Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 .... ................. 2017 թվականի N ......-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) նախաբանում «16-րդ կետերը» բառերը փոխարինել «16-րդ, 17-րդ կետերը» բառերով.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի՝

ա. 21-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ապրանքների գնման դեպքում նշվում է նաև առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից առաջարկվող ապրանքային նշանի, արտադրողի, ծագման երկրի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը, իսկ պայմանագրի կատարման փուլում համապատասխանության սերտիֆիկատի ներկայացման անհրաժեշտությունը, եթե դրանք կիրառելի են տվյալ ապրանքի համար: Ընդ որում, պայմանագրի կատարման փուլում այն կնքած մասնակցից ծագման երկրի սերտիֆիկատ չի պահանջվում»,

բ. 21-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «տեխնիկական հսկողության և» բառերը փոխարինել «տեխնիկական հսկողության, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման կամ» բառերով,

գ. 21-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» պարբերությամբ.

«ը. կնքվելիք պայմանագրով ապրանքի մատակարարման ժամկետը, իսկ փուլային մատակարարման դեպքում` առաջին փուլի մատակարարման ժամկետը, պետք է սահմանվի առնվազն 20 օրացուցային օր, որի հաշվարկը կատարվում է պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայմանն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ այն դեպքի, երբ ընտրված մասնակիցը համաձայնում է ապրանքը մատակարարել ավելի կարճ ժամկետում: Սույն պարբերությունը չի կիրառվում մեկ անձից գնման ձևի կիրառման դեպքում.»,

դ. 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23-30-րդ կետերով.

 

23. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների որոշումների հիման վրա դատաբժշկական և գենետիկ փորձաքննությունների ապահովում` մահերի պատճառների վերհանման նպատակով դիակների, կենդանի անձանց, կենսաբանական ծագման նյութերի փորձաքննություններ

24. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի վիճակագրական հաշվետվությունների հետ կապված վերլուծական աշխատանքների տեխնիկական սպասարկում

25. Առողջապահության ազգային հաշիվների զեկույցի կազմման ծառայություններ

26. Հայաստանի Հանրապետության առողջապահության արդյունավետության գնահատման տարեկան զեկույցի կազմման ծառայություններ

27. Առողջապահության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման ծառայություններ

28. Ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը և այդ ռազմավարության միջոցառումների ծրագրի իրականացմանն ուղղված ծառայություններ

29. Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի առողջապահության համակարգերի քարտեզագրման ծառայություններ

30. Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության հավաստագրման ծառայություններ

 

ե. 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունում «երեսուն» բառը փոխարինել «40» թվով,

զ. 32-րդ կետի 1-ին ենթակետի «դ» ենթակետը «հայտի ապահովում» բառերից առաջ լրացնել «հրավերով նախատեսված դեպքերում» բառերով,

է. 32-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. ապրանքների գնման դեպքում իր կողմից հաստատված հայտարարություն՝ առաջարկվող ապրանքի՝ հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համապատասխանության վերաբերյալ՝ պայմանով, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակից ճանաչվելու դեպքում հրավերով սահմանված կարգով ներկայացնում է ապրանքի տեխնիկական բնութագրերը, իսկ հրավերով նախատեսված դեպքերում նաև առաջարկվող ապրանքային նշանը, արտադրողի անվանումը, ծագման երկիրը (այսուհետ՝ ապրանքի ամբողջական նկարագիր),»,

ը. 32-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում են առանց սույն ենթակետում նշված հարկի գումարի հաշվարկման: Ընդ որում, մասնակցի հայտը ենթակա չէ մերժման, եթե`

ա. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակները լրացված են միայն թվերով, իսկ ընդհանուր գնի սյունակը` և տառերով և թվերով կամ միայն տառերով,

բ. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների միջև առկա է անհամապատասխանություն, սակայն տառերով կամ թվերով նշված գումարներից որևէ մեկի հանրագումարը համապատասխանում է ընդհանուր գնի սյունակում տառերով նշված գումարին,

գ. մասնակցի գնային առաջարկում չափաբաժնի համարը սխալ է նշված, սակայն գնման առարկայի անվանումը ճիշտ է լրացված:»,

