Հիշել նախագիծը

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) կարգավորումների համաձայն ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով Օրենքն ամբողջ ծավալով ուժի մեջ է մտնում սկսած 2024 թվականից: ««Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքում կիրառվող «հողի հարկ» և «գույքահարկ» արտահայտությունները ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված «անշարժ գույքի հարկ» և «փոխադրամիջոցների գույքահարկ» արտահայտությունների համապատասխանեցմամբ, «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամուտների կորուստների փոխհատուցման մեխանիզմները Օրենքից տարանջատելու հանգամանքով, սահմանամերձ համայնքներին լրացուցիչ անվտանգային ծախսեր կատարելու նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման հնարավորության ապահովմամբ, համայնքների խոշորացման արդյունքում համահարթեցման դոտացիայի հաշվարկներում կիրառվող համայնքի բարձրադիրության և վերջինիս կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնների տեսակարար կշիռների անհրաժեշտ փոփոխությամբ, մասշտաբի ծախսային գործոնի արժեքի հաշվարկման բնակչության թվաքանակի վերադասակարգմամբ, տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի գործակցային փոփոխությամբ, ինչպես նաև 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաների չափերը հետագա տարիներին համահարթեցման դոտացիաների հաշվարկներում որպես սահմանաչափ չդիտարկելու հանգամանքով։

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

  • Համաձայն «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի՝ անկախ Օրենքով սահմանված դոտացիայի հաշվարկման կարգից՝ 2017 թվականին և հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները։ Միևնույն ժամանակ, «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնհամահարթեցման դոտացիայի գումարների հաշվարկման համար 2024թ. պետք է կիրառվեն Օրենքի 6-րդ հոդվածով նախանշված կարգավորումները։

Այսինքն, համահարթեցման դոտացիայի հաշվարկները պետք է իրականացվեն ոչ միայն ըստ համայնքների բյուջետային ապահովվածության գործակցի («բ» մաս), այլ նաև ըստ համայնքների բնակչության քանակի («ա» մաս)։ Հետևաբար, այս համատեքստում հարկ է նկատել, որ Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը գործնականում կորցնում է կիրառականությունը։

Բացի այդ, վերջինս իրավական տեսանկյունից ակնհայտ հակասության մեջ է Օրենքի 6-րդ հոդվածում նախանշված կարգավորման հետ։ Ուստի, իրավական անհրաժեշտ որոշակիության ապահովման նպատակով առաջարկվում է Օրենքից հանել 18-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը։

  • Նախագծով առաջարկվում է նաև համահարթեցման դոտացիայի հաշվարկներում կիրառվող համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի 15 տոկոս տեսակարար կշիռը սահմանել 20 տոկոս, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի տեսակարար կշիռը 25 տոկոսից սահմանել 20 տոկոս, իսկ մասշտաբի ծախսային գործոնի արժեքի հաշվարկման բնակչության թվաքանակի 0-3500, 3500-5000, 5000-20000, 20000-150000 և 150001-ից ավել միջակայքերը դասակարգել համապատասխանաբար՝ մինչև 3500, 3501-20000, 20001-50000, 50001-200000 և 200001-ից ավելի բնակչության թվաքանակի միջակայքերով։ Վերջիններս պայմանավորված են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի փոփոխության արդյունքում խոշորացված համայնքների ձևավորմամբ։

Այսինքն` համայնքների խոշորացման արդյունքում համայնքների կազմում մի շարք բնակավայրերի ընդգրկմամբ խախտվում է ՀՀ պետական բյուջեից Օրենքով համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբուն­քով տրամադրվող դոտացիաների հաշվարկման մեթոդաբանությունը։

Մասնավորապես, կարևորելով ծովի մակերևույթից համայնքի ունեցած բարձրադիրության ծախսային գործոնի ազդեցությունը, որի արդյունքում տվյալ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների ծախսային յուրա­հատկությունները հետևանք են բնակլիմայական (տեղումների քանակ, ջեռուցման սեզոնի տևողություն, տարվա ընթացքում բացասական ջերմաստիճանով օրերի քանակ և այլն) և աշխարհագրական (տրանսպորտային և կապի միջոցների հասանելիություն, առողջապահական խնդիրներ և այլն) պայմանների՝ համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակցի հաշվարկում համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի 15 տոկոս տեսակարար կշիռը  սահմանվել է 20 տոկոս, իսկ ծովի մակերևույթից 1700 մ-ից 2000 մ և 2000 մ-ից ավել միջակայքերում գտնվող համայնքների բարձրադիրության ծախսային գործոնների արժեքները 1,1-ի և 1,25-ի փոխարեն համապատասխանաբար սահմանվել է 1,2 և 1,4 (այս ցուցանիշները նախատեսված են եղել դեռևս Օրենքի մշակման փուլում)։

