Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 26.03.2024 16:32:39 «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի․ 1. Հոդված 1-ի 2-րդ, նոր խմբագրությամբ՝ հոդված 31-ի 19-րդ մասում «Սույն հոդվածով սահմանված անհամատեղելիության պահանջները չեն տարածվում համայնքի ավագանու անդամների վրա, որոնց նկատմամբ սահմանափակումները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով», ձևակերպմամբ տպավորություն է ստեղծվում, որ ավագանու անդամին ներկայացվող բոլոր տեսակի սահմանափակումները (անհամատեղելիության պահանջներ, այլ սահմանափակումներ, նվերների ընդունման արգելք) կարգավորվելու են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով։ Մինչդեռ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 31-ը կարգավորում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու ծառայողների միայն անհամատեղելիության պահանջները։ Բացի այդ, ավագանու անդամի այլ սահմանափակումների, նվերների ընդունման արգելքի մասով ներկայացված օրենսդրական նախագծերը ոչ մի փոփոխություններ կամ առաջարկություններ չեն նախատեսում։ Առաջարկություն ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ կետում «սահմանափակումներ» բառը փոխարինել «անհամատեղելիության պահանջներ» եզրույթով։
2 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 26.03.2024 16:32:39 «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի․ 2. Հոդված 1-ի 1-ին, նոր խմբագրությամբ՝ 19-րդ հոդվածի 1-ին, մասում համայնքի ավագանու անդամին արգելվում է միաժամանակ «զբաղեցնել որևէ ղեկավար պաշտոն համայնքային ենթակայության կազմակերպություններում»։ Այդուհանդերձ, օրենքը չի սահմանում համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավար պաշտոնների կոնկրետ շրջանակը։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ համայնքային ենթակայության կազմակերպությունները ունեն գործունեության առևտրային ու ոչ առևտրային կարգավիճակներ, դրանով պայմանավորված օրենքի նախագիծը չի նախատեսում հստակ կարգավորումներ, մասնավորապես` համայնքային ենթակայության առևտրային կազմակերպությունների կառավարման գործընթացում համայնքի ավագանու անդամի ներգրավվածության և մասնակցության մասով։ Համանման կարգավորումներ սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների համար, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 31-ի 6-րդ մասի վերջին պարբերությամբ՝ այն է «Հանրային պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի, պատգամավորի, Կառավարության անդամի, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի) կամ հանրային ծառայողը կարող է ընդգրկվել 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ` առանց վարձատրության կամ որևէ այլ ձևով փոխհատուցում ստանալու կամ հանրային պաշտոն չզբաղեցնող անձանց կամ ոչ հանրային ծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի»։ Առաջարկություն ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում կոնկրետ սահմանել համայնքի ավագանու կողմից համայնքային կազմակերպություններում ղեկավար պաշտոնների շրջանակը։ Միաժամանակ, նախատեսել դրույթ ավագանու անդամի կողմից համայնքային առևտրային կազմակերպությունների կառավարման խորհուրդներում ներգրավվածության պայմանների ու հնարավորությունների մասով։
3 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 26.03.2024 16:32:39 3. Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ համայնքի ավագանին միաժամանակ չի կարող «լինել համայնքի ղեկավար (բացառությամբ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու), համայնքի ղեկավարի պաշտոնակատար (բացառությամբ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու) կամ վարչական ղեկավար»։ Նկատի ունենալով, որ ՏԻՄ մարմինների խոշորացման արդյունքում ներկայումս գերակշռում են համամասնական ընտրակարգով ձևավորված ՏԻՄ մարմինները՝ (գործող 71 համայնքներից 66-ը ձևավորված են համամասնական ընտրակարգով), տրամաբանական է, որ համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավարի, նրա տեղակալի, ինչպես նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մասով բացառությունները պետք է սահմանվեն մեծամասնական ընտրակարգով ընտրված ՏԻՄ մարմինների ավագանու համար։ Մեծամասնական կարգով ընտրված համայնքի ավագանու համար նման համատեղման հնարավորություն օրենքը չի սահմանում։ Միաժամանակ, համայնքի ավագանու կողմից վարչական ղեկավարի պաշտոնի զբաղեցման անհամատեղելիության