Հիշել նախագիծը

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2023 թվականի   N ______-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերի, Հարկային օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի
N ՀՕ-145-Ն օրենքի 10-րդ հոդվածի 4-9-րդ և 11-րդ կետերի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝
  • Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
  • Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը՝ համաձայն
    N 2 հավելվածի.
  • Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կիրառված և գործող սահմանափակումների վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության ցանկը (այսուհետ՝ Ցանկ) անշարժ գույքի պետական ռեգիստրիպաշտոնական Կայքէջի առանձնացված բաժնում տեղադրման, Ցանկի համընդհանուր հասանելիության ապահովման, դրա խմբագրման, սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից յուրաքանչյուր եռամսյակ իրենց կատարած աշխատանքների և խմբագրումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու, Ցանկի խմբագրման հնարավորությունը արգելափակելու, սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած՝ Ցանկում գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումներ լրացնելու վերաբերյալ դիմում-բողոքների մասին հաղորդումը, դիմում-բողոքների լուծման արդյունքում կազմված սահմանափակումը դադարեցնելու կամ սահմանափակում կիրառելու մասին որոշումը անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու կարգը համաձայն N 3 հավելվածի:
  1. Ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տվյալների փոխանակման և էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 687-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ գլուխը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

 

ք. Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

… …-ի N -Ն որոշման

 

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ՝ Փաստաթղթեր) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները վերբեռնում են անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական՝ e-cadastre.am կայքում (այսուհետ՝ Կայք)։ Փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային՝ ՓԻ ԴԻ ԷՖ (PDF) կամ ԷՄ ԷՍ ՈՌԴ (MSWORD) ձևաչափով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ տրամադրված՝ համակարգերի փոխգործելիության միջոցով:
  2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները, Կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու մասին» N 1093-Ն և 2017 թվականի մայիսի 25-ի «Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի N 1595-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 572-Ն որոշումների պահանջներին համապատասխան Փաստաթղթերը ուղարկում են Կայքում առկա՝ Փաստաթղթերի ներկայացման համար նախատեսված առանձնացված բաժին՝ հաշվի առնելով սույն հավելվածի 3-16 կետերով նախատեսված առանձնահատկությունները:
  3. Փաստաթղթերի ներկայացման համար Կայքի համապատասխան տիրույթում յուրաքանչյուր պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, ինչպես նաև նոտարների համար ստեղծվում են առանձին բաժիններ:
  4. Կայքի՝ Փաստաթղթերի ներկայացման տիրույթի օգտագործողներն են՝
  • Կառավարիչը՝ անշարժ գույքի պետական ռեգիստրը.
  • Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, Նոտարական պալատը՝ ի դեմս փաստաթղթեր մուտքագրող պաշտոնատար անձանց (այսուհետ՝ Փաստաթղթեր մուտքագրող անձ) և նոտարների, ովքեր գրանցված են սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված կարգով․
  • Լոկալ կառավարիչները՝ համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում, Նոտարական պալատում իր պաշտոնեական պարտականությունները կատարող ներքին ադմինիստրատոր։
  1. Կառավարիչը համակարգում է մի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նոտարների կողմից շահագործվող էլեկտրոնային համակարգերի, մյուս կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից շահագործվող էլեկտրոնային համակարգի ինտեգրման աշխատանքները, ապահովում է անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից շահագործվող էլեկտրոնային համակարգի անխափան աշխատանքը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Նոտարական պալատի կողմից ներկայացված անձանց Կայքում գրանցում է որպես լոկալ կառավարիչ:
  2. Համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, ինչպես նաև Նոտարական պալատը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում այն անձի՝ սույն հավելվածի 12-րդ կետի 1-10-րդ ենթակետերով նախատեսված տվյալները, ով Կայքում պետք է գրանցվի որպես Լոկալ կառավարիչ:
  3. Սույն հավելվածի 12-րդ կետի 1-10-րդ ենթակետերով նախատեսված տվյալները ստանալուց հետո անշարժ գույքի պետական ռեգիստրը հինգ աշխատանքային օրվա ընթացքում որպես Լոկալ կառավարիչ գրանցման ենթակա անձի աշխատանքային էլեկտրոնային փոստին է ուղարկում Կայքում գրանցման համար նախատեսված մուտքանունը և գաղտնաբառը։
  4. Անձը նույնականացման քարտի կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված խիստ նույնականացման այլ գործիքների կիրառմամբ գրանցվում է որպես Լոկալ կառավարիչ սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված մուտքանունը և գաղտնաբառը իրեն ամրակցված համակարգչի միջոցով Կայքի առանձնացված տիրույթ ներմուծելու արդյունքում։
  5. Լոկալ կառավարիչը հաստատում կամ ապաակտիվացնում է իր կողմից ներկայացվող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի Փաստաթղթեր մուտքագրողների (նոտարների) գրանցումը Կայքում, ինչպես նաև համակարգում է վերջիններիս՝ էլեկտրոնային համակարգը օգտագործելու հետ կապված գործունեությունը:
  6. Համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, ինչպես նաև Նոտարական պալատը լոկալ կառավարչի գործառույթները դադարեցնելու պարագայում մեկօրյա ժամկետում տեղեկացնում է անշարժ գույքի ռեգիստր՝ համակարգում վերջինիս լիազորությունները դադարեցնելու նպատակով:
  7. Փաստաթղթեր մուտքագրողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կազմում, հաստատում կամ վավերացնում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև լիազորված են Փաստաթղթերը վերբեռնել Կայք։
  8. Գրանցման համար Կայքի համապատասխան բաժնում լրացվում են հետևյալ պարտադիր դաշտերը.
  • Հանրային ծառայության համարանիշը.
  • Անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը․
  • Անունը.
  • Ազգանունը.
  • Հայրանունը.
  • Մարմնի անվանումը, որտեղ Փաստաթղթեր մուտքագրողը իրականացնում է իր պաշտոնեական լիազորությունները.
  • Ստորաբաժանումը.
  • Զբաղեցրած պաշտոնը.
  • Բջջային հեռախոսահամարը.
  • Աշխատանքային էլեկտրոնային փոստը։
  1. Սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված դաշտերը լրացնելուց հետո գրանցումը հաստատում է Լոկալ կառավարիչը:
  2. Փաստաթղթերի մուտագրումն իրականացվում է նույնականացման քարտի կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված խիստ նույնականացման այլ գործիքների կիրառմամբ և Փաստաթղթեր մուտքագրողին ամրակցված համակարգչի միջոցով մուտքանվան և գաղտնաբառի մուտքագրմամբ:
  3. Փաստաթղթերը վերբեռնելուց առաջ Կայքում լրացվում են՝
  • Այն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը և հասցեն, որին վերաբերում է Փաստաթուղթը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կադաստրային ծածկագիրը.
  • Փաստաթղթի հասցեատիրոջ, դրանից բխող իրավունքի իրավատիրոջ կամ գրանցված իրավունքի սուբյեկտի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը, անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, պետական գրանցման կամ հարկ վճարողի հաշվառման համարը.
  • Փաստաթղթից բխող իրավունքի իրավատիրոջ կամ գրանցված իրավունքի սուբյեկտի կամ վերջիններիս լիազորված անձի բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը.
  • Փաստաթղթի տեսակը և բնույթը, դրանով կարգավորվող հարցը, իսկ գործարքների դեպքում՝ դրանց էական պայմանները.
  • Փաստաթղթի ամսաթիվը․
  • Փաստաթղթի համարը.
  • Փաստաթուղթը տրամադրելու իրավասություն ունեցող մարմինը, ստորաբաժանումը կամ պաշտոնատար անձը, Փաստաթուղթը ստորագրողը:
  1. Սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված տվյալները լրացնելուց և փաստաթղթերը վերբեռնելուց հետո Փաստաթղթեր մուտքագրողը ստուգում և հաստատում է մուտքագրումը, որից հետո ինքնաշխատ եղանակով ձևավորվում է սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված տվյալները պարունակող փաստաթուղթ (այսուհետ՝ Փաստաթուղթ), ինչպես նաև Փաստաթղթի ծածկագիրը, արագ արձագանքի (Քյու Առ կոդ (QR code)) կամ շտրիխ կոդ պարունակող քաղվածք՝ կցված մուտքագրված Փաստաթղթին։
  2. Սույն հավելվածի 16-րդ կետով նախատեսված քաղվածքը ձևավորվելուց կամ սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված կարգով Փաստաթուղթը խմբագրելուց հետո Փաստաթղթի ծածկագիրը ինքնաշխատ եղանակով, հեռախոսային կարճ հաղորդագրության տեսքով (Էս Էմ Էս (SMS)) ուղարկվում է Փաստաթղթերից բխող իրավունքների իրավատիրոջը կամ գրանցված իրավունքի սուբյեկտի կամ լիազորված անձի՝ սույն հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով մուտքագրված հեռախոսահամարին։
  3. Սույն հավելվածի 16-րդ կետով նախատեսված քաղվածքը ձևավորվելուց հետո Փաստաթղթերը փաստաթղթերի ծածկագրի, արագ արձագանքի (Քյու Առ կոդ (QR code)) կամ շտրիխ կոդի կիրառմամբ դառնում են առցանց հասանելի Կայքում:
  4. Փաստաթղթերը անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար համարվում են անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ և 26-26.1-ին հոդվածներին համապատասխան դիմում ներկայացնելու պահից։
  5. Մինչև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ և 26-26.1-ին հոդվածներին համապատասխան դիմում ներկայացնելու պահը Կայքում վերբեռնված Փաստաթղթերի խմբագրման անհրաժեշտության դեպքում նոր՝ խմբագրված Փաստաթղթերը ներկայացվում են սույն հավելվածին համապատասխան՝ ընդհանուր հիմունքներով: Կայքում պահպանվում են Փաստաթղթի՝ մինչև խմբագրումը գործած և խմբագրված տարբերակները:
  6. Իրավունքի պետական գրանցման վարույթը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի
    2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի հիման վրա կասեցնելու կամ իրավունքի պետական գրանցումը նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ, 5-6-րդ կետերի հիման վրա մերժելու դեպքում նոր՝ ուղղված Փաստաթղթերը ներկայացվում են սույն հավելվածին համապատասխան՝ ընդհանուր հիմունքներով, որի դեպքում Կայքում պահպանվում են Փաստաթղթի՝ մինչև խմբագրումը գործած և խմբագրված տարբերակները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

