ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.
«Տեսչական մարմինների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` տեսչական մարմնի գործունեության սկզբունքներից է ըստ ռիսկայնության առաջնորդվելու սկզբունքը, համաձայն որի տեսչական մարմինը ռեսուրսները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և տնտեսավարող սուբյեկտները, որոնք առավել ռիսկային են: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 2.1-րդ հոդվածի համաձայն՝ ստուգում իրականացնող մարմինը` հետազոտելով իր վերահսկման ոլորտը, մշակում է տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները, որոնք պետք է ներառեն տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի ռիսկը և (կամ) տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկերի հանրագումարը: Գործունեության ոլորտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների, իսկ անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) ստուգումների պարբերականությունը պլանավորելիս չի կարողանում իր վերահսկման ոլորտում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտներին ներառել ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգում, քանի որ տնտեսավարողի մոտ առաջին անգամ ստուգում իրականացնելու համար ռիսկ հաշվարկելիս առաջանում են մի շարք խնդիրներ, այն է՝ վերջիններս երբևէ չստուգված լինելու պարագայում՝ շարունակաբար դուրս են մնում վերահսկողության շղթայից, արդյունքում ձևավորելով այնպիսի պատկեր, երբ ստուգված և խախտում չարձանագրված տնտեսվարող սուբյեկտի ընդհանուր ռիսկը չստուգվածից ավելի բարձր է հաշվարկվում:
Հետևաբար, անհրաժեշտ է վերահսկողության շղթայից պարբերաբար դուրս մնացող տնտեսավարող սուբյեկտների անհատական ռիսկը հաշվարկելիս՝ սահմանել գործունեության վերլուծության արդյունքում ձևավորված ռիսկի գնահատման առանձին մեխանիզմներ:
Բացի այդ, ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման N 2 hավելվածի համաձայն՝ մի շարք տեխնիկական կանոնակարգերի, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 150 որոշմամբ հաստատված «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 039/2016), Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի մարտի 3-ի N 19 որոշմամբ հաստատված «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 041/2011), Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 114 որոշմամբ հաստատված «Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 048/2019), Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 89 որոշմամբ հաստատված «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթի անվտանգության մասին» (ԵՏՄ ՏԿ 045/2017), Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 74 որոշմամբ հաստատված «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Տեսչական մարմնին, ուստի անհրաժեշտություն է առաջացել հաշվարկել վերոնշյալ տեխնիկական կանոնակարգերի կանոնակարգման ոլորտների ռիսկայնության ցուցանիշները՝ հիմք ընդունելով հիշյալ ոլորտների կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների։
Ավելին, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.8-րդ հոդվածի համաձայն՝ Տեսչական մարմնին է վերապահվել նաև արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, որն արդյունավետ իրականացնելու համար նույնպես անհրաժեշտ է սահմանել ոլորտի ռիսկայնությունը՝ ըստ ցուցանիշների:
Միաժամանակ, հիմք ընդունելով տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների՝ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը և Տեսչական մարմնի կողմից հսկման ենթակա ոլորտների տեխնիկական կանոնակարգերի պահանջները, ինչպես նաև հավանական վնաս առաջացնող գործոնների ազդեցությունը և վնասի աստիճանը՝ անհրաժեշտություն է առաջացել ներկայումս գործող ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1570-Ն որոշման մեջ համակարգել ոլորտային ռիսկի գնահատման ցուցանիշները:
Անհրաժեշտ է նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության աղյուսակում որպես առանձին ցուցանիշներ առանձնացնել «արտադրող երկիր» և «անվտանգության և որակի համակարգ» սահմանումները՝ որպես առանձին ռիսկ առաջացնող գործոններ:
2.Առկա իրավիճակը.
Ներկայումս, ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1570-Ն որոշման համաձայն՝ Տեսչական մարմինը պետական վերահսկողության արդյունքում իրականացվող ստուգումների պարբերականությունը պլանավորում է՝ հիմք ընդունելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկը, որը գնահատվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով։ Սակայն, հաճախ, տնտեսավարողի մոտ առաջին անգամ ստուգում իրականացնելու համար ռիսկ հաշվարկելիս, առաջանում են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ անհատական ռիսկը զրոյի հավասար լինելու արդյունքում ստացվում է, որ ստուգված և խախտում չարձանագրված տնտեսվարող սուբյեկտի ընդհանուր ռիսկը ավելի բարձր է չստուգվածից, քանի որ ընդհանուր ռիսկը հաշվարկելիս՝ հիմք է ընդունվում նաև ստուգման ընթացքում բացահայտված՝ տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության արդյունքում ձևավորված ռիսկը: Վերոնշյալի պարագայում, տնտեսավարողներից շատերը դուրս են մնում պետական վերահսկողության շրջանակներից՝ ռիսկի հանրագումարի ցածր լինելու արդյունքում։
Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել նաև նոր խմբագրությամբ շարադրել ոլորտային ռիսկի հաշվարկման աղյուսակը, մասնավորապես՝ լրացնել նոր ոլորտներով, այդ թվում՝ արտադրական կանեփ, քիմիական արտադրանք, հանքային պարարտանյութեր, տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազ, Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետություն, տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազ և փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթ, որոնց պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Տեսչական մարմնին։
