Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտների՝ ՀՀ-ում հարկման կարգավորումների վերանայման անհրաժեշտությամբ՝ նախագծով սահմանված ժամանակահատվածի համար։

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքի 20-րդ և 141-րդ հոդվածներով սահմանված կարգավորումներով, ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը։ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից դուրս ստացված կամ ստացման ենթակա եկամուտները ներառվում են այդ ֆիզիկական անձանց եկամտային հարկով հարկման օբյեկտի մեջ և ենթակա են հարկման ՀՀ-ում օրենսգրքով սահմանված կարգով: Միաժամանակ, ՀՀ-ից դուրս ստացված եկամուտների գծով ՀՀ-ում հաշվարկված եկամտային հարկի գումարները ենթակա են նվազեցման օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան գանձված հարկի գումարների չափով, ինչը չպետք է գերազանցի ՀՀ-ում հաշվարկված եկամտային հարկի գումարները: Այսինքն, գործող օրենսդրությամբ, եթե օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված եկամտային հարկի դրույքաչափը ցածր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված եկամտային հարկի դրույքաչափից, ապա ՀՀ-ից դուրս եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի համար՝ ՀՀ-ում այդ եկամտի մասով հաշվարկման ենթակա եկամտային հարկի և օտարերկրյա պետությունում վճարված հարկի գումարի տարբերության չափով առաջանում է եկամտային հարկի վճարման պարտավորություն։

Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականին միացել է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությանը, որի շրջանակում հարկային մարմինը ստացել է տեղեկատվություն՝ ԱՊՀ անդամ պետություններում ֆիզիկական անձանց ստացած եկամուտների մասով, որի հիման վրա էլ ֆիզիկական անձինք ծանուցվել են այդ եկամուտների մասով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկման և վճարման ենթակա եկամտային հարկի վերաբերյալ։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտները չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից հաշվետու տարվա ընթացքում ՀՀ-ից դուրս ստացված նշված եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը։ Ընդ որում, նախագծով սահմանվում է, որ նշված դրույթը չի տարածվում այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր հիշյալ եկամուտները ստացել են հեռավար եղանակով՝ ՀՀ տարածքում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց, ինչպես նաև այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր համապատասխան եկամուտները ստացել են Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից:

4 Կարգավորման առարկան. ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտների ՀՀ-ում հարկման կարգավորումների մասով որոշակի ժամանակահատվածի համար առանձնահատկությունների սահմանումն է։

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացված եկամուտների ՀՀ-ում հարկման կարգավորումները վերանայել նախագծով սահմանված ժամանակահատվածի համար։

  • Քննարկվել է

    26.02.2024 - 12.03.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2539

Տպել

Առաջարկներ`

Armen Avetisyan

11.03.2024

Չհարկել արտասահմանում աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրով եկամուտ ստացող ՀՀ ռեզիդենտներին հետևյալ հիմնավորմամբ՝ ՀՀ քաղաքացիները կհայտնվեն թրաֆիքինգի և ոչ լեգալ աշխատանքային գործունեություն ծավալելու ռիսկի տակ՝ իր բոլոր բացասական և անկանխատեսելի հետևանքներով։ Առանց այն էլ դրսում աշխատողների իրավական պաշտպանվածության վիճակը գրեթե զրոյական մակարդակի է։ Չեն կնքի աշխատանքային պայմանագիր և գործատուն պարզապես չի վճարի ոչինչ։

Armen Avetisyan

11.03.2024

Չհարկել արտասահմանում աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրով եկամուտ ստացող ՀՀ ռեզիդենտներին հետևյալ հիմնավորմամբ՝ ՌԴ-ում վճարվող եկամտային հարկը (13% կամ 30%) դա նույն ՀՀ եկամտահարկը չէ (20%): ՀՀ եկամտահարկում ներառված են սոցիալական հարկեր, այն միասնական եկամտահարկ է, իսկ ՌԴ եկամտահարկը "զուտ եկամտահարկ է"։ ՌԴ-ում բացի 13% եկամտահարկից աշխատողից պահվում է մոտ 30% սոցիալական հարկ (фонд ОМС, пенсионный фонд), հետևաբար միասնական եկամտային հարկի կարգով դիտարկելու դեպքում ՌԴ-ում աշխատող ՀՀ ռեզիդենտը իրականում վճարում է 43% ՀՀ եկամտահարկին համաբնույթ միասնական եկամտահարկ։ Այսինքն՝ կրկնակի հարկում է առաջանում հարկի բնույթային առումով։

Armen Avetisyan

11.03.2024

Չհարկել արտասահմանում աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրով եկամուտ ստացող ՀՀ ռեզիդենտներին հետևյալ հիմնավորմամբ՝ օրենքը կիրառելի է միայն ԱՊՀ-ում աշխատող ՀՀ ռեզիդենտների հանդեպ։ Այսպիսով՝ ստեղծվում է սոցիալական անհավասարություն՝ Գերմանիայում կամ Իտալիայում եկամուտ ստացող ռեզիդենտը չի հարկվի, որովհետև պետությունը չի իմանա նրա եկամուտները և հարկման բազան, իսկ ԱՊՀ-ում աշխատողինը՝ կիմանա։ Օրենքը հավասար է բոլորի համար և պետք է կիրառելիությունը նույնպես ապահովվի նույն կարգով։ Եթե օրենքի կիրառելիությունը լինելու է սուբյեկտիվ զանգվածի համար, իսկ մյուս զանգվածի համար կիրառելի չէ, ապա օրենքը հակասում է ՀՀ սահմանդրությանը։

Տեսնել ավելին