… …-ի N -Ն որոշման

 

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ՝ Սահմանափակումների փաստաթղթեր) մուտքագրվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական՝ e-cadastre.am Կայք (այսուհետ՝ Կայք)։ Սահմանափակումների փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային՝ ՓԻ ԴԻ ԷՖ (PDF) կամ ԷՄ ԷՍ ՈՌԴ (MSWORD) ձևաչափով, հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
  2. Սահմանափակումների փաստաթղթերի ներկայացման, Կայքի առանձին տիրույթի օգտագործողների, վերջիններիս՝ Կայքում գրանցման ընթացակարգերի նկատմամբ տարածվում են N 1 հավելվածի 2-13-րդ կետերի պահանջները:
  3. Սահմանափակումների փաստաթղթերը Կայք վերբեռնելուց առաջ մուտքագրողը Կայքի՝ համապատասխան առանձնացված տիրույթում նախապես լրացնում է.
  • Ըստ սահմանափակվող իրավունքի սուբյեկտի սահմանափակում կիրառելու դեպքում՝

ա. սահմանափակումների փաստաթղթի տեսակը, համարը (առկայության դեպքում) և ամսաթիվը,

բ. սահմանափակումը կիրառող մարմինը, դրա կառուցվածքային միավորը և պաշտոնատար անձը,

գ. Դատական գործի համարը, կատարողական վարույթի համարը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կիրառվող սահմանափակումների դեպքում՝ մինչդատական վարույթի համարը,

դ. սահմանափակվող իրավունքի տեսակը և սահմանափակվող իրավունքի բնույթը,

ե. անձի, անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան ամսաթիվը և քաղաքացիությունը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը և կազմակերպաիրավական ձևը,

զ. հանրային ծառայության համարանիշը, ինչպես նաև անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը կամ գրանցման համարը.

2) Կոնկրետ անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների սահմանափակում կիրառելու դեպքում՝ սույն հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետի «ա»-«է» պարբերություններով նախատեսված տվյալները, ինչպես նաև՝

ա. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը (առկայության դեպքում),

    բ. անշարժ գույքի միավորի հասցեն (առկայության դեպքում),

գ. անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը:

  1. Սույն հավելվածի 24-րդ կետով նախատեսված տվյալները լրացնելուց և փաստաթղթերը վերբեռնելուց հետո Սահմանափակումների փաստաթղթեր մուտքագրողը ստուգում և հաստատում է մուտքագրումը, որից հետո ինքնաշխատ եղանակով համակարգը ձևավորում է սույն հավելվածի 24-րդ կետով նախատեսված տվյալները պարունակող փաստաթուղթ (այսուհետ՝ Փաստաթուղթ), ինչպես նաև Փաստաթղթի ծածկագիրը, արագ արձագանքի (Քյու Առ կոդ (QR code)) կամ շտրիխ կոդ պարունակող քաղվածք՝ կցված մուտքագրված Փաստաթղթին։ Մինչև Կառավարչի կողմից մուտքագրված սահմանափակումների գրանցման վարույթին ընթացք տալը Սահմանափակումների փաստաթղթեր մուտքագրողը հնարավորություն ունի խմբագրելու համակարգում իր կողմից լրացված սույն հավելվածի 24-րդ կետով նախատեսված տվյալները։
  2. Մինչև սահմանափակումների փաստաթղթերի ձևավորումը և դրանք Կայք վերբեռնելը, ինչպես նաև այդ գործընթացից հետո Սահմանափակումների փաստաթղթեր մուտքագրողները իրավունքի սուբյեկտի և (կամ) նրան պատկանող գույքի վերաբերյալ տվյալները ձեռք բերելու համար Կայքի միջոցով կարող են ստանալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների մասին տեղեկատվություն, անշարժ գույքի միավորի կադաստրային գործում պահվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճեններ և այլ տեղեկատվություն: Այն դեպքում, երբ Սահմանափակումների փաստաթղթեր մուտքագրողի կողմից անշարժ գույքի նույնականացման տվյալները չեն հայտնաբերվում համակարգի կողմից, համակարգը ծանուցում է Սահմանափակումների փաստաթղթեր մուտքագրողին գույքի չհայտնաբերման վերաբերյալ՝ առկայության դեպքում տրամադրելով լրացուցիչ այլ տեղեկություններ հայցվող գույքի վերաբերյալ:
  3. Սույն հավելվածի 24-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը որոնելու և ստանալու համար Սահմանափակումների փաստաթղթեր մուտքագրողը Կայքի առանձնացված տիրույթում լրացնում է.
  • տեղեկատվությունը պահանջող մարմինը, դրա կառուցվածքային միավորը և պաշտոնատար անձը,
  • դատական գործի համարը կամ կատարողական վարույթի համարը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կիրառվող սահմանափակումների դեպքում՝ մինչդատական վարույթի համարը,
  • հայցվող տեղեկատվության սուբյեկտ հանդիսացող անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ լրիվ անվանումը,
  • անշարժ գույքի միավորի հասցեն (առկայության դեպքում),
  • անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը,
  • անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը (առկայության դեպքում):
  1. Սույն հավելվածով սահմանված սահմանափակման (սահմանափակումների) գրանցմանը, ինչպես նաև սույն հավելվածի 27-րդ կետով հարցմանը ի պատասխան տրամադրվում է անշարժ գույքի միավորի նկատմամբ կիրառված սահմանափակման (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանք, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
  • անշարժ գույքի միավորի հասցեն (առկայության դեպքում),
  • անշարժ գույքի միավորի նկարագրությունը,
  • կադաստրային գործի ծածկագիրը,
  • իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի համարը (առկայության դեպքում),
  • իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի թերթիկի համարը (առկայության դեպքում),
  • հողամասի ծածկագիրը, մակերեսը՝ արտահայտված հեկտարով (հա), նպատակային և գործառնական նշանակությունները ։
  • շենքի կամ շինության ծածկագիրը (երը), մակերեսները՝ արտահայտված քառակուսի մետրերով (քմ),
  • անշարժ գույքի միավորի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը,
  • միասնական տարածագնահատման գոտին։
  1. Անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված իրավունքների սուբյեկտների վերաբերյալ տրամադրվում են հետևյալ տեղեկությունները.
  • իրավունքի տեսակը,
  • իրավունքի կարգավիճակը (գործող, դադարած),
  • գրանցման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը,
  • սուբյեկտը՝

ա. իրավաբանական անձանց դեպքում՝ լրիվ անվանումը, գրանցման համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը, կազմակերպաիրավական ձևը

բ. ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը, անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը:

  1. Անշարժ գույքի պետական ռեգիստրում գրանցված իրավունքների սահմանափակումների վերաբերյալ տրամադրվում են հետևյալ տեղեկությունները.
  • սահմանափակման տեսակը,
  • նկարագրությունը,
  • սահմանափակման լրանցման ամսաթիվը,
  • սահմանափակման կիրառման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի՝

