Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2024 թվականի N -Ն
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
-
Սահմանել անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման կարգը՝ համաձայն հավելվածի։
-
Սահմանել, որ՝
-
Անմաքս առևտրի խանութի կազմակերպման նպատակով պետական կամ համայնքային անշարժ գույքի վարձակալության մրցույթին կարող են մասնակցել միայն սույն որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորում ունեցող իրավաբանական անձինք.
-
Սույն որոշումն ուժի մեջ մտնելու դրությամբ անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկված անձինք սույն որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորում պետք է ստանան սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 6 ամսվա ընթացքում.
-
Սույն կետի 2-րդ ենթակետում նշված անձինք սահմանված ժամկետում նախաորակավորում չստանալու, այդ թվում՝ նախաորակավորման գործընթացին չմասնակցելու դեպքում համարվում են անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու համար նախաորակավորում չունեցող և նույն ենթակետում նշված ժամկետի լրանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հանվում են անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից։
-
Սույն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետում նշված մարմիններին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի կազմը ձևավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել հանձնաժողովի անդամների տվյալները։
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
__________ի N ____որոշման
ԿԱՐԳ
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
-
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
-
Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման կարգը:
-
Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստներով:
-
Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորված են համարվում սույն կարգի 4-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանող, սույն կարգի 5-րդ կետի պահանջներն ապահովող (հաշվի առնելով սույն կարգի 6-7-րդ կետերի դրույթները) այն անձինք, ում կողմից սույն կարգի 8-րդ կետին համապատասխան ներկայացված դիմումը բավարարվել է սույն կարգի 10-րդ կետում նշված հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով)։
-
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
-
Նախաորակավորման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` Կոմիտե) կարող են գրավոր դիմել հետևյալ չափանիշներին համապատասխանող անձինք՝
-
հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ,
-
գործում է հարկման ընդհանուր համակարգում:
-
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
-
Նախաորակավորված անձը պարտավոր է՝
-
Անմաքս առևտրի խանութում ապահովել ապրանքների վաճառքի կտրոնների տպագրումը, որոնց վրա առնվազն պետք է արտացոլված լինի հետևյալ տեղեկատվությունը՝
ա․ վաճառքն իրականացրած անմաքս առևտրի խանութի գործունեության իրականացման վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, հարկ վճարողի անվանումը․
բ․ յուրաքանչյուր վաճառքի ամսաթիվը, ժամը, րոպեն․
գ. վաճառվող յուրաքանչյուր ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի՝ 10 նիշի մակարդակով․
դ. վաճառվող յուրաքանչյուր ապրանքի նկարագրությունը (այդ թվում` բրենդի անվանումը)․
ե․ վաճառվող յուրաքանչյուր ապրանքի քանակը, չափի միավորը․
զ․ վաճառվող յուրաքանչյուր ապրանքի արժեքը և հանրագումարը՝ ՀՀ դրամով․
է. գնորդի անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը․
ը. օդային տրանսպորտով մեկնող կամ ժամանող անձանց ապրանքի վաճառքի դեպքում` չվերթի համարը և նստեցման կտրոնի վրա նշված նստեցման տեղը՝ բացառությամբ ինքնաթիռի անձնակազմի անդամների․
թ. գնորդի կատեգորիան` «ԵԱՏՄ անդամ պետություններ մեկնող ուղևոր», «ԵԱՏՄ անդամ պետություններից ժամանող ուղևոր», «Երրորդ պետություններ մեկնող ուղևոր», «Երրորդ պետություններից ժամանող ուղևոր», «Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակից», իսկ օդային տրանսպորտով մեկնող կամ ժամանող անձանց դեպքում` նաև «Ինքնաթիռի անձնակազմի անդամ».
Ժ. ապրանքի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ «Միության ապրանք» կամ «Օտարերկրյա ապրանք»։
-
Ապահովել անմաքս առևտրի խանութում ապրանքների վաճառքների էլեկտրոնային հաշվառումը և դրա առցանց հասանելիությունը Կոմիտեին: Առցանց եղանակով Կոմիտեին պետք է հասանելի դարձվի սույն կետի 1-ին ենթակետով նշված տեղեկատվությունը.
