Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է:

 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշմամբ  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կեցության այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցություն է տրամադրվելու մինչև 2025 թվականի ապրիլ ամիսը, որից հետո՝ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշմամբ 2025 թվականի ապրիլ ամսվանից սոցիալական աջակցություն է տրամադրվելու բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց:

Վերոգրյալով պայմանավորված՝ սոցիալական աջակցության շարունակակականության ապահովման անհրաժեշտություն է առաջացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքների դեպքում՝ կանխելու վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծով նախատեսվում է հրատապ սոցիալական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին, բացառությամբ՝

1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին.

2) պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին․

3) ընտանիքների, որոնց անդամներից մեկը Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք։

Նախագծով ներկայացվող միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը կտրամադրվի 3000 ընտանիքների՝ ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար, որի ամսական չափը կազմում է՝

1) ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ.

2) սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի  համար՝ 10000 դրամ:

Նախագծով առաջարկվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման մեջ կատարել լրացում, մասնավորապես որոշման N 2 հավելվածի 6-րդ կետում, որպես դիմումի մերժման պատճառ նախատեսել նաև այն, որ դիմումը մերժվում է այն անձի մասով, ով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում:

2. Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

          Իրավական ակտի կիրառման դեպքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3000 սոցիալապես անապահով ընտանիքներ մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ կստանան ամենամսյա դրամական աջակցություն՝ դրանով իսկ կանխարգելելով նրանց սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.2-րդ կետից, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը շարունակում են լինել ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

5. Նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

Միջոցառման իրականացման համար պահանջվող տարեկան ֆինանսական միջոցների չափը կանխատեսվում է 1,838,700.0 հազ. դրամ՝ 3000 ընտանիքներին (11430 անդամ, որից ընտանիքի 2-րդ անդամների թիվը՝ 8430) 9 ամիս դրամական աջակցություն վճարելու համար՝ 9ամիս*(3000ընտանիք*40000դրամ+8430անդամ*10000դրամ):

Նախատեսվում է պահանջվող գումարը տրամադրել ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի 1225 ծրագրի «12018 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին սոցիալական աջակցության տրամադրում և բնակարանային ապահովության խնդրի լուծում» միջոցառման համար հատկացված միջոցներից:

 

 

  • Քննարկվել է

    06.03.2025 - 21.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16993

Տպել

Առաջարկներ`

«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ

21.03.2025

Անհասկանալի է մնում նաև, թե ինչու են ծրագրերից դուրս մնում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում բնակվող անձինք։ Եթե պետության սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնված է կարիքահեն մոտեցման վրա և ուղղված է խոցելի խմբերի ու դժվարին իրավիճակներում հայտնված անձանց կարիքների բավարարմանը, ապա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում բնակվող ընտանիքները, լինելով սոցիալապես անապահով, խոցելի և ստիպված լինելով համատեղությամբ ապրել այլ աձանց հետ, կարիք ունեն հատուկ ուշադրության և սոցիալական աջակցության։ Այս ընտանիքները հաճախ ապրում են դժվարին պայմաններում՝ չունենալով իրենց սեփական բնակելի տարածքը, ինչը բացասական ազդեցություն է ունենում նրանց բարեկեցության վրա՝ թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեկան առողջության, ինչպես նաև սոցիալական ինտեգրման տեսանկյունից։ Համատեղ բնակությունը, սահմանափակ տարածքները և չբավարարող պայմանները կարող են առաջացնել լրացուցիչ սոցիալական ու հոգեբանական խնդիրներ։ Այդ անձինք հիմնականում միայնակ են, տարեցներ կամ մարդիկ, ովքեր ունեն հոգեկան ու ֆիզիկական առողջության խնդիրներ։ Նրանք ավելի խոցելի են սոցիալական ու տնտեսական դժվարություններին, քանի որ չունեն բավարար աջակցություն և դժվարանում են ինտեգրվել հասարակություն ու ապահովել իրենց բարեկեցությունը։ Հետևաբար, քանի դեռ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերը չեն ստացել համակարգային և թիրախային լուծումներ, ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի գնահատման և դրա մշտադիտարկման մեխանիզմը չի ներդրվել, սոցիալական համընդհանուր աջակցության տրամադրումը պետք է շարունակվի։ Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք շարունակել 50,000 աջակցությունների տրամադրումը՝ զուգահեռաբար հայտնաբերելով և հաշվառելով այն անձանց, որոնք այս պահին գտնվում են ծանր սոցիալական պայմաններում։ Ավելին, կարևոր է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, ինչպես նաև պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում բնակվող անձինք դուրս չթողնվեն սոցիալական աջակցության ծրագրերից։ Հասկանալով, որ դրամական աջակցության տրամադրումը պետք է ունենա ժամանակավոր բնույթ, անհրաժեշտ է կազմակերպել հանրային լայն քննարկումների շարք՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ֆինանսական անկախության և ինտեգրման արդյունավետ համակարգի մշակման և ներդրման նպատակով։

