Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը  (այսուհետ` ռազմավարություն) մշակվել է ի կատարումն 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 14.1 -ին կետի:

Ռազմավարության մշակումը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության և վերջինիս միջոցառումների ծրագրերի ավարտի շրջափուլով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրած և վավերացրած միջազգային կոնվենցիաների և հռչակագրերի դրույթներով։

Ռազմավարությունը սահմանում է գենդերային քաղաքականության առաջնահերթ ուղղությունները և ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Ռազմավարությունն առաջնորդվում է համալիր մոտեցմամբ՝ բացառելու կանանց և աղջիկների կրկնակի խոցելիությունը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքների սկզբունքներով և այդ իրավունքները կիրարկելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ, այսպիսով բոլոր գերակայություններում բոլոր անհրաժեշտ հատվածներում համապատասխան դիտարկումներ կատարելով։

 

Առաջարկվող իրավակարգավորման բնույթը.

 

Նախագծով առաջարկվում է սահմանել գենդերային հավասարության քաղաքականության ապահովման վեց գերակայություններ՝ կառավարման և որոշումների ընդունման մակարդակների, սոցիալ-տնտեսության և աշխատանքային, կրթության և գիտության, առողջապահության, գենդերային բռնության, կանանց/ աղջիկների նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և  կլիմայի ոլորտներում։

Այդ գերակայություններն ուղղված են նշված ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների կիրարկման ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ և դրական միջավայրի ստեղծմանը՝ առաջնորդվելով նաև Հայաստանի Հանրապետության   ստանձնած պարտավորություններով։ Համապատասխանաբար յուրաքանչյուր գերակայության համար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները: Ակնկալվող արդյունքներն ավելի առարկայական ներկայացվել են ռազմավարության միջոցառումների ծրագրում։ Ելակետային իրավիճակը նկարագրվում է ռազմավարության բուն տեքստում՝ յուրաքանչյուր գերակայության վերաբերյալ առանձին։ Յուրաքանչյուր գերակայություն, բացի տվյալ ոլորտի իրավիճակի համառոտ վերլուծություն-նկարագիրը տրամադրելուց, ներկայացնում է նաև գերակայության նպատակներն ու ակնկալվող արդյունքները։ Միջոցառումների ծրագրով սահմանվում են գերակա ուղղություններից և նպատակներից բխող գործողությունները՝ դրանց կատարման համար պատասխանատու մարմնի, կատարման վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքների, արդյունքային ցուցանիշների և յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ակնկալվող աղբյուրի նախատեսմամբ:

Ստորև ներկայացվում են ոլորտային գերակայություններ․

Գերակայություն 1.  Կառավարման բոլոր ոլորտներում և որոշումների ընդունման մակարդակում գենդերային խտրականության հաղթահարում. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում,  կանանց և տղամարդկանց հավասար ու լիարժեք մասնակցության հնարավորությունների ապահովում և ընդլայնում – սույն գերակայության շրջանակում բոլոր ջանքերն ուղղված են լինելու պետական քաղաքականության և կառավարման բոլոր ոլորտներում գենդերային հավասարության հասնելուն, մասնավորապես՝ մասնակցային, ներառական և հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն, որտեղ կանայք և տղամարդիկ, այդ թվում՝ տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչները, կարող են ակտիվորեն և լիարժեք մասնակցել և հավասարապես նշանակալից ազդեցություն ունենալ կառավարման մակարդակում և որոշումների կայացման գործընթացների վրա:

Գերակայություն 2. Սոցիալ-տնտեսական բնագավառում՝  աշխատաշուկայում, տնտեսության տարբեր ճյուղերում, աշխատանքային գործունեության ձևերում  գենդերազգայուն մոտեցումների խրախուսում, աշխատուժի գենդերային խզվածքի նվազեցում և աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավում - սույն գերակայության շրջանակում նախանշված միջոցառումներն ուղղված են լինելու աշխատաշուկայի, զբաղվածության, տնտեսության ոլորտում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի սեռային խզվածքի նվազեցմանը, կանանց սոցիալ-տնտեսական ակտիվության խրախուսմանը և աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավմանը, ներառյալ` աշխատանքային գործունեության մեջ խնամառության աշխատանքի պաշտպանությանը։ Այս գերակայության շրջանակում կարևորվում է (երիտասարդ) կանանց և (երիտասարդ) տղամարդկանց սոցիալ-տնտեսական կյանքում հավասար ներգրավվածության և առաջխաղացման խթանումը։