պայմանը արդեն իսկ ներառված է օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, քանի որ նշված պաշտոնը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված 5-րդ մասով ճանաչված է որպես վարչական պաշտոնների համայնքային վարչական պաշտոն՝ «Համայնքային վարչական պաշտոններն են Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնները»։ Առաջարկություն ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ի 2-րդ կետը հանել։ Դրա փոխարեն սահմանել համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու անդամի կողմից համայնքի ղեկավարի, նրա տեղակալի, ինչպես նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնների համատեղման թույլատրելիության հանգամանքները։
4 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 26.03.2024 16:32:39 4. Նույն հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ համայնքի ավագանին միաժամանակ չի կարող «զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված hանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի»։ Նշված կարգավորմամբ բացակայում է իր կարգավիճակով չպայմանավորված հանրային պաշտոնների ու ծառայողների պաշտոնների շրջանակը։ Առաջարկություն ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ի 3-րդ կետում «իր կարգավիճակով չպայմանավորված» բառերից հետո ավելացնել «պետական և տեղական ինքնակառավարման մարմիներում» բառերը։
5 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 26.03.2024 16:32:39 5. Նույն հոդվածի 2-րդ մասում սահմանվում է, համայնքի ավագանու կողմից անհամատեղելիության պահանջի խախտումների մասին տեղեկացման գործընթացը՝ այն է, « ․․․ անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչև ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են»։ Նշված կարգավորմամբ անհասկանալի է, թե ավագանու հերթական որ նիստից առաջ է ավագանու անդամը պարտավոր տեղեկացնել անհամատեղելիության պահանջի խախտման առկայության մասին։ Այստեղ բացակայում է իր կարգավիճակով չպայմանավորված զբաղեցրած պաշտոնի անհամատեղելիության պահանջի խախտումից ձերբազատման կամ խուսափելու համար կոնկրետ ժամկետի վերաբերյալ դրույթները։ Մասնավորապես, ավագանու անդամը անհամատեղելիության պահանջի խախտման մասին պետք է իրավասու մարմնին տեղեկացնի նախքան մանդատը ստանալը, կամ մանդատը ստանալուց հետո՝ օրենքով սահմանված կոնկրետ ժամկետներում։ Բարեվարքության պահանջների պահպանման տեսանկյունից լավագույն լուծումը կլինի ավագանու անդամի մանդատը ստանալու փուլում հանրային պաշտոնի կամ հանրային ծառայության պաշտոնի կամ էլ համայնքային ենթակայության կազմակերպություններում պաշտոնների զբաղեցման անհամատեղելիության պահանջների խախտման իրավիճակներում թեկնածուի կողմից որոշման կայացումը։ Ավագանու մանդատը ստանալուց հետո, ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ստանձնում է նաև գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագրի ներկայացման պարտականություն։ Այդ իսկ պատճառով նպատակահարմար է ավագանու անդամի պաշտոնների զբաղեցման անհամատեղելիության պահանջի պահպանման նկատմամբ հսկողությունը իրականացնել անմիջապես ավագանու անդամի մանդատը ստանալու փուլում, որը հնարավորություն կտա ավագանու անդամին «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Այդուհանդերձ, եթե օրենսդրական նոր կարգավորմամբ նախատեսվում է անհամատեղելիության պահանջի խախտումների մասին տեղեկացնել ավագանու անդամի մանդատը ստանալուց հետո, ապա օրենքի նախագծով անհրաժեշտ է անհամատեղելիության պահանջի խախտման մասին սահմանել տեղեկացնելու կոնկրետ ժամկետ։ Այդ մասին է վկայում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերտառությամբ 70-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, որոնցով ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե «նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել և 5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել համայնքի ղեկավարին»։ Համայնքի ավագանու կողմից անհամատեղելիության պահանջների օրենսդրական կարգավորումների վերոնշյալ նախագիծը ամբողջությամբ չի լուծում համայնքի ավագանու ահամատեղելիության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պատասխանատու մարմնի հարցը։ Համաձայն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի հոդված 24-ի 1-ին մասի պահանջների ԿԿՀ-ն իրավասու է քննելու ու լուծելու միայն «պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների