Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«2023 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

ՈՐՈՇՈՒՄ

 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Սահմանել, որ Երևանի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2022 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2023 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, մասնավորապես.
  • Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով.
  • Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով.
  • Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով:
  1. Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար 2023 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
  2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դիմումը՝ տեղական տուրքի արտոնություն ստանալու մասին, որին կցվում են անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի վկայականների պատճենները, շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկանքը:
  3. Սույն որոշման 1-ին կետում նախատեսված արտոնությունները կիրառվում են նաև այն տնտեսվարողների համար, ովքեր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2023 թվականի հունվարի 1-ից:

Սույն կետով նախատեսված արտոնությունների կիրառման համար տնտեսավարող սուբյեկտները ներկայացնում են սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերը, բացառությամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկանքի:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    15.11.2022 - 30.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

24.11.2022 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2022 թվականի նոյեմբերի 24-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3143

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

30.11.2022

2023 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծով Երևանի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2022 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2023 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ նախատեսվում է կիրառել դրույքաչափի նվազեցման արտոնություններ: Մասնավորապես, 1-ին կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված է, որ Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով, իսկ նույն կետի 3-րդ պարբերությամբ՝ Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով: Այս արտոնությունը որևէ կերպ հիմնավորված չէ և հակասում է Երևանի զարգացման ծրագրով սահմանված նպատակներին, մասնավորապես՝ բնակչության բարեկեցությունը ապահովելու, մաքուր ու կանաչ քաղաք ունենալու, անվտանգ կյանք ունենալու առումով: Առաջարկ. 1. 2023 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծում առաջարկվում է հանել 1.2, 1.3 կետերը, քանի որ հստակ չէ, թե ինչու բնապահպանական բեռ ունեցող տնտեսվարողները պետք է ստանան նման արտոնություն:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

22.11.2022

Հանրային քննարկման դրված «2023 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/4967) վերաբերյալ կարծում ենք, որ Նախագծի 1-ին մասի 1), 2) և 3) կետերով նախատեսվող արտոնությունների հիմնավորումը անհիմն է, մեզ հայտնի չեն դիմումներ այդպիսի գործունեություն ծավալող կազմակերպություններից դիմումներ իրենց ֆինանսական բեռը թեթևացնելու ուղղությամբ, մինչդեռ հայտնի են փաստեր, որ նշված գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները.  Երևան համայնքում գործունեություն իրականացնող նմանատիպ տնտեսվարող սուբյեկտներիցշատերն իրենց տարեկան գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը դիտավորյալ կերպով մասնատում են և սահմանում են այնպես, որպեսզի յուրաքանչյուր մասնատված բիզնեսի շրջանառությունը չգերազանցի 115 միլիոն դրամը,  այդ կազակերպություններում բոլորովին չի վարվում ճկուն քաղաքականություն գների սահմանման հարցում և դրանք անհրաժեշտ էլաստիկություն չեն պահպանում համաշխարհային շուկայում իրենց կողմից վաճառվող ապրանքների գների և ազգային դրամի փոխարժեքի տատնումներին: Այսպես, վերջին ամիսների ընթացքում այդ կազմակերպությունները բոլորովին էլ չէժանացրեցին իրենց կողմից վաճառվող վառելիքի գները, երբ ազգային փոխարժեքը արժևորվեց ավելի քան 20 տոկոսով, իսկ միջազգային շուկայում դրանց գները իջան,  այդ կազակերպություններում շատ հաճախ թույլ են տրվում լուրջ իրավախախտումներ, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության ենթակա: Այդպիսի իրավախախտումներից են սահմանված չափով չլիցքավորումը, առանց լիցենզավորված բալոններով մեքենաների լիցքավորումը,, թերակշռումը, ապօրինի դրամաշրջանառությունը, ՀԴՄ-ների չհատկացումը և այլն,  շատ հաճախ այդպիսի օբյեկտները կառուցված են ապօրինի շինթույլտվությունների հիման վրա և տեղադրված են հանրային վտանգ ներկայացնող տարածքներում՝ բնակելի և հասարակական տարածքներից 50 մետրից պակաս տարածքներում, տարանցիկ ավտոճանապարհների վրա, հետիոտների համար ախատեսված մայթերում և այլն,  մեր կարծիքով, ինչը հիմնված է մեր դիտարկումների և ՀՀ քաղաքացիներից ստացվող ահազանգերի վրա, այդ օբյեկտներում գեներացվում են հսկայական, շատ հաճախ՝ ստվերային, եկամուտներ: Հաշվի առնելով վերոհիշյալը, ըստ մեր դիտարկման, Նախագծով սահմանվող իրավաչափ չէ և դա էապես կնվազեցնի համայնքային բյուջեի եկամուտները: Հետևաբար առաջարկում ենք Նախագծից հանել 1-ին մասի 1), 2) և 3) կետերով նախատեսվող արտոնությունները:

Տեսնել ավելին