ա. անվանումը,

բ. ընդունող մարմինը և պաշտոնատար անձը,

գ. փաստաթղթի ամիսը, ամսաթիվը և տարեթիվը,

դ. համարը,

ե. կարգավիճակը՝ գործող կամ դադարած,

զ. լրացուցիչ նշումներ:

  1. Անշարժ գույքի միավորի կադաստրային գործի փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները սույն հավելվածի 27-րդ կետով ներկայացված հարցման հիման վրա արտածվում են սահմանափակումների փաստաթղթերը մուտքագրող անձի՝ Կայքի առանձնացված տիրույթի իր էջում:
  2. Սահմանափակումների փաստաթղթերը սույն հավելվածին համապատասխան Կայք ներբեռնելուց հետո սահմանափակումներ մուտքագրողը կարող է դիտել մուտքագրված փաստաթղթերը, դրանց հիման վրա գրանցված սահմանափակումների ցանկը:
  3. Սահմանափակումները վերացնելու համար սահմանափակումների փաստաթղթեր մուտքագրողը Կայքի առանձնացված տիրույթում ընտրում է այն անշարժ գույքի միավորները, որոնց նկատմամբ գրանցված է իրավունքի սահմանափակում: Այնուհետև սահմանափակումների փաստաթղթեր մուտքագրողը Կայքի առանձնացված տիրույթում լրացնում է.

1) սահմանափակումները դադարեցնող փաստաթղթի տեսակը, համարը (առկայության դեպքում) և ամսաթիվը,

2) սահմանափակումը վերացնող մարմինը, դրա կառուցվածքային միավորը և պաշտոնատար անձը,

3) դատական գործի համարը կամ կատարողական վարույթի համարը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կիրառվող սահմանափակումների դեպքում՝ մինչդատական վարույթի համարը,

4) սահմանափակվող իրավունքի տեսակը և սահմանափակվող իրավունքի բնույթը։

  1. Սույն հավելվածի 33-րդ կետում նշված գործողություններից հետո սահմանափակումների փաստաթղթեր մուտքագրողը Կայք է ներբեռնում սահմանափակումը դադարեցնելու մասին փաստաթուղթը և հաստատում է մուտքագրված տվյալները:

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

… …-ի N -Ն որոշման

 

 