-
Ապահովել ապրանքների շարժի հաշվառումը և օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում համապատասխան հաշվետվությունների և տեղեկատվության ներկայացումը Կոմիտե.
-
Ապահովել անմաքս առևտրի խանութում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու հնարավորությունը, ինչպես նաև այդ սարքերին ու տեսաձայնագրություններին ամբողջական հասանելիությունը Կոմիտեի համար: Ընդ որում, տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի։ Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը, և տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն անմաքս առևտրի խանութի տիրապետողի մոտ` առնվազն 30 օր.
-
Ապահովել անմաքս առևտրի խանութում իրացվող ապրանքների շարքում առնվազն 30% տեղական արտադրության ապրանքների առկայությունը և խանութի տարածքում տեղական արտադրության ապրանքների ցուցադրությունը և տեղադրումը վաճառքի համար առավել տեսանելի վայրում.
-
Բացառել Հայաստանի Հանրապետությունից մեկնման ուղղությամբ տեղակայված անմաքս առևտրի խանութների առևտրի սրահ` Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց մուտքը և վերջիններիս կողմից ապրանքների գնման հնարավորությունը.
-
Բացառել Հայաստանի Հանրապետություն ժամանման ուղղությամբ տեղակայված անմաքս առևտրի խանութների առևտրի սրահ` Հայաստանի Հանրապետությունից մեկնող անձանց մուտքը և վերջիններիս կողմից ապրանքների գնման հնարավորությունը․
-
Ապահովել Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված աուդիտորական ընկերությունների ցանկում ներառված որևէ ընկերության կողմից անմաքս առևտրի խանութի տիրապետողի տարեկան արտաքին աուդիտի իրականացումը և աուդիտի եզրակացության ներկայացումը Կոմիտե` մինչև ֆինանսական տարվան հաջորդող հունիսի 30-ը, ինչպես նաև իր անվերապահ համաձայնությունը Կոմիտեի կողմից աուդիտի եզրակացությունը հրապարակելու համար․
-
Ապահովել նախաորակավորման նպատակով Հանձնաժողովին ներկայացվող ներդրումային ծրագրով նախատեսված ցուցանիշները։
-
Սույն կարգի 5-րդ կետով սահմանված պահանջների պահպանված լինելը անձը պարտավոր է հիմնավորել անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու դիմում ներկայացնելիս։
-
Նախաորակավորման նպատակով Հանձնաժողովին ներկայացվող դիմումին պետք է կցվի սույն կարգի 5-րդ կետի պահանջների կատարումը սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում ապահովելու անձի պարտավորագիրը։
-
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
-
Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորում ստանալու համար անձը սույն կարգի 10-րդ կետում նշված հանձնաժողովին ներկայացնում է համապատասխան դիմում։
-
Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը`
-
անմաքս առևտրի խանութի դիզայնի կոնցեպտը․
-
տվյալ ոլորտում գործունեության փորձի, այդ թվում՝ այլ երկրներում գործելու հանգամանքի կամ այդպիսի փորձի բացակայության (հանդիսանում է արդյոք միջազգային ցանց, թե՝ ոչ) վերաբերյալ փաստաթղթեր․
-
խանութում ներկայացվելիք օտարերկրյա արտադրության ապրանքատեսականու (այդ թվում` բրենդի) վերաբերյալ տեղեկատվություն․
-
խանութում ներկայացվելիք տեղական արտադրության ապրանքատեսակների (այդ թվում` բրենդի) վերաբերյալ տեղեկատվություն․
-
անմաքս առևտրի խանութի գործունեությամբ զբաղվելու ներդրումային ծրագիրը, որը պետք է ներառի տեղեկատվություն ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի, նախատեսվող ներդրումների չափի և ուղղությունների (շինարարություն, հիմնական միջոցներ, շրջանառու միջոցներ և այլն), ինչպես նաև ստեղծվող աշխատատեղերի մասին․
-
սույն կարգով նախատեսված նախաորակավորման համար ներկայացվող պահանջներին բավարարումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում) և (կամ) սույն կարգի 7-րդ կետում նշված պարտավորագիրը․
-
էլեկտրոնային փոստի հասցեն, որին պետք է ուղարկվեն Հանձնաժողովի ծանուցումները:
-
Նախաորակավորումն իրականացվում է հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից։
-
Հանձնաժողովը կազմված է 6 անդամից, այդ թվում` նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի նախագահ է հանդիսանում Կոմիտեի նախագահը կամ Կոմիտեի նախագահի որոշմամբ՝ նրա տեղակալներից մեկը, իսկ քարտուղար` Կոմիտեի ստորաբաժանումներից մեկի աշխատակիցը:
-
Հանձնաժողովը ձևավորվում է հետևյալ կազմով` Կոմիտեից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից՝ երկուական անձ: Հանձնաժողովի կազմը վերը նշված մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա հաստատում է Կոմիտեի նախագահը:
-
Հանձնաժողովի քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է նախաորակավորմանը մասնակցելու համար ներկայացված դիմումը և դրան կցված փաստաթղթերի փաթեթի ամբողջականությունը: Ներկայացված դիմումի կամ փաստաթղթերի փաթեթի թերի կամ ոչ լիարժեք լինելու դեպքում Հանձնաժողովի նախագահի կողմից այդ մասին էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցվում է դիմումատուին և առաջարկվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները: Նշված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում դիմումը և փաստաթղթերի փաթեթը վերադարձվում դիմումատուին:
-
Հանձնաժողովի նախագահը նախաորակավորմանը մասնակցելու համար ներկայացված դիմումը և դրան կցված փաստաթղթերը դիմումի ստացման կամ նախորդ կետում նշված թերությունների վերացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողովի անդամներին:
-
Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստեր հրավիրելու միջոցով, որոնք իրավազոր են, եթե վերջիններիս մասնակցում է Հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը, իսկ Հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նիստը համարվում է չկայացած և նշանակվում է նոր նիստ: Հանձնաժողովն իր նիստերի անցկացման օրվա և ժամի մասին էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է բոլոր այն անձանց, ում ներկայացրած դիմումները պետք է քննարկվեն տվյալ նիստի ընթացքում:
-
Հանձնաժողովի նիստերը նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ։
-
Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներին դիմումների ներկայացման օրվան հաջորդող օրվանից հաշվարկված 5 աշխատանքային օրվանից ոչ շուտ և 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ հրավիրում է Հանձնաժողովի նիստ։
-
Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն: Արձանագրություններն ստորագրվում են Հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած մյուս անդամների կողմից:
-
Դիմումատուները նախաորակավորում ստանալու կամ նախաորակավորումը մերժելու մասին գործընթացի արդյունքների ամփոփումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում են Հանձնաժողովի նախագահի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով: Ընդ որում, նշված տեղեկատվությունը հրապարակվում է նաև Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում։
-
Նախաորակավորումը տրվում է 5 տարի ժամկետով, որից հետո անձը համարվում է նախաորակավորում չունեցող: Գործող նախաորակավորում ունեցող անձը կարող է կրկին անգամ նախաորակվելու համար դիմել գործող նախաորակավորման ժամկետի ավարտից ոչ ավելի, քան մեկ տարի առաջ։
-
Անձը համարվում է նախաորակավորված դիմումի գնահատման արդյունքում` սույն կարգի 5-րդ գլխում նշված գնահատման չափանիշների հիման վրա:
-
Կոմիտեն կարող է իրականացնել ընթացիկ հսկողություն՝ նախաորակավորված անձանց կողմից նախաորակավորման չափանիշների և պահանջների պահպանման նկատմամբ։ Այդպիսի չափանիշների և (կամ) պահանջների չպահպանման կամ խախտման հայտնաբերված դեպքերի մասին Կոմիտեն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին՝ ուղեկցական գրությամբ, որին կցվում են համապատասխան հիմնավորող փաստաթղթերը։
Սույն կետի 1-ին պարբերությունում նշված տեղեկացումն ստանալուց հետո Հանձնաժողովի նախագահը նշանակում է Հանձնաժողովի նիստ՝ առաջնորդվելով սույն կարգի 14-19-րդ կետերով, որի ընթացքում քննարկվում է Կոմիտեի ներկայացրած տեղեկատվությունը։ Քննարկման արդյունքում Հանձնաժողովը բաց քվեարկությամբ, Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշում է կայացնում Կոմիտեի ներկայացրած տեղեկատվության կապակցությամբ խախտման կամ անհամապատասխանության առկայության կամ բացակայության վերաբերյալ։
Անձը զրկվում է նախաորակավորումից և հանվում է անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից, եթե Հանձնաժողովը կայացնում է խախտման կամ անհամապատասխանության առկայության վերաբերյալ որոշում:
-
ԴԻՄՈՒՄԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
-
Դիմումը գնահատվում է Հանձնաժողովի կողմից սույն կարգի 24-րդ կետում նշված չափանիշներին N 2 ձևով նախատեսված մինչև առավելագույն միավորներ տրամադրելու միջոցով։
-
Դիմումի գնահատման չափանիշներն են`
-
խանութի դիզայնի կոնցեպտը.
