26.03.2024
Համայնքի ղեկավարի ավագանու անդամ լինելու առումով մեծամասնական և համամասնական ընտրակարգերում տարբերակված մոտեցումը հիմնավորված չէ։ Ոլորտի հասարակական կազմակերպությունները պարբերաբար նշում են, որ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի պաշտոնները չպիտի մի դեպքում համարվեն համատեղելի, մյուս դեպքում անհամատեղելի։ Այս երկու պաշտոնների համատեղումը ապրիորի հակասում է ավագանու դերի տրամաբանությանը։ Միաժամանակ Ընտրական օրենսգրքի 107 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են ավագանու անդամի և համայնքի ղեկավարի թեկնածուներին առաջադրվող պահանջներ/սահմանափակումներ, որոնք ամբողջությամբ չէին արտացոլվում Տեղական ինքնակառավարման մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքներում և անհասկանալիորեն դուրս են մնացել առաջարկվող նախագծից։ Ըստ այդմ թե ՏԻՄ օրենքում(19 հոդված), թե Երևանի ՏԻՄ օրենքում (14) 1-ին մասն առաջարկվում է ձևակերպել հետևյալ կերպ “1. Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ` 1) զբաղեցնել որևէ ղեկավար պաշտոն համայնքային ենթակայության կազմակերպություններում. 2) լինել համայնքի ղեկավար , համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար. 3) զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված hանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ: 4) զբաղեցնել այլ պաշտոններ, որոնց դեպքում Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանափակվում է առաջադրման հնարավորությունը».” Ընդունվելու դեպքում կարգավորումը պիտի արտացոլվի այլ համապատասխան հոդվածներում։