«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ

21.03.2025

ԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁՆԱՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձաց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցությունը (50000 դրամ) տրամադրվելու է մինչև 2025 թ․ մարտ ամիսը ներառյալ, որից հետո՝ 2025 թ․ ապրիլ ամսվանից սոցիալական աջակցություն է տրամադրվելու բռնի տեղահանված առանձին խոցելի խմբերի անձանց։ Սոցիալական աջակցություն չի տրամադրվում այն անձանց, ովքեր՝ բնակվում են սոցիալական պաշտպանության հաստատություններում, պետական կամ համայնքային տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում, ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են հավաստագիր, ունեն սեփականության իրավունքով (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) անշարժ գույք, որը պատկանում է իրենց կամ իրենց ընտանիքի անդամներին (ամուսին, մինչև 18 տարեկան երեխայի ծնող), բացառությամբ՝ եթե այն փոքր է 20 քառակուսի մետրից կամ եթե ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման շրջանակներում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիրն իրացրրել է։ Բացի վերոնշյալ սոցիալական աջակցության ծրագրից, ՀՀ կառավարությունը նախատեսում է անցում կատարել նոր սոցիալական քաղաքականության, որն իր հիմքում ունենալու է ընտանիքների անապահովության գնահատման գործող համակարգը։ ՀՀ կառավարության սոցիալական աջակցության տրամադրման քաղաքականության փոփոխությունը ակնհայտորեն չի արտացոլում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական վիճակը, քանի որ առաջարկվող ծրագրերը ուղղված են միայն առանձին խմբերի և ընտանիքների աջակցությանը, ինչը հաշվի չի առնում բռնի տեղահանված անձանց հատուկ կարիքները և իրավիճակը։ Անցումը սոցիալական աջակցության նոր քաղաքականության՝ առանց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների համապարփակ գնահատման և հաշվառման, ինչպես նաև առանց արդյունավետ մշտադիտարկման մեխանիզմների, որոնք այդպես էլ չեն ներդրվել, գնահատում ենք որպես բռնի տեղահանված անձանց կյանքի որակի վատթարացման գործոն։ 2025 թ․-ի մարտի 6-ին հանրային քննարկման դրված ՀՀ կառավարության որոշման նախագծով[1] նախատեսվում է աջակցության տրամադրումը միայն սոցիալապես անապահով այն ընտանիքներին, որոնք համապատասխանում են ներքոնշյալ չափանիշներին։ · Ընտանիքը հաշվառված է անապահովության գնահատման համակարգում, որի անապահովության միավորը գերազանցում է «14.00» միավորը կամ · Ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է այն սահմանային շեմից, որն նախատեսված է «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստված կարգով՝ 160%-ով նվազագույն եկամտի չափից (55329.6 դրամ): · Ընտանիքը պետք է համարվի սոցիալապես անապահով ըստ ընտանիքի անապահովության գնահատման կարգի, ինչի արդյունքում նրանք ունեն իրավունք ստանալու համապատասխան սոցիալական աջակցություն։ Աջակցության ծրագրից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնք ժամանակավորապես բնակվում են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում, կամ այն ընտանիքները, որոնց անդամներից մեկը Հայաստանում ունի 50 տոկոս և ավելի մասնաբաժնով սեփականություն հանդիսացող բնակելի անշարժ գույք։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար։ Սոցիալական աջակցության ամսական չափը հաշվարկվում է ընտանիքի համար՝ հիմք ընդունելով ընտանիքում բռնի տեղահանված անդամների թիվը: Ընդ որում սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է՝ 1) ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ. 2) սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող 50,000 դրամ աջակցությունը համարվում է այդ ընտանիքների համար ամենակենսական հարցերի լուծման միջոց։ 50,000 դրամ աջակցության անհրաժեշտությունը դեռևս առկա է, հատկապես հաշվի առնելով, որ լուծվաց չեն բնակարանային, զբաղվածության և այլ սոցիալական խնդիրները։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ եթե ընտանիքը միաժամանակ օգտվի երկու ծրագրերից, ապա, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կնվազի։ «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ-ի (Կազմակերպություն) գործունեության ընթացքում արձանագրվել է, որ բռնի տեղահանումը ծանր սոցիալ-հոգեբանական ազդեցություն է ունեցել, հատկապես կանանց վրա։ Կազմակերպությունը, աշխատելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց հետ, արձանագրել է, որ կանայք, բացի համայնքներում ինտեգրվելու դժվարություններից, նաև բախվում են մի շարք խնդիրների, որոնց թվում են՝ անվտանգության ապահովման, աշխատանքային հնարավորությունների սահմանափակման, հոգեբանական աջակցության բացակայության, երեխաների խնամքի կազմակերպման դժվարությունները և այլ սոցիալ-տնտեսական մարտահրավերներ։ Այս պայմաններում, առանց համապատասխան թիրախային ծրագրերի մշակման, նրանք մնում են անտեսված և աջակցությունից դուրս։ Խնդիրը հատկապես սրվում է կանանց զբաղվածության ապահովման հարցում։ Բռնի տեղահանված կանայք հաճախ բախվում են աշխատանք գտնելու դժվարությունների, որոնք հանգեցնում են ֆինանսական կախվածության և զգալիորեն ազդում նրանց կյանքի որակի վրա։ Այս իրավիճակը պայմանավորված է մի շարք գործոններով՝ մասնագիտական հմտությունների, կարողությունների բացակայություն, համպատասխան կրթության ցածր մակարդակով, ինչպես նաև աշխատանքային շուկային չտիրապետելը։ Բացի այդ, կանայք հաճախ հանդիպում են դժվարությունների՝ աշխատանք գտնելու հարցում, քանի որ չեն կարողանում գտնել այնպիսի աշխատանք, որը ոչ միայն կհամապատասխանի իրենց հմտություններին, այլ նաև կթույլատրի համատեղել երեխայի խնամքը և աշխատանքային պարտականությունները։ Այդ պատճառով, կանայք մնում են առավել խոցելի սոցիալական ու տնտեսական տեսանկյուններից, և նրանց համար անհրաժեշտ են հատուկ ծրագրեր, որոնք կվերացնեն այս խոչընդոտները։ Այդպիսի իրավիճակները, ինչպես նաև սոցիալական աջակցության նվազումը, հանգեցնում են հոգեբանական և սոցիալական խնդիրների կուտակմանը, ինչը կարող է բացասաբար ազդել նրանց կյանքի որակի վրա։ Նման սոցիալ-տնտեսական և հոգեբանական պայմանները ոչ միայն բարձրացնում են խոցելիության մակարդակը, այլև կարող են երկարաժամկետ հեռանկարում սահմանափակել նրանց հնարավորությունները՝ լիարժեք սոցիալական ինտեգրման և արժանապատիվ կյանք ունենալու տեսանկյունից։ ՀՀ կառավարության կողմից մշակվող ռազմավարությունները, որոնք վերաբերում են գենդերային և զբաղվածության քաղաքականություններին, հաշվի չեն առնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, հատկապես կանանց, հատուկ կարիքներն ու պահանջները։ Մինչ այժմ պետությունը չի ձևավորել մեկ միասնական համակարգ, որն ուղղված կլինի բռնի տեղահանված անձանց կարիքների բացահայտմանը և դրանց համապատասխան արձագանքմանը՝ ստեղծելով կայուն հիմքեր սոցիալական պաշտպանության համակարգի համար։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

