«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածում.
1.3-րդ մասում «իրար փոխլրացնող ստաժ» բառերից հետո լրացնել «, կամ իրավավաբանական ոլորտում գործունեության 5 տարվա մասնագիտական ստաժ» բառերով
2. 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Խորհրդի կազմում կարող են ներգրավվել քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, որոնք ունեն հակակոռուպցիոն ոլորտում առնվազն երեք տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո՝ տասնօրյա ժամկետում, հասարակական կազմակերպությունները վարչապետի աշխատակազմ են ներկայացնում Խորհրդում ներգրավվելու վերաբերյալ դիմում: Դիմումում նշվում են առաջարկվող ներկայացուցչի տվյալները և կցվում են հակակոռուպցիոն ոլորտում կազմակերպության և ներկայացուցչի փորձառությունը հավաստող, ինչպես նաև իրականացված ծրագրերի վերաբերյալ փաստաթղթերը: Երկուսից ավելի հասարակական կազմակերպությունների դիմելու դեպքում նախապատվությունը տրվում է հակակոռուպցիոն ոլորտում առավել երկար փորձառություն ունեցող և վերջին երեք տարիների ընթացքում առավել շատ ոլորտային ծրագրեր իրականացրած կազմակերպությանը։ Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն մրցութային խորհրդում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ:»:
3.12-րդ մասի 4-րդ կետում «Հարցարանը» բառից առաջ լրացնել «սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի ա) և բ) ենթակետերով նախատեսված չափանիշների ստուգմանն ուղղված հարցերով»։
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում.
1․ 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Փաստաթղթերը ներկայացվում են առձեռն կամ էլեկտրոնային եղանակով։»
2. 5-րդ մասում «10» թիվը փոխարինել «15» թվով,
3. 6-րդ մասի 1-ին կետում․
1) «երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հինգ օրվա ընթացքում» բառերով,
2) «Սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` մեկօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում:» նախադասությունը փոխարինել «Սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցվում է անհապաղ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ երկօրյա ժամկետում։ Թերությունները կարող են վերացվել ծանուցման պահից 3 օրվա ընթացքում։» նախադասությամբ,
3) «Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ավարտին» բառերը հանել։
4. 6-րդ մասի 3-րդ կետում «հնգօրյա» բառը փոխարինել «յոթնօրյա» բառով,
5. 6-րդ մասի 4-րդ կետում «որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավորներ ստացած առնվազն երկու և առավելագույնը երեք թեկնածուները, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու:» բառերը փոխարինել «որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքներով առավելագույն միավոր ստացած առավելագույնը երեք թեկնածուները: Հավասար միավորների դեպքում հաղթող ճանաչվածների ցուցակում ներառվում են հավասար միավորներ ստացված բոլոր թեկնածուները:» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
16.04.2025 - 02.05.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1716
Տպել