Նոր ոլորտների լրացումն առաջացնում է այլ ոլորտների ռիսկի հաշվարկման միավորների վերանայման (նվազեցման կամ բարձրացման) անհրաժեշտություն, այն է՝ ոլորտների կարևորության ու վտանգավորության աստիճանների համադրություն, որի արդյունքում համամասնորեն փոխվում են ոլոըտային ռիսկի միավորները։ Բացի այդ, ոլորտային ռիսկի միավորների վերանայման համար հիմք է հանդիսանում նաև Տեսչական մարմնի կողմից նախորդ տարիների ստուգումների իրականացման արդյունքները, մասնավորապես՝ առանձին ոլորտներում արձանագրված խախտումների նվազեցման միտումները, ինչպես նաև Տեսչական մարմնի կողմից հսկման ենթակա ոլորտների տեխնիկական կանոնակարգերի պահանջների, հավանական վնաս առաջացնող գործոնների ազդեցության և վնասի աստիճանի փոփոխությունը։
Հիմք ընդունելով վերոգրյալն, ինչպես նաև վերահսկվող ոլորտներում ռիսկայության չափորոշիչների աստիճանակարգումն ապահովելու նպատակով՝ մի շարք ոլորտներում ռիսկայնության միավորներն ավելացվել կամ նվազեցվել են մեկ կան երկու միավորով, օրինակ՝ չափումների միասնականություն, օծանելիք և կոսմետիկ արտադրանք, ցեմենտ, թեթև արդյունաբերական արտադրանք և այլն։
Միաժամանակ, հաշվի առնելով ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների և ընդհանուր ոլորտային ռիսկի ավելացման միտումը՝ կապված օրինակ՝ ծխախոտային արտադրատեսակների վնասակար ազդեցության շարունակական աճի, այդ թվում՝ անչափահասների շրջանում օգտագործման հետ, ինչպես նաև թանկարժեք մետաղների շուկայում հաճախ հանդիպող չարաշահումների արձանագրման հետ և այլն, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրինակ՝ ցածրավոլտ սարքավորումների անվտանգությունը, ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների և նմանակները, տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությունը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը և հարգադրոշումը՝ ոլորտային ռիսկի հաշվարկման միավորները /չափորոշիչները/ բարձրացվել են երկուսից ավել միավորով։
Բացի այդ, Նախագծով առաջարկվում է տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության աղյուսակում որպես առանձին ցուցանիշներ առանձնացնել «արտադրող երկիր» և «անվտանգության և որակի համակարգ» սահմանումները, որպես առանձին ռիսկ առաջացնող գործոններ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ISՕ կամ որակի հսկման համակարգի առկայությունն ինքնին անվտանգությունը և որակը բնութագրող ցուցանիշներ են, հետևաբար վերահսկողության, ստուգումների ընթացքում վերոնշյալ համակարգերի առկայության մասին տվյալները պետք է պարբերաբար ներառվեն ռիսկերի հաշվարկման մեթոդաբանության համակարգում:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երբևէ չստուգված տնտեսվարողների մոտ որակի հսկման համակարգի, այն է՝ ISՕ-ի առկայությունը կամ բացակայությունը ստուգելու հնարավորությունները սուղ են, հետևաբար առաջարկվում է որպես առանձին ցուցանիշ սահմանել նաև «Արտադրող երկիրներ»-ը, որոնց տարանջատման համար հիմք է հանդիսացել ՄԱԿ-ի 2022 թվականի աշխարհի բոլոր երկրների դասակարգման սանդղակը և Համաշխարհային բանկի կողմից մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտի հաշվարկմամբ կատարված դասակարգման սանդղակը՝ համաձայն որոնց տարանջատումն իրականացվել է երեք լայն կատեգորիաների՝ զարգացած երկրներ՝ համապատասխանաբար ցածր ռիսկայնություն ունեցող, ԵԱՏՄ երկրներ և զարգացող երկրներ:
3.Կարգավորման նպատակները.
Նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 19-ի N 1570-Ն որոշման մեջ՝ մասնավորապես, կանոնակարգել առաջին անգամ ստուգվող տնտեսավարողների մոտ անհատական ռիսկի հաշվարկումը, ինչպես նաև սահմանել գործունեության ռիսկի միավորներ այնպիսի նոր ոլորտների համար, ինչպիսիք են՝ արտադրական կանեփը, քիմիական արտադրանքը, հանքային պարարտանյութերը, տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազը, Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետությունը և փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթը: Միաժամանակ, նախատեսվում է նաև կանոնակարգվել ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության գնահատումը։
Նախագծով նախատեսվում է նաև վերանայել վերահսկման այլ ոլորտների ոլորտային ռիսկի միավորները /չափորոշիչները/՝ հիմք ընդունելով Տեսչական մարմնի կողմից վերահսկվող ոլորտների, տեխնիկական կանոնակարգերի պահանջների, հավանական վնաս առաջացնող գործոնների ազդեցության և վնասի աստիճանի փոփոխությունները, այդ թվում՝ նոր ոլորտների ընդգրկման արդյունքում ռիսկայնության աստիճանակարգությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Բացի այդ, Նախագծով առաջարկվում է նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության աղյուսակում որպես առանձին ցուցանիշներ առանձնացնել «արտադրող երկրի» և «անվտանգության և որակի համակարգի» սահմանումները, որպես առանձին ռիսկ առաջացնող գործոններ:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համատեղ:
5.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ իրականացնելու արդյունավետ պետական վերահսկողություն՝ հիմնվելով տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության վրա, մասնվորապես՝ ստուգումների տարեկան պլանում ընդգրկելով նաև դեռևս չստուգված տնտեսավարող սուբյեկտներին, ինչպես նաև կսահմանվեն վերահսկողության վեց նոր ոլորտներում գործունեության ռիսկի միավորները։
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 11.5 ենթակետի պահանջներից, մասնավորապես՝ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոլորտը կարգավորող համապատասխան իրավական ակտի ընդունում (ոլորտի գործող օրենսդրության կատարելագործում, օրենսդրական բացերի լրացում)»:
8.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին).
Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
-
Քննարկվել է
02.08.2022 - 17.08.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 3519
Տպել