Հիշել նախագիծը

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 

Հիմնավորում

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատա­րելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը խաղա­յին ոլորտի (ինտեր­նետ շահումով խաղերի և տոտալիզատորի, ինտերնետ տոտա­լի­զա­տորի) հարկային բեռի վերանայումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գոր­ծող օրենսդրությամբ ինտեր­նետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտեր­նետ տոտա­լի­զատոր) կազմակերպումը համարվում են լիցենզավորման ենթակա գոր­ծու­նեության տեսակներ, որոնց իրականացման համար սահմանված է տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք: Բացի այդ, ինտեր­նետ շահումով խաղերի գործունեությունը՝ 2021 թվականի հունվարի 1-ից, իսկ տոտալիզատորի և ինտեր­նետ տոտա­լի­զատորի գործու­նեու­­թյունը 2020 թվականի հունվարի 1-ից սկսել են հարկվել շահութահարկով:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2017-2019 թվականների ընթացքում ինտեր­նետ շահու­մով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտեր­նետ տոտա­լի­զատոր) կազ­մա­կերպ­ման համար պետական տուրքը կազմել է 500 մլն դրամ, իսկ 2020 թվականից 600 մլն դրամ է:  Մյուս կողմից, սկսած 2017 թվականից, ոլորտի ծավալներն էականորեն աճել են՝ մոտ 28 անգամ: Մասնավորապես, 2017 թվականին ոլորտի կողմից ընդունվող խաղադրույք­ների ծավալը կազ­մել է 138,5 մլրդ դրամ, իսկ 2021 թվականին` 3.931 մլրդ դրամ: Մյուս տարի­ներին ընդունվող խաղադրույք­ների ծավալը համապատասխանաբար կազմել է 2018-ին` 333,6 մլրդ, 2019-ին` 1.116,1 մլրդ, 2020-ին` 1.980,8 մլրդ դրամ:

 Արդյուն­քում, չնայած այն հան­­գամանքին, որ 2020 և 2021 թվականներից ոլորտը սկսել է հարկվել շահութահարկով, ոլորտի կողմից վճարվող հար­կերը և տուրքերը համարժեք չեն ոլորտի աճի տեմպերի և ՀՆԱ-ում ոլորտի կշռի հետ: Մյուս կողմից, կատարված խաղադրույք­ների ծավալների աճը մտահոգիչ է և անհրաժեշտ է տար­բեր գործիքներով, այդ թվում՝ հար­կա­յին, զսպել խաղա­դրույքների կատարումը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է բարձրաց­նել ինտեր­նետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտեր­նետ տոտա­­լի­զատոր) պետական տուրքի գծով բեռը և կարգավորել խաղադրույքների հաս­կա­ցու­թյան, ինչպես նաև կարգավորել խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարա­բե­րությունները: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահ­մանել, որ՝

  • վիճակախաղերի մասով խաղադրույք (մասնակցության վճար) է համարվում իրա­դար­ձու­թյունների ելքերի կամ խաղային մեկ համակցության համար անկանխիկ եղանակով վճար­ված դրամային միջոցը, որի վճարման հիմքով կնքվում է խաղին մասնակցության և շահումի վճարման մասին պայմանագիրը,
  • ինտերնետ շահումով խաղերի մասով խաղադրույք (մասնակցության վճար) են համար­­վում դրամական միջոցները, որոնք խաղացողի կողմից անկան­խիկ եղանակով փոխանց­վում են կազմակերպչին և ծառայում են որպես շահումով խաղերի մասնակցելու պայ­ման՝ կազմակերպչի կողմից սահմանված կանոններին համա­պա­տաս­խան,
  • ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազ­մում է 300 մլն դրամ,
  • տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 30 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմում է 100 մլն դրամ:

4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան ինտեր­նետ շահու­­մով խաղերի և վիճակախաղերի տոտալիզատորի, ինտեր­նետ տոտա­­լի­զատոր ընդուն­վող խաղադրույքներն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծերի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձրացնել ինտեր­նետ շահումով խաղերի և վիճա­կա­­խաղերի (տոտալիզատորի, ինտեր­նետ տոտա­­լի­զատոր) կազմակերպիչների պետական տուրքի գծով բեռը:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­­­­մա­վա­րություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հար­կա­­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­նե­րից: Մասնավորապես, Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցա­նիշի բարելավում առն­վազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասց­նելով առնվազն 25 տոկոսի:

  • Քննարկվել է

    19.09.2022 - 04.10.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3335

Տպել