Գերակայություն 3. Կրթության և գիտության ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց և տղամարդկանց լիարժեք մասնակցության խթանում, հավասար հնարավորությունների ընդլայնում և բարենպաստ միջավայրի ամրապնդում - սույն գերակայության շրջանակում նախանշված միջոցառումներն ուղղված են լինելու ոլորտում աղջիկների և տղաների, կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածությանն ու արդյունավետ մասնակացությանը՝ հանուն անհատի ներուժի բացահայտման և զարգացման, ինչպես նաև հասարակության և պետության առաջխաղացման։

Գերակայություն 4.  Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովում - սույն գերակայության շրջանակում բոլոր ջանքերն ուղղված են լինելու մեծացնել կանանց հասանելիությունը հիմնական առողջապահական և վերարտադրողական առողջապահական ծառայություններին, հատկապես խոցելի խմբերի, գյուղական բնակավայրերի կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց և էթնիկ փոքրամասնությունների խմբերին պատկանող կանանց համար, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող հատկացումները մեծացնելու և առողջության պարտադիր ապահովագրության համակարգում ներառելու ճանապարհով։

Գերակայություն 5. Գենդերային բռնության և խտրականության հաղթահարում, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելում, հաղթահարում և բռնության ենթարկված կանանց և աղջիկների պաշտպանություն և աջակցություն - սույն գերակայության բոլոր ջանքերն ուղղված են լինելու ավելի ապահով և անվտանգ միջավայր և հասարակաություն ստեղծելուն՝ բոլոր կանանց և աղջիկների համար, ինչպես նաև կանխելուն ցանկացած տեսակի բռնություն և աջակցելուն որևէ տեսակի բռնության ենթարկված անձանց, մասնավորապես՝ կանանց և աղջիկներին, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության հաղթահարմանը։

Գերակայություն 6. Կլիմայի փոփոխության նկատմամբ  գենդերազգայուն և գենդերաարձագանքող մոտեցումների ձևավորում, ներառական սկզբունքների  ապահովում և իրազեկվածության բարձրացում - սույն գերակայության բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային և սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը ու գենդեր-արձագանքող մոտեցումների ներդրմանը։

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովելու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կառավարման և որոշումների կայացման ոլորտում կանանց հավասար մասնակցության առկայությունը, կանանց և տղամարդկանց սոցիալ-տնտեսական կյանքում հավասար ներգրավվածության և առաջխաղացման խթանումը, կրթական և առողջապահական ոլորտներում հավասար մատչելիությունն ապահովող ծրագրերի առկայությունը, գենդերային բռնության դեմ պայքարի շրջանակում համալիր միջոցառումների իրականացումը, կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային և սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանումը ու գենդեր-արձագանքող մոտեցումների ներդրմումը։

 

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի  բնակչության հիմնադրամի, ԵՄ փորձագիտական խմբի աջակցությամբ:

Նախագիծը մշակվել է մասնակցային և փաստահեն սկզբունքների համաձայն՝ ապահովելով տարբեր շահակիցների ներգրավվումը՝ առաջնային տվյալների հավաքագրման նպատակով, անցկացնելով ոլորտային և միջոլորտային տարբեր խմբերի հետ հանդիպումներ, ֆոկուս խմբային քննարկումներ և փորձագիտական հարցազրույցներ։

                         

Որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

 

Նախագծի ընդունման կապակցությամբ հնարավոր է առաջանալ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում:

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանց փոփոխման անհրաժեշտությունը բացակայում է:

                                                                                     

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 

Նախագծի մշակումը բխում է 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 14.1 -ին կետի պահանջից:

 

 

  • Քննարկվել է

    01.02.2024 - 16.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1901

Տպել

Առաջարկներ`

Zhenya Mayilyan

16.02.2024

Ռազմավարության մեջ և հարակից փաստաթղթերում կիրառվում է «մարգինալացված խմբեր» եզրույթը, ինչը խտրականացնող է։ Առաջարկում եմ փոխարինել «խոցելի խմբեր» եզրույթով։

Zhenya Mayilyan

16.02.2024

Ռազմավարության մեջ (Իրավիճակի նկարագրություն, կետ 17) հղում է տրված Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ-ի կողմից 2021 թվականին իրականացված հետազոտությանը։ Կազմակերպությունն ունի ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խարանի և խտրականության վերաբերյալ 2023 թվականին իրականացված ծավալուն հետազոտություն, որը կարող եք ներառել ռազմավարության մեջ։ Ստորև կարող եք տեսնել հետազոտություն հղումը․ https://goo.su/QQYcxLC

Zhenya Mayilyan

16.02.2024

Փաստաթղթում կիրառվում է թմրադեղեր օգտագործող կամ թմրամիջոց օգտագործող տերմինները։ Առաջարկում եմ բոլոր տեղերում կիրառել նույն տերմինաբանությունը։ Առավել ընդունելի է հոգեներգործուն դեղամիջոցներ օգտագործող տերմինը։

Տեսնել ավելին