Հիշել նախագիծը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ և ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

---- ---------------- 2023 թվականի N -------   -Ն

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ և ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Սահմանել տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 5-ին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
_______________ ___-ի N -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 1.Սույն կարգով սահմանվում է բույսերի սորտերի կամ հիբրիդների տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի և հիբրիդների ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու ընթացակարգը:

2.Բույսերի սորտերի կամ հիբրիդների տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների (այսուհետ՝ փորձարկում) կազմակերպումը, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի և հիբրիդների ցանկում (այսուհետ՝ ցանկ) դրանց գրանցումը և գրանցումից հանելն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

3.Փորձարկումների իրականացման մեթոդները հաստատում է լիազոր մարմինը:

 2.ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

4.Հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում փորձարկումների կազմակերպման և ցանկում գրանցելու մասին հայտ` համաձայն ձևի:

5.Հայտին կից ներկայացվում է՝

  • սորտի կամ հիբրիդի անվանումը (հայերեն, լատիներեն), փորձարկման վայրը, նկարագիրը, որը ներառում է սորտի կամ հիբրիդի ձևաբանական (մորֆոլոգիական), բուսաբանական ու կենսաբանական հատկանիշները և ագրոտեխնիկական առանձնահատկությունները, սորտը կամ հիբրիդը բնութագրող լուսանկարներ,
  • սորտի կամ հիբրիդի սերմեր կամ տնկանյութ արտադրողի կողմից գրավոր համաձայնություն (հայերեն լեզվով՝ նոտարական վավերացմամբ)` Հայաստանի Հանրապետությունում փորձարկումներ կազմակերպելու և ցանկում գրանցելու մասին,
  • բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում ստացված սորտի կամ հիբրիդի դեպքում՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ չհանդիսանալու մասին տվյալ երկրի իրավասու մարմնի կամ կազմակերպության կողմից տրված փաստաթուղթ (հայերեն լեզվով՝ նոտարական վավերացմամբ):

6.Հայտատուն իր նախաձեռնությամբ կարող է ներկայացնել նաև լրացուցիչ փաստաթղթեր:

7.Հայտը և կից փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին ներկայացվում են առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

8. Հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) հայտատուի կողմից սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան հայտը և կից փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ փորձարկում կատարելու մասին.

2) հայտը վերադարձնելու մասին՝ նշելով հայտի վերադարձման պատճառները։

9.Որոշումն ընդունելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինն այն առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով տրամադրում է հայտատուին:

10.Հայտը վերադարձվում է, եթե հայտը լրացված չէ կամ լրացված է թերություններով կամ բացակայում են հայտին կից ներկայացվող փաստաթղթերը կամ սորտի կամ հիբրիդի նկարագիրը թերի է։

11.Հայտատուն հայտը վերադարձնելու մասին որոշումը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները վերացնելու դեպքում, հայտը կարող է կրկին ներկայացնել լիազոր մարմին։

12.Հայտատուն լիազոր մարմնի կողմից փորձարկում կատարելու մասին որոշումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում մշակաբույսի տեսակով և փորձարկումների իրականացման մեթոդներով պայմանավորված՝ սահմանված քանակությամբ, անվճար սերմեր կամ տնկանյութ է տրամադրում փորձարկումներ կազմակերպելու համար: Սորտի կամ հիբրիդի տրամադրվող սերմերը և տնկանյութը պետք է լինեն հավաստագրված, փաթեթավորված և պիտակավորված:

13.Փորձարկումների համար տրամադրվում է առաջին վերարտադրության կամ հիբրիդային առաջին սերնդի (F1) սերմեր և հավաստագրված կամ վերարտադրված կամ սովորական կարգի տնկանյութ։

14.Փորձարկումներն իրականացվում են փորձարկում կատարելու մասին որոշումն ընդունելուց հետո՝

  • միամյա բույսերի դեպքում` 2 տարի անընդմեջ, բացառությամբ՝ հիբրիդների, որոնց դեպքում` 1 տարվա ընթացքում,
  • բազմամյա բույսերի դեպքում` պայմանավորված բույսի տեսակով 2-4 տարի անընդմեջ, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրական նպատակով մշակվող, սակայն ցանկում չգրանցված սորտերի (ներառյալ` արմատակալների), որոնց դեպքում մեկ տարվա ընթացքում։

15.Հայաստանի Հանրապետությունում արտադրական նպատակով մշակվող, սակայն ցանկում չգրանցված սորտերի (ներառյալ` արմատակալների) գրանցումն իրականացվում է արտադրական այգիներում հավաքագրված տվյալների հիման վրա։

16.Փորձարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից և հայտատուի հետ համաձայնեցված փորձահողամասերում:

17.Լիազոր մարմինն իրավասու է փորձարկման ժամկետը երկարաձգել՝ սույն կարգի 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ժամկետները ևս մեկ տարով, եթե՝

1) բնական աղետների հետևանքով հնարավոր չի եղել արձանագրել փորձարկումների արդյունքները.

2) հայտատուն հիմնավոր պատճառով ժամանակին չի կարողացել փորձարկումների նպատակով կազմակերպությանը հատկացնել սահմանված քանակությամբ սերմեր կամ տնկանյութ:

18.Կազմակերպության կողմից փորձարկումների ընթացքն ու արդյունքներն արձանագրվում և էլեկտրոնային եղանակով ներկայացվում են կազմակերպության կողմից կազմավորված փորձագիտական խորհրդին` փորձարկումների ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

19.Փորձագիտական խորհուրդը ձևավորվում է կազմակերպության կողմից՝ յուրաքանչյուր տարի և բաղկացած է մինչև 10 անդամներից, որոնց կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի, կազմակերպության, ագրարային ոլորտի գիտական, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ կամ սերմեր և տնկանյութ արտադրողներ:

20.Փորձագիտական խորհուրդ ձևավորելու նպատակով կազմակերպության կողմից փորձագիտական խորհրդի կազմում ընդգրկելու մասին թեկնածուներ առաջադրելու վերաբերյալ գրություններ են ներկայացվում ագրարային ոլորտի գիտական, ուսումնական հաստատություններին կամ փորձարկման հայտ չներկայացրած սերմեր և տնկանյութ արտադրողներին։

21.Փորձարկումները կարող են համատեղվել սորտի կամ հիբրիդի տարբերակիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումների հետ։

 

 

3.ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ

22.Փորձագիտական խորհրդի անդամների կողմից փորձարկումների արդյունքների վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով փորձարկումների արձանագրությունները կազմակերպության կողմից ներկայացվում են էլեկտրոնային համակարգի միջոցով։

23.Փորձագիտական խորհուրդը փորձարկումների արդյունքների մասին արձանագրություններն էլեկտրոնային համակարգի միջոցով ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանը տալիս է եզրակացություն:

24.Փորձագիտական խորհրդի եզրակացության հիման վրա կազմակերպությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) դրական եզրակացության դեպքում՝ սորտը կամ հիբրիդը ցանկում գրանցելու մասին,

2) բացասական եզրակացության դեպքում՝ ցանկում սորտի կամ հիբրիդի գրանցումը մերժելու մասին:

25.Փորձագիտական խորհրդի եզրակացության հիման վրա կազմակերպության կողմից ընդունված որոշումը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից։

26.Ցանկում սորտի կամ հիբրիդի գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

 

 

4.ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՑԱՆԿԻՑ ՍՈՐՏԻ ԿԱՄ ՀԻԲՐԻԴԻ ՀԱՆՈՒՄԸ

 

27.Ցանկից սորտը կամ հիբրիդը հանվում է հայտատուի գրավոր դիմումի հիման վրա կամ եթե պարզվել է, որ գրանցումը կատարվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ։

 

 5.ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

28.Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատվում և յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա ընթացքում բայց ոչ ուշ, քան դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում է օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի և հիբրիդների ցանկը:

  • Քննարկվել է

    01.09.2023 - 18.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2582

Տպել