ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.

 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

       «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 174-րդ կետի և պայմանավորված է ինչպես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության համընդգրկուն բարեփոխումներով, այնպես էլ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 37-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակությանը համահունչ՝ առանց ծնողական երեխաների սոցիալական պաշտպանության հետ կապված հիմնական հարաբերությունները կարգավորող նոր օրենք ունենալու անհրաժեշտությամբ:

      «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ գործող օրենքը (ՀՕ-411-Ն) ընդունվել է 2002 թվականի սեպտեմբերի 24-ին (ուժի մեջ է մտել 2002 թվականի հոկտեմբերի 31-ին): Հիշյալ օրենքով սահմանված են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հասկացությունները, ամրագրված են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակները և սկզբունքները, թվարկված են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքները:

      Նախորդող տարիների ընթացքում իրավակիրառ պրակտիկան ի դերև է հանել այն խնդիրները և բացթողումները, որոնք առկա են վերոհիշյալ օրենքում: Բացի այդ, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում վերջին մի քանի տարիներին իրականացվող շարունակական բարեփոխումները հրամայական են հանդիսանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության հետ կապված հարաբերությունների կարգավորումը  որակապես նոր մակարդակի հասցնելու համար: Մասնավորապես, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ գործող օրենքով ամրագրված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հասկացությունները բովանդակային առումով ամբողջությամբ չեն ընդգրկում փաստացի այդպիսին հանդիսացող անձանց շրջանակը, ինչն իրավակիրարկման ընթացքում առաջացնում է խնդիրներ՝ դժվարացնելով կամ անհնարին դարձնելով այդ անձանց սոցիալական պաշտպանություն տրամադրելու գործընթացը: Հիշյալ օրենքով կարգավորված չեն նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սկզբնական, տարածքային և կենտրոնացված հաշվառման հետ կապված հիմնական հարաբերությունները (դրանք ներկայումս կարգավորվում են ՀՀ կառավարության 22.06.2006 թ. N 962-Ն որոշմամբ), ինչպես նաև սահմանված չեն հաշվառման և հաշվառումից հանելու հիմքերը:

Բացի այդ, թեպետև «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը վերնագրված է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքները», սակայն դրանում թվարկված են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները: Ընդ որում, դրանց մի մասը, որպես այդպիսին, բովանդակային առումով չափորոշիչ չէ, այլ օրենսդրական երաշխիք: Այս առումով առաջացել է բովանդակային առումով նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն: 

2.

Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծում հստակեցվել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հասկացությունները, կարգավորվել են համապատասխանաբար համայնքային, տարածքային և հանրապետական մակարդակներում նրանց սկզբնական, տարածքային և կենտրոնացված հաշվառման հետ կապված հիմնական հարաբերությունները, ամրագրվել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման և հաշվառումից հանելու հիմքերը: Բացի այդ, Նախագծում սահմանվել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց (այսուհետ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ) սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակները, հիմնական սկզբունքները, ամրագրվել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության հիմնական երաշխիքները, ընդ որում, բովանդակային առումով որոշակիորեն խմբագրվել են գործող օրենքով սահմանված երաշխիքները: Հաշվի առնելով գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջները և իրավակիրառ պրակտիկան, Նախագծում սահմանվել են նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ սոցիալական նվազագույն չափորոշիչները:   

Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարելավման համար անհրաժեշտ կառուցակարգերը, ինչն իր հերթին թույլ կտա առավել արդյունավետ կարգավորվել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության հետ կապված հարաբերությունները, :

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կապահովվեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքները, կստեղծվեն անհրաժեշտ իրավական և կազմակերպական հիմքեր հասարակության մեջ լիարժեք կյանքին նրանց նախապատրաստման և սոցիալական ներառման ապահովման համար:

 

  • Քննարկվել է

    07.11.2017 - 24.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

07.11.2017 15:23

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1824

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

23.11.2017

Ելնելով 1-ին և 2-րդ առաջարկներից, փոփոխություններ և լրացումներ կատարել ամբողջ նախագծում՝ այն համապատասախանեցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային և Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներին։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

23.11.2017

Հոդված 4-ի 1-ին մասի 1-ին կետից հանել «ժա» ենթակետը։ Ենթակետը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց տան և ընտանիքի նկատամամբ հարգանքի իրավունքին։ Եթե անձը՝ անհատական և միջավայրային գործոններով պայմանավորված ունի երեխայի խնամքի իրականացման, դաստիարակության և իրավունքների պաշպտանության դժվարություններ, ապա ոչ թե պետք է զրկել անձին ծնողական իրավունքից, այլ տրամադրել խելամիտ հարմարեցումներ, այդ թվում՝ անհատական աջակցող։ Նույնը վերաբերում է նաև ժամանակավոր վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց և նրանց երեխաներին։ Տե՛ս CRPD/C/ARM/CO/1, պարբ. 40։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

23.11.2017

Հոդված 4-ի 1-ին մասի 1-ին կետից հանել «ե» ենթակետը։ Հաշմանդամություն ունեցող անձանց գործունակության իրավունքից զրկումը կամ սահմանափակումը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ուստի դրանից բխող սահմանափակումները խախտում են նաև Կոնվենցիայի հոդված 23-ը։ Տե՛ս CRPD/C/ARM/CO/1, պարբ. 5։

Տեսնել ավելին