿ հանդիսացող և սոցփաթեթի շահառու հանրակրթական դպրոցների կողմից, սակայն նշված դպրոցները և վարժարանները, հանդես գալով համալսարանների կազմում և չունենալով առանձին կազմակերպաիրավական ձև, չեն կարողանում օգտվել սոցփաթեթի իրավունքից։ Այդպիսիք են.
  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային N 57 հիմնական դպրոցը` շուրջ 55 շահառու,
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանը` շուրջ 30 շահառու,
  • Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանը` շուրջ 47 շահառու,
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը՝ շուրջ 35 շահառու,
  • Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ավագ դպրոցը` շուրջ 48 շահառու,
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցը` շուրջ 30 շահառու,
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը` շուրջ 27 շահառու։

Արդյունքում, նշված 1-ին և 2-րդ կետերով լրացումների դեպքում՝ շահառուների ցանկը, ինչպես նշվեց, ընդհանուր առմամբ կընդլայնվի 412 շահառուով, որի համար յուրաքանչյուր տարի կպահանջվի  շուրջ 29.7 մլն դրամ։

Բացի այդ, նշված շահառուների սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչն ապահովելու համար («1207» ծրագրի Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ (11004) միջոցառում) տարեկան կտրվածքով կպահանջվի լրացուցիչ շուրջ 15.4 մլն դրամ: Սույն հաշվարկի համար հիմք է հանդիսանում այն, որ ՀՀ առողջապահության նախարարի 09.02.2024 թ. N 730-Լ հրամանի 3-րդ կետի համաձայն՝  ապահովագրավճարն ըստ յուրաքանչյուր շահառուի կազմում է օրական 102.16 դրամ (ներառյալ կանխարգելիչ բժշկական քննությունը):

***

Հարկ է նաև նկատի ունենալ այն, որ նախագծի ընդունմամբ` 2025 թ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի, քանի որ շուրջ 500 շահառուի գծով 36.0 մլն դրամ լրացուցիչ գումար արդեն իսկ նախատեսված է «Սոցիալական փաթեթների ապահովում» ծրագրի (1015) «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառման (12001)  համար։

Ի սկզբանե նշված 36.0 մլն դրամ գումարը նախատեսված է եղել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով  պետական քաղաքական, պետական վարչական և այլ պաշտոնատար անձանց սոցփաթեթ հատկացնելու համար, սակայն հետագա քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որպեսզի շահառուների շրջանակը ընդլայնվի ոչ թե «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով  պետական քաղաքական, պետական վարչական և այլ պաշտոնատար անձանցով, այլ՝ նախագծով առաջարկվող կրթության, մշակույթի ոլորտի՝ վերը նշված աշխատողներով։

Հարկ է նկատի ունենալ այն, որ նախագծի անցումային՝ 2-րդ կետի  համաձայն՝ նշված նոր շահառուների շրջանակի համար կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2025 թ. հուլիսի 1-ից։

Հետևաբար, նոր շահառուների շրջանակի համար սոցփաթեթի շահառու կազմակերպություններին՝ 1015-12001 միջոցառման գծով 2025 թ. կպահանջվի 6 ամսվա գումար, այսինքն՝ 412 շահառուի գծով 6 ամսվա համար անհրաժեշտ կլինի շուրջ 14.8 մլն դրամ, որը կապահովվի վերը նշված 36.0 մլն գումարի հաշվին։

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությանը՝ 1207-11004 միջոցառման գծով անհրաժեշտ կլինի շուրջ 7.7 մլն դրամ, որը կտրամադրվի վերջինիս՝ կրկին վերը նշված 36.0 մլն դրամից՝ 1015-12001 և 1207-11004 միջոցառումների միջև վերաբաշխում կատարելու արդյունքում։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 18.08.2021 թ. N 1363-Ա որոշման հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսված է ընդլայնել պետական հատվածի աշխատողների սոցիալական երաշխիքները: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է նշված երաշխիքների ընդլայնմանը։

Միաժամանակ, նախագիծը, ինչպես նշվեց, մշակվել է ՀՀ կառավարության 18.11.2021 թ. N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 3.1-ին ենթակետի։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

6. Ակնկալվող արդյունքը

Սոցփաթեթի շահառուների շրջանակի ընդլայնում:

  • Քննարկվել է

    22.04.2025 - 07.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1404

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

30.04.2025

Նախագծի 6-րդ ենթակետում ցանկում առաջարկում ենք ավելացնել - «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն - «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն կազմակերպությունները։ ------------------------------------------------------------------------------- Հիմնավորում --------------------- Վերոնշված ՊՈԱԿ-ների աշխատակիցները շատ դեպքերում նույն աշխատանքն են կատարում, ինչ որ պետական գերատեսչությունների հաստիքներում աշխատող տեխնիկական աշխատակիցները, որոնք օգտվում են սոցիալական փաթեթից։ Բացի գերատեսչություններից, նմանատիպ պետական ոչ առևտրային կազմակերպություններ ևս կան, որոնց աշխատողները օգտվում են սոցիալական փաթեթից։ Կարծում ենք, որ արդարության տեսանկյունից ճիշտ չէ, որ տարբեր պետական կազմակերպություններում աշխատող և միևնույն աշխատանք կատարող աշխատողների մի մասն ունի սոցփաթեթ, իսկ մյուս մասը՝ ոչ։

Նարինե Մարտիրոսյան

24.04.2025

Առաջարկում եմ ,որպեսզի շահառուի անչափահաս երեխան ևս կարողանա օգտվել ծնողի սոցփաթեթի ծառայություններից

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: