ԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁՆԱՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձաց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցությունը (50000 դրամ) տրամադրվելու է մինչև 2025 թ․ մարտ ամիսը ներառյալ, որից հետո՝ 2025 թ․ ապրիլ ամսվանից սոցիալական աջակցություն է տրամադրվելու բռնի տեղահանված առանձին խոցելի խմբերի անձանց։
Սոցիալական աջակցություն չի տրամադրվում այն անձանց, ովքեր՝
բնակվում են սոցիալական պաշտպանության հաստատություններում, պետական կամ համայնքային տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում,
ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են հավաստագիր,
ունեն սեփականության իրավունքով (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) անշարժ գույք, որը պատկանում է իրենց կամ իրենց ընտանիքի անդամներին (ամուսին, մինչև 18 տարեկան երեխայի ծնող), բացառությամբ՝ եթե այն փոքր է 20 քառակուսի մետրից կամ եթե ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման շրջանակներում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիրն իրացրրել է։
Բացի վերոնշյալ սոցիալական աջակցության ծրագրից, ՀՀ կառավարությունը նախատեսում է անցում կատարել նոր սոցիալական քաղաքականության, որն իր հիմքում ունենալու է ընտանիքների անապահովության գնահատման գործող համակարգը։
ՀՀ կառավարության սոցիալական աջակցության տրամադրման քաղաքականության փոփոխությունը ակնհայտորեն չի արտացոլում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական վիճակը, քանի որ առաջարկվող ծրագրերը ուղղված են միայն առանձին խմբերի և ընտանիքների աջակցությանը, ինչը հաշվի չի առնում բռնի տեղահանված անձանց հատուկ կարիքները և իրավիճակը։
Անցումը սոցիալական աջակցության նոր քաղաքականության՝ առանց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների համապարփակ գնահատման և հաշվառման, ինչպես նաև առանց արդյունավետ մշտադիտարկման մեխանիզմների, որոնք այդպես էլ չեն ներդրվել, գնահատում ենք որպես բռնի տեղահանված անձանց կյանքի որակի վատթարացման գործոն։
2025 թ․-ի մարտի 6-ին հանրային քննարկման դրված ՀՀ կառավարության որոշման նախագծով[1] նախատեսվում է աջակցության տրամադրումը միայն սոցիալապես անապահով այն ընտանիքներին, որոնք համապատասխանում են ներքոնշյալ չափանիշներին։
· Ընտանիքը հաշվառված է անապահովության գնահատման համակարգում, որի անապահովության միավորը գերազանցում է «14.00» միավորը կամ
· Ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է այն սահմանային շեմից, որն նախատեսված է «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստված կարգով՝ 160%-ով նվազագույն եկամտի չափից (55329.6 դրամ):
· Ընտանիքը պետք է համարվի սոցիալապես անապահով ըստ ընտանիքի անապահովության գնահատման կարգի, ինչի արդյունքում նրանք ունեն իրավունք ստանալու համապատասխան սոցիալական աջակցություն։
Աջակցության ծրագրից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնք ժամանակավորապես բնակվում են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում, կամ այն ընտանիքները, որոնց անդամներից մեկը Հայաստանում ունի 50 տոկոս և ավելի մասնաբաժնով սեփականություն հանդիսացող բնակելի անշարժ գույք։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար։
Սոցիալական աջակցության ամսական չափը հաշվարկվում է ընտանիքի համար՝ հիմք ընդունելով ընտանիքում բռնի տեղահանված անդամների թիվը: Ընդ որում սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է՝ 1) ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ. 2) սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող 50,000 դրամ աջակցությունը համարվում է այդ ընտանիքների համար ամենակենսական հարցերի լուծման միջոց։ 50,000 դրամ աջակցության անհրաժեշտությունը դեռևս առկա է, հատկապես հաշվի առնելով, որ լուծվաց չեն բնակարանային, զբաղվածության և այլ սոցիալական խնդիրները։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ եթե ընտանիքը միաժամանակ օգտվի երկու ծրագրերից, ապա, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կնվազի։
«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ-ի (Կազմակերպություն) գործունեության ընթացքում արձանագրվել է, որ բռնի տեղահանումը ծանր սոցիալ-հոգեբանական ազդեցություն է ունեցել, հատկապես կանանց վրա։ Կազմակերպությունը, աշխատելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց հետ, արձանագրել է, որ կանայք, բացի համայնքներում ինտեգրվելու դժվարություններից, նաև բախվում են մի շարք խնդիրների, որոնց թվում են՝ անվտանգության ապահովման, աշխատանքային հնարավորությունների սահմանափակման, հոգեբանական աջակցության բացակայության, երեխաների խնամքի կազմակերպման դժվարությունները և այլ սոցիալ-տնտեսական մարտահրավերներ։ Այս պայմաններում, առանց համապատասխան թիրախային ծրագրերի մշակման, նրանք մնում են անտեսված և աջակցությունից դուրս։
Խնդիրը հատկապես սրվում է կանանց զբաղվածության ապահովման հարցում։ Բռնի տեղահանված կանայք հաճախ բախվում են աշխատանք գտնելու դժվարությունների, որոնք հանգեցնում են ֆինանսական կախվածության և զգալիորեն ազդում նրանց կյանքի որակի վրա։ Այս իրավիճակը պայմանավորված է մի շարք գործոններով՝ մասնագիտական հմտությունների, կարողությունների բացակայություն, համպատասխան կրթության ցածր մակարդակով, ինչպես նաև աշխատանքային շուկային չտիրապետելը։ Բացի այդ, կանայք հաճախ հանդիպում են դժվարությունների՝ աշխատանք գտնելու հարցում, քանի որ չեն կարողանում գտնել այնպիսի աշխատանք, որը ոչ միայն կհամապատասխանի իրենց հմտություններին, այլ նաև կթույլատրի համատեղել երեխայի խնամքը և աշխատանքային պարտականությունները։ Այդ պատճառով, կանայք մնում են առավել խոցելի սոցիալական ու տնտեսական տեսանկյուններից, և նրանց համար անհրաժեշտ են հատուկ ծրագրեր, որոնք կվերացնեն այս խոչընդոտները։
Այդպիսի իրավիճակները, ինչպես նաև սոցիալական աջակցության նվազումը, հանգեցնում են հոգեբանական և սոցիալական խնդիրների կուտակմանը, ինչը կարող է բացասաբար ազդել նրանց կյանքի որակի վրա։ Նման սոցիալ-տնտեսական և հոգեբանական պայմանները ոչ միայն բարձրացնում են խոցելիության մակարդակը, այլև կարող են երկարաժամկետ հեռանկարում սահմանափակել նրանց հնարավորությունները՝ լիարժեք սոցիալական ինտեգրման և արժանապատիվ կյանք ունենալու տեսանկյունից։
ՀՀ կառավարության կողմից մշակվող ռազմավարությունները, որոնք վերաբերում են գենդերային և զբաղվածության քաղաքականություններին, հաշվի չեն առնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, հատկապես կանանց, հատուկ կարիքներն ու պահանջները։
Մինչ այժմ պետությունը չի ձևավորել մեկ միասնական համակարգ, որն ուղղված կլինի բռնի տեղահանված անձանց կարիքների բացահայտմանը և դրանց համապատասխան արձագանքմանը՝ ստեղծելով կայուն հիմքեր սոցիալական պաշտպանության համակարգի համար։