Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցներն օրենքով սահմանված միջոցառումների՝ վարժական հավաքների կազմակերպման կամ զորահավաքի շրջանակներում, ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցման տրման հարաբերությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործումը, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը, իսկ խաղաղ ժամանակ նաեւ բաց թողնված օգուտը համարժեք փոխհատուցվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով գույքի օգտագործման, պատճառած վնասի կամ բաց թողնված օգուտի փոխհատուցման համար նախատեսված չափերով՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով, ներգրավված տրանսպորտային միջոցները ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին վերադարձվում են տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում: ՀՀ կառավարության 09.09.2010թ. N 1186-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանվել է համապատասխան կարգը, որի պահանջների համաձայն՝ տրանսպորտային միջոցի օգտագործման յուրաքանչյուր լրիվ օրվա դիմաց տրվում է համարժեք փոխհատուցում` համապատասխան տրանսպորտային միջոցի վարձակալության ուղղությամբ ձևավորված շուկայական միջինացված արժեքով, իսկ  նյութական վնասի չափը որոշվում է տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի կամ տեխնիկական անսարքությունների վերացման ուղղությամբ ձևավորված շուկայական միջինացված արժեքով: Միաժամանակ նախատեսվել է, որ տրանսպորտային միջոցի օգտագործման, հասցված նյութական վնասի, բաց թողնված օգուտի չափերի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է ՀՀ պաշտպանության նախարարության ՀՀ ֆինանսների նախարարության իրավասու պաշտոնատար անձանց ու ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ներկայացուցչի կողմից, ինչպես նաև համապատասխան փոխհատուցումներն իրականացվում են ողջամիտ ժամկետում:

Սահմանված կարգավորումների շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել համապատասխան փոխհատուցման չափերը որոշող մարմինը, որը նույնական հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության 19.07.2007թ. N 832-Ն, 09.08.2007թ. N 905-Ն և 06.05.2021թ. N 736-Ն որոշումներով նախատեսված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Այդ կապակցությամբ նախատեսվում է որոշմամբ կարգավորվող հարաբերություններում ևս սահմանել փոխհատուցման չափերի որոշումը՝ նշված կենտրոնի կողմից: Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել տրանսպորտային միջոցի օգտագործման, տրանսպորտային միջոցին հասցված նյութական վնասի և բաց թողնված օգուտի վերաբերյալ արձանագրության կազմման կարգը, այն ստորագրող մարմինները և արձանագրության բովանդակությունը, ինչպես նաև փոխհատուցման տրման առավելագույն ժամկետը: Ընդ որում, անհրաժեշտություն է առաջացել նաև հատուկ սահմանել, որ տրանսպորտային միջոցի օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման չափի հաշվարկում չի ներառվում վարորդի և ՎՔ նյութերի ծախսը, քանի որ ներգրաված տրանսպորտային միջոցին կցվում է զինծառայող վարորդ, իսկ ՎՔ նյութերն ապահովվում են զորամասի կողմից:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի և բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցման չափերը որոշող մարմինը, արձանագրության կազմման կարգը, արձանագրությունը ստորագրող մարմինները և արձանագրության բովանդակությունը, ինչպես նաև փոխհատուցման տրման առավելագույն ժամկետը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում փոփոխությունների և լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտության չի հանգեցնում, քանի որ որոշմամբ սահմանված փոխհատուցման չափի որոշման հիմքերի փոփոխություն չի կատարվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

  Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    16.11.2023 - 02.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1339

Տպել