վերաբերյալ դիմումները»։ Մինչդեռ, համայնքների ավագանու մասով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում համայնքի ավագանու կողմից անհամատեղելիության պահանջների խախտումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի վերաբերյալ որևէ դրույթ։ Նշված օրենքը ընդամենը պահանջում է ավագանու անդամից ներկայացնել համայնքի ղեկավարին դիմում՝ անհմատեղելիության պահանջի խախտման վերաբերյալ։ Առաջարկություն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ի 2-րդ մասում «ավագանու անդամը» բառերից հետո ավելացնել «մինչ ավագանու անդամի մանդատը ստանալը հրաժարվել ավագանու անդամությունից, իսկ ավագանու մանդատը ստանալուց հետո՝ մեկ շաբաթյա ժամկետում գրավոր տեղեկացնել համայնքի ղեկավարին» բառերը։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, օրենքի հոդված 24-ի առաջին մասում, ԿԿՀ-ին վերապահել լիազորություն՝ քննելու ու լուծելու համայնքի ավագանու կողմից անհամատեղելիության պահանջների խախտումների վերաբերյալ դիմումները։
6 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 26.03.2024 16:32:39 «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի․ 6. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի, նոր խմբագրությամբ՝ 14-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների համաձայն, Երևանի ավագանու անդամը չի կարող միաժամանակ «լինել Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավար»։ Սահմանափակման մասով՝ նույն կերպ ինչպես ՏԻՄ մարմինների ավագանու անդամի դեպքում, անհրաժեշտ է հստակ սահմանել «Երևանի ենթակայության կազմակերպության ղեկավար» եզրույթի շրջանակը։ Կազմակերպության ղեկավարի ներքո արդյո՞ք հասկացվելու է միայն տնօրենի պաշտոնը, թե ղեկավար բոլոր պաշտոնները, ինչպես սահմանված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով։ Այս տեսանկյունից օրենսդրական փաթեթը կարիք ունի միասնական մոտեցումների կիրառման ինչպե՛ս «Տեղական ինքնակառավարման մասին», այնպե՛ս էլ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների առումով։ Միաժամանակ, անհրաժեշտ է տարանջատել համայնքային ենթակայության ոչ առևտրային ու առևտրային կազմակերպություններում համայնքի ավագանու կողմից պաշտոնների զբաղեցման հանգամանքները։ Ոչ առևտրային կազմակերպությունների մասով՝ համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրենի ու փոխտնօրենների պաշտոնները չեն կարող զբաղեցվել ավագանու անդամի կողմից։ Համայնքային ենթակայության առևտրային կազմակերպությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասով նույնպես անհրաժեշտ է կոնկրետ սահմանել պաշտոնների ցանկ։ Երևանի ենթակայության առևտրային կազմակերպությունների մասով օրենսդրական փոփոխությամբ չի դիտարկվում ավագանու անդամների ներգրավվածությունը նշված կազմակերպությունների կառավարման գործընթացում։ Առաջարկություն ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում կոնկրետ սահմանել Երևան քաղաքի ավագանու կողմից Երևանի ենթակայության կազմակերպություններում ղեկավար պաշտոնների շրջանակը։ Միաժամանակ, նախատեսել դրույթ Երևանի ենթակայության առևտրային կազմակերպությունների կառավարման խորհուրդներում Երևան քաղաքի ավագանու անդամի ներգրավվածության պայմանների ու հնարավորությունների առումով։
7 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 26.03.2024 16:32:39 7. Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է Երևանի ավագանու անդամին ներկայացվող սահմանափակումը՝ «լինել վարչական շրջանի ղեկավար»։ Միայն Երևան համայնքի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի զբաղեցումը բավարար չէ, քանի որ Երևան համայնքի վարչական շրջաններում սահմանված են նաև վարչական շրջանի ղեկավարի տեղակալների պաշտոններ, որոնք ներառված են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի 5-րդ մասով՝ վարչական պաշտոնների համայնքային վարչական պաշտոնների խմբում․ «Համայնքային վարչական պաշտոններն են Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնները»։ Միաժամանակ, Երևան քաղաքի ավագանու կողմից վարչական ղեկավարի պաշտոնի զբաղեցման անհամատեղելիության պայմանը արտացոլված է նաև օրենքի նախագծի հոդված 1-ի 1-ին մասի 3-րդ կետում։ Առաջարկություն ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ի 2-րդ կետը հանել։