Բացի այդ հաշվի առնելով համայնքների խոշորացման գործընթացի գրեթե ավարտման հանգամանքը՝ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի տեսակարար կշիռը 25 տոկոսից սահմանվել է 20 տոկոս, իսկ բնակավայրերի քանակի ծախսային գործոնի արժեքի հաշվարկման բանաձևում համայնքի կազմում մեկից ավել յուրաքանչյուր բնակավայրի ավելացման դեպքում համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի գործակցի 20 տոկոս ավելացման փոխարեն սահմանվում է 15 տոկոս, հաշվի առնելով այն փաստը, որ համայնքների խոշորացման արդյունքում առավել շատ բնակավայրեր ընդգրկող համայնքների համահարթեցման դոտացիայի հաշվարկման բնակավայրերի քանակի գործակիցն ընդունում է ավելի բարձր արժեք, որն այդ համայնքների համար ավելի շահավետ պայման է։ Հետևաբար,  բնակավայրերի քանակի գործակցի նվազեցման դեպքում մեղմվում է համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունները։

Մասշտաբի ծախսային գործոնի արժեքի հաշվարկման բնակչության թվաքանակի միջակայքերի փոփոխությունը պայմանավորված է համայնքների խոշորացման արդյունքում համայնքների բնակչության թվաքանակի փոփոխության հետևանքով վերոնշյալ միջակայքերի անհրաժեշտ վերադասակարգմամբ (օրինակ՝ համայնքների բնակչության թվաքանակի 3500-5000 միջակայքում ընդգրկվում է ընդամենը մեկ համայնք)։

Հետևաբար, համապատասխան փորձագիտական հաշվարկների և վերլուծությունների իրականացման արդյունքում համահարթեցման դոտացիաների հաշվարկման առաջարկվող փոփոխություններն ապահովում են բարձրադիրության և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի, ինչպես նաև մասշտաբի ծախսային գործոնների ակտուալությունը:

 

  • Տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի գործակցային փոփոխությունը պայմանավորված է նույնպես համայնքների խոշորացման արդյունքում նախկին շրջկենտրոնների հետ փոխկապակցված ծախսեր կատարելու անհրաժեշտությունը ներկայում կապակցվում է  մարզկենտրոնների հետ, որի արդյունքում Օրենքի համապատասխան բանաձևում կատարվել են գործակցային փոփոխություններ։
  • Ինչ վերաբերում է «ա» մասով հատկացվող համահարթեցման դոտացիայի հաշվարկների փոփոխությանը, ապա այն պայմանվորված է սահմանամերձ համայնքներին լրացուցիչ անվտանգային ծախսեր կատարելու նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման հնարավորության ապահովմամբ։
  • Միաժամանակ առաջարկվում է Օրենքում կիրառվող «հողի հարկ» և «գույքահարկ» արտահայտությունները համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված «անշարժ գույքի հարկ» և «փոխադրամիջոցների գույքահարկ» արտահայտություններին, իսկ «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» և «Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ» արտահայտությունները «Կառավարության կառուցվածքի եվ գործունեության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքներում նախանշված՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր» սահմանումներին։

 3. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.

   Նախագծի հիմնական նպատակն է՝ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի ամբողջ ծավալով կիրառման ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև համայնքների խոշորացման համահարթեցման դոտացիաների հաշվարկման մեխանիզմների  ակտուալության ապահովումը։ Մասնավորապես, անհրաժեշտ իրավական որոշակիության ապահովման նպատակով առաջարկվում է անցումային դրույթներից հանել համահարթեցման դոտացիաների հաշվարկման համար 2016 թվականին համայնքներին հատկացված դոտացիաները 2024 թվականի և հաջորդ տարիների հաշվարկներում որպես սահմանչափ  դիտարկելու կարգավորումը։

Նախագիծը չի նախատեսում ֆինանսական համահարթեցման բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության փոփոխություններ: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է համայնքների ֆինանսական համահարթեցմանը և համաչափ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

5Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

7․  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ որոշման՝ տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը վերաբերող 6.6-րդ կետից:

  • Քննարկվել է

    15.09.2023 - 01.10.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1660

Տպել