Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

  • Քննարկվել է

    11.03.2024 - 26.03.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման, Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3408

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

26.03.2024

Համայնքի ղեկավարի ավագանու անդամ լինելու առումով մեծամասնական և համամասնական ընտրակարգերում տարբերակված մոտեցումը հիմնավորված չէ։ Ոլորտի հասարակական կազմակերպությունները պարբերաբար նշում են, որ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի պաշտոնները չպիտի մի դեպքում համարվեն համատեղելի, մյուս դեպքում անհամատեղելի։ Այս երկու պաշտոնների համատեղումը ապրիորի հակասում է ավագանու դերի տրամաբանությանը։ Միաժամանակ Ընտրական օրենսգրքի 107 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են ավագանու անդամի և համայնքի ղեկավարի թեկնածուներին առաջադրվող պահանջներ/սահմանափակումներ, որոնք ամբողջությամբ չէին արտացոլվում Տեղական ինքնակառավարման մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքներում և անհասկանալիորեն դուրս են մնացել առաջարկվող նախագծից։ Ըստ այդմ թե ՏԻՄ օրենքում(19 հոդված), թե Երևանի ՏԻՄ օրենքում (14) 1-ին մասն առաջարկվում է ձևակերպել հետևյալ կերպ “1. Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ` 1) զբաղեցնել որևէ ղեկավար պաշտոն համայնքային ենթակայության կազմակերպություններում. 2) լինել համայնքի ղեկավար , համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար. 3) զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված hանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ: 4) զբաղեցնել այլ պաշտոններ, որոնց դեպքում Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանափակվում է առաջադրման հնարավորությունը».” Ընդունվելու դեպքում կարգավորումը պիտի արտացոլվի այլ համապատասխան հոդվածներում։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

26.03.2024

Առկա կարգավորումը նաև նախատեսում է վաղաժամկետ դադարեցման միայն մեկ ուղի՝ համայնքի ղեկավարը կազմում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (Երևանի դեպքում՝ ԿԸՀ): Այսինքն գործող կարգավորումներով ստացվում է, որ եթե չկա համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարը ինչ-որ պատճառով շահագրգռված է ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմամբ, ապա չկա այլ իրավական ճանապարհ։ Այս դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը պետք է բավարար հիմք հանդիսանա համապատասխան ընտրական հանձնաժողովի համար՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու համար։ Նախագիծն այս հարցին որևէ կերպ չի անդրադառնում, ըստ այդմ առաջարկում ենք համայնքի ավագանու անդամների շահերի բախման օրենսդրական կարգավորումները վերանայել այն համատեքստում, որ ոչ միայն բացառվի ավագանու անդամների և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնների համատեղումը այլ նաև միանշանակ ապահովվի անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու դեպքում ավագանու լիազորությունների դադարեցումը։ ՏԻՄ օրենքի 70֊րդ հոդվածը և Երևանի ՏԻՄ օրենքի 20֊րդ հոդվածն առաջարկվում է վերաշարադրել հետևյալ կերպ․ “1) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում կամ անհամատեղելի պաշտոն ստանձնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել 2) 1-ին մասի 5-րդ կետը համարել ուժը կորցրած 3) 4-րդ և 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին, 4-րդ և 6-րդ կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կամ աշխատակազմի քարտուղարը կազմում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն։ 5. Ավագանու անդամը սույն հոդվածի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքում հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ավագանու անդամը հրաժարականի մասին գրավոր իրազեկում է համայնքի ղեկավարին կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Համայնքի ղեկավարի կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի բացակայության դեպքում ավագանու անդամը հրաժարականի մասին իր գրավոր իրազեկումն անձամբ ներկայացնում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։ Ավագանու անդամի կողմից իրազեկումն անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում հրաժարականի մասին իրազեկումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը: 4) լրացնել նոր՝ 6-րդ մասով 6․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից՝ ավագանու անդամի կողմից անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու և սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետներում հրաժարականի մասին դիմում չներկայացնելու վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում Ընտրատարածքային ընտրական հաձնաժողովը որոշում է կայացնում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: Ընտրատարածքային ընտրական հաձնաժողովը ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նիստից 7 օր առաջ գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին և ավագանու տվյալ անդամին:”

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

26.03.2024

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի․ 1. Հոդված 1-ի 2-րդ, նոր խմբագրությամբ՝ հոդված 31-ի 19-րդ մասում «Սույն հոդվածով սահմանված անհամատեղելիության պահանջները չեն տարածվում համայնքի ավագանու անդամների վրա, որոնց նկատմամբ սահմանափակումները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով», ձևակերպմամբ տպավորություն է ստեղծվում, որ ավագանու անդամին ներկայացվող բոլոր տեսակի սահմանափակումները (անհամատեղելիության պահանջներ, այլ սահմանափակումներ, նվերների ընդունման արգելք) կարգավորվելու են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով։ Մինչդեռ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 31-ը կարգավորում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու ծառայողների միայն անհամատեղելիության պահանջները։ Բացի այդ, ավագանու անդամի այլ սահմանափակումների, նվերների ընդունման արգելքի մասով ներկայացված օրենսդրական նախագծերը ոչ մի փոփոխություններ կամ առաջարկություններ չեն նախատեսում։ Առաջարկություն ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ կետում «սահմանափակումներ» բառը փոխարինել «անհամատեղելիության պահանջներ» եզրույթով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: