Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1134 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ի 2023 թվականի N - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1134 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական կետերի պահպանության կարգը հաստատելու մասին» N 1134 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

   1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

   2) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համաձայն «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

   3) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գեոդեզիական և մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցերի կետերի պահպանության կարգը համաձայն՝ հավելվածի:».

   4) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «2. Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ եռամսյա ժամկետում ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան մշակել և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ներկայացնել պետական գեոդեզիական և մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցի կետերը՝ որպես ազգային ստանդարտ գրանցելու համար:»:    

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի -ի

N -Ն որոշման

 

«Հավելված

Հաստատված է

ՀՀ կառավարության

2001 թվականի նոյեմբերի 20-ի

N 1134 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԵՐԻ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

  

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գեոդեզիական և մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցերի կետերի պահպանության հետ կապված հարաբերությունները:
  2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անհրաժեշտ ճշտությամբ կոորդինատների և բարձրությունների միասնական համակարգ ապահովելու, անհրաժեշտ գեոդեզիական տվյալների բանկ ստեղծելու, քարտեզագրագեոդեզիական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում են մշտական գործող ռեֆերենց կայանների, գեոդեզիական, աստղագեոդեզիական, ծանրաչափական և նիվելիրային ցանցեր (այսուհետև` գեոդեզիական ցանցեր):
  3. Գեոդեզիական ցանցերը երկրի մակերևույթի վրա ամրացված գեոդեզիական կետերի մի ամբողջություն են, որոնց դիրքը որոշված է պետական (ազգային) և միջազգային կոորդինատային համակարգերում: Տեղանքում ճիշտ կողմնորոշվելու և հեշտ գտնելու համար գեոդեզիական կետերն ունեն համապատասխան արտաքին ձևավորում:

   Գեոդեզիական կետերը հաշվարկված և տեղադրված են երկարատև օգտագործման համար և գտնվում են պետության պահպանության ներքո:

  1. Գեոդեզիական կետերի կենտրոնները գեոդեզիական կոորդինատների, աստղագեոդեզիական և ծանրաչափական տվյալների կրիչներ են:
  2. Եռանկյունավորման, տրիլատերացիայի, պոլիգոնոմետրիայի և GPS (Գլոբալ դիրքորոշման կայան) կետերի կենտրոնների վրա դրվում են արտաքին նշաններ, որոնք ծառայում են տեղանքում կետերի ճանաչման և նշման համար: Այն առարկաները, որոնք ընդունվում են որպես գեոդեզիական կետեր, ունենում են գեոդեզիական կետի նշանակություն և ենթակա են պահպանության:
  3. Գեոդեզիական կետերի կենտրոնների արտաքին նշանների և արտաքին ձևավորման տեսակները, չափերն ու ձևերը ենթակա են գրանցման որպես ազգային ստանդարտ:
  4. Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանության ենթակա են`

   1) պետական գեոդեզիական ցանցի կետերը`

   ա. պետական (ազգային) պլանային գեոդեզիական ցանցի կետերը, դրանց կենտրոնները, արտաքին նշանները, կողմնորոշիչ կետերը.

   բ. պետական (ազգային) բարձունքային գեոդեզիական ցանցի կետերը, հիմնային,   գրունտային, ժայռային, պատային հենանշանները (ռեպերները) և մակնիշները.

   2) ծանրաչափական ցանցի կետերը, դրանց կենտրոնները, ուղեկից կետերը և ստուգողական հենանշանները.

   3) հատուկ գեոդեզիական ցանցերի կետերը` դրանց արտաքին նշանները, կենտրոնները, ստուգողական մակնիշները:

    Հատուկ գեոդեզիական ցանցերի կետեր են հանդիսանում գետնի մակերևույթին հիմնական ամրացված գեոդեզիական ցանցերի կետերը, որոնք ստեղծված են ըստ հատուկ տեխնիկական պայմանների` էլեկտրակայանների, հիդրոհանգույցների, հանքահորերի, մետրոպոլիտենների, թունելների, խոշոր կառույցների և այլ նշանակության օբյեկտների շինարարության իրականացման, շահագործման և դիտարկման, ինչպես նաև այլ ոլորտային գործառույթներում կիրառելու համար:

   4) մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցի կետերը։

  1. Շինարարական վանդակացանցերի և գեոդեզիական նշահարման ցանցերի կետերը ենթակա են պահպանման հատուկ (շինարարական աշխատանքների համար մշակված) հրահանգների պահանջներին համապատասխան:
  2. Հողամասերը, որոնց վրա տեղակայված են գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող կետերը, համարվում են գեոդեզիական կետերի պահպանման և սպասարկման գոտիներ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 6-րդ կետին և 50-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` ենթակա են գրանցման որպես սերվիտուտ:

   Շենքերի պատերին, շինությունների վրա և նման տեղերում տեղադրված գեոդեզիական կետերի համար սահմաններ չեն որոշվում: Այդ դեպքում պահպանման ենթակա է անմիջապես կետը, պատային նշանը կամ հենանշանը (ռեպերը):

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԵՐԻ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

  1. Համաձայն «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գեոդեզիական և մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցերի կետերի (այսուհետ՝ Պետական ցանցի կետեր) պահպանությունը համայնքի վարչական սահմաններում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասերում իրականացնում է համայնքի ղեկավարը, իսկ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերում՝ սեփականատերը: Մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցերի կետերի դեպքում պահպանության է տրվում նաև համապատասխան սարքավորումները։
  2. Պահպանության են հանձնվում սույն կարգի 7-րդ կետում նշված բոլոր նոր տեղադրված և նախկինում պահպանության չհանձնված տեղագրագեոդեզիական աշխատանքների կատարման ժամանակ հետազոտված ու վերականգնված Պետական ցանցի կետերը:
  3. Պետական ցանցի կետերի պահպանության հանձնումը իրականացվում է ակտով: Ակտը կազմվում է 2 օրինակից` հաստատված Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) և համայնքային և պետական սեփականություն հանդիսաող հողամասերում տեղակայված կետերի դեպքում՝ համայնքի ղեկավարի, իսկ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերում տեղակայված կետերի դեպքում՝ սեփականատերերից մեկի կողմից: Ակտին կցվում է Պետական ցանցի կետերի ցանկը` տեղադիրքի նկարագրությամբ:
  4. Հողամասերի նկատմամբ սեփականության սուբյեկտի փոփոխման դեպքում նախկին Պետական ցանցի կետերը պահպանության պարտավորությունները փոխանցվում են նոր սեփականատիրոջը:
  5. 14. Պետական ցանցի կետերի պահպանվածության ստուգման և հետագայում օգտագործելու համար արդի վիճակում պահելու նպատակով Կոմիտեի կողմից պարբերաբար հետազոտվում և թարմացվում է արտաքին ձևավորումը:
  6. Պետական ցանցի կետերը վերականգնվում, դրանց արտաքին ձևավորումը թարմացվում ու հետազոտվում է Կոմիտեի կողմից:
  7. Պետական ցանցի կետերը կարող են հետազոտվել ու վերականգնվել այլ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից` Կոմիտեի համաձայնությամբ:
  8. Հատուկ գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող ցանցերի կետերի պահպանության ապահովումն իրականացվում է համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից:

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԾԱՆՐԱՉԱՓԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