-
տվյալ ոլորտում գործունեության փորձի, այդ թվում՝ այլ երկրներում գործելու հանգամանքը (հանդիսանում է արդյոք միջազգային ցանց, թե՝ ոչ).
-
խանութում ներկայացվելիք օտարերկրյա արտադրության ապրանքատեսականի․
-
խանութում ներկայացվելիք տեղական արտադրության ապրանքատեսականի.
-
ներդրումային ծրագրի իրատեսականություն և հեռանկարայնություն.
-
ներդրումային ծրագրի ռիսկայնության աստիճան.
-
նորարարություն և մրցակցային առավելություն.
-
կորպորատիվ կառավարման կանոնագրքի սկզբունքների կիրառում (կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրի առկայություն)։
-
Դիմումի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշչի՝ Հանձնաժողովի անդամների կողմից գնահատականների միջին թվաբանական արդյունքը:
-
Ամփոփման արդյունքում 45 և ավելի միավոր ստացած ծրագրերի վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, իսկ դրանից պակասի վերաբերյալ` բացասական եզրակացություն:
-
Դրական եզրակացություն ստացած անձը համարվում է նախաորակավորում ստացած։
N 1 Ձև
ՀՀ կառավարության 2023 թվականի
--------------------ի N ------ որոշման հավելվածի
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ
ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ/ՏԻԿԻՆ ----------------------------- ԻՆ
------------------------------------------------------
----------------------------------------------------
ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
ԴԻՄՈՒՄ
Հարգելի պարոն / տիկին --------------------------------
Խնդրում եմ անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման հանձնաժողովի կողմից քննության առնել կից ներկայացված դիմումն ու փաստաթղթերը և ______________ -ին հատկացնել անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորված սուբյեկտի կարգավիճակ:
Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
Դիմող` / / պաշտոն, անուն ազգանուն
Ամիս ամսաթիվ, տարեթիվ
N 2 Ձև
ՀՀ կառավարության 2023 թվականի
--------------------ի N ------ որոշման հավելվածի
Նախաորակավորման մասնակցի դիմումի գնահատման թերթիկ |
||||
Հ/Հ |
գնահատման չափանիշը |
Կշիռը % |
Գնահատված միավորը 1-100 |
Վերջնական գնահատականը |
1 |
խանութի դիզայնի կոնցեպտը |
15 |
|
|
2 |
տվյալ ոլորտում գործունեության փորձի, այդ թվում՝ այլ երկրներում գործելու հանգամանքը (հանդիսանում է արդյոք միջազգային ցանց, թե՝ ոչ), |
15 |
|
|
3 |
խանութում ներկայացվելիք օտարերկրյա արտադրության ապրանքատեսականի |
15 |
|
|
4 |
խանութում ներկայացվելիք տեղական արտադրության ապրանքատեսականի |
25 |
|
|
5 |
ներդրումային ծրագրի իրատեսականություն և հեռանկարայնություն |
10 |
|
|
6 |
ներդրումային ծրագրի ռիսկայնության աստիճան |
5 |
|
|
7 |
նորարարություն և մրցակցային առավելություն |
5 |
|
|
8 |
կորպորատիվ կառավարման կանոնագրքի սկզբունքների կիրառում (կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրի առկայություն) |
10 |
|
|
|
Ընդամենը |
100 % |
|
|
-
Քննարկվել է
29.04.2024 - 15.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1088
Տպել