21.03.2025

5. Նախագծով սահմանվում է,որ անապահովության գնահատման համակարգը սահմանվում է 14 միավոր, մինչդեռ այս շեմի հիմքը հստակ նախատեսված չէ, քանի որ չի սահմանվում կոնկրետ գնահատման մեխանիզմները, իսկ անապահովության կարևորագույն գնահատման հիմքը դա բնակարանային ապահովումն է, հետևաբար եթե անձը բնակվում է վարձակալած և կենցաղայաին պայմաններով ապահով բնակարանում այն չի կարող ապահովության հիմք հանդիսանալ։ 6.Նախագծով սահմանվում է առնվազն 3000 շահառուի մասին տվյալներ, մինչդեռ վերոնշյալի հիմքով պետք է այս թիվը այնպես համապատասխանեցնել, որպեսզի ըստ անապահովության գնահատման համակարգերի այն չլինի տարբեր, օրինակ 14 անապահովության միավորով անձը դառնա աջակցության շահառու, իսկ 26 անապահովության միավոր ունեցող անձը ոչ, այն դեպքում երբ արդեն նախատեսված 3000 շահառուն սպառված լինեն։ 7. Նախագծով սահմանվում է, որ շահառու չեն կարող լինել Հայաստանի Հանրապետությունում սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք ունեցող անձին, մինչդեռ ևս մեր նախկին փորձից գիտենք, որ Կադաստրի կոմիտեից են տվյալներ փոխանցվում և գույքը փաստացի բնակելի չլինելով դիտարկվում է բնակելի և մերժում անձանց աջակցության տրամադրումը։ 8. Մերժումը նաև վերաբերում է  պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին և պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին, մինչդեռ նախագծի նպատակը կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է, ուստի այն դեպքում երբ անձինք բնակվում են վերոհիշյալ տարածքներում, ապա վերջիններս ենթակա են շահառու հանդիսանալու։ 9. առաջարկում ենք նախագիծը վերանայել և հստակեցնել։

Տեսնել ավելին