Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ներկայումս գործող իրավակարգավորումների շրջանակներում աշխատավարձի վճարումը սահմանված ժամկետից ուշ կատարելու դեպքում գործատուի նկատմամբ ենթակա են կիրառման երկու խումբ սանկցիաներ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն, եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: Այս պատասխանատվությունը` հանդիսանալով աշխատանքային-իրավական պատասխանատվության ձև կրում է գործատուն` այսինքն` իրավաբանական անձ-գործատուի դեպքում` այդ իրավաբանական անձը:

Միաժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքի 169.8-րդ հոդվածը սահմանում է, որ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Վերջին կարգավորումը գործնականում հանգեցնում է գործատուի-իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձնական պատասխանատվության, ինչը չի համապատասխանում իրավաբանական անձի ինքնուրույն իրավասուբյեկտության սկզբունքներին:

Նման կարգավորումը, հետևաբար, առաջացնում է իրավիճակներ, երբ իրավաբանական անձի տնօրենը ենթարկվում է անհամաչափորեն մեծ տուգանքի նույնիսկ մեկ օր աշխատավարձի վճարումը կետանցելու դեպքում, ինչը չի կարող համապատասխանել ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջներին: Նման կարգավորումը չի կարող համաչափ լինել հետապնդվող նպատակին, քանի որ նույնիսկ կարճատև կետանցի դեպքում սահմանում է զգալի տուգանքի չափ և այդ տուգանքը սահմանվում է ոչ թե օրենքի համաձայն կետանցը թույլ տված գործատուի, այլ ֆիզիկական անձ տնօրենի նկատմամբ:

Բացի այդ, նշված կարգավորման առերևույթ նպատակը աշխատողի իրավունքների պաշտպանությունն է: Հետևաբար` առաջին հերթին օրենքը պետք է նպատակ հետապնդի աշխատողի նյութական վիճակը վատթարացումից պաշտպանելը` այսինքն աշխատողին վճարման ենթակա գումարի և օրենքով սահմանված տույժի շուտափույթ վճարումն ապահովելը:

 

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ելնելով վերոգրյալից` նախագծի նպատակն է վերանայել նշված իրավախախտման համար պատասխանատվության կառուցակարգերը:

 

3 ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.8-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ» բառերը:

Միաժամանակ առաջարկվում է Օրենսգրքի 169.8-րդ հոդվածի 4-րդ պարբերությունից հետո լրացնել նոր 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ պարբերություններ` հետևյալ բովանդակությամբ.

«Աշխատավարձի կամ գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարումը ՀՀ աշխատանքային օրենսգրքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ կողմերի միջև գրավոր ձեռք բերված համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտմամբ կատարելու հիմքով աշխատողին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուժանքը` դրա վճարման համար հիմքի հանդիսացող կետանցի օրը չվճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված գործատուի (իրավաբանական անձ գործատուի դեպքում` իրավաբանական անձ գործատուի) նկատմամբ` աշխատավարձի կամ գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների կետանցի յուրաքանչյուր դեպքի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված գործատուի (իրավաբանական անձ գործատուի դեպքում` իրավաբանական անձ գործատուի) նկատմամբ` կետանցված աշխատավարձի և գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների մեկ երրորդի չափով:»

Առաջարկվում է նաև օրենսգրքի նշված հոդվածում կատարել նշված փոփոխությունների հետ կապված խմբագրական փոփոխություններ:

Միաժամանակ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասում «ապա գործատուն վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:» բառերը փոխարինել «ապա գործատուն վճարման կետանցի համար աշխատողին վճարում է տուժանք, որը ներառում է կետանցի համար տուգանք`  սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ տաս օրը գերազանցող կետանցի դեպքում` նաև կետանցի տասներորդ օրվանից սկսած կետանցի յուրաքանչյուր օրվա համար տույժ` վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով: Սույն մասով սահմանված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել վճարման ենթակա գումարի չափը: բառերով:

Առաջարկվող կարգավորումները միտված են ապահովելու աշխատողների իրավունքները` նրանց համար աշխատավարձի և այլ վճարումների կետանցի դեպքում տուժանքի ստացման մեխանիզմները բարելավելու միջոցով` այդպիսով գործատուի պատասխանատվության շեշտը տեղափոխելով վարչական պատասխանատվության դաշտից աշխատանքային իրավական պատասխանատվության դաշտ: Նույն տրամաբանությամբ, վարչական պատասխանատվության համար հիմքերը վերանայվում են և կարևորվում է գործատուի կողմից իր աշխատանքային-իրավական պատասխանատվության միջոցների պատշաճ կատարումը:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

          Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու դեպքում իրավաբանական  անձ-գործատուի տնօրենի պատասխանատվության վերաբերյալ կարգավորումները կվերանայվեն:

          Ակնկալվում է նաև, որ ավելի գործուն մեխանիզմներ կստեղծվեն աշխատողներին վճարման ենթակա աշխատավարձերի և այլ գումարների վճարումը գործատուների կողմից ժամանակին կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ:

 

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

Նախագծի ընդունումը ապահովում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27–ի №1443-Լ որոշման Հավելված №2–ի 4.6 կետի (Հարկային/մաքսային/այլ վարչարարական բեռի գնահատում և պարզեցում ՓՄՁ-ների համար) դրույթների կատարումը։

                     

  1. ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Ներդրումային Խորհրդի կողմից:

Նախագիծը քննարկվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ 19.07.2023 թվականին կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում (արձանագրություն N ՓՎ/156-2023):

  • Քննարկվել է

    19.03.2024 - 04.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 869

Տպել

Առաջարկներ`

Նարեկ Հովեյան

25.03.2024

Գտնում եմ, որ, թեև առաջարկվող փոփոխությունները կարևոր են աշխատողների իրավունքների և գործատուների շահերի հավասարակշռման տեսանկյունից, սակայն համապատասխան վերահսկողական գործիքակազմի բացակայության պայմաններում դրանք գործնականում էական ազդեցություն չեն կարող ունենալ աշխատանքային հարաբերությունների վրա։ Հետաքրքրական է, թե արդյո՞ք ուսումնասիրվել է ՎԻՎ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի՝ մինչ օրս կիրառության վիճակագրությունը և ի՞նչ տվյալներ կան այս մասով։

Տեսնել ավելին