8 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 26.03.2024 16:32:39 8. Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է, որ Երևան քաղաքի ավագանին միաժամանակ չի կարող «զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված hանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ»։ Նշված կարգավորմամբ բացակայում է իր կարգավիճակով պայմանավորված հանրային պաշտոնների ու ծառայողների պաշտոնների զբաղեցման հնարավորությունը՝ Երևանի քաղաքապետի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի ու Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնների դեպքում։ Առաջարկություն ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ի 3-րդ կետում «իր կարգավիճակով չպայմանավորված» բառերից հետո ավելացնել «պետական և տեղական ինքնակառավարման մարմիներում» բառերը։ Սահմանել համամասնական ընտրակարգով ընտրված Երևանի ավագանու կողմից Երևանի քաղաքապետի ու նրա առաջին տեղակալի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնների համատեղման թույլատրելիության հանգամանքները։
9 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 26.03.2024 16:32:39 9. Նույն հոդվածի 2-րդ մասում սահմանվում է, Երևան քաղաքի ավագանու անդամի կողմից անհամատեղելիության պահանջի խախտումների մասին տեղեկացման գործընթացը՝ այն է, « ․․․ անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքերում ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում քաղաքապետին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով»: Նշված կարգավորմամբ՝ Երևանի ավագանու անդամը անհամատեղելիության պահանջի խախտման մասին պետք է իրավասու մարմնին՝ քաղաքապետին, տեղեկացնի մանդատը ստանալուց հետո՝ մեկ շաբաթյա ժամկետում։ Երևանի ավագանու անդամի մանդատը ստանալուց հետո ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ստանձնում է նաև գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։ Այդ իսկ պատճառով նպատակահարմար է ավագանու անդամի պաշտոնների զբաղեցման անհամատեղելիության պահանջի պահպանման նկատմամբ վերահսկողությունը իրականացնել անմիջապես ավագանու անդամի մանդատը ստանալու փուլում, որը հնարավորություն կտա ավագանու անդամին «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Բարեվարքության պահանջների պահպանման տեսանկյունից լավագույն լուծումը կարող է համարվել Երևանի ավագանու անդամի մանդատը ստանալու փուլում հանրային պաշտոնի կամ հանրային ծառայության պաշտոնի կամ էլ Երևանի ենթակայության կազմակերպություններում պաշտոնների զբաղեցման անհամատեղելիության պահանջների խախտման իրավիճակներում թեկնածուի կողմից որոշման կայացումը։ Երևան քաղաքի ավագանու կողմից անհամատեղելիության պահանջների օրենսդրական կարգավորումների վերոնշյալ նախագիծն ամբողջությամբ չի լուծում ավագանու անհամատեղելիության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պատասխանատու մարմնի հարցը։ Համաձայն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի հոդված 24-ի 1-ին մասի պահանջների ԿԿՀ-ն իրավասու է քննելու ու լուծելու միայն «պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների վերաբերյալ դիմումները»։ Մինչդեռ, Երևան քաղաքի ավագանու անդամների մասով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում Երևան քաղաքի ավագանու կողմից անհամատեղելիության պահանջների խախտումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի վերաբերյալ որևէ դրույթ։ Նշված օրենքը ընդամենը պահանջում է ավագանու անդամից ներկայացնել քաղաքապետին դիմում անհմատեղելիության պահանջի խախտման վերաբերյալ։ Առաջարկություն ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ի 2-րդ մասում «ավագանու անդամը պարտավոր է» բառերից հետո ավելացնել «մինչ ավագանու անդամի մանդատը ստանալը հրաժարվել ավագանու անդամությունից, իսկ ավագանու անդամի մանդատը ստանալուց հետո» բառերը։ Միաժամանակ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով, օրենքի հոդված 24-ի առաջին մասում, ԿԿՀ-ին վերապահել լիազորություն՝ քննելու ու լուծելու համայնքի ավագանու կողմից անհամատեղելիության պահանջների խախտումների վերաբերյալ դիմումները։