  1. Պետական ցանցի կետերի և ծանրաչափական ցանցերի կետերի հաշվառումն իրականացվում է Կոմիտեի կողմից:
  2. Հաշվառման ենթակա են Պետական ցանցի կետերը և ծանրաչափական ցանցի կետերը:
  3. Պետական ցանցի կետերի և ծանրաչափական ցանցի կետերի հաշվառման համար հիմք են համարվում հրատարակված կատալոգները և աշխատանքների կատարման տեխնիկական հաշվետվությունները:
  4. Պետական ցանցի կետերի հաշվառումն իրականացվում է ըստ կոորդինատների և բարձրությունների հրատարակված կատալոգների` գեոդեզիական ուսումնասիրության մատյաններում և գրաֆիկական նյութերի վրա` ըստ պայմանական նշանների:
  5. Պետական ցանցի կետերի քանակական հաշվառումն իրականացվում է գեոդեզիական կետերի հաշվառման ամփոփագրում:
  6. Կատարված տեղագրագեոդեզիական աշխատանքների հաշվետու փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրության մատյաններում, գրաֆիկական նյութերում և գեոդեզիական կետերի հաշվառման ամփոփագրերի մեջ կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ:
  7. Հատուկ գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող ցանցերի կետերի հաշվառումն իրականացվում է համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից:

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

  1. Պետական ցանցի կետերի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից:
  2. Պետական ցանցի կետերը քանդվում կամ տեղափոխվում են միայն Կոմիտեի համաձայնության դեպքում:
  3. Պետական ցանցի կետերը վնասող կամ ոչնչացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
  4. Եթե որևէ տնտեսական կամ այլ գործունեության արդյունքում, որը կարող է նախատեսել Պետական ցանցի կետերի վնասում կամ ոչնչացում, ապա գործունեությունն իրականացնողը նախօրոք հարցում է կատարում Կոմիտե Պետական ցանցի կետերի քանդման կամ տեղափոխման հնարավորության վերաբերյալ: Կոմիտեն յուրաքանչյուր դեպքում՝ ելնելով Պետական ցանցի կետերի խտությունից և գոյություն ունեցող Պետական ցանցի կետերի հեռանկարային զարգացման ու թարմացման ծրագրերից, որոշում է կայացնում Պետական ցանցի կետերի տեղափոխման կամ քանդման վերաբերյալ և ընդունված որոշման մասին գրավոր հայտնում է գործունեություն իրականացնողին: Ոչնչացված կետերի համար քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվող, պետական լիազոր մարմնի կողմից որակավորման վկայական ստացած անձի կողմից կազմվում է ակտ, որտեղ նշվում են կետի ոչնչացման պատճառները, ոչնչացման թույլտվության կամ համաձայնության ամսաթիվը և համարը: Ակտի մեկ օրինակը ներկայացվում է Կոմիտե, մյուսը` Պետական ցանցի կետը պահպանության ընդունած համայնքի ղեկավարի, ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
  5. Պետական ցանցի կետերի (կենտրոնների, արտաքին նշանների, հենանիշերի, կողմնորոշիչ կետերի, մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցերի կետերի դեպքում՝ համապատասխան սարքավորումների) ոչնչացում կամ վնասում հայտնաբերվելու դեպքում, սույն կարգի 10-րդ կետով Պետական ցանցի կետը պահպանության ընդունած համայնքի ղեկավարի, ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գրավոր տեղեկատվություն ներկայացվում Կոմիտե, որտեղ նշվում են վնասվածության բնույթը, ինչպես նաև վնասման կամ ոչնչացման պատճառները: Գեոդեզիական կետերի միտումնավոր ոչնչացման կամ վնասման դեպքում տեղեկատվությունը փոխանցվում է իրավապահ մարմիններին` մեղավոր անձանց Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
  6. Պետական ցանցի կետերի վերականգնումը՝ նոր կետի ստեղծումը (կենտրոնների տեղադրում, արտաքին նշանների կառուցում, կոորդինատների և բարձրությունների որոշում), կատարվում է Կոմիտեի կողմից: Սույն կետով նշված աշխատանքների ծախսերը փոխհատուցվում են այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից, որոնց պատճառով վնասվել կամ ոչնչացվել են այդ կետերը:
  7. 31. Սույն որոշման մեջ նշված ակտերի և ամփոփագրերի ձևաչափերը սահմանվում են Կոմիտեի կողմից:»:

 

  • Քննարկվել է

    20.06.2023 - 05.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2550

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