ՑԱՆԿԻ՝ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԲԱԺՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՑԱՆԿԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԴՐԱ ԽՄԲԱԳՐՄԱՆ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՌԱՄՍՅԱԿ ԻՐԵՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԽՄԲԱԳՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՑԱՆԿԻ ԽՄԲԱԳՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ՝ ՑԱՆԿՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ, ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱԶՄՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. Անշարժ գույքի պետական ռեգիստրը եռամսյա ժամկետում Կայքի՝ սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետով նախատեսված առանձնացված բաժնում տեղադրում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կիրառված և գործող սահմանափակումների վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության ցանկը և ապահովում դրա համընդհանուր հասանելիությունը՝ որոնման և դիտման հնարավորությամբ, իսկ սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններին (բացառությամբ դատարանների)` նրանց իրավասության սահմաններում գտնվող սահմանափակումների խմբագրման հնարավորությամբ:
  2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
  • Ցանկ՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կիրառված և գործող սահմանափակումների վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության ցանկ.
  • Սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձ՝ սույն որոշման N 1 հավելվածի 2-13-րդ կետերին համապատասխան Կայքում գրանցում ստացած անձը.
  1. Ցանկը պետք է պարունակի՝
  • Սահմանափակման օբյեկտ հանդիսացող իրավունքի սուբյեկտի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձնագրի սերիան և համարը, նույնականացման քարտի դեպքում՝ հերթական համարը, հանրային ծառայության համարանիշը, իրավաբանական անձանց դեպքում՝ լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ գրանցման համարը.
  • Անշարժ գույքի միավորի հասցեն կամ կադաստրային ծածկագիրը կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը.
  • Սահմանափակում նախատեսող իրավական ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը (առկայության դեպքում), այն ընդունող մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը և ազգանունը, դատական գործի համարը կամ կատարողական վարույթի համարը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կիրառվող սահմանափակումների դեպքում՝ մինչդատական վարույթի համարը:
  1. Սույն հավելվածի 37-րդ կետում նշված որևէ տվյալի բացակայության կամ անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղեկատվական բազայում առկա չլինելու դեպքում Ցանկի համապատասխան բաժնում նշում է կատարվում տվյալի բացակայության մասին:
  2. Ցանկում նոր սահմանափակումը լրացնում է Սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձը:
  3. Ցանկում ներառված սահմանափակումները կարող են որոնվել ըստ․
  • Սահմանափակման օբյեկտ հանդիսացող իրավունքի սուբյեկտի, որի համար որոնման դաշտերում լրացվում են սուբյեկտի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը կամ անձնագրի սերիան և համարը, նույնականացման քարտի դեպքում՝ հերթական համարը, կամ հանրային ծառայության համարանիշը, իրավաբանական անձանց դեպքում՝ լրիվ անվանումը կամ հարկ վճարողի հաշվառման համարը կամ գրանցման համարը.
  • Անշարժ գույքի միավորի, որի դեպքում որոնման դաշտերում լրացվում են միավորի հասցեն, կամ կադաստրային ծածկագիրը կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը.
  • Սահմանափակում նախատեսող ակտի, որի դեպքում որոնման դաշտերում լրացվում են ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը (առկայության դեպքում), այն ընդունող մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը և ազգանունը, կամ դատական գործի համարը կամ կատարողական վարույթի համարը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կիրառվող սահմանափակումների դեպքում՝ մինչդատական վարույթի համարը:
  1. Սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները (բացառությամբ դատարանների), սույն հավելվածի 42-45-րդ կետերով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ, իրենց իրավասության սահմաններում, Ցանկը հրապարակվելուց հետո, երկու տարվա ընթացքում խմբագրում են Ցանկը՝ լրացնելով այն սահմանափակումները, որոնք առկա չեն Ցանկում, սակայն առկա են դրանք կիրառելու հիմքերը, և հանելով այն սահմանափակումները, որոնք օրենսդրությամբ սահմանված հիմքերով ենթակա չեն պահպանման:
  2. Անշարժ գույքի պետական ռեգիստրը Ցանկը խմբագրելու հնարավորությունը սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններին (բացառությամբ դատարանների) ապահովում է սույն որոշման N 1 հավելվածի 2-13-րդ կետերին համապատասխան:
  3. Ցանկից որևէ սահմանափակում հանելու անհրաժեշտության դեպքում Սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձը Ցանկից խմբագրում է՝ հանելով տվյալ սահմանափակմանը վերաբերող տվյալները՝ դրանց փոխարեն լրացնելով սույն որոշման N 2 հավելվածի 25-րդ կետում նշված ծածկագիրը:
  4. Սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները սահմանափակումների փաստաթղթերը սույն որոշման N 2 հավելվածին համապատասխան ներկայացնում են անշարժ գույքի պետական ռեգիստր:
  5. Սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինների Լոկալ կառավարիչները յուրաքանչյուր եռամսյակ իրենց կողմից ներկայացվող մարմիններում կատարած Ցանկի խմբագրման աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը եռամսյա ժամկետը լրանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում են Կայքի՝ տվյալ մարմնի համար առանձնացված բաժնում:
  6. Սույն հավելվածի 45-րդ կետում նշված տեղեկատվության մաս է կազմում Ցանկում լրացված կամ դրանից հանված սահմանափակումների վերաբերյալ վերլուծական (յուրաքանչյուր կիրառված կամ հանված սահմանափակմանը վերաբերող՝ սույն որոշման N 2 հավելվածի 24-րդ կետով նախատեսված տվյալները և ծածկագրերը) և ամփոփ (կիրառված կամ հանված սահմանափակումների ընդհանուր քանակը, սահմանափակումների քանակն ըստ դրանց տեսակի) տվյալները:
  7. Անշարժ գույքի պետական ռեգիստրը իրականացնում է ստացված տեղեկատվության հաշվառում, տեղեկատվությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանում ներառում է նաև իր կատարած աշխատանքների և խմբագրումների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվությունը և այն տեղադրում Կայքում, ապահովում է դրա հասանելիությունը սահմանափակում կիրառելու կամ դրանք դադարեցնելու իրավասություն ունեցող մարմիններին՝ Սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձանց միջոցով:

 

 

  • Քննարկվել է

    04.09.2023 - 19.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1785

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