թ. 32-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում: Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, որի չափը հավասար է մասնակցի գնային առաջարկի հինգ տոկոսին: Ընդ որում, եթե մասնակիցը հայտի ապահովումը ներկայացրել է սույն ենթակետով սահմանված չափից ավելի, ապա հայտը համարվում է հրավերի պահանջներին բավարարող և ենթակա չէ մերժման.»,

ժ. 32-րդ կետի 12-րդ ենթակետից հանել «որի արտատպումը պետք է տեսանելի լինի փաստաթղթի վրա,» բառերը,

ժա. 32-րդ կետի 18-րդ ենթակետի «ա» պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե հանրագումարը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, սակայն ըստ առանձին չափաբաժինների ներկայացված գնային առաջարկները չեն գերազանցում այդ չափը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում,»,

ժբ. 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ ենթակետերով.

«19) եթե մասնակիցը օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ցուցակներում ներառվել է հայտը ներկայացնելու օրվանից հետո, ապա նրա տվյալ հայտը ենթակա չէ մերժման.

20) եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու և (կամ) որակավորման չափանիշները բավարարելու մասին հայտով ներկայացված հայտարարությունները որակվում են որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը կամ առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում.

21) եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա մասնակիցը հայտի ապահովում չի ներկայացնում.

22) հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված մինչև հինգ, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի ներկայացրած փաստաթղթերի գնահատումը` դրանք ներկայացվելու օրվանից հաշված մինչև տասն աշխատանքային օրվա ընթացքում: Եթե գնման ընթացակարգի չափաբաժինների քանակը գերազանցում է յոթանասունհինգ չափաբաժինը, ապա հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված մինչև տասներկու, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի ներկայացրած փաստաթղթերի գնահատումը` դրանք ներկայացվելու օրվանից հաշված մինչև տասնյոթ աշխատանքային օրվա ընթացքում»,

ժգ. 33-րդ կետի 17-րդ ենթակետը «3-րդ» բառից հետո լրացնել «10-րդ, 12-րդ» բառերով, իսկ «14-րդ» բառից հետո՝ «18-րդ» բառով,

ժդ. 40-րդ կետի 5-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը «գինը» բառից հետո լրացնել «կամ գնումն իրականացվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա» բառերով,

ժե. 43-րդ կետում «բացման նիստի ավարտին» բառերը փոխարինել «բացման նիստի ավարտից հետո ոչ ուշ քան» բառերով,

ժզ. 45-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացվում է ինչպես առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից` կոմիտեից ստացված գրավոր տեղեկատվությունը գնահատող հանձնաժողովին ներկայացմամբ, այնպես էլ կոմիտեի կողմից տրված նոր տեղեկատվությամբ: Ընդ որում, գնահատող հանձնաժողովի կամ քարտուղարի կողմից կոմիտեին կրկնակի հարցում չի կատարվում:»,

ժէ. 47-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի մասով արձանագրված անհամապատասխանությունը կարող է շտկվել ինչպես առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից կոմիտեից ստացված գրավոր տեղեկատվությունը գնահատող հանձնաժողովին ներկայացմամբ, այնպես էլ կոմիտեի կողմից տրված նոր տեղեկատվությամբ: Ընդ որում, գնահատող հանձնաժողովի կամ քարտուղարի կողմից կոմիտեին կրկնակի հարցում չի կատարվում:»,

ժը. 69-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) մասնակիցը հայտը ներկայացնում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով, որի գնահատումն իրականացվում է հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:»,

ժթ. 71-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունից հանել «հայտի ապահովում՝ միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի կամ կանխիկ փողի ձևով,» բառերը,

ի. 85-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) մասնակիցների հայտերի գնահատման ժամկետը, որը չի կարող գերազանցել երեսուն աշխատանքային օրը: Ընդ որում, ժամկետի հաշվարկն իրականացվում է հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից:»,

իա. 118-րդ կետում «Բողոքը բավարարվելու» բառերը փոխարինել «Բողոքը, այդ թվում՝ մասնակի, բավարարվելու» բառերով:

2. Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    26.10.2017 - 21.11.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1234

Տպել