10 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 26.03.2024 21:40:54 Համայնքի ղեկավարի ավագանու անդամ լինելու առումով մեծամասնական և համամասնական ընտրակարգերում տարբերակված մոտեցումը հիմնավորված չէ։ Ոլորտի հասարակական կազմակերպությունները պարբերաբար նշում են, որ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի պաշտոնները չպիտի մի դեպքում համարվեն համատեղելի, մյուս դեպքում անհամատեղելի։ Այս երկու պաշտոնների համատեղումը ապրիորի հակասում է ավագանու դերի տրամաբանությանը։ Միաժամանակ Ընտրական օրենսգրքի 107 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են ավագանու անդամի և համայնքի ղեկավարի թեկնածուներին առաջադրվող պահանջներ/սահմանափակումներ, որոնք ամբողջությամբ չէին արտացոլվում Տեղական ինքնակառավարման մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքներում և անհասկանալիորեն դուրս են մնացել առաջարկվող նախագծից։ Ըստ այդմ թե ՏԻՄ օրենքում(19 հոդված), թե Երևանի ՏԻՄ օրենքում (14) 1-ին մասն առաջարկվում է ձևակերպել հետևյալ կերպ “1. Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ` 1) զբաղեցնել որևէ ղեկավար պաշտոն համայնքային ենթակայության կազմակերպություններում. 2) լինել համայնքի ղեկավար , համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար. 3) զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված hանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ: 4) զբաղեցնել այլ պաշտոններ, որոնց դեպքում Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանափակվում է առաջադրման հնարավորությունը».” Ընդունվելու դեպքում կարգավորումը պիտի արտացոլվի այլ համապատասխան հոդվածներում։
11 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 26.03.2024 21:40:54 Առկա կարգավորումը նաև նախատեսում է վաղաժամկետ դադարեցման միայն մեկ ուղի՝ համայնքի ղեկավարը կազմում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (Երևանի դեպքում՝ ԿԸՀ): Այսինքն գործող կարգավորումներով ստացվում է, որ եթե չկա համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարը ինչ-որ պատճառով շահագրգռված է ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմամբ, ապա չկա այլ իրավական ճանապարհ։ Այս դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը պետք է բավարար հիմք հանդիսանա համապատասխան ընտրական հանձնաժողովի համար՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու համար։ Նախագիծն այս հարցին որևէ կերպ չի անդրադառնում, ըստ այդմ առաջարկում ենք համայնքի ավագանու անդամների շահերի բախման օրենսդրական կարգավորումները վերանայել այն համատեքստում, որ ոչ միայն բացառվի ավագանու անդամների և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնների համատեղումը այլ նաև միանշանակ ապահովվի անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու դեպքում ավագանու լիազորությունների դադարեցումը։ ՏԻՄ օրենքի 70֊րդ հոդվածը և Երևանի ՏԻՄ օրենքի 20֊րդ հոդվածն առաջարկվում է վերաշարադրել հետևյալ կերպ․ “1) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում կամ անհամատեղելի պաշտոն ստանձնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել 2) 1-ին մասի 5-րդ կետը համարել ուժը կորցրած 3) 4-րդ և 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին, 4-րդ և 6-րդ կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կամ աշխատակազմի քարտուղարը կազմում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն։ 5. Ավագանու անդամը սույն հոդվածի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքում հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ավագանու անդամը հրաժարականի մասին գրավոր իրազեկում է համայնքի ղեկավարին կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Համայնքի ղեկավարի կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի բացակայության դեպքում ավագանու անդամը հրաժարականի մասին իր գրավոր իրազեկումն անձամբ ներկայացնում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։ Ավագանու անդամի կողմից իրազեկումն անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում հրաժարականի մասին իրազեկումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը: 4) լրացնել նոր՝ 6-րդ մասով 6․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից՝ ավագանու անդամի կողմից անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու և սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետներում հրաժարականի մասին դիմում չներկայացնելու վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում Ընտրատարածքային ընտրական հաձնաժողովը որոշում է կայացնում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: Ընտրատարածքային ընտրական հաձնաժողովը ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նիստից 7 օր առաջ գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին և ավագանու տվյալ անդամին:”